Category: SyunyacErkir

  • ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP

    Միացյալ Նահանգները մոտենում են Իրանի հետ լայնամասշտաբ ռազմական հակամարտության սկզբին՝ Իրաքում և Հորդանանում ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո։

    The Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Պենտագոնն արդեն սկսել է ավելացնել ռազմական ինքնաթիռների թիվը Մերձավոր Արևելքում։

    Միաժամանակ, ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնումը լուրջ մարտահրավերների է բախվում։

    ԱՄՆ-ի հնարավորությունները սահմանափակված են հակաօդային պաշտպանության միջոցների և հեռահար հրթիռների պակասող պաշարներով, ինչպես նաև նյութատեխնիկական դժվարություններով, որոնք կապված են տարածաշրջան լրացուցիչ զորքեր և տեխնիկա տեղափոխելու սահմանափակ հնարավորությունների հետ՝ հաշվի առնելով նախկինում ստացված մարտական վնասվածքները։

  • Ռուբիոն հայտարարել է Ֆիլիպիններում Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պատրաստ կլիներ հանդիպել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում։

    «Վստահ չեմ, որ դա վերջնականապես համաձայնեցված է։ Բայց մենք պատրաստ կլինեինք հանդիպել նրանց հետ։ Անշուշտ»,- ասել է Ռուբիոն՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե արդյոք ինքը պատրաստ է հանդիպել Լավրովի կամ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ Ֆիլիպիններում կայանալիք հիշյալ միջոցառումների շրջանակում։

    Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ Պետդեպարտամենտը, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Մանիլայում կլինի հուլիսի 19-ից 23-ը։ Նա կունենա, ի թիվս այլոց, երկկողմ հանդիպումներ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք երկրների պաշտոնատար անձանց հետ։

    Լավրովը նույնպես կմասնակցի Մանիլայում անցկացվող ԱՍԵԱՆ-ի նախարարական մակարդակի որոշ միջոցառումների։ Ինչպես ավելի վաղ հաստատել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Լավրովն այդ միջոցառումներին կմասնակցի հուլիսի 21-ից 23-ը։

  • Մասնագիտական տոնը` Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում

    Քաջարանում կամ ինչպես հնում էին ասում՝ լեռնագործների քաղաքում, հուլիսի 17-ին նշվեց հանքագործի և մետալուրգի օրը:

    Տոնը սկսվեց քաղաքի մշակույթի պալատի բակից, որտեղ հյուրասիրություն էր նախատեսված:

    Օրը նշանավորվեց նաև նրանով, որ կազմակերպվել էր կոմբինատի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի օպերատոր, լուսանկարիչ և վավերագրող Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսը: Երեք տասնամյակ Նվերի լուսանկարչական ապարատի և տեսախցիկի օբյեկտիվները վերակենդանացրել են դեմքեր ու իրադարձություններ, Սյունիքի բնությունը, լեռնաշխարհը:

    Պալատի ճեմասրահում հավուր պատշաճի խոսքեր հնչեցին ցուցահանդեսի բացման առիթով: Նվեր Զելյային հանձնվեց կոմբինատի գլխավոր  տնօրենի շնորհակալագիրը` ընկերության արժեքները տարածելու և հանրահռչակելու համար:

    Ի դեպ, պալատի ճեմասրահում Կապանի երկրագիտական թանգարանը տարածաշրջանի  հանքարդյունաբերությանն առնչվող  ցուցադրանք էր կազմակերպել, ինչից  ակներև էր, որ մետաղների  հանույթը մեր երկրում հազարամյակների պատմություն ունի:

    Տոնական օրվա պաշտոնական մասը պալատի դահլիճում էր:

    Օրհնանքի խոսք հնչեցրեց Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը:

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ շնորհավորելով ներկաներին և արժևորելով տարբեր սերնդի լեռնագործների վաստակը, բարձր գնահատեց նրանց դերը ձեռնարկության կայացման գործում: Բանախոսը նաև հայտնեց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդյունահանվել է 12 միլիոն տոննա հանքաքար, ինչը կոմբինատի պատմության մեջ ռեկորդային է՝ վեց ամսվա կտրվածքով: Նա նաև ներկայացրեց վերջին 1,5 տարում ընկերության տեխնիկական վերազինման ոլորտի ձեռքբերումները՝ մասնավորապես ժամանակակից մեքենաների և սարքավորումների հայթայթման առումով:

    Այդ նպատակով հատկացվել է 50 միլիարդ դրամ:

    Ավելի քան յոթ միլիարդ դրամ ուղղվել է սոցիալական ծրագրերին և համայնքային աջակցությանը:

    Դե, իսկ հարկային մուտքերի առումով ընկերությունը շարունակում է մնալ Հայաստանի առաջատարը։

    Սակայն կոմբինատի նշանակությունը չի չափվում միայն արտադրության ծավալներով: Կարևոր քայլեր են իրականացվում նաև կորպորատիվ կառավարման ու կայուն զարգացման ոլորտներում: Այս համատեքստում ընկերության գլխավոր տնօրենը մասնավորապես նշեց. «ԶՊՄԿ-ն Հայաստանում միակ ընկերությունն է, որը միացել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին: Երկու տարվա ընթացքում ընկերության ESG վարկանիշի ցուցանիշը բարելավվել է 20 կետով և  գերազանցել միջազգային հանքարդյունաբերության միջին ցուցանիշը: Ես հատկապես հպարտ եմ, որ, հակառակ տարածված կարծրատիպերի, հենց հանքարդյունաբերական ոլորտում է գրանցվում բիզնեսի առաջատար չափանիշների ներդրման նման հաջողություններ»:

    Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն իր խոսքում ընդգծեց՝ Քաջարանն այն քաղաքն է, որ կյանք է առել հատկապես հանքագործի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Այս  համատեքստում նա մասնագիտական տոնի առթիվ ջերմ բարեմաղթանքներ հղեց «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ:

    Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Ընկերության 18 աշխատակից  արդյունավետ գործունեության և մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն  կատարելու համար արժանացան ընկերության գլխավոր տնօրենի շնորհակալագրերին և պատվոգրերին:

    Արդեն երկու տարի է՝ տոնական օրերին զուգահեռ Երևանի պետհամալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը Քաջարանում անցկացնում է «Պատանի երկրաբանի ճամբար» միջոցառումը: Դրան մասնակցում են Սյունիքի տարբեր համայնքների բարձր դասարանցիներ, ովքեր բարձրագույն կրթություն ստանալու համար դիմել են այդ ֆակուլտետը: Ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը պատմեց վերջին տարիներին երկրաբանի մասնագիտության հանդեպ աճող հետաքրքրության մասին` ասելիքը մեծադիր էկրանին ներկայացնելով թվերի լեզվով: Բանախոսը կարևորեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ոլորտի ընկերությունների սերտ համագործակցությունը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ:

    Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված հանդիսավոր տոնակատարությունը եզրափակվեց համերգային ծրագրով:

     

    Վահրամ Օրբելյան

    Լուսանկարները՝ Իզա Ասծատրյանի

     

  • Ադրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

    Իսրայելի կառավարության կողմից անցյալ ամիս հաստատված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Քնեսեթում քվեարկության չի դրվել՝ վարչապետ Նեթանյահուի վրա Ադրբեջանի ճնշման պատճառով, հայտնում իսրայելական Haaretz-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

    Ըստ Haaretz-ի, Նեթանյահուն արգելափակել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից առաջարկված քվեարկությունը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել վարչապետի գրասենյակի հետ, գրում է «Ազատություն»-ը։

    Haaretz-ը տեղեկացել է, որ Իսրայելի կառավարությունն այնուհետև տեղեկացրել է Ադրբեջանի պաշտոնյաներին, որ հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից։

    Արտգործնախարարությունը Haaretz-ի հարցմանն ի պատասխան հերքել է, որ քվեարկությունը չեղարկվել է Նեթանյահուի միջամտության արդյունքում, միաժամանակ այլ բացատրություն չի ներկայացրել։

    Սաարը միայն հիշեցրել է, որ կառավարությունն այս հարցով որոշում է ընդունել՝ միաձայն, չհստակեցնելով՝ ինչու այն այդպես էլ Քնեսեթ չհասավ։

    Haaretz-ը հիշեցնում է՝ դեռ տասն օր առաջ ադրբեջանական Haqqin.az-ը, որը անցյալ ամիս վաճառվել էր նախագահ Իլհամ Ալիևից մրցանակ ստացած լրագրողի, հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե Իսրայելը «ուշադրություն է դարձրել» Ադրբեջանի մտահոգություններին։ Ադրբեջանական կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, թե «Ադրբեջանի դիրքորոշումը փոխանցվել է իսրայելցի պաշտոնյաներին, վերջիններս էլ արգելափակել են նախաձեռնությունը»։ Հոդվածում պնդում էին, թե Բաքվի ջանքերով որոշումը ոչ միայն հիմա է «թաղվել», այլև քայլեր են ձեռնարկվել՝ ապագայում դրա վերակենդանացումը կանխելու համար։

    Մինչ այդ՝ անցյալ ամիս Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես դատապարտել էր Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը և կոչ արել վերանայել այն։ Արտգործնախարարությունը նշել էր, որ որոշումն աղավաղում է «1915 թվականի իրադարձությունների շուրջ պատմական փաստերը», չի նպաստի հաշտեցմանը, այլ կխորացնի առկա բաժանումները և կխաթարի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը։

    Ընդ որում, ըստ Haaretz-ի, չնայած ցեղասպանությունը ճանաչելու որոշումը հանվել է Քնեսեթի օրակարգից, անցյալ շաբաթ Ադրբեջանը ևս մեկ ազդանշան է ուղարկել, որը կարող է վկայել Իսրայելի հետ հարաբերությունների սառեցման մասին․ խոսքը Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի՝ Ադրբեջան կատարած այցի մասին է, ում Ալիևը հյուրընկալեց Բաքվի իր նստավայրում։ Հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահականը հայտարարել էր, թե Բաքուն աջակցում է Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստինյան պետության ստեղծմանը՝ անգլերեն մի հատվածում քաղաքը անվանելով «Ալ-Քուդս ալ-Շարիֆ»՝ Երուսաղեմի ավանդական արաբերեն անվանումը։ Ավելին, Բաքուն ընդգծել էր, որ շարունակում է օգնել պաղեստինցիներին, այդ թվում՝ ավագ դպրոց կառուցել Արևմտյան ափին։

    Վերջին տարիներին Իսրայելը Բաքվին համարում է իր ամենակարևոր գործընկերներից մեկը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային հարթակում, փաստում է Haaretz-ը՝ հիշեցնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Թել Ավիվը Ադրբեջանին զենք էր ուղարկում։

    CNN-ն էլ վերջերս հաղորդել էր, որ Իսրայելը նաև հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ադրբեջան՝ Իրանի դեմ վերջին ռազմական գործողությունների ժամանակ։

    Իսրայելում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախորդ բոլոր փորձերը ձախողվել են։ Այս մի որոշումը հրապարակ եկավ Թուրքիայի ու Իսրայելի միջև լարվածության ֆոնին, երբ Անկարան մեղադրեց Նեթանյահուի կառավարությանը Գազայում ցեղասպանություն իրականացնելու համար։

    Հայաստանի կառավարությունը քննարկումներին զուսպ էր արձագանքել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել էր. «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»։

  • Մեկ գիշերում զրոյացած բիզնեսներ. Wildberries-ի հրդեհը վնասել է նաև հայ վաճառողներին

    Ռուսաստանում Wildberries-ի երկու խոշոր լոգիստիկ կենտրոնների հրդեհից հետո հազարավոր վաճառողներ հաշվում են կորուստները։ Շատերի համար մեկ գիշերը դարձել է տարիներով կառուցված բիզնեսի փլուզման սկիզբ։ Հուլիսի 18-ի գիշերը ուկրաինական անօդաչուների հարվածներից վնասվել են Wildberries-ի՝ Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում և Տամբովի մարզի Կոտովսկում գտնվող լոգիստիկ կենտրոնները։ Վնասված երկու օբյեկտի ընդհանուր մակերեսը մոտ 358 հազար քառակուսի մետր է, որը մոտ 50 ֆուտբոլային դաշտի չափ տարածք է։

    Էլեկտրոստալի պահեստը Wildberries-ի խոշորագույն հանգույցներից էր․ այն սպասարկում էր Մոսկվան, Մոսկվայի մարզը և կենտրոնական տարածաշրջանի մի մասը։ Կոտովսկի կենտրոնը նույնպես ընկերության կարևոր լոգիստիկ օղակներից էր։ Փորձագետների նախնական գնահատականներով՝ պահեստների վերականգնումը կարող է արժենալ տասնյակ միլիարդավոր ռուբլիներ, իսկ վաճառողների ապրանքների կորուստները կարող են հասնել ավելի քան 100 միլիարդ ռուբլու։ Սակայն այս թվերի հետևում հազարավոր փոքր բիզնեսների պատմություններ են։ Վաճառողները սոցիալական ցանցերում պատմում են, որ կորցրել են միլիոնավոր ռուբլու ապրանքներ և կանգնել են բիզնեսը շարունակելու հարցի առջև։

    «10 րոպեում այրվեց մի բիզնես, որը կառուցվել էր տարիներով», -պատմում է վաճառողներից մեկը՝ նշելով, որ պահեստում էր իրենց բրենդի ապրանքների հիմնական մասը։

    Մեկ այլ վաճառող պատմել է, որ միայն իր ապրանքների կորուստը կազմում է մոտ 1,5 միլիոն ռուբլի։ Նրա խոսքով՝ նոր պայմանագրային պայմանների համաձայն՝ անօդաչու հարձակումների դեպքում կորուստների պատասխանատվությունը կարող է մնալ հենց վաճառողների վրա։ Այրված պահեստներում միայն ռուսաստանցի վաճառողների ապրանքները չէին։ Wildberries-ի լոգիստիկ համակարգից օգտվում են տարբեր երկրներից գործող գործարարներ։ Թե քանի օտարերկրյա, այդ թվում՝ Հայաստանից գործող վաճառողներ են տուժել, այս պահին պաշտոնապես չի հրապարակվել։

    Հայ օգտատերերից մեկը պատմում է, որ այդ պահեստներում միլիոնների ապրանք ուներ, իսկ վերջին օրերին ստանում է բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ՝ աջակցության խոսքերով։

    «Հեռախոսս ուղղակի պայթում է՝ ինչքան մարդ է ինձ գրում ու զանգում այս իրավիճակի հետ կապված։ Շնորհակալ եմ այդ ամենի համար։  Պատկերացնում եմ՝ բոլոր վաճառողների իրավիճակը հիմա, ովքեր ունեին ապրանքներ պահեստներում։ Խոսքը հարյուր կամ երկու հարյուր ապրանքի մասին չէ, այլ միլիոնների։ Ես էլ միլիոնների ապրանք ունեի պահեստներում։ Չգիտեմ,  ահավոր է», -պատմում էր  հայ վաճառողը։

    Նրա խոսքով՝ այս իրավիճակում հայտնված բազմաթիվ գործարարների համար հարցը միայն կորցրած ապրանքը չէ, այլ տարիներով կառուցված աշխատանքի և բիզնեսի ապագան։

    Հրդեհից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև Wildberries-ի պայմանագրային փոփոխությունը։ Ընկերությունը հուլիսի սկզբին թարմացրել էր օֆերտան՝ անօդաչու հարձակումների հետևանքները ներառելով ֆորս-մաժորային իրավիճակների շարքում։ Միաժամանակ, ընկերությունը հայտարարել է տուժածներին աջակցելու մասին։ Wildberries-ի ղեկավարությունը հայտնել է, որ կօգնի զոհված աշխատակիցների ընտանիքներին և տուժածներին։ Ֆինանսական աջակցության մասին հայտարարել է նաև ՎՏԲ բանկը։ Տուժած փոքր և միջին բիզնեսի հաճախորդներին առաջարկվել է հետաձգել գործող վարկերի հիմնական պարտքի և տոկոսների վճարումները։

    Վաճառողների համար, սակայն, գլխավոր հարցը մնում է անպատասխան՝ ով և ինչ չափով է փոխհատուցելու վնասը։ Միևնույն ժամանակ, հրդեհից հետո առաջացել է նաև քաղաքական հարց՝ ինչու են հենց Wildberries-ի լոգիստիկ կենտրոնները դարձել հարվածի թիրախ։ Ուկրաինական կողմը հայտարարել է, որ այդ օբյեկտները կարող էին օգտագործվել անօդաչուների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարման շղթայում։ Wildberries-ը նման պնդումների վերաբերյալ հայտարարել է, որ խոսքը քաղաքացիական լոգիստիկ կենտրոնների մասին է։ Այս պահին պարզ չէ՝ որքան ժամանակ կպահանջվի կենտրոնների վերականգնման համար և քանի վաճառող կկարողանա վերականգնել կորցրած բիզնեսը։

    Նանե Հայրապետյան

    abcmedia.am

  • Ստամբուլում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր պարունակող անօդաչու թռչող սարքի բեկորներ

    Ստամբուլի Սև ծովի ափին հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր տեղափոխող անօդաչու թռչող սարքի բեկորներ, և կասկածելի առարկան ոչնչացվել է ռումբերի վնասազերծման խմբերի կողմից, հաղորդում է «Հյուրիեթ» թերթը։

    Ըստ թերթի՝ տեղի բնակիչները հայտնաբերել են կասկածելի առարկայի բեկորները Արնավութքյոյ և Օրմանլը շրջանների լողափերի միջև և դրանց մասին հայտնել իշխանություններին։

    Դեպքի վայր են ուղարկվել Մարմարա ծովի և նեղուցների ափամերձ պահպանության հրամանատարության ստորաբաժանումներ, ինչպես նաև սուզորդական և ռումբերի վնասազերծման ստորաբաժանումներ։

    Մասնագետները նախնական եզրակացության են եկել, որ բեկորները կարող են պատկանել կամիկաձե հարձակողական անօդաչու թռչող սարքի, որը վթարի է ենթարկվել։

  • Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հերթական շրջայցն է կատարել շինհրապարակներ

    Համայնքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները ուշադրության կենտրոնում պահելով՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ամենշաբաթյա հերթական շրջայցն է կատարել շինհրապարակներ՝ հետևելու ինչպես սուբվենցիոն, այնպես էլ համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին։

    Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների, կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին համայնքի ղեկավարը եղել է մի շարք շինօբյեկտներում, մանրամասն ուսումնասիրել և քննարկել է շինարարության ընթացքում առաջացած հարցերը, հստակեցրել անելիքները, ինչպես նաև զրուցել տվյալ թաղամասերի բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված խնդիրներն ու տեղում լուծման այլընտրանքային տարբերակներ առաջարկել նրանց։

    Շրջայցի ժամանակ դիտարկվել են հետևյալ ծրագրերը՝

    Արփիկ թաղամաս տանող, Արփիկ թաղամասի և Լեռնագործների փողոցի 4-րդ նրբանցքի ճանապարհների ասֆալտապատում

    Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 373 337 000 ՀՀ դրամ, որում համայնքի համաֆինանսավորման չափը՝ 168 001 650 ՀՀ դրամ։

    Շինարարական կազմակերպությունը՝ «Աժդանակ» ՍՊԸ

    Լեռնագործների փողոցի, 1-ին նրբանցք տանող ճանապարհի, թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի բակի, թիվ 13ա բազմաբնակարան բնակելի շենք տանող ճանապարհի վերակառուցում և ասֆալտապատում

    Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 95 402 780 ՀՀ դրամ, որում համայնքի համաֆինանսավորման չափը՝ 42 931 251 ՀՀ դրամ։

    Շինարարական կազմակերպությունը՝ Կապանի «Նորոգշին» ՍՊԸ

    Երկաթուղայինների փողոցի 4-րդ նրբանցքի ճանապարհների ասֆալտապատում

    Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 101 335 990 ՀՀ դրամ, որում համայնքի համաֆինանսավորման չափը՝ 45 601 196 ՀՀ դրամ։

    Շինարարական կազմակերպությունը՝ «Ապառաժ» ՍՊԸ

    Գարեգին Նժդեհի հրապարակին հարակից կամրջի (Մ․ Ստեփանյան, Գ․ Նժդեհի, Չարենցի փողոցների հատման կամուրջ) կառուցման համար համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 250 մլն ՀՀ դրամ։

    Շինարարական կազմակերպությունը՝ «Ապառաժ» ՍՊԸ

  • Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը և բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից (տեսանյութ)


  • Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմը դիմել է վերաքննիչ քրեական դատարան

    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված երկամսյա կալանքի որոշման։

    Պաշտպանական կողմը պահանջում է վերանայել դատարանի որոշումը և գնահատել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը։

    Բողոքի վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի որոշման մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնվեն դատական գործընթացի ընթացքում։

  • Հայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները

    Հայաստանում առաջարկվում է սահմանել հանրային ծառայությունների ոլորտներում կիրառվող ջրի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ չափման սարքերի ստուգաչափման գները։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էկոնոմիկայի նախարարության մշակած հրամանի նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

    Նախագծով մինչև 20 միլիմետր պայմանական անցումով ջրի հաշվիչի ստուգաչափման գինը նախատեսվում է սահմանել 300 դրամ, իսկ 25 միլիմետր և ավելի անցումով ջրի հաշվիչինը՝ 2500 դրամ։

    Կենցաղային գազի հաշվիչի ստուգաչափումը կարժենա 500 դրամ։ Ավելի մեծ հզորությամբ գազի ծավալային մեմբրանային հաշվիչների ստուգաչափման գինը կկազմի 1000 կամ 1500 դրամ՝ կախված սարքի թողունակությունից։

    Գազի ռոտացիոն և տուրբինային հաշվիչների ստուգաչափման համար նախատեսվում է սահմանել 8000-ական դրամ գին, իսկ էլեկտրոնային ծախսաչափերի ստուգաչափման համար՝ 32 հազար դրամ։

    Էլեկտրական էներգիայի միաֆազ հաշվիչի ստուգաչափման գինը նախատեսվում է սահմանել 400 դրամ, եռաֆազ հաշվիչինը՝ 600 դրամ։

    Ջերմային հաշվիչի ստուգաչափման գինը կկազմի 12 հազար դրամ, հոսքաչափինը՝ 5000 դրամ, իսկ էլեկտրամագնիսական և ուլտրաձայնային հոսքաչափերի ու ծախսաչափերի համար՝ 15 հազար դրամ։

    Հոսանքի և լարման տրանսֆորմատորների ստուգաչափումը կարժենա 2000-ական դրամ։ Ջրի, գազի և էլեկտրական հաշվիչների ստուգաչափման կայանքների համար նախատեսվում է սահմանել 25 հազար դրամ գին։

    Նշված բոլոր գները ներկայացված են առանց ավելացված արժեքի հարկի։

    Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 2018 թվականին ընդունված համապատասխան հրամանը և նոր կարգավորումները համապատասխանեցնել «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում կատարված փոփոխություններին։

    Հրամանը նախատեսվում է ուժի մեջ դնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։ Նախագծի ընդունմամբ պետական կամ համայնքային բյուջեների եկամուտների և ծախսերի էական փոփոխություն չի ակնկալվում։

    Armenpress