Category: Syunik.TV

  •  Գորիսի քաղաքապետին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է

    Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով Հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որով մերժվել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։ Ըստ այդմ՝ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չէր փոխարինվել։

    «Փաստինֆո»-ին Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշումը բողոքարկվել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան։

    Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել։

    Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։ Դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացվել։ Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։

  • Ինչպես ձուկ եւ ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ

    ԵՄ երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու համար անհրաժեշտ է՝ ձկնամթերք արտադրողները, ձկնաբուծական ընկերությունները գրանցված լինեն ԵՄ առևտրի և փորձագիտական համակարգում՝ TRACES-ում: Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

    «TRACES-ում գրանցվելու համար անհրաժեշտ է, որ տնտեսվարողները դիմում ներկայացնեն ՀՀ ՍԱՏՄ: Դիմում կարող է ներկայացվել և՛ փաստաթղթային տարբերակով, և՛ էլեկտրոնային եղանակով»,- ասել է Տիգրան Պետրոսյանը։

    Կարգի համաձայն՝ տնտեսվարողների դիմումները կուսումնասիրվեն 5 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո տնտեսվարողի մոտ ստուգում կիրականացվի, ապա տեսուչը տեղեկանք կկազմի պահանջներին համապատասխանության վերաբերյալ: Եթե խնդիրներ չարձանագրվեն, կազմակերպությունը կգրանցվի TRACES համակարգում։

  • Սպասված Հանդիպում ` Սևակ Ավանեսյանի հետ

    Սպասված Հանդիպում թավջութակահար, «Կապան ֆեսթ» երաժշտական փառատոնի հիմնադիր, կազմակերպիչ Սևակ Ավանեսյանի հետ Մի քանի տարի հետո կուզենայի Կապան ֆեսթով զբաղվող նվիրյալներ տեսնել, դա արդեն երազանք է…

  • Մինչ հաջորդ Կապան Ֆեստ – Սյունիք ՀԸ

    Կապանի միջազգային երաժշտական փառատոնը 11 օր շարունակ հանդիսատեսին մատուցեց որակյալ երաժշտություն։ Վարպետության դասեր, անդադար փորձեր՝ Սյունիքի հարավը մշակույթի կենտրոն դարձնելու համար։ Ֆեստի եզրափակիչ ակորդը վիեննական պարահանդեսն էր։ Այդ օրերի մասին ամփոփիչ տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը առանց մեկնաբանության։

  • Այսօր մեր ջանքերն ուղղված են սեյսմիկ անվտանգության համակարգի շարունակական արդիականացմանը․ նախարար

    ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ։

    «Հարգելի՛ գործընկերներ, համակարգի վետերաններ,

    Շնորհավորում եմ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ։

    Մեր երկրի սեյսմիկ առանձնահատկությունները թելադրում են շարունակաբար զարգացնել սեյսմիկ պաշտպանության ոլորտի կարողությունները՝ համադրելով տարիների փորձն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները։

    1988 թվականի Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ՝ ընդգծելով աղետների ռիսկի կառավարման, գիտական ներուժի և մասնագիտական պատրաստվածության առանցքային նշանակությունը։

    Այսօր մեր ջանքերն ուղղված են սեյսմիկ անվտանգության համակարգի շարունակական արդիականացմանը՝ զարգացնելու կարողությունները, ամրապնդելու սեյսմիկ մշտադիտարկման հնարավորությունները, բարձրացնելու համայնքների պատրաստվածությունն ու ձևավորելու առավել անվտանգ միջավայր։

    Այս համակարգի գործունեության կարևոր չափանիշը սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատումն է՝ հանրության անվտանգության ապահովման տեսանկյունից, իսկ դրա ամենահուսալի երաշխիքը՝ մասնագիտական պատրաստվածությամբ և պատասխանատվության բարձր զգացումով մասնագետների աշխատանքը։

    Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն ձեր բարեխիղճ ծառայության ու նվիրումի համար։ Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում»։

  • Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարեւանների հետ

    Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը հատուկ հարաբերություններ ունի երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունները խորանում են:

    Նրա խոսքով՝ վերջին շրջանում Վրաստանի կառավարությունը նաև ակտիվորեն աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

    «Մենք առավելագույնս խորացնում ենք հարաբերությունները Կենտրոնական Ասիայի հինգ երկրի հետ։ Ներուժը շատ մեծ է, և գլխավորն այն է, որ մենք ակտիվորեն աշխատում ենք այն լիարժեք իրացնելու ուղղությամբ։ Այս ամենը առանցքային դեր է խաղում տրանսպորտային փոխկապակցվածության և տարանցիկ գործառույթի տեսանկյունից»,- ասել է Կոբախիձեն Imedi հեռուստաալիքի եթերում։

  • Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել

    Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական ախտանշանները՝ ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

    «Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

    Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները և հակահամաճարակային միջոցառումները։

    Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։

    Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Սյունիքի, Վայոց ձորի մի շարք հասցեներում լույս չի լինի

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-13:30 Խաչիկ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Արին գյուղ մասնակի,

    11։00-15։00 Զառիթափ գյուղ մասնակի,

    11:00-17:00 Եղեգնաձոր քաղաք՝ Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի, Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Միկոյան, Մյասնիկյան, Մոմիկի, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան և Բաղրամյան փողոցներ մասնակի,

    14:00-16:00 Գնիշիկ գյուղ մասնակի,

    Սյունիքի մարզ՝

    11:00-16:00 Արևիս, Բնունիս, Թանահատ, Թասիկ, Հացավան, Սալվարդ և Տորունիք գյուղեր,

    13:00-15:00 Տեղ գյուղ մասնակի։

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է – Սյունիք ՀԸ

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

    Լարսի մասին

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • TRIPP զարգացման ընկերությունում ԱՄՆ-ին կպատկանի 74, Հայաստանին՝ 26 տոկոս բաժնեմաս

    Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ TRIPP -ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։

    Նախագիծը ՀՀ կառավարության հուլիսի 16-ի նիստում ներկայացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

    «Այս որոշմամբ մենք, ըստ էության, սկսում ենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Որոշման ընդունմամբ՝ նախագիծը սահմանված կարգով կուղարկենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան, և Սահմանադրական դատարանի կողմից նշված միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը չհակասող ճանաչելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմենք Ազգային ժողով, հարցի քննարկումը կտեղափոխենք Ազգային ժողով»,- ասաց Միրզոյանը։

    Համաձայնագրով Հայաստանը և ԱՄՆ-ն կհիմնադրեն TRIPP զարգացման ընկերությունը։ Այն Հայաստանի տարածքում տարբեր գոտիներում առանձին նախագծերի իրականացման համար կկարողանա հիմնել հատուկ նշանակության ընկերություններ և ներգրավել այլ գործընկերների։

    TRIPP զարգացման ընկերությունը համապատասխան գոտիներում կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք՝ նախնական 49 տարի ժամկետով։ Այդ ժամանակահատվածում ընկերության բաժնեմասերի 74 տոկոսը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին։