Category: Syunik.TV

  • Կառավարությունը 1 մլրդ 35 մլն դրամ հատկացրեց մարզերում ՝ 9 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

    Հուլիսի 16-ի կառավարության նիստի ընթացքում որոշվեց համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրի համար պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետարանների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 35 մլն դրամ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 8 համայնքների 9 սուբվենցիոն ծրագիր։
    Արարատին 1 ծրագրի համար կհատկացվի 157 մլն դրամ
    Արմավիրին՝ 1 ծրագրի համար 31.9 մլն դրամ
    Գեղարքունիքին՝ 1 ծրագրի համար 310.4 մլն դրամ
    Լոռու մարրզին՝ 2 ծրագրի համար 67.6 մլն դրամ
    Սյունիքին՝ 1 ծրագիր՝ 143.9 մլն դրամ
    Տավուշի մարզին 3 ծրագիր՝ 323.8 մլն դրամ։

    «Ծրագրի իրականացմամբ 2026 թ-ի բյուջեից կունենանք 3, 384 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր՝ իրականացված 15.65 մլրդ դրամ արժեքով»։
    Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրերով նախատեսվում է իրականացնել ոռոգման համակարգեր կառուցել կամ նորոգել, ասֆալտապատման և ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարել։

  • Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման կարգը

    ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը հաստատելու մասին որոշումը։

    «ՀՀ-ն Եվրոպական հանձնաժողովի կողմից թույլտվություն է ստացել ԵՄ երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ, վերամշակված ձուկ և ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

    «Դա 2025 թվականին էր, իսկ 2026 թվականին Եվրոպական սննդի անվտանգության համակարգը ներկայացնող մարմինը ՀՀ-ին փոխանցեց, թե ինչ ընթացակարգեր և ինչ պահանջներ են: Այս ընթացքում բավականին աշխատանք է կատարվել, և, փաստորեն, մենք այսօր ավարտում ենք այդ աշխատանքը։

    Առաջին փուլում պարզեցինք, որ, որպեսզի հնարավոր լինի արտահանման գործընթացն անխոչընդոտ կազմակերպել, նախ անհրաժեշտ էր «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում սահմանվեն համապատասխան լիազորող նորմեր՝ Կառավարության կողմից համապատասխան ընթացակարգերի և պահանջների հաստատման նպատակով։ Օրենքներն ԱԺ կողմից ընդունվել են և արդեն ուժի մեջ են մտել, որից հետո անմիջապես անցել ենք Կառավարության համապատասխան որոշումների ընդունմանը։ Որոշումներից մեկը սա է, որի մասին հիմա ներկայացնում եմ, մասնավորապես, ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգի մասին։ Մեկ այլ որոշում էլ վերաբերում է ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար ձկնաբուծական տնտեսություններին կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին կամ ձկան, ձկնամթերքի պահպանմամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացվող պահանջներին։

    Նախ նշեմ, որ այս նախագծի ընդունումը ռազմավարական կարևոր քայլ է դեպի եվրոպական շուկա հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին և պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ: ԵՄ երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է ձկնաբուծական տնտեսությունների, ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների՝ ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցված լինելը և ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։

    Համաձայն ԵՄ օրենսդրության՝ այդ համակարգում կազմակերպությունների գրանցումը պետք է իրականացվի տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից։ Մեր դեպքում որպես լիազոր մարմին սահմանվել է ՍԱՏՄ-ն։

    Նախագծով սահմանվում է գրանցման բավականին պարզ, թափանցիկ և միջազգային պահանջներին համապատասխան ընթացակարգ։

    Մենք տեսել ենք այն ընթացակարգը, որը ԵՄ-ում կա, և տեղայնացրել ենք հայկական իրականության մեջ։ Ուզում եմ ուրախությամբ նշել, որ ներկայումս ԵՄ երկրներ արտահանելու նպատակով 5 ընկերություն արդեն ցուցաբերել է հետաքրքրություն և սպասում է մեր որոշմանը։ Այն բարձր ստանդարտները, որոնք համապատասխանում են ԵՄ պահանջներին, այս պահին արդեն 5 կազմակերպություն ապահովել է։

    Այս որոշումների ընդունմամբ հնարավորություն կտրվի վերոնշյալ ընկերություններին ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ՝ նվազեցնելով կախվածությունը մեկ արտահանման շուկայից և դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը։ ԵՄ ստանդարտների ներդրումը, իհարկե, կխթանի տեղական արտադրության արդիականացումը և կբարձրացնի սննդամթերքի անվտանգությունը ընդհանուր մակարդակում»,- նշեց նախարարը։

  • Տարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ին – Սյունիք ՀԸ

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367.5 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.64 դրամ։

  • «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

    Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

    Մասնավորապես. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը 2008 թվականից սկսած՝ տրավերտինի և կավի արդյունահանման նպատակով Լիազոր մարմնից ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն, որի կոորդինատներում ընդգրկվել են Արարատի մարզի համայնքներում գտնվող տարբեր նպատակային նշանակության հողամասեր:

    Այնուհետև Ընկերությունը, տարեկան վարձավճարները և գույքահարկի գծով պարտավորությունները չկատարելու նպատակով, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում:

    Դատախազը, հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հուլիսի 16-ին հաղորդում է ներկայացրել իրավասու քննչական մարմին:

    Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

  • Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան

    ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով.

    «Վերջին 2 օրերին՝ հուլիսի 14-ին և 15-ին, Հայաստանը գտնվում էր հարավային արևադարձային տակ օդային հոսանքների ազդեցության գոտում։ Հատկապես բարձր ջերմային ֆոն գրանցվեց Արարատյան դաշտում և Երևանում։ Հուլիսի 14-ին և 15-ին Արարատյան դաշտի առանձին հատվածներում ջերմաստիճանը հասավ մինչև 38-ից 39 աստիճանի, իսկ Երևանում՝ 37-38 աստիճանի։

    Այսօրվանից՝ հուլիսի 16-ից սկսած, մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ։ Այսօր ցերեկային ժամերին, երեկվա հետ համեմատած, օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 4-5 աստիճանով։ Հանրապետության ամենատաք անկյուններում՝ Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, ցերեկային ժամերին այն չի գերազանցի 33-35 աստիճանը»։

  • «Կապան Ֆեստ»․ երաժշտական հեքիաթի ավարտը

    11 օր շարունակ Սյունիքի հարավն ապրեց դասական երաժշտության ռիթմով։ Չորրորդ «Կապան Ֆեստ»-ն ավարտվեց վիեննական շքեղ երեկոյով՝ թողնելով դրական լիցքեր, որոնք կբավականացնեն մինչև հաջորդ՝ 2027 թվականի հանդիպումը։ Մանրամասները՝ տեսանյութում։

    The post «Կապան Ֆեստ»․ երաժշտական հեքիաթի ավարտը appeared first on Սյունիք ՀԸ.

  • Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպումը. Զախարովա

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-17-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան, նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

    «Հուլիսի 16-17-ը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն, և կկայանան նրա բանակցությունները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Երկու երկրի արտգործնախարարները կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական հարցեր»,- ասել է Զախարովան:

    The post Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպումը. Զախարովա appeared first on Սյունիք ՀԸ.

  • Ինչպես պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից

    Երեխաներն արևից հատուկ պաշտպանության կարիք ունեն: Նրանք աճի դինամիկ վիճակում են և ավելի քան մեծահասակները, ընկալունակ են շրջակա միջավայրի սպառնալիքների նկատմամբ:

    Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչպե՞ս պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից:

    «Սահմանափակե՛ք ցերեկային ժամերին արևի տակ գտնվելու ժամանակը. արևի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթները սովորաբար առավել ուժեղ են կեսօրին մոտ՝ մի քանի ժամ, ու ավելի թույլ են վաղ առավոտյան և ուշ կեսօրին/երեկոյան: Հնարավորինս սահմանափակե՛ք, հատկապես` 11-17:00-ն ընկած ժամանակահատվածում, արևի տակ գտնվելը:

    Ուշադրություն դարձրե՛ք ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսին. հատուկ ուշադրություն դարձրեք արևից պաշտպանության միջոցների կիրառմանը, երբ կանխատեսվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի միջին կամ բարձր մակարդակ:

    Պաշտպանվե՛ք արևից. աշխատե՛ք գտնվել ստվերում, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթներն առավել ուժեղ են, բայց հիշե՛ք, որ ծառերի, հովանոցների կամ ծածկերի ստվերները չեն ապահովում ամբողջական պաշտպանություն արևից:

    Երեխային հագցրե՛ք արևապաշտպան հագուստ․ լայն եզրով գլխարկ՝ աչքերը, ականջները, դեմքը և պարանոցի հետևի հատվածը պաշտպանելու համար, խիտ գործվածքով, ազատ և բաց գույների հագուստ, որը ծածկում է ձեռքերն ու ոտքերը:

    Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք. լողալուց, խաղալուց կամ բացօթյա զբոսանքից առաջ մաշկի բաց հատվածներին առատորեն քսեք լայն սպեկտրի, շատ բարձր արևապաշտպան գործոնով (SPF) քսուք:

    Խմե՛ք բավարար քանակությամբ ջուր օրվա ընթացքում՝ նույնիսկ եթե ծարավ չեք զգում: Շոգ օրերին ջուրը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև օգնում է պահպանել օրգանիզմի բնականոն աշխատանքը։

    Խուսափե՛ք, առավել ևս դեռահասները, արհեստական արևայրուքի լամպերից և սրահներից. արհեստական արևայրուքի սարքերը վնասում են մաշկն ու անպաշտպան աչքերը։ Ցանկալի է իսպառ խուսափել դրանց օգտագործումից»,- նշված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

  • Փոքրիկ գիտտունցիները օդանավակայանում էին – Սյունիք ՀԸ

    «ԳիտՏուն» ուսումնական զարգացման կենտրոնի սաները հերթական ճանաչողական այցի շրջանակում «Սյունիք» օդանավակայանում էին։ Փոքրիկները ծանոթացան կառույցի աշխատանքներին, անվտանգության կանոններին։