Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման կարգը

Written by

in

ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը հաստատելու մասին որոշումը։

«ՀՀ-ն Եվրոպական հանձնաժողովի կողմից թույլտվություն է ստացել ԵՄ երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ, վերամշակված ձուկ և ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

«Դա 2025 թվականին էր, իսկ 2026 թվականին Եվրոպական սննդի անվտանգության համակարգը ներկայացնող մարմինը ՀՀ-ին փոխանցեց, թե ինչ ընթացակարգեր և ինչ պահանջներ են: Այս ընթացքում բավականին աշխատանք է կատարվել, և, փաստորեն, մենք այսօր ավարտում ենք այդ աշխատանքը։

Առաջին փուլում պարզեցինք, որ, որպեսզի հնարավոր լինի արտահանման գործընթացն անխոչընդոտ կազմակերպել, նախ անհրաժեշտ էր «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում սահմանվեն համապատասխան լիազորող նորմեր՝ Կառավարության կողմից համապատասխան ընթացակարգերի և պահանջների հաստատման նպատակով։ Օրենքներն ԱԺ կողմից ընդունվել են և արդեն ուժի մեջ են մտել, որից հետո անմիջապես անցել ենք Կառավարության համապատասխան որոշումների ընդունմանը։ Որոշումներից մեկը սա է, որի մասին հիմա ներկայացնում եմ, մասնավորապես, ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգի մասին։ Մեկ այլ որոշում էլ վերաբերում է ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար ձկնաբուծական տնտեսություններին կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին կամ ձկան, ձկնամթերքի պահպանմամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացվող պահանջներին։

Նախ նշեմ, որ այս նախագծի ընդունումը ռազմավարական կարևոր քայլ է դեպի եվրոպական շուկա հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին և պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ: ԵՄ երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է ձկնաբուծական տնտեսությունների, ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների՝ ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցված լինելը և ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։

Համաձայն ԵՄ օրենսդրության՝ այդ համակարգում կազմակերպությունների գրանցումը պետք է իրականացվի տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից։ Մեր դեպքում որպես լիազոր մարմին սահմանվել է ՍԱՏՄ-ն։

Նախագծով սահմանվում է գրանցման բավականին պարզ, թափանցիկ և միջազգային պահանջներին համապատասխան ընթացակարգ։

Մենք տեսել ենք այն ընթացակարգը, որը ԵՄ-ում կա, և տեղայնացրել ենք հայկական իրականության մեջ։ Ուզում եմ ուրախությամբ նշել, որ ներկայումս ԵՄ երկրներ արտահանելու նպատակով 5 ընկերություն արդեն ցուցաբերել է հետաքրքրություն և սպասում է մեր որոշմանը։ Այն բարձր ստանդարտները, որոնք համապատասխանում են ԵՄ պահանջներին, այս պահին արդեն 5 կազմակերպություն ապահովել է։

Այս որոշումների ընդունմամբ հնարավորություն կտրվի վերոնշյալ ընկերություններին ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ՝ նվազեցնելով կախվածությունը մեկ արտահանման շուկայից և դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը։ ԵՄ ստանդարտների ներդրումը, իհարկե, կխթանի տեղական արտադրության արդիականացումը և կբարձրացնի սննդամթերքի անվտանգությունը ընդհանուր մակարդակում»,- նշեց նախարարը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *