Category: Syunik.TV

  • Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր

    Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

    Պաշտպանը շրջայց է կատարել դիսպանսերի տարածքում, տեղում ուսումնասիրել բուժառուների իրավունքների ապահովման վիճակը և մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացը:

    Այցի ընթացքում ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝ արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի իրացման հնարավորությունները, զսպման միջոցների կիրառման իրավական հիմքերն ու ընթացակարգերը, անձնական հիգիենայի ապահովման պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, հարմարեցված և մատչելի միջավայրի ապահովումը, իրավաբանական օգնության հասանելիությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր։

    Մարդու իրավունքների պաշտպանը և ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ՝ հնարավորություն ընձեռելով նրանց բարձրաձայնելու իրենց մտահոգություններն ու խնդիրները։

    Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել բուժառուների զբաղվածության և սոցիալական ներգրավվածության ապահովման հնարավորություններին, սոցիալական կապերի պահպանմանը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համակարգային և շարունակական քայլեր, որոնք կնպաստեն նրանց վերականգնման, ինքնուրույնության և հասարակական կյանքում առավել ակտիվ մասնակցության ապահովմանը։

    Միաժամանակ, Անահիտ Մանասյանը ծանոթացել է նաև հաստատության աշխատակիցների աշխատանքային պայմաններին՝ կարևորելով նրանց համար անվտանգ, արժանապատիվ և պատշաճ աշխատանքային միջավայրի ապահովումը՝ որպես որակյալ խնամքի և ծառայությունների մատուցման անհրաժեշտ նախապայման։

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ ներկայում իրականացվող նախաձեռնությունները՝ ընդգծելով արժանապատիվ և անվտանգ միջավայրի ապահովմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը:

  • Սյունիքի հմայքն ու պատմությունները՝ լուսանկարիչ Նվեր Զելյայի «Ես…» ցուցահանդեսում

    Հանքագործի և մետալուրգի օրվա շրջանակում Քաջարանում ներկայացվեց լուսանկարիչ Նվեր Զելյայի «Ես…» անհատական ցուցահանդեսը։
    Լուսանկարներում Նվերը մեկտեղել է Սյունիքի բնության ողջ հմայքն ու մարդկանց՝ ներկայացնելով մարզն իր գույներով, դեմքերով ու պատմություններով։
    Շուտով «Ես…» ցուցահանդեսը կհյուրընկալվի նաև հանրապետության այլ քաղաքներում։

  • Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ

    Հանրապետության տարածքում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-23-ը, 25-ի կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 21-25-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Երևան քաղաքում հուլիսի 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 21-25-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։

  • Ավտոմեքենաներ են բախվել․ կան զոհեր եւ վիրավորներ

    Հուլիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Ալափարս գյուղի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 4 հոգի վիրավորվել է:

    Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

  • Քիմիայի միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի

    ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2026 թ. հուլիսի 10-19-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվել է քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 93 երկրի 372 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակցի:

    Հայաստանի թիմն արժանացել է երկու բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արթուր Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը։ Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Վիրաբյանն արժանացել է գովասանագրի։ Օլիմպիադային մասնակցել է նաև նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Գարիկ Փանիկյանը։ Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։

    Թիմը ղեկավարել են Անդրանիկ Դավինյանը (Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող) և Արմեն Գալստյանը (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան)։

    Հիշեցնենք, որ քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր ԱՄԷ Դուբայ քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե մեդալի և 3 գովասանագրի։

    Լրացուցիչ նյութեր՝

    Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ 
    https://www.icho2026.uz/

    Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողությունը՝ https://www.youtube.com/live/M35p7OyuRd4

  • ԱՄՆ-ն իններորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին

    Երկուշաբթի Պենտագոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իններորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով երկրի ռազմական ենթակառուցվածքներն ու ռազմավարական ակտիվները։

    ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ նշանակետերը եղել են «իրանական հրամանատարական կենտրոնները, օդային պաշտպանության և ափամերձ հսկողության օբյեկտները, ռազմածովային ուժերը, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման դիրքերը, ինչպես նաև կապի կենտրոնները»։

    Վերջին հարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտնել է երեք ամերիկացի զինծառայողի մահվան մասին։

    Նոր հարվածների նպատակը, ըստ CENTCOM-ի հայտարարության, Իսլամական Հանրապետության ռազմական ներուժի հետագա թուլացումն է, որը, ամերիկյան կողմի պնդմամբ, օգտագործվում է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և քաղաքացիական նավաստիների վրա հարձակումների համար:

  • Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան

    Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել Եվրոպական միություն ձուկ և ձկնամթերք։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում:

    «Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը ստանում է նման թույլտվություն, ինչը նոր հնարավորություններ է բացում հայկական ձկնարտադրանքի արտահանման համար։

    Եվրոպական միության կողմից ստացվել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, ինչպես նաև ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում այս ապրանքների արտահանման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք մանրամասն ներկայացված են»,- գրել է Պապոյանը:

  • Գազ չի լինի Սյունիքի և Արարատի որոշ բնակավայրերում

    «Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի գազասպառողների, «Սուլավա ՏԱՄ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
     
    ժամը 10:00-ից մինչև 18:00-ն՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Պատկանյան, Երևանյան, Նալբանդյան, Նար-Դոսի, Րաֆֆու, Օգոստոսի 23 փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
     
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

  • Ագարակը ևս տոնեց հանքագործի և մետալուրգի օրը

    Հուլիսի 18-ին Ագարակում հանդիսությամբ նշվեց հանքագործի և մետալուրգի օրը։ Տոնական միջոցառմանը ներկա էին համայնքային իշխանության ներկայացուցիչները, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և մի շարք այլ հյուրեր։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման գործում նշանակալի ավանդի համար պարգևատրվեցին ձեռնարկության ավելի քան 50 աշխատակիցներ։ Օրը համերգով եզրափակեցին մայրաքաղաքից ժամանած սիրված երգիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

  • Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի

    Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վերին Շենգավիթի բնակիչ 17-ամյա մի պատանի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։

    Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին՝ ժամը 19․30-ին, Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին, տղան ձերբակալվեց ու տեղափոխվեց Շանգավիթի բաժին։

    Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների կպչուն ժապավեններով և մագնիսներով կահավորված 26 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 46 գրամ էր։

    Տղան հայտնեց, որ փաթեթներով մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացման նպատակով։ Ըստ նրա՝ արդեն հասցրել էր երեք փաթեթ տեղադրել ու լուսանկարել։

    Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տեղադրած երեք փաթեթները նույնպես հայտնաբերվել են։

    Նախաքննությունը շարունակվում է։