Category: Syunik.TV

  • Կապանում կհիմնվի ժամանակակից սպորտային համալիր. հանրային լսումներ կլինեն

    Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է  հանրային լսումներ՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված որոշման նախագծի  վերաբերյալ։

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

    Քննարկվող նախագծով առաջարկվում է Սյունիքի մարզի Կապան համայնքում ֆուտբոլի մարզադաշտի տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ՝ նույն տարածքում միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից սպորտային համալիրի հիմնադրման նպատակով։

    Նախագծի հանրային լսումները կանցկացվեն 2026 թվականի օգոստոսի 10-ին` ժամը 14:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ):

    Հանրային լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի օգոստոսի 9-ը՝ ժամը 17:00-ն, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել  հավաստող նամակ՝ ներկայացնելով մասնակցի  տվյալները՝ անուն, ազգանուն, էլփոստ և հեռախոսահամար: Հավելյալ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանգահարել +374 10-59-96-99 (ներքին՝ 635) հեռախոսահամարով։

    Լսումների օրը մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ ժամը 13:50-ին՝ անձը հաստատող փաստաթղթով։

    Ըստ նախագծի հիմնավորման՝ Կապանում միջազգային չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտի և ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտությունն արդիական խնդիր է։ Նոր համալիրի կառուցումը կխթանի Սյունիքի մարզում մանկապատանեկան, սիրողական և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացումը՝ հնարավորություն ստեղծելով միջազգային և հանրապետական մրցաշարերի անցկացման, բնակչության ֆիզիկական ակտիվության ու առողջ ապրելակերպի տարածման համար։ Ակնկալվում է, որ ստեղծվող սպորտային նոր ենթակառուցվածքը կնպաստի նաև Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական և զբոսաշրջային զարգացմանը։

    Իրավական ակտերի նախագծերի e-draft.am միասնական հարթակում շահառու կառույցները, մասնագետներն ու փորձագետները կարող են նախագծի վերաբերյալ իրենց կարծիքները, դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել մինչև 2026 թ. օգոստոսի 11-ը ներառյալ:

    Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1257165

  • Հայաստանի բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի

    Հուլիսի 30-ին ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները․ ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալների՝ լրացուցիչ փուլով ՀՀ բուհեր են ընդունվել ևս 1073 դիմորդներ։ Այս մասին տեղեկացնում են ԳԹԿ-ից:

    Ավելի վաղ, բուհական ընդունելության հիմնական մրցույթի արդյունքում ՀՀ բուհեր էին ընդունվել 9885 դիմորդներ։

    Այսպիսով, 2026թ․ սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ՀՀ պետական և ոչ պետական բուհերում իրենց ուսումնառությունը կսկսեն 10958 առաջին կուրսեցիներ` բուհ և մասնագիտություն հայտագրած դիմորդների (15859 դիմորդ) 69,1%-ը, և 2026 թ․ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդհանուր թվի (22 205 շրջանավարտ) 49,35%-ը։

    Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերում բուհ ընդունված դիմորդները զբաղեցրել են 2026-2027 տարվա համար հատկացված ընդհանուր 12720 տեղերի 86,15%-ը։

    Հիշեցնենք, որ 2021-2025 թվականներին առկա ուսուցմամբ բակալավրի, անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունվածների թիվն աճել է 9700-ից մինչև 10970։ 2026 թվականին ցուցանիշը շարունակում է լինել կայուն՝ 2021 թվականի համեմատ աճելով շուրջ 13%-ով։

    Հատկանշական է նաև 2026 թ․ բուհերի ընդունելության հիմնական մրցույթի առաջին և երկրորդ փուլերում ներկայացված դիմում-հայտերի աճը շուրջ 1300-ով։

    Հայտագրումների և մասնագիտություն ընտրած դիմորդների թվի աճը վկայում է բարձրագույն կրթական ծրագրերով ուսումնառությունը շարունակելու նկատմամբ հետաքրքրության աճի մասին։

    Ստորև, մանրամասն անդրադառնանք բուհական ընդունելության փուլերին և դրանց արդյունքներին՝ նախորդ տարիների ցուցանիշների հետ համեմատությամբ։

    Ովքե՞ր և ե՞րբ կարող էին մասնակցել բուհական ընդունելության լրացուցիչ փուլին

    Բուհերի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլին կարող էին մասնակցել այն դիմորդները, որոնք հիմնական փուլի մրցույթի արդյունքներով չէին ընդունվել հայտագրած մասնագիտությամբ, սակայն միասնական քննություններից ունեն դրական գնահատականներ։

    Ի տարբերություն մրցույթի հիմնական փուլի, որում դիմորդը հայտագրում է 1 բուհի 1 մասնագիտություն, լրացուցիչ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հավակնելու մեկ կամ մի քանի բուհերի մինչև 6 մասնագիտությունների գծով առկա թափուր տեղերին։ Դիմորդների մասնակցության աճ. բուհական ընդունելության քննություններին մասնակցել է շրջանավարտների 50%-ից ավելին:

    Կառավարության կողմից 2026-27 ուսումնական տարվա համար հատկացվել է 12720 տեղ, որից 2133-ը՝ պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ, 10587-ը՝ վճարովի համակարգում։

    Բուհեր ընդունելության հիմնական մրցույթի առաջին փուլում՝ 2025թ․ դեկտեմբերին, dimord.am հարթակում միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 12447 դիմորդ՝ շուրջ 800-ով ավելի, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Դիմորդների հիմնական մասը եղել են 12-րդ դասարանի շրջանավարտներ․ այս տարի ՀՀ հանրակրթական ուսհաստատությունների շրջանավարտների (22 205 շրջանավարտ) 50%-ից ավելին հայտագրվել է միասնական քննությունների առաջին փուլին:

    Ընդունելության հիմնական մրցույթի երկրորդ փուլում` 2026թ․ ապրիլի 15-մայիսի 10-ը, dimord.am հարթակում հայտագրվել է 16482 դիմորդ (471-ով ավելի, քան նախորդ տարի)։ Նրանցից 15859 դիմորդ հայտագրել է բուհ և մասնագիտություն․ 12893 դիմորդ հայտագրել է երկու միասնական, իսկ 2897-ը՝ երկու ներբուհական քննություն, ևս 69-ը՝ մեկական միասնական և ներբուհական։

    Դիմորդների 97 տոկոսը հիմնական փուլում հայտագրել է պետական, 3 տոկոսը՝ ոչ պետական բուհ։

    Հարկ է նշել, որ երկրորդ փուլում հայտագրված դիմորդները հնարավորություն ունեին պահպանելու առաջին փուլի քննություններին ստացած գնահատականները, սակայն նույնիսկ այդ դեպքում dimord.am հարթակով հայտագրումը և բուհի ու մասնագիտության ընտրությունը պարտադիր է:

    Մրցույթի առաջին և երկրորդ փուլերի շրջանակում այս տարի ներկայացվել է 28929 դիմում-հայտ, ինչը շուրջ 1300-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։

    Հիմնական մրցույթի երրորդ փուլի շրջանակում էլ նոր չափորոշիչներով փորձարարական միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է Տավուշի մարզի 493 դիմորդ․ նախորդ տարի նրանց թիվը կազմել է 319։ Փորձարարական քննություններում դիմորդների ցուցաբերած արդյունքները նախորդ տարվա համեմատ բարելավվել են։

    2025-26 ուսումնական տարվա համար հատկացված ընդհանուր 12126 (2142 անվճար և 9984 վճարովի) տեղերին հավակնելու համար 1-ին փուլում քննություն է հայտագրել 11608 դիմորդ, իսկ 2-րդ և 3-րդ փուլերում՝ 16011 դիմորդ. ընդհանուր առմամբ ներկայացվել էր առնվազն մեկ միասնական քննության 27619 դիմում-հայտ։ Դիմորդներից 15463-ը հայտագրել են և՛ բուհ, և՛ մասնագիտություն։

    2024/2025 ուսումնական տարվա համար հատկացվել էր ընդհանուր 16037 (2117 անվճար և 13920 վճարովի) տեղ, որոնց հավակնելու համար 1-ին փուլում քննություն է հայտագրել 9671, իսկ 2-րդ և 3-րդ փուլերում՝ 11785 դիմորդ․ ընդհանուր առմամբ ներկայացվել է առնվազն մեկ միասնական քննության 21456 դիմում-հայտ։ Դիմորդներից 14242-ը հայտագրել է և՛ բուհ, և՛ մասնագիտություն։

    Բուհ ընդունված ուսանողները կազմում են մասնագիտություն հայտագրած դիմորդների շուրջ 70%-ը

    Ինչպես նշեցինք, հուլիսի 18-ին հրապարակվել էին բուհերի ընդունելության հիմնական փուլի արդյունքները։ Ըստ ԳԹԿ տվյալների՝ հիմնական փուլով ՀՀ բուհեր է ընդունվել 9885 դիմորդ։ Նրանցից՝

    • 9661 դիմորդ (97,7%) ընդունվել է պետական բուհեր,
    • 224 դիմորդ (2,3%) ընդունվել է ոչ պետական բուհեր,
    • 1876-ը կստանա ուսման վճարի լրիվ փոխհատուցում (որոնց թվում 50-ը կսովորեն նպատակային ուսուցմամբ),
    • ևս 183 դիմորդ ընդունվել է ՀՀ կառավարության 26 ապրիլի 2012 թվականի N 597-Ն որոշման 78, 80 և 81 կետերով սահմանված արտոնություններով։

    Հուլիսի 30-ին ամփոփվել են նաև բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները, որին դիմած 1294 դիմորդից ընդունվել է 1073 դիմորդ (83.2%-ը պետական, 16.8%-ը ոչ պետական բուհերում)։

    Այսպիսով, 2026/27 ուսումնական տարվա համար Կառավարության կողմից հատկացված 12720 տեղից ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում համալրվել է 10958-ը։ Ընդունված դիմորդները կազմել են մասնագիտություն հայտագրած 15859 դիմորդների 69,1%-ը: Ընդունվածների 96.3%-ը կսովորի պետական, իսկ 3.7%-ը՝ ոչ պետական բուհերում։

    2025/26 ուսումնական տարվա արդյունքում ևս բուհ ընդունվածների թիվը (10970) կազմել է բուհ և մասնագիտություն հայտագրածների ընդհանուր թվի (15463) 70.9%-ը։ 2024/25 ուսումնական տարում մասնագիտություն հայտագրած 14242 դիմորդից ընդունվել է 10720-ը (75.27%)։

    Գերակա ուղղություններով ուսուցման խթանում

    Պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության խթանման համատեքստում՝ 2026/2027 ուստարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման ընդունելության համար  նախատեսված 2133 տեղերից 1282-ը (ընդհանուր տեղերի թվի 60.1%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (ԲՏՃՄ) ոլորտին:

    Գերակա մասնագիտություններով հատկացվող լրիվ փոխհատուցմամբ տեղերի քանակը տարեցտարի աճել է վերջին երեք տարիներին՝ 2025-2026 ուստարվա համար կազմելով 2142 տեղերից ավելի քան 1270-ը (ընդհանուր տեղերի թվի ավելի քան 59%-ը), 2024-2025 ուստարվա համար՝ 2096 տեղերից 1264-ը (ընդհանուր տեղերի թվի 61%), իսկ 2023/2024 ուստարվա համար՝ 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%-ը):

    Դիմորդների կողմից առավել պահանջված բուհերն ու մասնագիտությունները

    Ըստ նախնական տվյալների, ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլում ամենամեծ թվով ընդունված դիմորդներ ունեն Երևանի պետական համալսարանը, Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Ստորև ներկայացվում է ընդունվածների թվով առաջատար բուհերի տասնյակը, որոնցում գումարային առումով կսովորի բուհ ընդունվածների 84 տոկոսը (համադրելի է 2025թ․ ցուցանիշներին)․

    Անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը. մեկ տեղի հարաբերակցությամբ առավել շատ դիմորդներ ունի ԵՊԲՀ «Ստոմատոլոգիա» մասնագիտությունը՝ 3 դիմորդ, երկրորդ տեղում ԵՊՀ «Տնտեսագիտություն» մասնագիտությունն է` 2.7 դիմորդ, երրորդը ՌՀՀ «Իրավագիտություն» մասնագիտությունն է` 2.5 դիմորդ։ Մեկ տեղի համար 2.3-ական հայտ են ստացել ԵՊԲՀ «Բուժական գործ», ՀՊՏՀ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» և ԵՊՀ «Հանրային կառավարում» մասնագիտությունները։

    Դիմորդների բացարձակ թվով առաջատարն են ԵՊԲՀ «Բուժական գործ» (832 հայտ, 397 ընդունված դիմորդ), ՃՇՀԱՀ «Ճարտարապետություն» (442 հայտ, 245 ընդունված դիմորդ), ՀՊՏՀ «Տնտեսագիտություն» (402 հայտ, 205 ընդունված դիմորդ) մասնագիտությունները։ Լրացուցիչ փուլում ընդունվածների առումով առաջատարն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտությունը՝ 75 ընդունված դիմորդով։ Առավել պահանջված էին նաև ՎՊՀ «Սերվիս», «Քաղաքագիտություն», «Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն լեզուներ», ՃՇՀԱՀ «Տեղեկատվական համակարգեր», ՀՊՄՀ «Կեսաբանություն-Քիմիա», ԵՊՀ «Ֆարմացիա» և ՀԱՊՀ «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտությունները։

    Ոչ պետական բուհերի շարքում լրացուցիչ փուլում առավել թվով ընդունված ուսանող ունեն Երևանի «Հայբուսակ» համալսարանի «Ստոմատոլոգիա» և Հայկական բժշկական ինստիտուտի «Բուժական գործ» մասնագիտությունները (22 և 18 ընդունված դիմորդ)։

    Պետության համար գերակա մասնագիտություններով ընդունելության արդյունքները և 2026-2027 թթ․ բուհական ընդունելության վերաբերյալ այլ մանրամասներ կհրապարակվեն՝ տվյալներն ամփոփվելուն պես։

    Նախորդ տարիների ցուցանիշներին կարելի է ծանոթանալ այստեղ։

  • ԳՇ պետն անակնկալ այցով եղել է Սյունիքի դիրքերից մեկում

    Վարժական հավաքի մասնակիցը Սյունիքի դիրքերից մեկում առկա խնդիրների մասին էր բարձրաձայնել։ Գլխավոր շտաբի պետն անակնկալ այց է կատարել բանակային այդ դիրք և տեսանյութ հրապարակել։

    «Պաշտպանության նախարարությունը կառուցողական է տրամադրված փաստարկված և առողջ քննադատությունների նկատմամբ: Շնորհակալ ենք խնդիրների մատնանշման համար և հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ դրանց արագ ու հետևողական արձագանքելու:

    Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բանակային դիրքերում առկա զենքերի քանակի, դրանց տեսակների, զինամթերքի (այդ թվում՝ անձեռնմխելի պաշարի) վերաբերյալ տեղեկությունները դասվում են գաղտնի տեղեկությունների շարքին, և դրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը կարող է առաջացնել  պատասխանատվություն:

    Հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ տեղեկությունների հանրայնացումից՝ առանց պաշտպանության նախարարության հետ համապատասխան քննարկումների»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

  • Գորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններ

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզպետի՝ 2026 թվականի օգոստոսի 3-ի թիվ 364–Ա որոշման համաձայն՝ նույն մարզի Գորիս և Մեղրի համայնքներում, իսկ ՀՀ Լոռու մարզպետի՝ 2026 թվականի օգոստոսի 4-ի թիվ 590–Ա և 591–Ա որոշումների համաձայն՝ նույն մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո համայնքներում նշանակվել են հերթական ընտրություններ։

    «ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով որևէ գույք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։

    Միևնույն ժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ իրեն վերապահված լիազորությունների և գործիքակազմի ամբողջ ծավալով, գործընկեր իրավապահ մարմինների հետ համատեղ, ընտրական գործընթացի նկատմամբ իրականացնելու է մշտադիտարկում և վերահսկողություն՝ հորդորելով զերծ մնալ բարեգործության արգելքը խախտող որևէ անօրինական գործողությունից՝ պարզաբանելով, որ օրենքով սահմանված պահանջների ցանկացած խախտում արժանանալու է համարժեք և խիստ իրավական արձագանքի»,- տեղեկացնում են կոմիտեից։

  • «Հին Խնձորեսկում» պեղումների ընթացքում հայտնաբերվել է տապանաքար

    «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

    Անապատ եկեղեցու հյուսիսային պատի տակ իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում լիարժեք տեսանելի է դարձել 1748-1749 թվականներին թվագրվող տապանաքարը, որը պատկանում է Ղրաբեկի որդի Սարքիսին։

    Պեղումները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը և նպատակ ունեն նաև հստակեցնել հուշարձանի վերականգնման նախագիծը։

    The post «Հին Խնձորեսկում» պեղումների ընթացքում հայտնաբերվել է տապանաքար appeared first on Սյունիք ՀԸ.

  • Տարադրամի փոխարժեքներն այսօր

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424.5 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.38 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.6 դրամ։

    The post Տարադրամի փոխարժեքներն այսօր appeared first on Սյունիք ՀԸ.

  • Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարարին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին։

    Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում գործունեության համար և նշել, որ տեխնոլոգիաների ոլորտն արդեն երկար ժամանակ Հայաստանում զարգացումներ է ունենում։ «Բայց պիտի ասեմ նաև, որ վերջին մեկ տարվա զարգացումները Հայաստանի համար հատկապես նշանակալի են, որովհետև մենք հիմա արդեն ավելի ու ավելի լիարժեք նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության հետ առնչվելու հնարավորություն ունենք։ Իհարկե, մեծ աշխատանք է արված, Հայաստանում հիմա արդեն գործում է ենթակառուցվածք, որն ընդամենը տարիներ առաջ կարող էր թվալ դժվար իրագործելի»,- ասել է վարչապետը։

    Երկրի ղեկավարը հիշատակել է Երևանի պետական համալսարանի սուպերհամակարգչային կենտրոնը, «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարանը, Firebird ընկերության կողմից օրերս գործարկվելիք արհեստական բանականություն գործարանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեխնոլոգիաների հետ համահունչ քայլելը Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է։ «Բայց այս առումով մենք պետք է նաև ուշադիր և հաղորդակից լինենք այն գլոբալ բանավեճերին, որոնք տեղի են ունենում տեխնոլոգիաների առնչությամբ` այն տրամաբանությամբ, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի տեխնոլոգիաների ներդրումը ոչ թե պակասեցնի մարդկանց աշխատելու և վաստակելու հնարավորությունը, այլ հակառակը՝ հնարավորինս ավելի հեշտ և արդյունավետ դարձնի այն»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ գործադիրը բավականին հագեցած օրակարգ ունի տեխնոլոգիաների ոլորտում։ «Այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և տևական խնդիրներ, որոնք կառավարման, պլանավորման և որոշումներ կայացնելու անհրաժեշտություն են առաջացնում, բայց սա առաջիկա աշխատանքային օրակարգ է, որին կանդրադառնանք Կառավարության ծրագրի նախագծի քննարկման և ընդունման համատեքստում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

    Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը վստահելու համար և հավելել, որ դա ընկալել է որպես բացառիկ հնարավորություն՝ ծառայելու պետությանը։ Նախկին նախարարը համոզմունք է հայտնել, որ Դավիթ Թադևոսյանը նախարարի պաշտոնում հաջողելու է՝ հաշվի առնելով գիտելիքներն ու փորձը, և հայտնել իր աջակցությունն այդ գործում։

    Իր հերթին, նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և տրված հնարավորության համար։ «Ես այս պաշտոնը ստանձնում եմ՝ քաջ գիտակցելով, որ ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ։ Փորձելու եմ կիրառել մաքսիմալ ջանքերը՝ հպարտությամբ և լիարժեք կատարված աշխատանքի զգացումով այս պաշտոնը հաջորդ նախարարին թողնելու համար»,- ասել է նախարարը։

  • Կապանը` ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. փոխնախարարը մանրամասներ է հայտնել

    Կապանը հռչակվել է ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։ Ծրագրի շրջանակում տեղի ունեցած միջոցառումների, երիտասարդների զարգացման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերի մասին զրուցեցինք ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի հետ։

  • Շրջայց ԶՊՄԿ-ում․ հերթական հանդիպումը աշխատակիցների հետ

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում շարունակվում են ղեկավար կազմի շրջայցերը տարբեր արտադրամասերում։ Կապանի բազայում, պոչամբարային տնտեսությունում և այլ տեղամասերում ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին հերթական անմիջական շփումն ունեցավ լեռնագործների հետ։ Աշխատակիցների խոսքով՝ այս ձևաչափը գոհացուցիչ է, բարձրաձայնած հարցերը ժամանակի ընթացքում լուծում են ստանում։ Ղեկավարությունը վստահեցնում է՝ բոլոր հարցերն օրակարգում են, ժամանակ է պետք դրանք լուծելու համար։

  • Սյունիքում մեքենաներ են բախվել – Սյունիք ՀԸ

    Երեկ` օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Ագարակ-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Սլավա Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» և Երևանի բնակիչ 59-ամյա Հարություն Բ.-ի վարած «Opel Frontera» մակնիշի ավտոմեքենաները։

    Վթարի հետևանքով վարորդներից Սլավա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն։

    Բախման հետևանքով էլ «ՎԱԶ 2121»-ը գլխիվայր շրջվել է։

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։