Category: Syunik.TV

  • Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են ռազմատեխնիկական հարցեր

    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։

    Այս մասին գրել է Սուրեն Պապիկյանը։

  • ԵՄ-ն կընդլայնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

    Եվրամիությունը նախատեսում է առաջիկա ամիսներին զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

    Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

    Եվրահանձնաժողովի տվյալով՝ ներկայումս Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված են մոտ 3000 ֆիզիկական ու իրավաբանական անձինք։ Կալասն ընդգծել է, որ «Ռուսաստանի վրա ճնշումը պետք է մեծացնել մինչև պատերազմի ավարտը»։

  • Բացահայտվել է 3,4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների դուրսգրման դեպք

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք ձևականորեն գրանցված ընկերության անունից, առանց ապրանքների փաստացի մատակարարման կամ ծառայությունների իրական մատուցման, դուրս են գրել հարկային հաշիվներ։

    Ձեռք բերված տվյալների համաձայն՝ կիրառվել է նախապես մշակված բազմաստիճան սխեմա։ Հիմնականում ֆինանսական միջոցներ չունեցող կամ նախկինում դատապարտված անձանց անուններով գրանցվել են  ընկերություններ։ Վերջիններս, չունենալով ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, անհրաժեշտ գույք, տեխնիկական միջոցներ կամ աշխատուժ, փաստաթղթերով ձևակերպել են զգալի ծավալի շինանյութի իրացումներ և շինարարական ծառայությունների մատուցումներ։ Սխեմայի սկզբնական օղակում ներգրավված կազմակերպության անունից կեղծ հարկային հաշիվներ են դուրս գրվել հաջորդ օղակում ընդգրկված տնտեսավարողների համար։ Վերջիններս էլ փաստաթղթերով իրացումներ են ձևակերպել իրական գործունեություն իրականացնող ընկերություններին։ Այս ամենի հետևանքով այդ ընկերությունների մոտ արհեստականորեն ձևավորվել են ավելացված արժեքի հարկից հաշվանցման ենթակա գումարներ, ինչպես նաև շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից նվազեցման ենթակա ծախսեր։

    Միաժամանակ, սխեմայի սկզբնական օղակում ներգրավված կազմակերպությունը հարկային մարմին հաշվարկ-հաշվետվություններ չի ներկայացրել կամ ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ՝ չվճարելով առաջացած հարկային պարտավորությունները։ Իսկ միջանկյալ օղակում ներգրավված տնտեսավարողների մոտ, հաշվանցման ենթակա գումարների առկայության պատճառով, որպես կանոն, հարկային պարտավորություններ չեն առաջացել։

    ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման, դուրս է գրել ընդհանուր 3.4 միլիարդ դրամի հարկային հաշիվներ՝ պետությանը պատճառելով շուրջ 557 միլիոն դրամի վնաս։

    Դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման  կեղծ փաստաթղթեր կազմելու և տրամադրելու հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն։

    ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման անապրանք հարկային հաշիվներ դուրս գրելուց, ինչպես նաև ծախսերի և եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելուց։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է հետևողական միջոցառումներ ձեռնարկել կեղծ գործարքների շղթաները բացահայտելու, պետական բյուջեին վնաս պատճառող սխեմաները կանխելու իսկ կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

  • Սպասվում է անձրեւ – Սյունիք ՀԸ

    Հանրապետության տարածքում օգոստոսի 17-18-ի գիշերը և կեսօրից հետո, 19-21-ը երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

    Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ։ Օգոստոսի 17-21-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

    Երևան քաղաքում օգոստոսի 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վ։ Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-21-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

  • Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է

    Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։

    Այն Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

  • «Գորիսյան օրերը» եւ «Ֆեստիվառը» համախմբել են Գորիսի հյուրերին

    Օգոստոսի 15-ին Գորիսում անցկացվել է «Գորիսյան օրեր» ամենամյա համաքաղաքային միջոցառումների շարքը, և  քաղաքն առաջին անգամ հյուրընկալել է նաև «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

    Միջոցառումներին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ԱԺ պատգամավորներ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանից և արտերկրից ժամանած հյուրեր։

    «Գորիսյան օրերի» մեկնարկը տրվել է Չոփչունց ձոր թաղամասում։ Օրվա ընթացքում անցկացվել են ազգային ուտեստների հյուրասիրություն, ժողովրդական երգի ու պարի կատարումներ, տեղական արտադրանքի տոնավաճառ, մարզամշակութային և ժամանցային այլ միջոցառումներ։ Հյուրերը հնարավորություն են ունեցել շրջելու տաղավարներում, ծանոթանալու Գորիսի ավանդական խոհանոցին և տեղական արտադրանքին։

    Միջոցառումների շրջանակում հյուրերի համար կազմակերպվել էին  նաև անվճար երթուղիներ դեպի Գորիսի տարածաշրջանի տեսարժան վայրեր, իսկ քաղաքի տարբեր հատվածներում օրվա ընթացքում շարունակվել են մշակութային և երաժշտական ծրագրերը։

    Երեկոյան Գորիսում կայացել  է նաև «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որի ծրագրում ներառված են եղել համերգային և ժամանցային միջոցառումներ։ Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

    «Գորիսյան օրերի» և «Ֆեստիվառի» համատեղ անցկացումը մեկ հարթակում միավորել է մշակույթը, տեղական ավանդույթները, զբոսաշրջությունը, համայնքային կյանքն ու ժամանցը՝ Գորիսը մեկ օրով դարձնելով բազմաբովանդակ միջոցառումների կենտրոն։

  •  «Աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձ է հոսպիտալացվել

    ՀՎԿԱԿ-ից հայտնում են, որ 2026 թվականի օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ։

    ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին:

    Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։ Բոլոր 6 անձինք հոսպիտալացված են։

    Համաճարակաբանական հետազոտության ընթացքում պարզվել է նաև, որ միջոցառումից հետո սննդի մի մասը տարվել է տուն և կրկին օգտագործվել, որից հետո ի հայտ են եկել գանգատներ։

    Դեպքի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը։

    Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։

    ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հետևում է իրավիճակին։

    Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի անհրաժեշտության դեպքում։

  • Աշնանից կտրամադրվեն նոր կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը․ հայտնի են գները

    Օգոստոսի 14-ին ՆԳ նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանն ու ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը ներկայացրել են 2026 թվականի առաջին կիսամյակում Ծառայության կատարած աշխատանքներն ու արդյունքները։

    Արմեն Ղազարյանը ներկայացնելով միգրացիոն քաղաքականության ոլորտում իրականացված փոփոխություններն ու ձեռքբերումները՝ ընդգծել է, որ ՆԳ նախարարությունը նախաձեռնել է միգրացիոն ոլորտի ռազմավարության մշակումն ու վերանայումը։

    Միգրացիոն ռազմավարության մեջ առաջին անգամ դիտարկվում է քաղաքացիության ինստիտուտը։

    ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացն ակտիվ աշխատանքային փուլում է։

    Արմեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանը մայիսին ստացել է Գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, որտեղ ԵՄ գործընկերները դրական են գնահատել Հայաստանի կողմից կատարված քայլերը՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։

    Ընդհանուր միգրացիոն միտումների վերաբերյալ թվային պատկերը ներկայացրել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը։

    Առաջին կիսամյակի արդյունքներով՝ միգրացիոն բոլոր գործընթացներում, մասնավորապես՝ մատուցվող ծառայությունների ոլորտում արձանագրվել են դրական միտումներ։

    2026 թվականի առաջին կիսամյակում ևս արձանագրվել է ՀՀ քաղաքացիների սահմանահատման դրական հաշվեկշիռ (սալդո)՝ +1347, ինչը բացառիկ ցուցանիշ է․ 2025 թվականին առաջին անգամ արձանագրվել էր դրական հաշվեկշիռ՝ +8660։

    Անդրադառնալով կենսաչափական նոր համակարգի ներդրմանը՝ Նելլի Դավթյանը շեշտել է, որ աշնանը կմեկնարկի կենսաչափական նոր փաստաթղթերի տպագրության և տրամադրման գործընթացը։

    Առաջին փուլում կլինեն 14 գրասենյակներ, հետագայում դրանց թիվը կդառնա 23 ՝ սահմանելով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող։

    Նոր կենսաչափական փաստաթուղթը, որը մրցունակ է աշխարհում և անվտանգային բաղադրիչները համապատասխանում են ԵՄ գործող չափանիշներին, արժենալու է 28 650, իսկ նույնականացման քարտը՝ 5950 դրամ։

    Նոր անձնագիրը տրամադրվելու է՝ 10, իսկ նույնականացման քարտը՝ 5 տարի ժամկետով։

    Նորությունն այն է, որ ծնողի ցանկությամբ նույնականացման քարտ կարող են ստանալ նաև մինչև 16 տարեկան անչափահասները, իսկ 16 տարին լրանալուց հետո նույնականացման քարտ ունենալը, «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» նոր օրենքի համաձայն, պարտադիր կդառնա։ Օրենքն ուժի մեջ կմտնի մինչև նոյեմբերի 1-ը։

    Անձնագիրը տրամադրվելու է նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին։

    Նախկին նմուշի անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրությունը կդադարեցվի աշնանը։

    Ամփոփելով առաջին կիսամյակի աշխատանքը՝ Նելլի Դավթյանը նշել է, որ էական աշխատանքներ են իրականացվել բնակչության պետական ռեգիստրի բարեփոխման ուղղությամբ։

    Բանախոսները նաև պատասխանել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։

  • Ավտոմեքենան Երեւան – Մեղրի ճանապարհին հայտնվել է ռեստորանային տարածքում

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 04։49-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117-րդ կմ-ին «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ մոտ 5 մ, և հայտնվել մոտակա ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։

    Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։

  • Գլոբալ տաքացման տեմպերը կտրուկ արագացել են. Լևոն Ազիզյան

    Պոտսդամի կլիմայական փոփոխությունների հետազոտությունների ինստիտուտի (PIK) նոր վերլուծության համաձայն՝ մոտավորապես 2015 թվականից գլոբալ տաքացման տեմպերն արագացել են։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

    «Բնական ջերմաստիճանային տատանումների ազդեցությունը բացառելուց հետո հետազոտողները ստացել են առաջին վիճակագրորեն նշանակալի ապացույցը, որ մոլորակի երկարաժամկետ տաքացման տեմպն իսկապես աճում է։

    Վերջին տասնամյակում Երկրի գլոբալ միջին ջերմաստիճանը, կախված օգտագործվող տվյալների բազայից, յուրաքանչյուր տասնամյակի հաշվով բարձրացել է մոտ 0,35 °C-ով։ Համեմատության համար՝ 1970–2015 թվականներին տաքացման միջին տեմպը յուրաքանչյուր տասնամյակում կազմել է 0,2 °C-ից փոքր-ինչ պակաս։

    Վերջին տասնամյակում գլոբալ տաքացման տեմպն ավելի բարձր է եղել, քան ցանկացած այլ տասնամյակում՝ սկսած 1880 թվականից, երբ սկսվել են օդի ջերմաստիճանի գործիքային դիտարկումները»,-նշել է նա։