Category: Syunik.TV

  • Իրականացվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներ

    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների շրջանակներում կատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներ։ Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում խնամքով վերաբերվել ճանապարհային նշաններին։ Դրանց բացակայությունը կամ ոչ տեսանելի լինելը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակներ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։

    Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

  • Վթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

    Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։ Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ:

    Տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

  • Կապանում մի շարք սպառողների գազամատակարարումը դադարեցվել է

    Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 20-ին՝ ժամը 09:30-ից, դադարեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

    Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։

  • Զինծառայողներ են վրաերթի ենթարկվել. Մեկ զինծառայող մահացել է

    Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։

    Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո:

    Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

  • ԶՈՒ-ում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. նախարար

    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերթական ստուգայցն է կատարել ՊՆ զորամասերից մեկում:

    «Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է»,- գրել է Սուրեն Պապիկյանը։

  • Բացահայտվել է ապօրինի ջրառ. ձկնաբուծարանի գործունեությունը կասեցվել է

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել են մակերևութային ջրային ռեսուրսից ապօրինի ջրառի դեպք։

    Ձկնաբուծությամբ զբաղվող քաղաքացի Մ.Դ.-ն ձկնաբուծարանի գործունեության համար անհրաժեշտ ջուրն ապահովել էր հարակից տարածքով հոսող «Շենավան» գետակից՝ չունենալով լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով տրամադրված ջրօգտագործման թույլտվություն։

    Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ձկնաբուծարանի գործունեությունը կասեցվել է, իսկ ձկնաբուծարան մտնող ջրի պլաստմասե խողովակաշարերը կապարակնքվել են։

  • Քննարկվել են TRIPP նախագծին վերաբերող հարցեր

    ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 19-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

    Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին, TRIPP նախագծին վերաբերող հարցերը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

  • 2025-ին Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը գերազանցել է Հայաստանից հեռացածների թվին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:

    Վարչապետը, ողջունելով ներկաներին, արձանագրել է, որ վերջերս Հայաստանում հայրենադարձման կամ ներգաղթային որոշակի գործընթացներ են նկատվում. 2025 թվականին Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 8000-ով գերազանցել է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվին։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարդիկ վերադառնում են ՀՀ, անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ անում և փորձում են իրենց կյանքը կապել Հայաստանի հետ։ «Ի տարբերություն 2014 թվականի, նույնիսկ 2019-2020 թվականների, այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ, որովհետև սա նույնպես գործոն է, որը մենք անպայման պետք է հաշվի առնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

    Վարչապետը նշել է, որ այդ գործընթացի տրամաբանության մեջ է մտնում «իԳործ» ծրագիրը, և հույս հայտնել, որ այն վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա։

  • Վայոց ձորի մի շարք հասցեներում գազ չի լինի

    Պլանային աշխատանքներ («Անգեղակոթ-Ջերմուկ» DN500 տրամագծով մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով օգոստոսի 20-ին` ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր քաղաքների, Գնդեվազ, Կեչուտ, Հերհեր, Զառիթափ, Արին, Ազատեկ, Փոռ, Մալիշկա, Ագարակաձոր, Վերնաշեն, Գլաձոր, Գետափ բնակավայրերի գազասպառողների, «Գլաձոր ՄԳՀ», «Վահգալ», «Ս․Ավետյան և ընկերներ», «Վայք գազ», «Ռոբեն Յ.Հ.», «Թամսար», «Մելինե Էմիլիա» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Վայքի ՃՇՇ», «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ների, «Ջերմուկի նոր կյանք», «Ջերսան», «Այս Էներջի» ՍՊԸ-ների և նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    «Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

  • Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ

    Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ ԱՄՆ դաշնային դատարան: Դատական հայցը վերաբերում է Ադրբեջանի դեմ անհիմն և սադրիչ մեղադրանքներ պարունակող հոդվածի հրապարակմանը։

    2026 թվականի հունիսի 5-ին CNN-ի կողմից հրապարակված հոդվածը պարունակում էր մի շարք պնդումներ այն մասին, որ Ադրբեջանի տարածքը, իբր, Իսրայելն օգտագործում է Իրանի դեմ ռազմական և հետախուզական գործողություններ իրականացնելու համար:

    Ադրբեջանական կողմը պահանջել է հերքել նյութում տեղ գտած պնդումները։