Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Deuttsche Welle-ն, այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի բանակի շտաբային պետերի միացյալ կոմիտեն։
«Հարավային Կորեան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան պահպանում են մարտական պատրաստականության բարձր մակարդակ՝ միաժամանակ սերտորեն փոխանակելով տեղեկատվություն հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների վերաբերյալ»,-ասված է Սեուլի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանային գոտում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով վիրավորվել է հարավկորեացի երեք զինծառայող։ Սեուլը կարծում է, որ միջադեպը տեղի է ունեցել հյուսիսկորեական հետևակային ականների պայթյունի հետևանքով։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Հվան Շին Չուլը Փհենյանին մեղադրել է զինադադարը խախտելու մեջ և հայտարարել հակաքայլեր ձեռնարկելու ծրագրերի մասին։ Հյուսիսային Կորեան իր հերթին մերժել է մեղադրանքները։
ՀՀ-ում պետք է դատավարություն իրականացվի, տրվի իրավական գնահատական, իսկ հետո քննարկվի վերջինիս փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունը պաշտոնական մակարդակում մեղմացնում-թաքցնում է Սիսիանում ադրբեջանցու մասնակցության վտանգավոր միջադեպը, իսկ ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը, որովհետև որոշում ունի ադրբեջանցուն հանձնել Բաքվին:
Սա պատահական տեղի ունեցած սահմանախախտման դեպք չէ, առավել ևս՝ որ հետևանքը քաղաքացիական անձանց, անչափահասներին հրազենային վիրավորում, մարմնական վնասվածքներ և հոգեբանական ներգործություն է:
Դեռ վաղ է խոսել ադրբեջանցու իրական դրդապատճառների և նպատակների մասին, սակայն առկա փաստերն էլ ծանրակշիռ հիմնավորում են՝ վերջինիս հենց այնպես Բաքվին չհանձնելու առումով:
ՀՀ-ում պետք է դատավարություն իրականացվի, տրվի իրավական գնահատական, իսկ հետո քննարկվի վերջինիս փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ»,- նշել է նա:
Իրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են ավելի մասշտաբային դառնալ, քան նախորդները, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրանական իշխանությունների ներկայացուցչին, հաղորդում է Ինթերֆաքս-ը։
«Պաշտոնյան ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր ռմբակոծություններին, հնարավոր է՝ ավելի խոշոր, քան նախկինում, սակայն ունի պատասխան տալու հնարավորություններ», – տեղեկացնում է գործակալությունը:
Նրա զրուցակիցն ընդունել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները, ծովային շրջափակումը շատ լուրջ բարդացնում են Իրանի տնտեսական իրավիճակը, սակայն երկիրը հարմարվում է այդ իրողություններին:
Bloomberg-ը հիշեցնում է, որ Իրանի համար ճնշման կարևորագույն լծակ է մնում Հորմուզի նեղուցի փակումը: Սակայն, ինչպես ավելի վաղ պնդում էին ԱՄՆ իշխանությունները, մի շարք ԶԼՄ-ներ և դիտորդներ, Թեհրանի վերահսկողությունը նեղուցի նկատմամբ թուլանում է:
Այսպես, Bloomberg-ը հավաքել է տվյալներ, որոնց համաձայն՝ Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արտահանումն աճել է օգոստոսին օրական 3,4 միլիոն բարելից մինչև սեպտեմբերին օրական 6,1 միլիոն բարել: JPMorgan ֆինանսական կոնգլոմերատը գնահատում է, որ Մերձավոր Արևելքից այժմ օրական մատակարարվում է 17,5 միլիոն բարել՝ 98%-ը այն մակարդակի, որը նկատվում էր նախքան 2026 թվականի փետրվարի 28-ին Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը:
Ավելի վաղ Bloomberg-ը նաև պնդում էր, որ իր հերթին Իրանը սեպտեմբերին հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ նավթ չի բարձել տանկերների վրա: Սակայն շարունակվում են այս ռեսուրսի մատակարարումները Չինաստանին: Նաև իրանական իշխանությունները վերաուղղորդել են առևտրային հոսքերը Կասպից ծովով, ցամաքային ճանապարհներով: Բայց սեպտեմբերին հաղորդագրություններ էին ստացվում Թուրքիայի և Պակիuտանի հետ Իրանի սահմանների անցակետերում ուշացումների մասին:
Axios պորտալը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդականները խորհրդակցություն են անցկացրել՝ քննարկելու հետագա քայլերը Իրանի դեմ պատերազմի և Սաուդյան Արաբիայի ու Եմենում հուսիների միջև հակամարտության կապակցությամբ:
Փակուղի մտած բանակցությունների ֆոնին Թրամփը դիտարկում է Իրանի դեմ մասշտաբային ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:
«Այժմ ես պետք է որոշում կայացնեմ․ կամ Իրանը գործարք է ստորագրում, կամ այն այլևս գոյություն չի ունենա», – հայտարարել է նա հինգշաբթի օրը:
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգոհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Ինչո՞ւ է շտապում Ալիևը։
«Ամբողջ մեղքը Հայաստանի նախկին իշխանությունների վրա բարդելը անարդար է։ Հայաստանի ներկայիս իշխանությունները նույնպես տարածքային պահանջներ էին ներկայացնում Ադրբեջանին, փորձում էին անիմաստ և ոչ կոռեկտ հայտարարություններով վիրավորել ադրբեջանցի ժողովրդին։ Մենք երբեք չպետք է մոռանանք այս ամենը»,- կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է Իլհամ Ալիևը։
Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ հրապարակային դժգոհության բավականին ակնհայտ ցուցադրություն է։
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգոհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից ու վերջինիս նախկին հայտարարություններն ու դիրքորոշումները անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործել որպես լրացուցիչ ճնշման գործիք։
Պաշտոնական Երևանն իր քաղաքականության առանցքում դրել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը, սակայն Բաքուն, փոխանակ մեղմելու հռետորաբանությունը, վերջին շրջանում հետևողականորեն կոշտացնում է այն։
Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ Ադրբեջանը փորձում է հնարավորինս արագ ամրագրել պատերազմի հետևանքով ձևավորված ուժային առավելության քաղաքական արդյունքները՝ գիտակցելով, որ տարածաշրջանային ներկայիս հարաբերակցությունը հավերժ չէ։
Այս վարկածի օգտին է խոսում նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հռետորաբանությունը։
Մի կողմից նա հայտարարում է, որ Ադրբեջանն արդեն ապրում է խաղաղության պայմաններում, զարգանում են հայ-ադրբեջանական առևտրային ու գործարար կապերը, իրականացվում են վստահության ամրապնդման միջոցառումներ, մյուս կողմից՝ նույն Հաջիևը պնդում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, և միայն դրանից հետո խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը կդառնա իրականություն։
Սա հակասություն չէ, այլ աշխատանքի բաժանում։ Առաջին ձևակերպումը միջազգային լսարանի համար է, երկրորդը՝ Երևանին հասցեագրված մեսիջ՝ ստանձնած պարտավորությունը կատարելու հիշեցումով:
Ուշագրավ է Հաջիևի մեկ այլ ձևակերպում։ Նա հայտարարում է, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության, այլև «հայ ժողովրդի հետ»։
Ադրբեջանին, ըստ էության, բավարար չէ միայն գործող իշխանության համաձայնությունը. Բաքուն ցանկանում է, որ իր համար սկզբունքային փոփոխությունները Հայաստանի ներսում ստանան հանրաքվեով ամրագրված լեգիտիմություն և հնարավորինս անշրջելի բնույթ։
Բայց ինչո՞ւ է Բաքուն շտապում հենց հիմա։
Բաքուն շտապում է որովհետև նախապայմանն արդեն Հայաստանի գործող իշխանության օրակարգում է, և ցանկացած ուշացում իր մեջ ռիսկ է պարունակում:
Պատճառներից մեկը կարող է լինել նաև տարածաշրջանում ուժերի հարաբերակցության հնարավոր փոփոխությունը և, առաջին հերթին, Իրանի գործոնի ուժեղացումը։
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, միջազգային սահմանների փոփոխությունը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի փոփոխությունն իր համար կարմիր գծեր են։ Իրանը հատկապես զգայուն է Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունների նկատմամբ՝ դրանք դիտարկելով սեփական անվտանգության և տարածաշրջանային ազդեցության տեսանկյունից։
Եթե Իրանը կարողանա իր տարածաշրջանային ազդեցությունը կապիտալիզացնել, Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող է սահմանափակել Հայաստանի նկատմամբ Բաքվի ներկայիս ճնշման հնարավորությունները։
Հենց այստեղ է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը ստանում լրացուցիչ նշանակություն։ Խոսքը միայն խաղաղության պայմանագրի ստորագրման մեխանիկական նախապայմանի մասին չէ. Ադրբեջանը փորձում է Հայաստանի ներսում իրավաքաղաքական մակարդակով ամրագրել իր համար ցանկալի արդյունքը։
Եվ այդ արդյունքը չի սահմանափակվելու միայն Անկախության հռչակագրին արվող հղումը հանելով. «Արևմտյան Ադրբեջան» պատումն ու միջանցքային տերմինաբանությունը չեն անհետանալու այն պահին, երբ հղումը հանվի։ Հաջիևի «վերջին քայլ»-ը վերջին քայլ է միայն Բաքվի այսօրվա պահանջներում, վաղը վստահաբար կհայտնվի պահանջների նոր ցանկ։
Արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի։
Այս պահին հրապարակային փաստերը բավարար չեն՝ նման միանշանակ եզրակացության համար։ Ավելի տեսանելի է մեկ այլ միտում՝ Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը՝ փորձելով հնարավորինս արագ ստանալ այն, ինչ հետագայում կարող է շատ ավելի դժվար հասանելի լինել։
Բաքուն դեռ չի համարում, որ Հայաստանից ստացել է այն ամենը, ինչ ցանկանում է ստանալ։ Եվ շտապում է ստանալ դա հիմա, քանի դեռ Երևանում կա կառավարություն, որը Սահմանադրության փոփոխության Բաքվի պահանջը համարում է սեփական օրակարգ, և քանի դեռ տարածաշրջանային զարգացումները չեն փակել Հայաստանի նկատմամբ միակողմանի ճնշման ներկայիս «հնարավորությունների պատուհանը»,- գրել է Սուրենյանցը։
Գերմանիա՝ Գերմանական միասնության օր, Իրաք՝ Ազգային օր, Հյուսիսային և Հարավային Կորեաներ՝ Պետության կազմավորման օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1908- ծնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն 1-ինը:
1926 – Մոսկվայում տեղի է ունեցել «Հայֆիլմի» առաջին կինոնկարի՝ «Նամուսի» պրեմիերան։
1924 – ծնվել է ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը:
1935– ծնվել է ճանաչված դերասան Արմեն Ջիգարխանյանը:
1968– վախճանվել է դերասան Արման Կոթիկյանը:
1980- Ժնևի հյուրանոցներից մեկում ռումբի ժամանակից շուտ պայթելուց հետո ձերբակալվել են ԱՍԱԼԱ-ի անդամներ Ալիկ Ենիգոմշյանը և Սյուզի Մահսերջյանը:
1988-Ստեփանակերտ են այցելել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի անդամները և բանակցություններ վարել հայկական կողմի հետ. բանակցություններն անարդյունք են եղել:
1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ:
2007-ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը կոչ է արել Եվրամիությանը, Ռուսաստանին և Ուկրաինային՝ հրատապ միջոցներ ձեռնարկել Հայաստանում և Վրաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտը կանխելու համար:
-2007-Երևանում մեկնարկել է շախմատի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել է 50 երկրի 150 ներկայացուցիչ:
2011– վախճանվել է ամերիկահայ դերասանուհի և երգչուհի Քեյ Արմենը:
2013- Ազգային ժողովն ընդունել է Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում, որը տարածվել է մոտ 1300 մարդու վրա։
2016- Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ արտգործնախարար:
2019- կառավարությունը հաստատել է երկրի հակակոռուպցիոն ռազմավարությունը. ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
2020- Ղարբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Մատաղիս բնակավայրը:
2023- Ստեփանակերտի օդանավակայանում տեղակայված ռուսական զորակայանում Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը, որից հետո նրանց տեղափոխել են Բաքու:
ԱՇԽԱՐՀ
Մ.թ.ա. 42 -վախճանվել է հռոմեացի քաղաքական գործիչ, զորավար Կասիուս Լոնգինը՝ Կեսարին սպանողներից մեկը:
382 -Հռոմեական կայսր Թեոդոս 1-ինը Ֆրակիայի հողերը տրամադրել է որպես վեստգոթերի վերաբնակեցման տարածք:
1611 -վախճանվել է Իսպանիայի և Պորտուգալիայի թագուհի Մարգարիտա Ավստրիացին:
1866 -Վիեննական պայմանագրով Ավստրիան Իտալիային է տվել Վենետիկը:
1891 -Աբխազիայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով առաջացել է Ամտկել լիճը:
1226 –վախճանվել է իտալական սուրբ Ֆրանկիսկոս Ասիզացին:
1886 –ծնվել է ֆրանսիացի արձակագիր Ալեն-Ֆուրնիեն:
1895– ծնվել է ռուս նշանավոր բանաստեղծ Սերգեյ Եսենինը:
1897 – ծնվել է ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Լուի Արագոնը:
1900 – ծնվել է ամերիկացի գրող Թոմաս Վուլֆը:
1919– ծնվել է լիտվացի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը:
1929-խորվաթների, սերբերի և սլովենների թագավորությունը ստացել է Հարավսլավիա պաշտոնական անվանումը:
1932 – վախճանվել է գերմանացի աստղագետ Մաքսիմելիան Ֆրանց Յոզեֆ Կորնելիուս Վոլֆը:
1941 -ամերիկյան քիմիկոսներ Լայլ Գուդխյուն և Ուիլ յամ Սալլիվենը արտոնագրել են ինսեկտիդիդների ցրման աերոզոլային կոնտեյները:
1952- Լոս Անջելեսում իրականացվել է առաջին ձայնագրությունը մագնիսական ժապավենի վրա:
1952 – Մեծ Բրիտանիան առաջին անգամ փորձարկել է միջուկային զենք և դարձել երրորդ միջուկային տերությունը:
1986 -խորհրդային К-219 ստրատեգիական նշանակության սուզանավը վթարվել է, որի արդյունքում սուզանավը երեք օր անց խորտակվել է:
1990– Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը միացել են, և ստեղծվել է Գերմանիայի Հանրապետությունը:
1993-Մոսկվայում նախագահ Ելցինի և Գերագույն խորհրդի հակամարտությունը վերածվել է զինված բախման:
1993– Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սկսվել են մարտեր ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի և սոմալիական զինված ուժերի միջև:
«Շատ հանգիստ, զուսպ երեխա էր։ Աղմկոտ չի եղել։ Չէր սիրում, երբ բարձր ձայնով էին խոսում։ Փոքր ժամանակ մի փոքր բարձր ձայնից կարող էր ձեռքերով ականջները փակել և ասել՝ կամաց։ Հիմա նույն կերպ նաև փոքր տղաս է։ Շատ ընկերասեր էր, ծնողասեր, հարգանքով։ Երբեք միայնակ սեղան չի նստել։ Սպասում էր մինչև տուն գայինք, որ միասին ընթրեինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մհերի մայրիկը՝ տիկին Նազիկը։
Մհերը ծնունդով Էջմիածին քաղաքից է։ «Մհերս մեծացել է Զվարթնոց թաղամասում։ Մինչև երրորդ դասարանը հաճախել է թիվ 10 դպրոցը, այնուհետև տեղափոխվեցինք Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղ։ Տղաս արդեն սկսեց հաճախել Ոսկեհատի միջնակարգ դպրոցը։ Չեմ կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել, բայց հրաշալի հիշողություն ուներ։ Գիրքը կարող էր չբացել, բայց դպրոցում դասը պատասխաներ, բարձր գնահատական ստանար և տուն գար։ Շատ էր սիրում «Պատմություն» առարկան։ Զուգահեռ հաճախում էր նաև երաժշտական դպրոց՝ դուդուկի բաժին։ Անսամբլում էր նվագում։ Ցանկանում էինք, որ դուդուկահար դառնա։ Բայց երաժշտական դպրոցի չորրորդ դասարանում ասաց. «Սա ձեր երազանքն է, իմը չէ։ Դուդուկը շատ եմ սիրում, բայց դա իմը չէ, ես ուզում եմ կրթությունս ռազմական գծով շարունակել»: Մենք դեմ էինք իր այդ ցանկությանը։ Ես Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն էի վերցրել, որ այնտեղ ուսումը շարունակի, բայց իմ տղան իր որոշումն արդեն կայացրել էր»։
Արդյունքում Մհերն ուսումը շարունակում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ «Լավագույն սաներից մեկն էր։ Սպայի կեցվածք ուներ, բարձրահասակ էր, վարժարանն իրեն ավելի կոփեց։ Այնքան հետևողական էր իր համազգեստի նկատմամբ։ Զինվորական ուղին էր ընտրել։ Ասում էր՝ Հայոց բանակը պետք է ունենա կրթված սպաներ, կիրթ սպաների շնորհիվ մեր բանակը կհզորանա։ Եվ վարժարանում արդեն շատ ավելի լավ էր սովորում։ Նշում էր, որ իրենց դասախոսները «քայլող հանրագիտարաններ» են։ Ափսոսում էր, որ գուցե դպրոցում մի բան պակաս է սովորել։ Չնայած վարժարանից մի քանի անգամ զանգահարել են իր դպրոց և շնորհակալություն հայտնել Մհերիս կրթության և դաստիարակության համար։ Այնքան հայրենասեր էր, իր երկրի հանդեպ այնքան ուշադիր անգամ մանրուքների հարցում։ Հանկարծ շփոթվեիր և ձեռքումդ եղած թղթի կտորը փողոցում գցեիր, մի մեծ խոսակցություն կդառնար։ Ասում էր. «Եթե դուք եք ձեր երկրի հանդեպ այդպես վարվում, բա մնացածն ինչեր կանեն»։ Մեկ անգամ փոքր տղաս ուզում էր թուղթը գետնին գցել, Մհերս աչքիս առաջ եկավ, անմիջապես հիշեցի իր խոսքերը»։
2020 թվականի հուլիսի 7-ին Մհերը զորակոչվել է ժամկետային ծառայության։ «Այդ օրն եմ վերջին անգամ գրկել իմ երեխային։ Չէի կարողանում նրան գրկիցս բաց թողնել։ Իմ ներսում վախ կար, աննկարագրելի զգացողություն էր։ Տղաս 40 օր մնաց «Մարտունի-2»-ում, կարանտին էր, հետո իրենց տեղափոխել են «Արա լեռ»։ «Մարտունի-2»-ում տեղի էր ունեցել իր երդմնակալության արարողությունը, որին մենք ներկա չենք գտնվել»։
Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ամուսինս տուն մտավ՝ երեխուն գտիր, պատերազմ է։ Չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Զանգում էի Մհերիս, անհասանելի էր։ Որևէ կերպ չէի կարողանում իր հետ կապ հաստատել։ Չորրորդ օրը նոր միայն կապի դուրս եկավ։ Առաջին հարվածները նաև իրենց զորամասն է իր վրա վերցրել։ ԱԹՍներն օդում կախված են եղել։ Նա մեզ ոչինչ չէր պատմում, չէր ասում, որ մասնակցում է ռազմական գործողություններին, իր խոսքն էր. «Ամեն ինչ մեզանից հեռու է, մենք բունկերներում ենք»։ Երբ հարցնում էի՝ Մհե՛ր ջան, որտե՞ղ ես, արձագանքում էր. «Մա՛մ, ամեն ինչ գիտես, մենակ դա՞ չգիտես»: Ինձ, ինչպես ասում են, հրահանգել էր. «Մամա՛ ջան, դու ինձ չզանգես, ես քեզ կզանգեմ»։ Բայց մի անգամ զանգեցի, ընկերը պատասխանեց։ Հարցնում եմ՝ Արմա՛ն ջան, Մհերս ո՞ւր է։ «Սնարյադ ենք կրում, Մհերը հեռու է, կասեմ, կզանգի»։ Զարմացա՝ դուք բունկերներում չե՞ք։ Այնքան անկեղծ պատասխանեց՝ ի՞նչ բունկեր»։
Մհերի և մայրիկի վերջին զրույցը հոկտեմբերի 10-ին էր։ «Ժամը մեկի կողմերն էր, զանգահարեց։ Քար լռություն էր, երբևիցե նման լռություն չէր եղել։ Իր քույրիկին ասում էր՝ «մի հատիկ»։ Զրույցի ժամանակ շեշտեց. «Մամա՛, իմ «մի հատիկին» լավ կնայես, պապային լավ կնայես, քեզ լավ կնայես։ Մամա՛, մեռնեմ ձեր սրտին, ձեզ լավ նայեք»։ Չէի հասկանում, թե ինչու է նման բաներ ասում։ Հենց այդ օրն էլ ժամը չորսի կողմերը դեպքը եղել է»։
Մհերն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականի և Իվանյանի (Խոջալու) միջանկյալ հատվածում։ «Նախորդ օրը մեծ վնասներ էին հասցրել հակառակորդին։ Հոկտեմբերի 10-ին հրադադար էր։ Հավաքել էին զենք-զինամթերքը, իրենց մեքենան փչացել էր, տեղավորվել էին մի մեքենայի մեջ։ Մեքենայի մեջ յոթ տղա են լինում, չորսը՝ վերևի հատվածում, երեքը՝ ներսում։ ԱԹՍ-ն հարվածում է, չորս տղաները զոհվում են։ Հաջորդ օրը նոր միայն տղաներին կարողանում են դուրս բերել։ Դեկտեմբերի չորսին միայն ԴՆԹ հետազոտության միջոցով գտանք մեր տղային։ 56 օր իմ Մհերին էի փնտրում։ Այնքան նպատակներ ուներ Մհերս։ Տունը նոր էինք գնել, իր աշխատանքով տանն ահագին գործ արեց, ասաց. «Դուք մի քանի բան արեք, մնացածն էլ ես զորացրվելուց հետո ավարտին կհասցնեմ»։ Անսահման սիրում էր իր քրոջը։ Շատ մտերիմ քույր ու եղբայր էին, կարող էր կոնֆետը չուտել, պահել քրոջ համար։ Ամեն ինչ ուզում էր անել նրա համար։ Աստվածաբանություն էր ուսումնասիրում։ Հետաքրքրությունների շրջանակը շատ մեծ էր։ Կրթության հետ կապված մեծ պլաններ ուներ։ Այս ամենը կիսատ մնաց, տղայիս բոլոր երազանքները կիսատ մնացին»։
Հիմա այս ընտանիքում փոքր Մհերն է մեծանում։ «Երբեք չեմ ցանկացել երկու տղաներիս համեմատել, բայց իրենք այնքան նման են՝ բնավորությամբ, շարժուձևով, արտաքինով, ամեն ինչով։ Միայն աչքերի կառուցվածքով նման չեն։ Կարծես Մհերս փոքր Մհերիս բերանով խոսի։ Խավարի մեջ լույս տվողը դարձավ։ Շատ դժվարությամբ որոշում կայացրեցի կրկին մայրանալու, մտածում էի, որ այդ կերպ դավաճանում եմ իմ Մհերին։ Բայց ամուսինս ու աղջիկս ինձ համոզեցին գնալ այդ կարևոր քայլին»։
Ապրելու ուժի մասին. «Մհերս իմ համար ամեն ինչ էր՝ եղբայր, ընկեր, տղա։ Ամեն հարցում իրար հետ կիսվում էինք։ Նա գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց, ես միայնակ մնացի։ Մինչև հիմա աչքս դռանն է, գիտեմ, թե հիմա տղաս պետք է դուռը բացի և ներս մտնի»։
Հ. Գ. – Մհեր Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Մուսալեռի Պտղունքի գերեզմանատանը։
Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում տեղակայված զորամասը: Այնուհետև ինչ է արել, ինչ չի արել, երևի քննությունը կպարզի, բայց բավականին երկար ճանապարհ է անցել՝ աննկատ մնալով, որից հետո հայտնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Շաքի բնակավայրում: Այստեղ ադրբեջանցին թափանցել է Շաքիի բնակիչ, 38-ամյա Անի Ավետիսյանի տուն: Տանեցիներն այդ պահին տանը չեն եղել: Այնուհետև դիվերսանտը գիշերել է նշված տանը, գտած պարենամթերքից իր համար ուտելիք է պատրաստել: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 14-ի սահմաններում, Անի Ավետիսյանն իր երեք երեխաների հետ վերադարձել է տուն, նկատել, որ օտար անձ է տուն թափանցել, աղմուկ է բարձրացրել: Ադրբեջանական թուրքը կրակել և վնասել է հայ կնոջ ոտքը, երեխաներից երկուսը ( 2011 և 2014 թթ. ծնված) ևս տուժել են: Ըստ որոշ տվյալների, թեթև վնասվածք է ստացել նշված կնոջ եղբայրը, ով, որքան հասկանալի է, հետո է հայտնվել դեպքի վայրում: Անի Ավետիսյանը դիմել է ինքնապաշտպանության, ըստ երևույթին՝ խոհանոցային դանակով կարողացել է վիրավորել անկոչ ու անցանկալի «հյուրին», իսկ վերջինս փախել ու թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հետո նրան հայտնաբերել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ադրբեջանցուն տարել են հոսպիտալ, նրա կողմից վիրավորված Անի Ավետիսյանն արդեն տեղափոխվել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Իսկ ինչի՞ մասին է խոսում կատարվածը: Ադրբեջանցի զինվորը (որոշ տեղեկություններով՝ զինվորները) մի քանի օր շարունակ, բացարձակապես աննկատ մնալով, զբոսնել է (զբոսնել են) Հայաստանի տարածքում, և համապատասխան մարմինները քայլեր են ձեռնարկել այն բանից հետո, երբ տեղի են ունեցել հայտնի իրադարձությունները: Այն, որ որևէ երկրի հետախուզական կամ դիվերսիոն ստորաբաժանումների ներկայացուցիչները կարող են աննկատ ներթափանցել երկրի տարածք, թեպետ անընդունելի է, բայց արմատապես չես կարող բացառել: Նման բաներ երբեմն հնարավոր են: Այդուհանդերձ լրջագույն հարցեր կան՝ ոչ միայն սահմանագծի կամ «շփման գծի» պահպանության, այլև հենց իրավապահ համակարգի գործունեության վերաբերյալ:
Խայտառակությունն այն է, որ զինված ու վտանգավոր անձը օրեր շարունակ կարող է աննկատ մնալ ու թափանցել խաղաղ բնակավայր: Իսկ ամենից մեծ խայտառակությունն էլ այն է, որ Հայաստանի համապատասխան անվտանգային ու իրավապահ համարվող մարմինները գրեթե երկու օր արդեն իմացել են, որ մեր երկրի տարածքում թշնամական բանակի զինված ներկայացուցիչ է ֆռֆռում (պարզվում է՝ ՀՀ համապատասխան մարմիններին դեռևս սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը հայտնել է, որ իրենց մոտից զինծառայող է անհետացել, հնարավոր է՝ անցել է հայկական տարածք), բայց չեն կարողացել նրան հայտնաբերել: Չէ, պատկերացնո՞ւմ եք, թշնամին զգուշացրել է, բայց հայկական ԱԱԾ-ն ու ոստիկանությունը երկու օրվա մեջ չեն կարողացել ադրբեջանական թուրքին հայտնաբերել ու վնասազերծել: Ավելին, գոնե տեղի բնակչությանը, թեկուզ ներքին կարգով, չեն զգուշացրել, որ այսպես ու այսպես՝ թշնամի է թափանցել: Չեն ուժեղացրել նշյալ տարածքի շրջակա բոլոր բնակավայրերի անվտանգությունը: Հասկանո՞ւմ եք, ամենից տարրական բանը չեն արել: Դա ուղղակի նշանակում է, որ իշխանությունները խորապես թքած ունեն ՀՀ քաղաքացիների անվտանգության ու ապահովության վրա:
Լավ, իշխանական վերնախավը թքած ունի, հասկացանք: Հապա ոստիկանության, ԱԱԾ միջին օղակի, ենթադրաբար՝ պրոֆեսիոնալ (եթե մնացել են) ծառայողնե՞րն էլ նման վերաբերմունք ունեն:
Իսկ եթե թշնամին ներխուժեր դպրոց կամ մանկապարտե՞զ: Եթե դիվերսիոն այլ սցենարներ տեղի ունենայի՞ն: Կարող էին, չէ՞, դեպքերն այդ սցենարներով ընթանալ:
Ըստ որում, նկատենք, փաշինյանական իշխանության ներկայացուցիչներն իրենց այնպես են պահում հանրային հարթակներում այս խայտառակ եղելության հետ կապված, կարծես առանձնապես ոչ մի բան էլ չի եղել: Երևի մի բան էլ նեղսրտում են, թե՝ ի՜նչ եք աղմուկ դրել:
Այսինքն, «բան չի եղել», էլի, Ալիևը «ռազմական տուրիզմի» ծրագիր է սկսել իրականացնել՝ փաշինյանական «խաղաղության» շրջանակներում:
Իհարկե, շատերն են այն կարծիքին, որ ադրբեջանական զինվորի (զինվորների) ներթափանցումն ուղղակիորեն ջարդուփշուր է անում, ավելի ճիշտ՝ պայթեցնում է «խաղաղության» մասին քպական իշխանության քարոզչական փուչիկը: Մարդիկ հարց են տալիս՝ ի՞նչ խաղաղություն կարող է լինել մեկի հետ, ում նպատակը քեզ վերացնելն է, քո տունն ու հողն իրենով անելն է, հնարավորության դեպքում՝ քո վրա կրակ բացելը: Մեր կարծիքով, սակայն, այս մեկ դիպվածով նման եզրակացություններ անելու կարիք չկա, առանց այդ էլ այդ ամենը չափազանց ակնհայտ է:
Վերադառնանք, սակայն, ինչպես մեզ է թվում, ամենից առանցքային հարցին. ինչպե՞ս է կատարվածն ընդհանրապես հնարավոր դարձել և ինչո՞ւ: Ինչո՞ւ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, որ հարկատուների հաշվին միլիարդների հասնող վարձատրություն ու պարգևատրումներ են ստանում, նույնիսկ թշնամու կողմից զգուշացված լինելու պարագայում երկու օր շարունակ դրսևորել են պրոֆեսիոնալ անպիտանություն և անգործունակություն:
Դա այն ԱԱԾ-ն ու ոստիկանությունն են, որ երբ Փաշինյանը մի կես բերան մրթմրթում է որևէ մեկի հասցեին, անմիջապես, կայծակնային արագությամբ վրա են հասնում, «փռում ասֆալտին», ձեռնաշղթայում, ձերբակալում: Այ, եթե պետք է որևէ ընդդիմադիր ակտիվիստի կամ գործչի «բռնել», այստեղ փաշինյանական ռեպրեսիվ մարմինները գերօպերատիվ են: Իսկ երկիր թափանցած զինված թշնամական զինվորը… դե ոչի՜նչ, մի քիչ կֆռֆռա, հետ կգնա, էլի…
Հենց այստեղ է բուն հարցը: ԱԱԾ-ն, ոստիկանությունը՝ իր զանազան-զարմանազան ստորաբաժանումներով, վերածվել են քաղաքական գործիքի, դրանք դարձել են օրվա իշխանության քաղաքական հալածանքների դագանակը՝ ընդդիմադիր ուժերի, պարզապես իշխանությանը դեմ արտահայտվող քաղաքացիների դեմ:
Այն աստիճանի են այդ մարմինները թաղվել քաղաքական պարտականությունների մեջ (որպիսիք օրենքով չունեն), որ սկել են կաղել նրանց գործառութային ունակությունները: Դա անխուսափելի է. եթե մի պետության մեջ ոստիկանության ու հատուկ ծառայությունների ամբողջ հոգսը օրնիբուն ընդդիմադիրներին լրտեսելը, գաղտնալսելը, ապօրինի հետապնդելն ու կալանավորելը լինի, եթե նրանց բանուգործը բուժօգնության կարիք ունեցող անձին պատգարակով դատարանի դահլիճ քարշ տալը լինի, ապա ադրբեջանական զինվորները անարգել երկիր էլ կներթափանցեն, ազատ կզբոսնեն էլ, բնակավայրեր էլ կմտնեն, մարդկանց վրա կկրակեն էլ…
Սա՛ է փաշինյանական «խաղաղությունն» ու «ապագան», եթե դեռ կան այդ խայտառակությունը չընկալողներ:
Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցածը, երբ ադրբեջանցի զինվորը հատել էր Հայաստանի պետական սահմանը, օրեր շարունակ մնացել Հայաստանում, իսկ վերջում հրազենային վիրավորում հասցրել Հայաստանի քաղաքացուն և ձերբակալվել, ալեկոծել էր հանրությանը։ Շատերի համար սա պարզ ցուցիչ էր, թե որքան փխրուն է խաղաղությունը։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալ յանը, սակայն, չի կարծում, թե այս մեկ միջադեպը գործնականում մերկացնում է ամբողջ պատկերը։ «Ինֆորմացիոն տիրույթում այդ միջադեպը, բնականաբար, շատ աղաղակող է՝ հատկապես խաղաղության մասին հայտարարությունների ֆոնին, որոնք արվում են, բայց այն, որ իրական խաղաղություն չկա, և չկա իրական խաղաղության միջավայր, մթնոլորտ և, առավել ևս, տրամադրվածություն Ադրբեջանում, այնքան պարզ ու բաց է քաղաքական վարքագծի իմաստով մինչև հիմա, որ սկզբունքորեն այստեղ միայն կուրության դեպքում է հնարավոր մտածել, թե հաստատված է իրական խաղաղություն։ Այս տեսանկյունից (իհարկե, կրկնում եմ՝ ինֆորմացիոն դաշտում այս միջադեպը շատ աղաղակող է) այն ոչ այնքան խաղաղության բացակայությունն է մերկացնում, որովհետև այդ բացակայությունն առանց դրա էլ չափազանց մերկ է, այլ գործնականում մերկացնում է Հայաստանի անվտանգության համակարգի աշխատանքը։ Ադրբեջանը սեպտեմբերի 29-ին հայտնել է այդ զինվորի՝ զորամասից դուրս գալու և անհետանալու մասին, Հայաստանն իմացել է այդ մասին, պաշտոնապես Երևանը հայտարարել է դա։ Երկու օր անց, փաստորեն, զինվորը հայտնվում է գյուղում, և տեղեկություն ենք ստանում, որ նույնիսկ վիրավորել է բնակիչներից մեկին՝ հրազենով կամ ուժի այլ գործադրմամբ։ Սա նշանակում է՝ նվազագույնը երկու օր Հայաստանի անվտանգության համակարգը փաստացի չէր կարողացել բավարար միջավայր ապահովել, որպեսզի Հայաստանի բնակիչները չլինեին այդպիսի ռիսկի տակ։ Էլ չեմ ասում հայտնաբերելու, ձերբակալելու մասին և այլն։ Այնպես որ, կարծում եմ՝ այս միջադեպը խաղաղության լինել-չլինելու մասին չէ, այդ հարցը բազմաթիվ այլ խոսուն վկայություններ ունի։ Կարծում եմ՝ որպես հասարակություն, ավելի շատ պետք է կենտրոնանանք հենց այս հանգամանքի վրա, որովհետև խաղաղությանն առնչվող թեման՝ դրա իրական չլինելը, շինծու, քարոզչական նյութ լինելը, ինքնին ուշադրության կենտրոնում է տարբեր այլ առիթներով, այլ խորքային վկայություններով և այլն։ Տվյալ միջադեպը, թերևս, ավելի հրամայական է դարձնում խոսակցությունը Հայաստանում անվտանգության, սահմանային պաշտպանունակության, արագ արձագանքման և այլնի մասին»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Բադալ յանը։
Խաղաղության մասին խոսույթը չի փոխվել ո՛չ Ադրբեջանում, որտեղից շարունակվում է հոգեբանական ճնշումը, փաստերի խեղաթյուրումը և այլն, ո՛չ Հայաստանում, որտեղ շարունակում են «փայփայել» խաղաղությունը, չեն արձագանքում ադրբեջանական ապատեղեկատվությանը, կամ արձագանքում են այնպես, որ ավելի լավ է լուռ մնային։ Մեր զրուցակիցն արձագանքում է՝ Հայաստանի քաղաքականության առերևույթ փոփոխություն չկա, բայց տեսնում ենք Ադրբեջանի վարքագծի փոփոխություն։ «Եթե կա Ադրբեջանի վարքագծի փոփոխություն, ապա սա առաջացնում է հարց, թե ինչով է դա պայմանավորված, եթե ոչինչ փոխված չէ, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը փոխում իր մոտեցումը։ Նշանակում է, որ ինչոր բան, այդուհանդերձ, փոխված է։ Ի՞նչն է փոխված։ Առերևույթ տեսնում ենք, որ Հայաստանի քաղաքականությունը չի փոխվել։ Միևնույն ժամանակ, պետք է արձանագրենք, որ գործ ունենք չափազանց տարողունակ և բազմաթիվ շերտեր ունեցող քաղաքական պրոցեսի հետ, այդ թվում՝ եթե խոսում ենք հայ-ադրբեջանական գործընթացի մասին, ապա այդ պրոցեսում ամեն ինչ չէ, որ առերևույթ դրսևորման դաշտում է։ Քանի որ առերևույթ դրսևորման դաշտում չենք տեսնում ինչ-որ փոփոխություն Հայաստանի քաղաքականության մասով, ապա պետք է ենթադրել, որ ոչ տեսանելի դաշտում ինչ-որ բան փոխված է, և դա առաջացրել է Ադրբեջանի դժգոհությունը։ Դրա հետևանքով է, թերևս, որ Բաքուն նկատելի սրել է իր վարքագիծը կամ հռետորաբանությունը, և կա այլ խաղացողների դժգոհությունը, որոնք փորձում են այդ դժգոհությունն արտահայտել Ադրբեջանի վրա իրենց ազդեցության միջոցով, այսինքն՝ Ադրբեջանին մղելով ավելի սուր վարքագծի։ Ի՞նչն է փոփոխությունը, սա արդեն տարբեր գնահատականների հարց է, որովհետև այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ թե՛ անմիջականորեն Հայաստանին առնչվող տիրույթում, թե՛ նաև աշխարհաքաղաքական դիմակայության կամ պրոցեսների տիրույթում, որը, բնականաբար, ինչ-որ առումով կարող է փոխել արդեն որոշ դերակատարների մոտեցումները Կովկասի վերաբերյալ: Եթե Հայաստանի մասով խոսենք, որովհետև աշխարհաքաղաքական շրջանակը մի քիչ շատ ավելի բազմաշերտ է, ապա տեսնում ենք, որ Ադրբեջանի վարքագիծը փոխվել է խորհրդարանի ընտրությունից անմիջապես հետո։ Հիքմեթ Հաջիևը, որը, մեղմ ասած, շատ առանցքային ֆիգուր է ադրբեջանական համակարգում, ընտրությունից մեկ շաբաթ անց՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքը հայտարարելուց ժամեր առաջ, գալիս է Հայաստան։ Մի քանի ժամ բանակցում է այն ժամանակ դեռ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ դրանից որոշ ժամանակ անց հանկարծ պաշտոնանկ է լինում Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Սա ևս շատ հետաքրքիր հանգամանք է, ընդ որում՝ պաշտոնանկ է լինում բավականին անսպասելի, կամ, համենայնդեպս, դրա մասին հայկական մամուլը չի գրում նախապես։ Այդ որոշումը կա՛մ տեղի է ունենում շատ հրատապ, կա՛մ այնքան կարևոր է համարվում, որ տեղի է ունենում՝ ապահովագրվելով բոլոր տեսակի վաղօրոք արտահոսքերից։ Այս պարագայում, կարծում եմ, նվազագույնը փոխված է իրավիճակն այն իմաստով, որ խորհրդարանի ընտրությունը Հայաստանում չի ձևավորվել այն արդյունքը, որն Ադրբեջանն իր համար կդիտարկեր կայուն երաշխիք, կամ իրենց համար որոշակի կայուն երաշխիք կդիտարկեին ավելի խոշոր խաղացողներ, որոնք խաղադրույքներ են կատարել թե՛ Կովկասի և թե՛ մասնավորապես հայ-ադրբեջանական գործընթացի վրա»,նկատում է քաղաքական մեկնաբանը։
Նույն շղթայի մեկ օղակն է նաև «Թրամփի ուղին»։ Իսկ ի՞նչ է կատարվում դրա շուրջ։ «Իմ գնահատմամբ, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են TRIPP-ի որևէ հեռանկարից, այսպես ասած, դուրս բերել Ռուսաստանը և այդ իսկ նկատառումով դնում են կոնցեսիոն կառավարումը չեղարկելու հարց, որովհետև Ռուսաստանի երկաթուղային կոնցեսիոն կառավարումը Մոսկվային որոշակի իրավունքներ է տալիս «Թրամփի ուղիով» կառուցվելիք երկաթուղու նկատմամբ։ Համենայն դեպս, տալիս է դրան մասնակցության հավակնելու ծանրակշիռ փաստարկ։ Դա չի բավարարում Ադրբեջանին և Թուրքիային։ Այստեղ իրենց մտավախությունը, թերևս, պայմանավորված է նրանով, որ այդ հարցի առնչությամբ կարող է լինել Թրամփ-Պուտին պայմանավորվածություն»։
Չնայած այն վարկածներին, որ միտում կա Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, Դաշնությունը հեշտ չի հրաժարվի Հարավային Կովկասից։ Ինչպիսի՞ն է այս առումով իրավիճակը, երբ հատկապես ճգնաժամի մեջ են հայ-ռուսական հարաբերությունները, և, ըստ նաև շրջանառվող տեսակետի, կողմերը ցանկություն չունեն այդ ճգնաժամը հաղթահարելու։ «Կարծում եմ՝ գնահատականն այդքան էլ ճշգրիտ չէ, որ երկու կողմում էլ չկա ճգնաժամը հաղթահարելու ցանկություն և միտում։ Խորքային պրոցեսը շատ ավելի ուրիշ է, քան ճգնաժամի առերևույթ պատկերը։ Կարծում եմ՝ ճգնաժամն ավելի շուտ, այսպես ասենք, մետաստազն է այն խորքային տրանսֆորմացիայի, որ հայ-ռուսական փոխհարաբերությունն ապրում է աշխարհաքաղաքական վերափոխումներից ելնելով։ Հայ-ռուսական փոխհարաբերությունը, որը կա մեր պատկերացումներում և եղել է այս տարիների ընթացքում, դադարել է համարժեք լինել այն աշխարհաքաղաքական կարիքներին, որն ունի Ռուսաստանը, և սկզբունքորեն Ռուսաստանն է այս փոփոխությունների և տրանսֆորմացիայի առավել խոշոր շահառուն։ Նիկոլ Փաշինյանն ընդամենն այդ հարցում սևագործ աշխատանքը կատարողն է, շատ հարմար կատարող, նրանից հարմար, թերևս, Մոսկվան չի գտել կամ չէր էլ կարող գտնել։ Խորքային առումով տեղի է ունենում այդ տրանսֆորմացիան, իսկ այդ հարաբերության բուն նոր պատկերը, մոդելը, ուրվագիծը, ճարտարապետությունը Ռուսաստանը կգծագրի կամ կփորձի կառուցել արդեն ավելի լայն իմաստով աշխարհաքաղաքական քննարկումների հանրագումարում, այսինքն՝ ոչ անմիջականորեն Հայաստանի ղեկավարության հետ։ Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը, որը, կրկնում եմ, չի համապատասխանում Ռուսաստանի կարիքներին, համարժեք չէ Ռուսաստանի խնդիրներին և դրանցից բխող անելիքներին և այլն՝ ավելի լայն աշխարհակարգային համատեքստում»,-եզրափակում է Հակոբ Բադալյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1734Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1489-Ն որոշումների մեջ: Ներկայացվող նախագծի նպատակը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում խնայված բյուջետային միջոցների հաշվին կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափերի ավելացումն է։
Նախագծով առաջարկվում է 2027 թվականի հունվարի մեկից սահմանել նվազագույն կենսաթոշակի չափը 47000 դրամ (46000 դրամի փոխարեն), աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 34500 դրամ (34000 դրամի փոխարեն), զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 2050 դրամ (2000 դրամի փոխարեն)։
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի դեպքում կկատարվեն հետևյալ փոփոխությունները. ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար կենսաթոշակի չափը սահմանել 66000 դրամ (64600 դրամի փոխարեն), ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 56200 դրամ (54800 դրամի փոխարեն), ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 49400 դրամ (48000 դրամի փոխարեն)։
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը սահմանել 49400 դրամ (48000 դրամի փոխարեն)։
Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ հաշմանդամության նպաստների դեպքում պահապանելով նպաստի չափերի տարբերակումը։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել ծերության նպաստի չափը 47000 դրամ (46000 դրամի փոխարեն), ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 50000 դրամ (49000 դրամի փոխարեն), ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 48500 դրամ (47500 դրամի փոխարեն), ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 47000 դրամ (46000 դրամի փոխարեն), «հաշմանդամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակ ունեցող անձի համար՝ 50000 դրամ (49000 դրամի փոխարեն)։
Հայաստանի իշխանությունների կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը և 2024 թվականի փետրվարի 1-ից ՄՔԴ լիիրավ անդամ դառնալը ներկայացվում էր որպես արտաքին անվտանգության, միջազգային իրավական պաշտպանության և Ադրբեջանի հնարավոր հանցագործությունների կանխարգելման քաղաքական-իրավական քայլ, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այս որոշման շուրջ ձևավորված պաշտոնական հիմնավորումների, հանրային սպասումների և իրական քաղաքական արդյունքների միջև գոյություն ունի լուրջ խզում։
Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր դեռևս 1999 թվականին, սակայն երկար ժամանակ չէր վավերացրել այն՝ սահմանադրական խոչընդոտների, արտաքին քաղաքական հաշվարկների և տարածաշրջանային անվտանգային հավասարակշռության պատճառով։ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը հայտարարեց վավերացման գործընթաց սկսելու մասին՝ դա կապելով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի և հետագայում այդ հանցագործությունները միջազգային քրեական իրավունքի գործիքակազմով գնահատելու անհրաժեշտության հետ։ Պաշտոնական հիմնավորումների առանցքային տարրն այն էր, որ Հայաստանը ոչ միայն միանում է դատարանին ապագայի համար, այլ նաև ճանաչում է ՄՔԴ իրավազորությունը հետադարձ ուժով՝ 2021 թվականի մայիսի 10-ից, այսինքն՝ այն ժամանակահատվածից, երբ ադրբեջանական զինված ուժերի ներխուժումները Հայաստանի Հանրապետության տարածք, սահմանային բախումները, զոհերը, ռազմագերիների, խոշտանգումների, ապօրինի սպանությունների, քաղաքացիական բնակչության նկատմամբ ճնշումների և տարածքային օկուպացիայի հետ կապված դրվագները կարող էին դիտարկվել միջազգային քրեական իրավունքի տրամաբանության մեջ։
ՀՀ Սահմանադրական դատարանի հրապարակած տեղեկության համաձայն, կառավարության նախաձեռնությունը հենց այդ հետադարձ ճանաչման բաղադրիչն էր պարունակում՝ ՄՔԴ իրավազորությունը 2021 թվականի մայիսի 10-ից ընդունելու նպատակով։ Սակայն հենց այստեղից էլ սկսվում է հիմնական հակասությունը։ Եթե Հայաստանի իշխանությունները հանրությանը ներկայացնում էին այս քայլը որպես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրավական հետապնդման, պատերազմական հանցագործությունների արձանագրման և Հայաստանի դեմ նոր ոտնձգությունները զսպելու մեխանիզմ, ապա Հայաստանի անդամակցությունից հետո հանրային դաշտում այդ սպասումները փաստացի չարդարացան կամ առնվազն չստացան այն տեսանելի ընթացքը, որը ներկայացվում էր վավերացման պահին։
ՄՔԴ-ն դասական իմաստով այն դատարանը չէ, որտեղ պետությունը «հայց» է ներկայացնում այնպես, ինչպես ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հռոմի կանոնադրության համակարգում պետությունը կարող է իրավիճակ փոխանցել դատախազին, կարող է տեղեկություն ներկայացնել, կարող է համագործակցել, սակայն կոնկրետ քրեական հետապնդումը, մեղադրանքի կառուցումը և ձերբակալման օրդերների պահանջը ՄՔԴ դատախազության լիազորությունների շրջանակում են։
Այս տարբերությունը շատ կարևոր է, որովհետև հայաստանյան քաղաքական խոսույթում հաճախ խառնվում են միջազգային դատարանների բնույթները. ՄՔԴ-ն քրեական դատարան է, որը պատասխանատվության է ենթարկում անհատներին՝ ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության և ագրեսիայի հանցագործության համար, մինչդեռ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում պետություններն են վիճարկում միմյանց միջազգային պարտավորությունների խախտումները։ Հետևաբար, եթե իշխանությունը հանրությանը ներկայացրել էր պատկեր, թե անդամակցությունը գրեթե ինքնաշխատ կերպով բացելու է Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ քրեական գործընթացների դուռը, ապա դա կա՛մ չափազանցված քաղաքական խոստում էր, կա՛մ թերի բացատրություն։
ՄՔԴ անդամակցությունը իրավական հնարավորություն է ստեղծում, բայց ինքնին գործ չի բացում, ինքնին օրդեր չի առաջացնում և ինքնին չի ապահովում ո՛չ տարածքների ապաօկուպացիա, ո՛չ սահմանային անվտանգության երաշխիք, ո՛չ էլ Ադրբեջանի քաղաքական վարքի արմատական փոփոխություն։
Այդուհանդերձ, նույնիսկ եթե ընդունենք, որ ՄՔԴ մեխանիզմը դանդաղ, բարդ և բարձր ապացուցողական շեմ ունեցող համակարգ է, Հայաստանի իշխանությունների քաղաքական պատասխանատվությունը դրանից չի նվազում։ Եթե վավերացման ժամանակ հանրությանն ասվել է, որ այս քայլը անհրաժեշտ է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում կատարված հանցագործություններին իրավական գնահատական տալու համար, ապա անդամակցությունից հետո պետք է լիներ հստակ, հրապարակային, հետևողական և փաստաթղթավորված պետական ռազմավարություն։Հիմա պետք է արդեն հանրությունը տեղյակ լիներ, թե ինչ նյութեր են հավաքվել, ինչ իրավական թիմեր են ներգրավվել, ինչ հաղորդումներ կամ իրավիճակային ներկայացումներ են փոխանցվել ՄՔԴ դատախազությանը, բայց դրա փոխարեն ՀՀ իշխանությունները հերթական խոշոր զիջմանն են գնացել՝ համաձայնելով միջազգային դատարան նոր հայցեր չներկայացնելու և եղածներից էլ հրաժարվելու պահանջին։ Ստացվում է, որ հանրությանը վաճառվել է իրավական անվտանգության փաթեթ, բայց իրական քաղաքական գործընթացում այն ոչ միայն չի օգտագործվում, այլև դարձել է փոխանակման առարկա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ երկկողմ կարգավորման բանակցություններում։
ՄՔԴ-ին անդամակցությունը Հայաստանի համար ստեղծեց նաև մյուս՝ ավելի զգայուն հարթությունը, որը կապված է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Հիշեցնենք, որ 2023 թվականին ՄՔԴ-ն ձերբակալման օրդեր էր տվել Ռուսաստանի նախագահի նկատմամբ՝ Ուկրաինայի հետ կապված գործի շրջանակում։ Արդյունքում Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը Մոսկվայում ընկալվեց ոչ թե որպես միայն ադրբեջանական ուղղությամբ իրավական գործիքակազմի ստեղծում, այլ նաև որպես Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ միջազգային քրեական դատարանի որոշումների կատարման պարտավորություն ունեցող երկրի կարգավիճակ ընդունելու քայլ։ Հայաստանի իշխանությունները փորձում էին մեղմել այդ լարվածությունը՝ պնդելով, որ վավերացումը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ պայմանավորված է Հայաստանի անվտանգային կարիքներով։ Քննարկվում էր նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համաձայնագրի հնարավորությունը, որը կարող էր փորձել կարգավորել բարձրաստիճան պաշտոնյաների անձեռնմխելիության կամ ՄՔԴ պարտավորությունների կիրառման հարցերը։ Սակայն նման համաձայնագրի իրավական արդյունավետությունը և Մոսկվայի վստահությունը դրա նկատմամբ ակնհայտորեն սահմանափակ էին, քանի որ Հռոմի կանոնադրության անդամ պետության հիմնական պարտավորությունները չեն վերանում միայն քաղաքական հայտարարությամբ։
Լավ, եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ ՄՔԴ-ին անդամակցությունը պետք է լիներ անվտանգության գոնե հավել յալ երաշխիք Ադրբեջանի դեմ, բայց գործնականում չի կանխում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակվող ճնշումները, «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական-քարոզչական օրակարգի շահարկումը, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացված մնալը և սահմանային սպառնալիքների պահպանումը, ապա այդ դեպքում արդյոք այդ քայլի միջոցով Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը համարժեք և հաշվարկված գին էր։
Խնդիրը պետական շահի հաշվարկն է։ Եթե Հայաստանը կարողանում էր ՄՔԴ անդամակցությունը վերածել իրական իրավական ճնշման, միջազգային քրեական հետապնդման ռիսկի, Ադրբեջանի զինվորական և քաղաքական ղեկավարության համար անձնական պատասխանատվության վախի, ապա այդ քայլը կարող էր ունենալ զսպման որոշակի արժեք։ Բայց եթե գործընթացը մնում է հայտարարությունների մակարդակում, իսկ Ադրբեջանը շարունակում է իր առավելապաշտական օրակարգը, ապա ՄՔԴ անդամակցությունը սկսում է երևալ որպես հավելյալ գործիք՝ հավելյալ լարվածություն ստեղծելու համար, բայց չի տվել շոշափելի անվտանգության արդյունք։
Ուշագրավ է, որ իշխանամերձ շրջանակների կողմից այնպիսի թեզ է առաջ քաշվում, որ նույնիսկ եթե այսօր գործեր չեն բացվել կամ ձերբակալման օրդերներ չկան, Ադրբեջանի ղեկավարության համար ապագայում Հայաստանի տարածքում կատարվելիք հանցագործությունները կարող են ընկնել ՄՔԴ իրավազորության տակ, ինչը որոշակի զսպող դեր ունի։ Տեսականորեն սա ճիշտ է։ Միջազգային քրեական իրավունքի հիմնական նպատակներից մեկը հենց անպատժելիության նվազեցումն ու ապագա հանցագործությունների կանխարգելումն է։ Սակայն Հայաստանի դեպքում այդ փաստարկի իրական արժեքը կախված է Ադրբեջանի վարքի վրա դրա ազդեցությունից։
Եթե Ադրբեջանը շարունակում է պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները, շարունակում է օգտագործել պատմաքաղաքական պահանջատիրության լեզուն, շարունակում է ճնշում գործադրել խաղաղության գործընթացում և չի ցուցաբերում վախի որևէ նշույլ ՄՔԴ հնարավորություններից, ապա կանխարգելիչ էֆեկտը առնվազն չափազանցված է։ Կանխարգելումն աշխատում է այն դեպքում, երբ հանցագործության հավանական կատարողը հավատում է, որ պատժի ռիսկն իրական է։ Եթե նա տեսնում է, որ անդամ պետությունն անգամ ակտիվորեն չի օգտագործում իր ունեցած գործիքակազմը, ապա զսպման արժեքը նվազում է։
Ադրբեջանի հետ իրավական պայքարի հարցում կարևոր է տարբերել քաղաքական խաղաղությունը իրավական արդարությունից։ Խաղաղության պայմանագիրը կարող է անհրաժեշտ լինել պատերազմը կանխելու, սահմանների բացման, հաղորդակցությունների կարգավորման և տարածաշրջանային կայունության համար։ Բայց իրավական պահանջներից հրաժարումը կարող է նշանակել պատմական և փաստական հիշողության ջնջում, ապացույցների արժեզրկում, զոհերի իրավունքների երկրորդականացում և ապագա խախտումների համար անպատժելիության նոր միջավայր։
ՌԴ Անվտանգության խորհրդի կամ ռուսական տարբեր շրջանակների կողմից հնչեցված պնդումը, թե Հռոմի կանոնադրության վավերացման և դրա դրույթների իրականացման պարտավորությունը ամրագրված է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, ևս արժանի է առանձին դիտարկման։ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ իսկապես նշված է, որ ԵՄ-ի հետ համաձայնագրում կա Հռոմի կանոնադրության վավերացման և իրականացման միջոցով միջազգային արդարադատության խթանման նպատակին վերաբերող ձևակերպում՝ հաշվի առնելով իրավական և սահմանադրական շրջանակները։ Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը չուներ քաղաքական ընտրություն, կամ որ վավերացումը եղել է միայն ԵՄ պարտադրանք։ Այնուամենայնիվ, եթե ԵՄ ուղղությամբ ստանձնած պարտավորությունները կամ քաղաքական ակնկալիքներն իսկապես եղել են որոշման էական շարժառիթ, ապա իշխանությունը պարտավոր էր այդ մասին խոսել բաց և ուղիղ։ Հանրությանը պետք չէր ներկայացնել միայն «Ադրբեջանի հանցագործությունները կանխելու» մոտիվը, եթե որոշման մեջ կար նաև եվրոպական ինտեգրման, ԵՄ հետ պայմանագրային օրակարգի, արժեքային դիրքավորման և արտաքին քաղաքական վերադասավորման բաղադրիչ։
Միևնույն ժամանակ, ՄՔԴ անդամակցության քննադատությունը չպետք է վերածվի միջազգային իրավական մեխանիզմների ամբողջական մերժման։ Հայաստանի նման փոքր և անվտանգային առումով խոցելի պետության համար միջազգային իրավական համակարգերը կենսական նշանակություն ունեն։ Միջազգային դատարանները, փաստահավաք մեխանիզմները, պայմանագրային մարմինները, իրավապաշտպան կառույցները Հայաստանի համար այն հարթակներն են, որտեղ ռազմական անհավասարակշռությունը որոշ չափով կարող է փոխհատուցվել փաստերով, փաստաթղթերով, իրավական ճնշմամբ և միջազգային հանրային կարծիքով։