Category: Orer

  • Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    20-րդ դարի 20-ականների սկզբին ամերիկացի ձեռնարկատեր Բենջամին Ռասելը Ալաբամա նահանգի Ալեքսանդր Սիթի քաղաքում հիմնել էր ներքնազգեստի արտադրություն: Մի օր նրա որդին՝ Բեննին, որը համալսարանի ֆուտբոլային թիմի խաղացող էր, դժգոհում է, որ իրեն անհարմար և շոգ է զգում բրդյա սվիթերով (sweater) պարապելիս։ Հենց դրանից հետո էլ Բենջամինը մշակում է բամբակյա գործվածքից պատրաստված սվիթերի նոր մոդել, որը նրանք որոշեցին անվանել սվիթշըրթ։


    Բենջամին Ռասելի այդ առաջին մարզաշապիկներն ունեին փոքրիկ շրջված եռանկյունի, որը կարված էր ինչպես առջևի, այնպես էլ հետևի մասում: Այն օձիքին տալիս էր անհրաժեշտ առաձգականություն, որպեսզի մարզիկը կարողանա արագ քաշել ու հանել մարզաշապիկը գլխի վրայով, ինչպես նաև այն ներծծում էր քրտինքը։ Այդ եռանկյունաձև ներդիրը նաև պաշտպանում էր մարզաշապիկը ձգվելուց՝ մի փոքր ձգելով պարանոցի գիծը, և թույլ էր տալիս, որ այն ավելի երկար պահպանի իր ներկայանալի տեսքը: Ներկայում դասական սվիթշըրթի այդ ֆունկցիոնալ դետալն այլևս պետք չէ։ Ժամանակակից արտադրողները հաճախ լրացուցիչ ներդիրներ չեն անում՝ սահմանափակվելով միայն առջևից V-աձև կարերով։ Եթե անգամ այդ եռանկյունին հանդիպում է սվիթշըրթների որոշ մոդելների վրա, ապա այն հանդիսանում է պարզապես դեկորատիվ տարր: Սկզբում սվիթշըրթը օգտագործվում էր բացառապես որպես սպորտային հագուստ, սակայն ժամանակի ընթացքում այն դարձավ ամենօրյա հագուստի և նորաձևության տարր:


    Ըստ էության, սվիթշըրթը (sweatshirt) սպորտային տրիկոտաժե վերնաշապիկ է առանց կայծակաճարմանդի ու ժանյակների, կլոր վզով, օձիքի վրա էլաստիկ տրիկոտաժով, ձեռքերին ու գոտկատեղի վրա՝ մանժետներով: Անունը ծագել է անգլերեն «sweater» (սվիթեր) և «shirt» (վերնաշապիկ, շապիկ) բառերի համակցությունից:

    Սվիթշըրթը ցանկացած մարդու զգեստապահարանի տաք, հարմարավետ և հաճելի տարր է, որը միշտ պետք է ձեռքի տակ լինի: Բոլոր տարիքի կանայք և տղամարդիկ սվիթշըրթը կրում են որպես սվիթերի հարմարավետ փոխարինող ինչպես սպորտի ժամանակ, այնպես էլ առօրյայում՝ համադրելով այն ջինսի, տաբատի, շորտի, լեգինսների և վարտիքների հետ։ Սվիթշըրթների հետ կրելու հարմար կոշիկներն են կեդերը, դասական սպորտային կոշիկները և հաստ ներբաններով կոշիկները։


    Հանրահայտ մի շարք ապրանքանիշներ պարբերաբար թողարկում են հագուստի նոր հավաքածուներ, որոնք, անշուշտ, ներառում են տարբեր պրինտներով և դիզայնով սվիթշըրթներ՝ ցանկացած ճաշակին հարիր:


    Բավական երկար ժամանակ սվիթշըրթներն արտադրվում էին միայն ԱՄՆ-ում։ Այժմ դրանք արտադրվում են բազմաթիվ երկրներում, և խանութներն առաջարկում են դրանց հսկայական տեսականի:

    ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Ինձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար Ղազարյան






    Այսօր ժամը 16:00-ին այն նույն դատարանի շենքում, որը 2019 թվականի մայիսի 20-ին շրջափակվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, պետք է կայացվի դատավճիռ, որը պետք է կանխորոշի իմ քաղաքական և մարդկային հետագա ճակատագիրը։ Ինձ դատում են խոսքի համար, այն խոսքի, որ հնչել է Հայաստանի և Ադրբեջանի` մինչ օրս 1մմ սահմանազատում չիրականացրած սահմանային հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման առիթով։






  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
    Ծերերի համաշխարհային օր, Բուսակերության համաշխարհային օր, Բժիշկների համաշխարհային օր, Կամերուն՝ Միավորման օր, Կիպրոս՝ Անկախության օր, Չինաստան՝ ՉԺՀ-ի հռչակման օր, Նիգերիա՝ Անկախության օր, Տուվալու՝ Տուվալուի օր, Ռուսաստան՝ Ցամաքային զորքերի օր, Ուզբեկստան՝ Ուսուցչի և դաստիարակի օր:


    ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
    1387- երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ Թեմուրը հետ է գնացել Սամարղանդ:


    1827- Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ հայկական զորքերը Իվան Պասկևիչի գլխավորությամբ գրավել են Երևանի բերդը: Ընկել է պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում: Գերի են վերցվել բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը, առգրավվել են 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

    1866– ծնվել է նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը:


    1878 –ծնվել է հեղափոխական, քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանը:


    1883– վախճանվել է նշանավոր երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանը:

    1905 – վախճանվել է գյուղագիր, մանկավարժ, հրապարակախոս Արշակ Ագապյանը:


    1924- ծնվել է գրող Շահեն Թաթիկյանը:


    1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներն սկսել են Լաչինի միջանցքը հետ գրավելու անհաջող փորձ, որը շարունակվել է 19 օր:

    1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բահրեյնի հետ:


    2010- Թուրքիայի տարածքում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վերջապես տեղադրվել է խաչը:


    2011- Երևանի Ազատության հրապարակում տեղադրվել է շուրջ երկու տասնյակ վրան, քանի որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ազդարարել էր շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին:

    2013- 103 կողմ և 3 դեմ ձայներով Ազգային ժողովը հաստատել է Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազի պաշտոնում:


    2018 – Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին՝ հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց։


    2018 –վախճանվել է ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

    2019-վախճանվել է կանադահայ անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը:


    2020- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիրավորվել է ֆրանսիական Le Monde-ի երկու լրագրող: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել կողմերին լրիվ և ամբողջությամբ դադարեցնել կրակը:


    2021- Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ձերբակալվել է։

    2023-Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունից հայության բռնի տեղահանումից հետո առաջին հանրահավաքը՝ կազմակերպված Ազգային կոմիտեի կողմից:


    ԱՇԽԱՐՀ
    մ.թ.ա. 331– տեղի է ունեցել Գավգամելայի ճակատամարտը, որը վճռորոշ ճակատամարտն էր Ալեքսանդր Մակեդոնացու բանակի և պարսկական թագավոր Դարեհ 3-րդի բանակների միջև: Մարտից հետո Աքեմենյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալ:


    208 –ծնվել է Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսը:

    1684 –վախճանվել է ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կորնելը:


    1795 – Ֆրանսիան նվաճել է Բելգիան:


    1847 –Վերներ ֆոն Սիմենսը և նրա եղբայրները Իոհան Գալսկիի հետ ստեղծել են «Telegraphenbauanstalt Siemens & Halske» ընկերությունը, որը ներկայում հայտնի է որպես «Siemens AG»:

    1871 –ամերիկյան մորմոնների առաջնորդ Բրիգամ Յանգը ձերբակալվել է 16 կանանց հետ կենակցելու մեղադրանքով:


    1880 – Թոմաս Էդիսոնը բացել է էլեկտրալամպերի առաջին գործարանը:


    1911– վախճանվել է գերմանացի փիլիսոփա Վիլհելմ Դիլթայը:

    1924- ծնվել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը:


    1930 –Մոսկվայի Կրեմլում բոլ շևիկների կողմից պայթեցվել է 1365 թվականին կառուցված Չուդով եկեղեցին:


    1949 – հռչակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը:

    1960 –ԽՍՀՄ-ում հոսքագծից իջել է առաջին «Զապորոժեցը», որը ժողովրդի մոտ ստացել է «սապատավոր» մականունը:


    1964 –Ճապոնիայում շահագործման է հանձնվել առաջին արագընթաց մայրուղին՝ Տոկայդո-Սինկենսենը:


    1969– բացվել է Պեկինի մետրոպոլիտենը, որը ներկայում մեկ օրում տեղափոխում է մոտ 7 միլիոն մարդ:

    1971 –ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում բացվել է աշխարհում ամենամեծ զվարճավայրը՝ «Դիսնեյ-ուորլդը»:


    1979 –Պանամայի ջրանցքի հատվածը անցել է Պանամայի իրավասության տակ:


    1992-Ռուսաստանում սկսել են բաժանել սեփականաշնորհման սերտիֆիկատներ՝ վաուչերներ:

    1996 –ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանել է 1992 թվականից գործող պատժամիջոցները Հարավսլավիայի նկատմամբ:


    2017-իսպանական Կատալոնիայում կայացել է անկախության հանրաքվե:


    2022 –Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ուկրաինական բանակը դեռևս մայիսին կորցրած Դոնեցկի մարզի Լիման քաղաքը հետ է գրավել:

    2024–ռուս–ուկրաինական պատերազմի ժամանակ ռուսները գրավել են ուկրաինական Ուգլեդար քաղաքը:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    tvgram.ru–ն «Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը» վերնագրով հոդվածում գրում է, որ այն ճշգրտությամբ, որով Նիկոլ Փաշինյանը մաքրեց ասպարեզից ռուսամետ ընդդիմության մնացորդները, հստակորեն նշանավորվում է Կրեմլի կովկասյան քաղաքականության լիակատար փլուզումը. Կրեմլին հաջողվեց այդ հանրապետությունում իր դարավոր ազդեցությունը լիովին զիջել Բրյուսելին և Անկարա-Բաքու տանդեմին։


    Հայաստանի ղեկավարությունն սկսել է անթերի իրականացվող քարոզչական արշավ, որում Մոսկվայի հետ գործընկերության ցանկացած ձգտում անխուսափելիորեն նույնացվում է թյուրքական ժողովուրդների հետ անվերջանալի, արյունալի պատերազմների մեջ երկիրը ներքաշելու ցանկության հետ։ «Ստարայա պլոշչադի» (Կրեմլի վարչակազմի) պաշտոնյաները որևէ հնարավորություն չունեն հակազդելու այս կործանարար նարատիվին. Ղարաբաղի ողբերգական փորձառությունից հետո հայ հասարակությունը մտովի ընտրել է խաղաղությունը, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը պարզապես չունի տեղական տեղեկատվական դաշտի վրա ազդելու որևէ իրական լծակ։ Ինքնիշխան «փափուկ ուժի» ռազմավարության տարիները վերածվել են ընդամենը ֆարսի՝ մի քանի միջոցառումների կամ նախաձեռնությունների տեսքով, որոնք բացարձակապես անօգուտ են տարածաշրջանի համակարգային վերափոխման դեմ, որտեղ Բրյուսելը ստանձնում է ռազմաքաղաքական վերահսկողությունը, իսկ Անկարան և Բաքուն պատրաստվում են կիսել տնտեսական բեռը։


    Այս աշխարհաքաղաքական «ցուգցվանգը» (իրավիճակ, երբ ցանկացած քայլ վատթարացնում է դրությունը), որի ընթացքում Փաշինյանը բացահայտորեն առաջարկում է ստեղծել «Ռուսաստանից իսկապես անկախ պետությունների նոր միություն», մերկացնում է Կրեմլի էլիտայի խոր ֆատալիզմն ու կուրությունը. վերջիններս անխոհեմորեն գերագնահատել էին միջնորդի իրենց դերը։ Երկու աթոռի վրա նստելու փորձով՝ միաժամանակ սիրախաղով Երևանի և Բաքվի հետ, պետական ապարատն ինքն իրեն հասցրել է պատմական փակուղու, որտեղ Հարավային Կովկասի այժմ արդեն համաժամանակեցված ռեժիմները միասնաբար աշխատում են տարածաշրջանից ռուսական ռազմական և դիվանագիտական անձնակազմը դուրս մղելու ուղղությամբ։ Տասնամյակների ընթացքում Հայաստանի ենթակառուցվածքների մեջ ներդրված հսկայական միջոցները վերածվել են «մեռյալ կապիտալի», քանի որ մեր վերնախավն անտեսել է ամենակարևոր ասպեկտը. մեր դաշնակցի հետ կիսվող իմաստների և արժեքների ոլորտը։ Կովկասում տեղի ունեցած լիակատար ձախողումն ու ռազմավարական առանցքային հենակետը պահպանելու անկարողությունը, որոնք պայմանավորված են զուտ մեծամտությամբ, հստակորեն բնորոշվում են Նիկոլո Մաքիավելիի դիպուկ ասույթով. «Մարդիկ միշտ չար են, եթե անհրաժեշտությունը նրանց չի ստիպում բարի լինել»։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»






     

    «Փաստ» օրաթերթը գրում է.


    «Աշխույժ, ընկերասեր, բարի տղա էր Արայիկս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արայիկի մայրիկը՝ տիկին Անժելան։ Արայիկը ծնունդով Արցախից է՝ Մարտակերտի շրջանի Վարանգաթաղ գյուղից։ «Արայիկի ծննդից որոշ ժամանակ հետո տեղափոխվեցինք Մարտակերտի շրջանի Ակնաբերդ գյուղ։ Արայիկս սովորել է Ակնաբերդի միջնակարգ դպրոցում։ Գերազանց չէր սովորում, բայց վատ առաջադիմություն էլ չուներ։ Շատ տղաների նման նրա սիրելի առարկաներն էին «Ֆիզկուլտուրան», «Ռազմագիտությունը»։ Դպրոցն ավարտելուց հետո տղաս ընդունվեց բժշկական քոլեջ, այնուհետև զորակոչվեց ժամկետային ծառայության։ Ծառայել է Ասկերանի զորամասում։ Վերադառնալուց հետո ուսումը չշարունակեց, 2014 թվականին անցավ պայմանագրային զինծառայության։ Զուգահեռ սովորեց Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում»։ 2021 թվականին Արայիկն ավարտել է համալսարանի նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն բաժինը։


    Արայիկն անցել է Քառօրյա և 44-օրյա պատերազմների բովով։ 2016 թվականին ստացել է ավագ սերժանտի կոչում, եղել է ջոկի հրամանատար։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Արայիկը շարունակել է իր պայմանագրային ծառայությունը։ Մայրիկն ասում է՝ կանխում էր ծառայությունից դուրս գալու բոլոր խոսակցությունները։ «Շատ հայրենասեր էր։ Ասում էր՝ որ բոլորս դուրս գանք ծառայությունից, ո՞վ պետք է պայքարի, ո՞վ պետք է հայրենիքը պահի»։


    Երկու-երեք տարի Արայիկի պայմանագրային ծառայությունն անցել է Քարվաճառում, իսկ հետո տեղափոխվել է Հաթերքի զորամաս։ «Այն մոտ էր Ակնաբերդին, տանը մոտ էր ծառայում Արայիկս»։

    2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Արցախի համար վերջին հերոսական մարտերն էին։ «Նա դիրքերում էր, իսկ մենք՝ գյուղում։ Սեպտեմբերի 22-ին ենք գյուղից դուրս եկել։ Սեպտեմբերի 19-ին կապերն անջատել էին, անհնարին էր Արայիկի հետ խոսելը։ Արայիկս 14 օր դիրքերում էր, 14 օր՝ տանը։ Երբ իջել էր դիրքերից, տուն եկավ, ամեն ինչ սովորականի պես էր։ Հետո տագնապով բարձրացան դիրքեր։ Սեպտեմբերի 14-ին ուտելիք էր խնդրել, բլոկադայի շրջանն էր, դիրքերում էլ ոչինչ չկար։ Ինչ կարող էի, տանից իրեն ուղարկեցի, հիմնականում՝ բանջարեղեն։ Իսկ սեպտեմբերի 19-ին սկսվեց կռիվը։ Այդ օրն իր հետ կապ չունեցանք։ Սեպտեմբերի 20-ի առավոտյան խոսել է միջնեկ տղայիս հետ։ Միայն ասել է՝ լավ ենք, ողջ ենք։ Դրանից հետո ընդհանրապես կապ չի եղել»։


    Սեպտեմբերի 20-ին Հաթերքի թիվ N դիրքում Արայիկը զոհվում է ԱԹՍ-ի հարվածից։ «2020 թվականին Հաթերքի դիրքերում զոհ չէինք ունեցել, այդ դիրքերը չէին կարողացել գրավել։ Թուրքերը դա, կարծես, մտապահել էին և 2023 թվականին ամբողջ ուժով հարվածել են այդ դիրքերին»։


    Արայիկին ընտանիքը երկար չի փնտրել։ Նրան և ընկերներին կարողացել են շուտ իջեցնել դիրքերից։ «Մեր գյուղից հինգ հոգի նույն օրը զոհվել է։ Մեկ հոգին՝ Չարեքտարի դիրքում, չորս հոգին՝ Հաթերքի նույն դիրքում»։

    2023 թվականին այդ օրերին Արայիկի հայրիկը ևս դիրքերում է եղել։ Նա զինված ուժերում էր 1990-ական թվականներից։ «Միջնեկ որդիս լեյտենանտի կոչում ունի, էլի դիրքերում է եղել։ Փոքր տղաս ևս ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո պայմանագրային ծառայության էր անցել։ Մեր ընտանիքի բոլոր անդամները հայրենիքն էին պաշտպանում, բայց մնացինք առանց հայրենիքի»։


    Ապրելու ուժի մասին։ «Մեր կյանքը հիմա կիսատ է, ապրում ենք Արայիկիս մասին հիշողություններով։ Շատ հոգատար տղա էր, աշխատասեր, «տուն ստեղծող»։ Հանուն ընկերների իր կյանքը կտար։ Մեծ տղաս էր, իրար հետ շատ կապված էինք: Արայիկս կյանքը շատ էր սիրում։ Իմ երեք տղաներն էլ լավն են, ծնողների հանդեպ ուշադիր, հոգատար։ Հիմա ապրում ենք, ի՞նչ անենք։ Տղաս ամուսնացել է, թոռնիկ ունենք, իրենով ենք ապրում։ Ոչ մեկը չի լրացնի Արայիկիս տեղը, բայց պետք է ապրել։ Ինչպես բոլորը, այնպես էլ մենք, կիսատ ապրում ենք»։


    Հ. Գ. – Արայիկ Իսրայել յանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

    ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Հայաստանում վերջին շրջանում վարձով բնակարանների գների բարձրացումը դարձել է ոչ միայն կենցաղային, այլև սոցիալական, տնտեսական և պետական քաղաքականության լրջագույն խնդիր, քանի որ այն անմիջականորեն հարվածում է այն խավերին, որոնք առանց այդ էլ ամենախոցելիներից են՝ երիտասարդ ընտանիքներին, մարզերից Երևան տեղափոխված աշխատողներին ու ուսանողներին, միայնակ ապրող քաղաքացիներին, միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք չունեն սեփական բնակարան ձեռք բերելու հնարավորություն և տարիներ շարունակ ստիպված են ապրել վարձակալությամբ։


    Վերջին տարիների փորձը ցույց տվեց, թե որքան խոցելի է Հայաստանի վարձակալության շուկան արտաքին ցնցումների նկատմամբ։ 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Հայաստան եկած ռուսաստանցի ռելոկանտների մեծ հոսքը կտրուկ փոխեց հատկապես Երևանի բնակարանային շուկայի տրամաբանությունը։ Պահանջարկը կարճ ժամանակում մեծացավ, իսկ առաջարկը չէր կարող նույն արագությամբ աճել, քանի որ բնակարանը ապրանք չէ, որը հնարավոր է արագ արտադրել ու շուկա հանել։ Այդ իրավիճակում գները բարձրացան, երբեմն՝ անհամաչափորեն, իսկ որոշ սեփականատերեր, օգտվելով մեծ պահանջարկից, սկսեցին նախկին վարձակալներին առաջարկել ավելի բարձր վարձավճարներ կամ պարզապես դադարեցնել պայմանավորվածությունները՝ բնակարանը ավելի բարձր գնով այլ անձանց տրամադրելու նպատակով։ Այդ ժամանակ սոցիալական դժգոհությունը շատ մեծ էր, սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը մասամբ բալանսավորվեց, քանի որ ռելոկանտների մի մասը հեռացավ Հայաստանից, մի մասը տեղափոխվեց այլ երկրներ, մի մասը փոխեց բնակության ձևաչափը, և շուկան որոշ չափով վերադարձավ ավելի կանխատեսելի վիճակի։ Բայց այդ փորձը բացահայտեց մի կարևոր խնդիր՝ Հայաստանում վարձակալության շուկան գրեթե անպաշտպան է ցնցումների ժամանակ, իսկ քաղաքացին, որը չունի սեփական բնակարան, դառնում է շուկայական աժիոտաժի ամենահեշտ զոհը։ Այսօրվա իրավիճակը, սակայն, որոշ առումով ավելի բարդ է, քանի որ եթե նախորդ փուլում շատերը Հայաստան էին գալիս ժամանակավոր սպասումով՝ ենթադրելով, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է ավարտվել, իրավիճակը կարող է կայունանալ, և իրենք կվերադառնան, ապա այժմ ավելի շատ մարդիկ են դիտարկում Հայաստանը որպես երկարաժամկետ բնակության կամ առնվազն երկարատև ապաստարանի վայր։


    Բայց այստեղ կարևոր է տարբերակել բնական շուկայական արձագանքը և արհեստական կամ անբարեխիղճ թանկացումը։ Պահանջարկի աճը որոշ չափով կարող է բարձրացնել գները, սակայն երբ այդ աճը վերածվում է անսահմանափակ ագահության, երբ գույքի սեփականատերերը սկսում են ոչ թե ծախսերի, հարկերի, սպասարկման կամ շուկայական տրամաբանության սահմաններում վերանայել գինը, այլ պարզապես առավելագույն շահույթ ստանալու նպատակով ճնշել վարձակալին, ապա խնդիրը դառնում է ոչ միայն տնտեսական, այլև բարոյական ու սոցիալական։

    Գների բարձրացման պատճառներից մեկը նաև առաջարկի կառուցվածքային սահմանափակությունն է։ Երևանում և հատկապես կենտրոնական կամ պահանջարկ ունեցող վարչական շրջաններում բնակարանների քանակը սահմանափակ է, իսկ քաղաքի տնտեսական, կրթական և վարչական կենտրոնացվածությունը մեծացնում է հենց այդ տարածքների պահանջարկը։ Մարզերից Երևան եկած ուսանողները, աշխատողները, երիտասարդ մասնագետները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները հաճախ նախընտրում են բնակվել այն վայրերում, որտեղ աշխատանքի, կրթության, տրանսպորտի և ծառայությունների հասանելիությունն ավելի բարձր է։ Սա հանգեցնում է նրան, որ որոշ շրջաններում վարձակալության շուկան մշտապես գտնվում է բարձր ճնշման տակ։


    Վարձակալության գների բարձրացման հարցում հաճախ հնչում է շուկայական տրամաբանության փաստարկը՝ եթե պահանջարկը մեծացել է, գինն էլ պետք է բարձրանա։ Այս պնդումը որոշակիորեն ճիշտ է ազատ շուկայի տեսանկյունից, սակայն բնակարանը սովորական շուկայական ապրանք չէ։ Բնակարանը մարդու հիմնական կարիքն է, և դրա հասանելիությունը կապվում է մարդու արժանապատիվ կյանքի իրավունքի հետ։ Պետությունը չի կարող ամբողջությամբ անտեսել բնակարանային շուկան՝ այն թողնելով միայն առաջարկի և պահանջարկի մեխանիկական տրամաբանությանը, որովհետև այդ դեպքում ուժեղը միշտ կշահի թույլի հաշվին։ Ազատ շուկան արդյունավետ է այն դեպքում, երբ կան հավասարակշռող կանոններ, մրցակցություն, տեղեկատվության թափանցիկություն, իրավական պաշտպանություն և սոցիալական անվտանգության ցանցեր։ Եթե այդ տարրերը թույլ են, շուկան վերածվում է ոչ թե արդար մրցակցության, այլ առավելության չարաշահման դաշտի։


    Պետք է խոսել նաև բարոյական պատասխանատվության մասին։ Անշո՛ւշտ, տանտերը ունի սեփականության իրավունք, և սեփականության իրավունքը պետք է պաշտպանված լինի։ Ոչ ոք չի կարող պարտադրել մարդուն իր գույքը տրամադրել վնասով կամ անարդար պայմաններով։ Սակայն սեփականության իրավունքը հասարակության մեջ երբեք ամբողջովին կտրված չէ սոցիալական պատասխանատվությունից։ Երբ երկրում հազարավոր մարդիկ դժվարությամբ են պահում իրենց ընտանիքները, երբ աշխատավարձերը չեն աճում վարձերի տեմպերով, երբ բնակարանը կենսական անհրաժեշտություն է, անհարկի ու անսահմանափակ թանկացումը չի կարող դիտվել միայն որպես «խելացի բիզնես»։

    Սակայն հանրային զայրույթը միայն տանտերերի դեմ ուղղելը նույնպես բավարար լուծում չէ։ Խնդրի արմատները ավելի խորն են՝ բնակարանային ֆոնդի պակաս, շուկայի ստվերայնություն, պայմանագրային մշակույթի թուլություն, պետական կարգավորման բացեր, սոցիալական աջակցության ոչ բավարար համակարգ, քաղաքաշինական անհավասարակշռություն, միգրացիոն հոսքերի կառավարման սահմանափակ կարողություններ և աշխատավարձերի ցածր մակարդակ։ Եթե այս բոլոր գործոնները չդիտարկվեն միասին, ապա յուրաքանչյուր նոր արտաքին ցնցում կրկնելու է նույն պատկերը՝ պահանջարկի աճ, գների թռիչք, քաղաքացիների դժգոհություն, ժամանակավոր քննարկումներ, հետո մասնակի հանդարտում, մինչև հաջորդ ալիքը։ Պետական քաղաքականության խնդիրը հենց այդ ցիկլը կոտրելն է։ Պետք է ոչ թե միայն արձագանքել հերթական թանկացմանը, այլ ստեղծել այնպիսի համակարգ, որը նախապես կկանխի շուկայի անկառավարելի վարքագիծը և կպաշտպանի քաղաքացիներին ամենասուր հետևանքներից։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Բնական է, որ հանրությունը շատ բուռն արձագանքեց պաշտոնյաների աշխատավարձերի գրեթե կրկնապատիկ բարձրացման նախագծին: Փաշինյանի կառավարությունը հավանություն տվեց այդ նախագծին, և այն ուղարկվեց խորհրդարան: Ըստ այդմ, քպական իշխանությունը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից «աշխատավարձվել» արդեն նոր՝ շատ ավելի բարձր դրույքաչափերով: Այդ անհագուրդ ախորժակը բավարարելու համար «հերոս հարկատուներից» կպահանջվի ավելի քան 25 միլիարդ դրամ:


    Նախատեսվում է, որ նոր դրույքաչափերով ՀՀ նախագահի աշխատավարձը 1,5 միլիոնից կդառնա 2,6 միլիոն։ Փաշինյանի աշխատավարձը ևս կդառնա 2,6 միլիոն: Նրա նախարարների ամսական աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի՝ ներկայիս 998 հազարի փոխարեն, փոխվարչապետերինն էլ կբարձրանա: Պատգամավորներին էլ ճոխ կվարձատրեն. եթե հիմա 832 հազար դրամ է նրանց աշխատավարձը, նախատեսվում է դարձնել մոտ 1,5 միլիոն դրամ: Շոշափելի այլ պաշտոնյաների աշխատավարձերը ևս:


    Ասել, որ սա սոցիալական խայտառակություն է, կնշանակի ոչինչ չասել: Առավել ևս՝ նման իշխանության ու կառավարության պարագայում, քանի որ նման կառավարումն ու դրա հետևանքները նկատի ունենալով՝ այդ «բարձրաստիճանները» պետք է ժողովրդին տույժեր ու տուգանքներ վճարեն, այլ ոչ թե հարկատուների հաշվին կրկնակի բարձր աշխատավարձվեն:

    Բայց հանրությունը այս մի «բոմբ» տեղեկությունը դեռ մի կարգին չմարսած՝ վրա հասավ մեկ այլ «աչքալուսանք» փաշինյանական կառավարությունից: Աշխատանքի և բարեկեցության (չենք ծաղրում, սոցապը հիմա այդպես է կոչվում) նախարարության վերնաշենքում մի «փայլուն» միտք են հղացել: Առաջարկում են, որ «թաղման նպաստը», որին ժողովուրդը վաղուց ի վեր «վերջին թոշակ» է անվանում (հայտնի 200 հազար դրամը, որ տրամադրվում է հանգուցյալ կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին, եթե այդպիսիք կան), այսուհետ ոչ բոլորին տրամադրվի:


    Փաշինյանն անձամբ հայտարարեց. «Մենք մի ծրագիր ունենք, որն այդքան էլ նպաստավոր չէ՝ թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում է, մենք որոշեցինք, որ թաղման նպաստի կիրառումն իրականացնենք միայն սոցիալապես անապահովների մասով, մնացած բյուջեն բաշխել և մի փոքր թոշակներն ավելացնել, որպեսզի սկսենք գնաճի կոմպենսացման պրոցեսը»:


    Նախ՝ ուշագրավ է, որ Փաշինյանն իրեն բնորոշ ոճով հիշյալ «վերջին թոշակը» չվճարելու հարցը տանում ու արհեստականորեն շաղկապում է… թոշակները բարձրացնելու հետ, ավելի ճիշտ՝ գնաճն, իբր, փոխհատուցելու հետ: Կառավարման տեսանկյունից դա անհեթեթություն է: Նաև ակնհայտ է, որ դա մանիպուլ յացիա է:

    Ի՞նչ հաշվարկներ կան Փաշինյանի ասածի տակ: Այսինքն, ի՞նչ, ինքը նախապես հաշվել է տվել իր քպական իշխանությանը՝ պարզել, թե տարվա մեջ քանի՞ կենսաթոշակառու է մահանալու, նրանցից քանի՞սն է սոցիալապես անապահով, իսկ քանի՞սը ապահով համարվելու, որպեսզի վերջիններիս մահվանից հետո նախատեսված 200 հազար միանվագ վճարի գումարը չտրամադրի ու այդ չվճարումների հանրագումարում կատաղի գնաճի ինչ-որ փոխհատուցում անի՞:


    Թվում է՝ սա շատ լուրջ թեմա չէ: Սակայն հարցն այն է, որ նման որոշումները համադրելիս ի ցույց է դրվում այս իշխանության ողջ «պերճանքը»: Բայց ամեն ինչ իր հերթականությամբ:


    Անցյալ տարվա վերջին, կհիշեք, Փաշինյանը գրեթե երդվում էր, որ ոչ մի հնար չունեն կենսաթոշակները բարձրացնելու, որ եթե մի քիչ էլ բարձրացնեն, բյուջեում ահռելի ճեղքեր կառաջանան: Բայց, չնայած այդ սրտաճմլիկ ելույթներին, ԱԺ ընտրություններից գրեթե անմիջապես առաջ Փաշինյանը 10000 դրամով թոշակները բարձրացրեց: Ըստ որում, նման միջոցներ բյուջեում նախատեսված չէին: Ժողովուրդն այդ բարձրացումը բնորոշեց միանգամայն դիպուկ՝ ընտրաթոշառք: Ընդդիմադիրները, անկախ փորձագետները հստակ նշեցին, որ դա ընտրակաշառք է՝ ըստ էության:

    Ընտրություններն անցան: Փաշինյանը 49 տոկոս «ձայներով» պահեց իշխանությունը: Տեսան, որ հուզում-մուզում չկա, իշխանություններն անցան բարձրացված 10 հազարական դրամները թոշակառուների ու մնացյալ հանրության «քթից բերելուն»: Իսկ «բարձր» թոշակ ստացողները, որ նաև անապահովության նպաստ էին ստանում, նաև դրանից զրկվեցին:


    Հաջորդը. ակնհայտ է, որ բյուջեի հետ կապված լրջագույն խնդիրներ ունի Փաշինյանի իշխանությունը, այլապես չէր ընկնի հանգուցյալների «վերջին թոշակը» քերելու ետևից: Բայց մյուս կողմից՝ քպացված վերնախավն էլ, փողից ու կոլեկտիվ պատասխանատվության տագնապից բացի, այլ մոտիվացիա չունի՝ իշխանության մեջ մնալու: Պետք է նրանց կերակրել, այ լապես «կթռչեն»: Այսինքն, կարևորը՝ իրենք ճոխ ապրեն, իրենց աշխատավարձերը բարձրանան, այն էլ՝ կրկնապատիկ: Թե այդ 25 միլիարդ դրամով ի՞նչ սոցիալական հարցեր կարելի էր լուծել հազարավորների համար, արդեն նրանց հետաքրքիր չէ:


    Այս «չկոռումպացված» իշխանավորները կարծես «դանայան տակառ» լինեն. նրանց որքան վճարում, պարգևավճարում են, նրանք չեն հագենում, էլի, էլի, էլի…

    Ու չկշտացողները մյուսներին «մանր են բրդում»՝ ասացվածքի հանգվույն, կամ արդեն նույնիսկ ոչ էլ բրդում են:


    Զուգահեռաբար իսկական Հայաստանում ամեն ինչ թանկանում է՝ վառելիքը (բենզին, դիզվառելիք), կաթնամթերքը, ձեթը…, ամեն ինչ: Ըստ որում, անհայտ է, թե ինչ է լինելու 1-2 ամիս անց: Միանգամայն շոշափելի է բնական գազի, ապա նաև էլեկտրաէներգիայի, խմելու ջրի թանկացումը, արդեն խոսվում է թանկացած ուղեվարձը կրկնապատկելու հնարավորության մասին:


    Գիտեք, որ Փաշինյանի ու միջին վիճակագրական ցանկացած քպականի «բերանի ծամոնն» է՝ «թալանել են, կոռուպցիա, այս այն…»: Էհ, հիմա Փաշինյանը, իր կառավարության անդամները, իր իշխանավորները ոտքով-գլխով մխրճվել են պետական բյուջեի մեջ ու տանել է, որ տանում են, բռերով, փեշերով, ահռելի շերեփներով: Պարզապես իրենք ձևականորեն օրինական են «տանում»: Տեսեք՝ օրենքի նախագիծ, կառավարության հավանություն, ԱԺ դակում՝ ՔՊ փոքրացած մեծամասնությամբ: Ու դրա վերջը չի երևում:

    Ի՞նչ է ստանում հարկատուն: Հարկատուն ստանում է ծանուցում՝ հարկերի վճարման անհրաժեշտության մասին: Ստանում է դատարկված գրպաններ: Ստանում է անորոշ հեռանկար՝ տնտեսավարման համար: Ստանում է խնդիրներ Ռուսաստանի հետ ու դաշտում մնացած բերք: Ստանում է նոր պրոբլեմներ ու 25 միլիարդ դրամի լրացուցիչ բեռ, որպեսզի Փաշինյանը, իր պատգամավորներն ու նախարարները կրկնակի ավելի շատ աշխատավարձ ստանան: Փաստորեն, 2018-ին դա՞ էր հիմնական փորացավը: Դե, Արցախը հանձնելուց ու այլ պատուհասներ բերելուց բացի…


    ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Արտաքուստ տպավորություն կար, թե մի պահ Եկեղեցու շուրջ կրքերը մի փոքր հանդարտվել են, բայց օրերս ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը մի «զեկույց» հրապարակեց՝ ընդդեմ Եկեղեցու և նրա սպասավորների։ «Հրապարակված թերթոնն ընդամենը նիկոլական՝ ըստ օդում կախված լուրերի, ըստ մամուլի հրապարակումների, մատից հոտ քաշած ինչ-որ ենթադրությունների, զազրախոսությունների, սուտ մատնությունների, զրպարտությունների մի ամբողջ տրցակ էր, որտեղ հավաքական, ամբողջացված կերպով ներկայացված էր այն «բույլը», որը վերջին տարիներին անընդհատ տիրաժավորել են տարբեր խմբակները, միավորները, գրանտակերները, հայկական արժեքները ոտնահարողները, հայկականությունն ու հայկական ընտանիքը պղծողները։ Այնտեղ կարդացինք տարբեր շրջաններում «բեսետկաներում» ասեկոսեներ տարածողների մտքերը։ Բոլոր առումներով, ոչ միայն Եկեղեցու, նա օրակարգ է բերում այնպիսի թեմաներ, որոնք տարբեր ժամանակներում տարիներ շարունակ մարդիկ իրար մեջ խոսել են ու քննարկել։ Այն, ինչ իր մեդիա հարթակներով ու մնացած էժանագին կեղծ պրոֆիլներով տիրաժավորել են տարիներ շարունակ, այսօր նա բերել է հանրային օրակարգ, դարձրել պետական քաղաքականություն, պետական քաղաքական դոկտրինի ուժ է տվել դրանց։ Նույնը Եկեղեցու դեպքն է։ Ի սկզբանե խոսում էին կուսակրոնության ուխտը խախտելու, Կաթողիկոսի՝ զավակ ունենալու հանգամանքի մասին և այլն։ Առաջին փուլը դա էր։ Երկրորդ փուլը հոգևոր դասի ներկայացուցիչներին ԿԳԲ-ի գործակալներ, դրսի շահերը սպասարկողներ հռչակելու փուլն էր։ Առաջինի պարագայում, քանի որ ոչ մի իրեղեն ապացույց չկար և չէր կարող լինել, այն խոսույթից դուրս եկավ, երկրորդ պլան եկավ գործակալների և գործակալական ցանցի մասին խոսույթը»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը։


    Ընդգծում է՝ երբ խորապես ենք դիտարկում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, տեսնում ենք, որ նա խնդիր ունի համակցված ցանցային կառույցների հետ։ «Կոնկրետ օրինակով ասենք՝ Եկեղեցի, Դաշնակցություն, Սփյուռք։ Երեք ցանցային կառույց, որոնք խոր հանգույցներով կապված են, նրանց պոկելպառակտելը դժվար է։ Նա խնդիր ունի ֆունդամենտալ կայացած կառույցների հետ։ Այս կառույցները դարերով, հարյուրամյակներով գոյություն են ունեցել, ունեցել են իրենց ավանդույթները, ստեղծել են իրենց արժեհամակարգերը, կադրեր են «ստեղծել», ներդրումներ կատարել և այլն։ Նրան, հակառակը, պետք են հեղհեղուկ, այստեղից-այնտեղից «թռած», ութ կուսակցություն փոխած, անարժեք, անգո արարածներ, որոնք ցանկացած պահի կարող են ցանկացած թեմայից «թռչել», այսինքն՝ մի օր բոլշևիկ են, մի օր մենշևիկ: Նրան կայուն, կայացած պրոցեսներն ու կադրերը բնավ ձեռնտու չեն։ Սա տեսակի, ընկալման խնդիր է, սրանով նա փորձում է հանրությունը նման տեսակի դարձնել, հանրությանը նման մեսիջներ հաղորդել։ Մեր դպրոցում ժամանակին ասում էին՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», «Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հավատը», և այսպես շարունակ։ Հիմա Նժդեհի, Խորենացու, Աբովյանի, Պարույր Սևակի և մյուս մեծերի խոսքերը փոխարինում են ինչ-որ տարօրինակ՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես», «Պետությունը հայրենիքն է» և այլն։ Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման մի պրոցես է, երբ չունես հիշողություն, անարժեք, անկենդան մի օրգանիզմ ես, հաց ես ուտում, ապրում ես, փող ես ծախսում, հարկ ես տալիս։ Շատ պարզ է մեխանիզմը»,-նկատում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, այս «զեկույցով» Փաշինյանն առաջիկայում սպասվող նոր հարվածաշարի սկիզբն է ազդարարել՝ կարծես շեշտելով, որ չի մոռացել, թե ինչի համար են իրենք «հավաքվել»։


    Եկեղեցու դեմ տարվող արշավին օրերս անգամ արձագանքեցին ԵԽԽՎ որոշ պատգամավորներ։ «Թող տպավորություն չստեղծվի, թե ԵԽԽՎ-ում բոլորն անհայրենիք են, արժեքներ չունեցողներ են։ Եվրոպական արժեքները քրիստոնեական արժեքներ են։ Եվրոպա ասելով՝ նկատի ունեմ գերմանական, ֆրանսիական, ռուսական քաղաքակրթությունները։ Ուստի, եվրոպացի պատգամավորների արձագանքն էլ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին նորմալ է, դրանք պետք է մի քիչ ավելի շատ լինեին։ Մեզ ու մեր Եկեղեցուն, ցավոք, դեռևս բավականին «հետաքրքիր» փորձություններ են սպասվում, չնայած խոր համոզմունք ունեմ, որ ինչպես Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն է մի առիթով ասել, Վեհափառն անսասան է, ինչպես Արարատ լեռը։ Հուսամ՝ Եկեղեցու կողմից այդ մաշեցման գործընթացը հանգիստ գնալու է։ Հուսանք՝ այս իշխանության մայրամուտն էլ այդքան հեռու չէ։ Հուսահատությունը մեղք է, չհուսահատվենք։ Կարող է լինել հիասթափություն, դա ևս բնական է։ Օրինակ՝ ընտրություններ են, լարված սպասում ես արդյունքներին։ Ընտրությունների օրվանից հետո գալիս է ապատիկ վիճակը։ Ներսումդ ամեն ինչ եռում է, դրանից հետո գոլորշին դուրս է գալիս, և պրոցեսը մի պահ հանգստանում է։ Վիճակագրական առումով մոտ կես կամ մեկ տարի միջանկյալ հատվածում լինում է ավելի շատ ինքնահոսի մնացած վիճակ, երբ իներցիայով մարդիկ շարունակում են ապրել՝ մինչև որոշակի նոր գործընթացները։ Հանրությանը արթնացնելու, «աշխատեցնելու» նոր պրոցեսի համար պետք է իքս ժամանակահատված անցնի, մարդկանց մեջ կրկին ինչ-որ բանի գեներացիա լինի»։

    Երկրի շուրջ տեղի ունեցող գործընթացներն էլ պարզերից չեն։ Մի կողմից՝ «Թրամփի ուղին» է, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները։ «Այս փուլում բավականին ցուգցվանգային վիճակում ենք։ Փորձում են մի քանի աթոռի վրա նստել, մի քանի աթոռի վրա փորձում են «շպագատ» նստել, առհասարակ՝ տարբեր ակրոբատիկ շարժումների պրոցեսներ են։ Նա ասում է՝ հայկական աթոռին է նստած։ Բոլորն են ցանկանում հայկական աթոռի վրա նստել, բայց, ըստ էության, սկսած անտիկ ժամանակներից՝ ոչ ոք չի կարողացել միայն այդ աթոռին նստած մնալ, հաշված մարդիկ են եղել այդպիսին։ Որպես կանոն՝ ինքնիշխանություն ասվածը շատ հարաբերական բան է։ Ընդհուպ Շվեդիան ու Սինգապուրն ինքնիշխան չեն։ Պետք է խոսես քո հանրության հետ. ասենք՝ նրան ասում ես՝ ժողովուրդ ջան, փորձում ենք Չինաստանի հետ հարաբերություններ կարգավորել, քանի որ նրանք մեզ 500 հատ արևային պանել են տալու, փորձում ենք Հնդկաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծել, քանի որ մեզ տալիս են իքս տիպի զինատեսակ։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունը պետք է այս փուլում էլ ավելի լավը լինի, քանի որ ունենք գազի, ատոմի, դիվերսիֆիկացիայի խնդիր և այլն։ Այսինքն՝ փորձում ես հանրությանը ներկայացնել, որ իքս քայլն անում ես կոնկրետ նպատակի համար, ոչ թե ասում՝ սա չանեմ, ինձ կասեն գուբեռնիա ես, ֆորպոստ ես և այսպես շարունակ։ Բայրամովն օրերս խոսում էր հարյուր հազարավոր մարդկանց «վերադարձի» մասին։ Ադրբեջանական հանձնախումբ կա ՄԱԿ-ում, որը փորձելու է «հայրենիք վերադարձի, պատմական արժեքների վերականգնման հարցեր» առաջ քաշել և ցույց տալ, որ իրենք միջազգային իրավունքի դաշտում են։ Նրանք փորձելու են փաստաթղթավորված իրենց նպատակներն առաջ տանել, իսկ քպական մի պատգամավոր Հանրայինի եթերում ասում է՝ Գանձասարի մասին ի՞նչ էին ասել, որ պատասխանեինք, մյուսն էլ, թե՝ Մատենադարանի տնօրենն արդեն արձագանքել է։ Օրերս նաև «Ռոսատոմի» նախագահն էր Հայաստան ժամանել։ Հանդիպում ունեցավ Փաշինյանի հետ։ Նա փորձելու է տարբեր պրոցեսներով ստեղծված իրավիճակը հարթելու եզրեր գտնել։ Համարյա վստահ եմ՝ առաջիկայում գնալու է Մոսկվա, իր հայտարարությունների մասին ասելու է՝ ես նման բաներ չեմ ասել, դուք ինձ ճիշտ չեք հասկացել։ Այնքան անլուրջ են, որ չեն հասկանում՝ միջազգային հարաբերություններին, դիվանագիտությանը չես կարող մատների արանքով նայել։ Չես կարող ասել՝ ես այս բանն եմ ասել, բայց ուրիշ բան նկատի ունեի։ Միջազգային հարթակներում քո ելույթները միայն քո ֆան ակումբներն ու լայքողների բանակները չեն լսում, քեզ ամենուր են լսում։ Կամ՝ TRIPP-ի մասով։ Երկարատև ջանքերից հետո ֆեյսբուքյան էջ ունեցավ։ Շատ կարևոր ստեղծագործական նվաճում էր։ Տեղեկությունների համաձայն, Իրանը բավականին լուրջ լոգիստիկ կառույցներ է ստեղծում՝ թունելներ, տրանսպորտային կոմունիկացիաներ և այլն, իրենց ապահովագրում են։ Այնպես չէ, որ «Թրամփի ուղին» հեշտ ու հանգիստ, խաղաղ գործարկվելու է։ Մնում եմ այն համոզմունքին, որ այն մեծագույն բլեֆ է։ Դրա գործարկման հետ կապված լրջագույն բարդություններ կան։ Դեռ քննարկումներ են լինելու, շահերի բախումներ, տարբեր կողմեր իրենց ամբիցիաներն են ներկայացնելու»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։


    ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1864-Ն որոշման մեջ։ Գործող օրենսդրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանությունը տրվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Համաձայն գործող կարգավորումների՝ «070» ծածկագրով անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս վավեր են միայն համատեղ ներկայացվելու և գործածվելու դեպքում։ Միաժամանակ, «070» ծածկագրով անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում փոխանակման ենթակա է նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։


    Հաշվի առնելով սա, ինչպես նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների թվի աճը՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովելու նրանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը։ Մասնավորապես, 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող 2154 անձ, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 6929 անձ։


    Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերի շրջանակում օրենսդրությամբ սահմանված է ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթղթի ներկայացման պահանջը։ Սրանով պայմանավորված՝ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։

    Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա՝ ապահովելու ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացում անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը՝ միաժամանակ նվազեցնելով փաստաթղթերի ժամկետները լրանալու հետևանքով առաջացող վարչական խոչընդոտները։


    Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել ժամանակավոր պաշտպանության վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար դիմում ներկայացնելու հնարավորությունը, ինչի արդյունքում կապահովվի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար օրենսդրությամբ սահմանված՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պահանջի կատարումը։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Նախօրեին Փաշինյանի իշխանության ռեպրեսիվ մարմինները «հասան» Վահրամ Սահակյանին: Քրեական վարույթ նախաձեռնեցին, ձերբակալեցին, հետո դատարանը քննեց խափանման միջոցի հարցը, սահմանեց «վարչական հսկողություն»՝ ֆեյսբուքյան գրառումներ անելու (բացառությամբ գործնականի) արգելքով: Պարզվում է՝ այս ամենը Վահրամ Սահակյանի մի գրառման համար է: Չզարմացանք, սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քրեական գործեր է սարքում սոցցանցային գրառման համար:


    Այն, որ Վահրամ Սահակյանի գործածած հայհոյախառն բառամթերքն անընդունելի է, նույնիսկ քննարկման բան չէ: Այն, որ մերժելի է այդպես արտահայտվելը, դա էլ քննարկելու կամ վիճելու բան չէ: Բայց կա՞ մեկը, որ անծանոթ է Վահրամ Սահակյանի արտահայտչաոճին: Ու միայն այսօրվա իշխանավորների կամ չիշխանավորների հասցեին չէ: Այդպես որ լիներ, «նախկիններում» Վահրամ Սահակյանը պիտի բանտերից դուրս չգար: Բայց մարդը ազատ ապրում և ստեղծագործում էր: Եվ ստեղծագործում է:


    Հարցը Վահրամ Սահակյանը չէ, մեծ հաշվով: Այստեղ երկու էական ու սկզբունքային հարց կա. նախ՝ մեղադրանքը, երկրորդը՝ օրենք ասվածի ծայրահեղ ընտրողաբար կիրառումը:

    Մեղադրանքը. Վահրամ Սահակյանին առաջադրվել է մեղադրանք, թե նա, ուշադրություն, «ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում»:


    Արդեն ընդհանրապես կարևոր չէ, թե հատկապես ինչ գրառում կամ ում հասցեին: Առավել ևս, որ թե՛ իրավաբանները, թե մի շարք իրավապաշտպաններ նշում են, որ նշյալ գրառման մեջ ընդհանրապես չկա թշնամանք հրահրելու կամ քարոզելու նշույլ: Սա մե՛խն է:


    Որովհետև, եթե Վահրամ Սահակյանին նման մեղադրանք է ներկայացվում ֆեյսբուքյան գրառման համար, ապա նույն հիմքերով, բացարձակապես նույն օրենքի նույն տառին ու ստորակետին համապատասխան պետք է արդեն ձերբակալված ու համանման մեղադրանքով քննության տակ լինեին ՔՊ գրեթե ամբողջ խմբակցությունը, ՔՊ-ի քարոզչական «սազանդարներն» ու «քամանչահարները», նորահայտ, հայտնի ու կիսահայտնի քպական «բլոգերները», շարքային նիկոլական ֆեյքերն ու ոչ ֆեյքերը: Մի խոսքով, իշխանության բոլոր այն ներկայացուցիչներն ու կողմնակիցները, որոնք օրնիբուն Ֆեյսբուքում, ԱԺ ամբիոնից, եթերներից անդադար, օրը 24 ժամ ատելություն, թշնամանք, ներքին անհանդուրժողականություն են քարոզում Արցախի, արցախցիների, նաև կոնկրետ գործիչների, ընդդիմադիր ուժերի ղեկավարների, ընդդիմադիր հայացքներ ունեցող հարյուր հազարավոր մարդկանց, Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականության, հայկականության հանդեպ: Դեռ չենք խոսում սպանելու, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու բացահայտ սպառնալիքների մասին, որ հնչեցնում են:

    Այսինքն, եթե օրենքի առաջ «բոլորը հավասար են», ինչպես հաճախ է սիրում նշել ՔՊ ղեկավարը, ուրեմն մինչև Վահրամ Սահակյանին հասնելը պիտի վերոնշյալները հազարներով քրեական հետապնդման տակ լինեին ու նույն հոդվածով մեղադրանք «շալակած»: Ու քանի որ այդպես չէ, ուրեմն՝ ի՜նչ օրենք, ի՜նչ օրինականություն: Օրենքը միայն նրանց դեմ է գործում, ովքեր ձեռնտու չեն Նիկոլ Փաշինյանին: Եվ վերջ:


    Այստեղ, որպես ամփոփում, երևի թե տեղին է մեջբերել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը. «Կրո՞ւմ է, արդյոք, Սահակյան Վահրամն իր մեջ ատելություն կամ ատելության խոսք։ Իհարկե՝ ոչ։ Մենք դրանում համոզվել ենք նրա ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում։ Գրառումը հայհոյախոսական է և ոչ միակողմանի, բայց պատժում են ընտրողաբար, իրական Արտիստին։ Բոլորս հիշում ենք, թե ատելության խոսքի ինչպիսի «գոհարներ» են հնչել իշխանության առաջին դեմքերից, ԱԺ ամբիոնից։ Չեմ թվարկի դրանք, միայն մի տպավորիչ օրինակ բերեմ. երբ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարցրին իր կողմից կիրառված «դոմփել» բառի մասին, փորձեց զարմանալ. «Չեմ հասկանում՝ առաջին անգամ եք լսո՞ւմ»։ Այո, մենք առաջին անգամ էինք լսում հրապարակային հայհոյանք երկրի առաջին դեմքի կողմից։ Բա, եթե էդքան սովորական է հայհոյանքը, ի՞նչ եք ուզում Վահրամից։ Ատելության խոսք, հայհոյախոսություն մենք լսում և կարդում ենք շարունակաբար, այն էլ՝ ինչ մասշտաբների, բայց պատժվող չկա։ Պատժվում են հատկապես հանրության շրջանում հեղինակություն վայելող և իշխանությանը չհպատակվողները, անհատականությունները։ Ատելությունը ձեր մեջ է»:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում