Category: Orer

  • Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Պարմեջանո Ռեջանո ( P a r m i g i a n o Reggiano) պանիրն ունի ավելի քան 900 տարվա պատմություն։ Այն առաջացել է Իտալիայի հյուսիսում՝ հիմնականում Parma, Reggio Emilia, Modena և մասամբ Bologna նահանգներում։ Պանիրի ստեղծումը կապված է միջնադարյան բենեդիկտյան և ցիստերցյան վանականների հետ, որոնք փնտրում էին երկար պահպանվող սննդամթերք։ Արդյունքում նրանք ստեղծել են կոշտ պանիր, որը կարող էր պահվել տարիներով՝ առանց փչանալու։ Արդեն XIII–XIV դարերում այդ պանիրը լայն ճանաչում ուներ Իտալիայում, իսկ հետո սկսել է տարածվել ամբողջ Եվրոպայում։


    Parmigiano Reggiano պանիրը պատրաստվում է միայն 3 հիմնական բաղադրիչից՝ թարմ կովի կաթ, աղ և բնական մածուկ (խմորիչ/enzymes): Կաթը չի ենթարկվում պաստերիզացման՝ պահպանելով իր բնական միկրոֆլորան։ Արտադրությունը փուլային է: Սկզբից երեկոյան կաթը թողնում են, որ սերուցքը մասամբ առանձնանա (ստացվում է մասամբ յուղազերծ կաթ), ապա այն խառնում են առավոտյան թարմ ամբողջական կաթի հետ, լցնում պղնձե մեծ կաթսաների մեջ և տաքացնում մոտ 33–35 0C, ավելացնում բնական խմորիչ (ռենետ), որի արդյունքում կաթը մակարդվում է։ Ստացված զանգվածը հատուկ գործիքով բաժանում են մանր հատիկների (մոտ բրնձի հատիկի չափ), որը կարևոր է՝ շիճուկը ճիշտ հեռացնելու համար։ Ապա այդ զանգվածը կրկին տաքացվում է մինչև 55 0C, որի ընթացքում հատիկները խտանում են և նստում կաթսայի հատակին։ Խիտ զանգվածը հանվում է, բաժանվում երկու մասի և դրվում հատուկ տարաների մեջ, որի շնորհիվ ստացվում են ապագա պանրի գլուխները։ Պանիրը մի քանի օր պահվում է այդ «ֆորմաների» մեջ՝ պարբերաբար շրջելով, որի ընթացքում ձևավորվում է նաև արտաքին կեղևը և մակնշումը (կնիք)։


    Հետագայում պանրի գլուխները տեղադրվում են աղաջրի մեջ մոտ 20–25 օր, որպեսզի ձևավորվեն համը և պահպանման հատկությունները։ Հետո գալիս է ամենակարևոր փուլը՝ հասունացումը: Պանիրը պահվում է հատուկ պահեստներում նվազագույնը 12 ամիս, իսկ ավելի հաճախ՝ 24, 36 և ավելի ամիս: Այդ ընթացքում զարգանում է համը, առաջանում է հատիկավոր կառուցվածքը և ձևավորվում է յուրահատուկ բույրը: Հասունացումից հետո մասնագետները ստուգում են պանիրը. այն թակելով հատուկ մուրճով և լսելով ձայնը՝ հասկանում են ներսի կառուցվածքը: Լավ որակի պանիրը ստանում է պաշտոնական նշում (DOP)։

    Parmigiano Reggiano պանիրը լինում է բավականին մեծ գլուխներով. մեկ գլուխը կարող է կշռել մինչև 30–40 կգ։


    Parmigiano Reggiano անվանումը պաշտպանված է ԵՄ օրենքներով (DOP կարգավիճակ), և այն կարող է արտադրվել միայն նշված տարածաշրջաններում։


    Պարմեջանո Ռեջանոն Հայաստանում բավական տարածված է հատկապես խոշոր սուպերմարկետներում, ներմուծվող իտալական մթերքի խանութներում, որոշ ռեստորաններում՝ հատկապես իտալական խոհանոց առաջարկող: Այն սովորաբար վաճառվում է կտորներով (քաշով), քերած տարբերակով, երբեմն՝ ամբողջական փոքր գլուխներով (թանկ տարբերակ):

    ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ


    Խորվաթիա՝ Անկախության օր , Հնդկաստան՝ Օդուժի օր, Պերու՝ Նավատորմի օր, Նամիբիա՝ Ծառատնկման օր, Ռուսաստան՝ Նավապետի օր, Ուկրաինա՝ Իրավաբանի օր, Կուբա՝ Հերոսական պարտիզանների օր, Հայաստան՝ Տանկիստի օր:


    ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

    451– սկսվել է Քաղկեդոնի ժողովը Քրիստոսի բնույթի մասին վեճերին լուծում տալու նպատակով։ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից Քաղկեդոնի ժողովը ճանաչվում է որպես Տիեզերական: Հայ առաքելական եկեղեցին, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի հռչակած քրիստոսաբանական բանաձևը:


    1897 – ծնվել է ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլ յանը:


    1957 –ծնվել է դերասանուհի Լալա Մնացականյանը:

    1992- ավարտվել է Հայաստանի զինված ուժերի տանկային զորքերի կազմավորումը:


    2003– վախճանվել է թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Աբաջյանը։


    2005-Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին՝ «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու համար»:

    2007- կայացել է Հայաստանի թատերական գործիչների միության 12-րդ համագումարը, որտեղ միության նոր նախագահ է ընտրվել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Արմմոնո» փառատոնի հիմնադիր նախագահ Հակոբ Ղազանչյանը:


    2008- մրցույթով Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատոր է դարձել «France Telecom Orange» ընկերությունը:


    2010-Ստամբուլի կենտրոնում վերանորոգվել և կրոնական արարողություններ կատարելու համար վերաբացվել է հայկական Սուրբ Հարություն եկեղեցին։

    2011– վախճանվել է նշանավոր կինոռեժիսոր, պրոֆեսոր Ժիրայր Ավետիսյանը։


    2011- Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել բողոքի շուրջօրյա միջոցառումները:


    2018-Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին՝ չմեկնաբանելով, թե ինչ գործով:

    2018- Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովը:


    2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Շուշի քաղաքում որոշակի ինտերվալով երկու անգամ խոցվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:


    ԱՇԽԱՐՀ

    1085 -Վենետիկում օծվել է Սուրբ Մարկոսի տաճարը:


    1480-տեղի է ունեցել Ռուսաստանի Ուգրա գետի մեծ դիմակայությունը ռուսական իշխան Իվան 3-րդի և Մեծ Հորդայի խան Ահմադի միջև, որը բերել է Ռուսաստանի վերջնական ազատագրման մոնղոլ-թաթարական լծից:


    1498 –Վասկո դը Գամմայի նավերը վերադարձի ուղի են բռնել Հնդկաստանից:

    1558– ծնվել է գերմանացի երգահան, երաժշտական մանկավարժ Հենրիխ Շյուցը:


    1754– վախճանվել է անգլիացի գրող, դրամատուրգ Հենրի Ֆիլդինգը:


    1806 – Նապոլեոնի զորքերը ներխուժել են Սաքսոնիա, սկսվել է Չորրորդ կոալիցիայի պատերազմը:

    1818 –անգլիացիները առաջին անգամ մենամարտում օգտագործել են բռնցքամարտի ձեռնոցներ:


    1834 –վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսուա Ադրիան Բուալադյոնը:


    1848 –ծնվել է բելգիացի երաժիշտ Պիեռ Դեգեյտերը՝ «Ինտերնացիոնալի» երաժշտության հեղինակը:

    1860 – Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի միջև ստեղծվել է հեռախոսակապ:


    1871– ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում մեծ հրդեհ է սկսվել, որը շարունակվել է 3 օր և ոչնչացրել քաղաքի մեծ մասը, քաղաքի բնակիչների շրջանում եղել են հարյուրավոր զոհեր:


    1873 –ԱՄՆ-ում բացվել է կանանց առաջին գաղութը:

    1896 – առաջին անգամ հրատարակվել է Դոու-Ջոնսի ինդեքսը, որը դարձել է ամերիկյան բորսաների գլխավոր իրավիճակային ցուցանիշը:


    1906 – Լև Տոլստոյը հրաժարվել է Նոբել յան մրցանակից:


    1912–Չեռնոգորիան պատերազմ է հայտարարել Թուրքիային, սկսվել է առաջին Բալկանյան պատերազմը։

    1914 –Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ֆրիդրիխսխանֆեի գերմանական դիլիժաբլերի գործարանը ոչնչացնելու նպատակով օգտագործել է մարտական ռմբակոծիչ ավիացիա:


    1953– վախճանվել է անգլիացի երգչուհի Քեթլին Ֆերրիերը:


    1962 – Ալժիրը անդամակցել է ՄԱԿ-ին:

    1967-Բոլիվիայում ձերբակալվել է Չե Գեվարան:


    1993-Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է Վրաստանի՝ ԱՊՀ մտնելու մասին:


    2005– Քաշմիրում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 84 հազար մարդ։

    2022– Ուկրաինայում Ռուսաստանի Հատուկ ռազմական գործողության ժամանակ Ղրիմի կամրջի վրա տեղի է ունեցել պայթյուն, զոհվել է երեք մարդ:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»… հինգ ամիս անց. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    «Դավիթը մեր ընտանիքում չորրորդ զավակն էր։ Վեց երեխա ենք ունեցել՝ չորս տղա և երկու աղջիկ։ Մեր առաջնեկը մահացել էր չորս ամսականում բժիշկների պատճառով: Մեր բոլոր զավակները եղել են սիրված, իսկ Դավիթը նաև յուրահատուկ ուշադրության է արժանացել իր աշխուժության շնորհիվ։ Դավիթը թե՛ բնավորությամբ, թե՛ արտաքնապես ոչ մեկին նման չէր, տարբեր էր, բայց մայրիկի դպրոցական տարիների նկարի հետ համեմատելիս նրանց նմանությունը գրեթե 100 տոկոս է։ Շիկահեր էր՝ ի տարբերություն մեր մյուս սևահեր զավակների։ Տարիների հետ նաև բարձրահասակ դարձավ։ Ուժեղ կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր, մարդիկ ակամա իր շուրջն էին հավաքվում։ Լեզուների հանդեպ շուտ ընկալող էր, լավ տիրապետում էր ռուսերենին և վարժ խոսում էր օսերեն։ Ուներ ձայնային տվյալներ, լավ երգում էր, սակայն ամաչում էր ի ցույց դնել իր այդ տաղանդը, շատ լավ լեզգինկա էր պարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավիթի հայրիկը՝ պարոն Մամիկոնը։


    Դավիթը ծնվել է Գյումրիում։ Սովորել է «Մուշ 2» թաղամասի թիվ 23 դպրոցում։ Հիմա նույն դպրոցի դասասենյակներից մեկը կրում է նրա անունը։ 2015 թվականին ընտանիքը տեղափոխվում է բնակության Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաք։ «Դավիթս զբաղվում էր հունահռոմեական ըմբշամարտով։ Հյուսիսային Օսիայի բազմակի մրցանակակիր է։ Պարգևատրվել է պատվոգրերով և մեդալներով։ Բայց դպրոցում լավ չի սովորել, չէր սիրում սովորել։ Գիտեք՝ երազանքների մասին չէինք խոսում։ Խոստովանեմ, որ այդ թեմայի շուրջ մի երկու անգամ վիճել ենք, անընդհատ պնդում էր, որ ծառայությունից հետո մեզ հետ էլ չի ապրելու։ Ասում էր՝ դու ես ինձ բերել այստեղ, դու էլ ինձ կտանես Հայաստան։ Անկապ և անհասկանալի էր թվում վեճը։ Տղայիս զոհվելուց հետո հասկացա իր բառերի նշանակությունը։ Ես տարա իրեն Հայաստան՝ բանակ մեկնելու համար, դե, բանակից հետո էլ նա այլևս մեզ հետ չէ։ Իր խոսքերն այն ժամանակ անհասկանալի էին, բայց մարգարեական դարձան»։


    2019 թվականի դեկտեմբերի 16-ին Դավիթը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ Մատաղիսում։ «Երբեք չի դժգոհել ծառայությունից։ Երևի մեզ չէր ուզում անհանգստացնել։ Հազվադեպ էինք խոսում իր հետ։ Բանակում հեռախոսն արգելված էր, թեև տղաս սպաներից թաքուն երբեմն զանգում էր։ Մի անգամ իրեն հարցրել էին, թե ինչու ես Ռուսաստանից եկել ծառայելու, կարող էիր չգալ, տղաս պատասխանել էր. «Ես չգամ, մյուսը չգա, ո՞վ է ծառայելու»»։

    Արմավիրի ուսումնական զորամասում վերապատրաստում անցնելուց հետո կրտսեր սերժանտի կոչումով Դավիթը վերադառնում է Մատաղիս։ «Շատ պատասխանատու էր մոտենում իր կոչմանը։ Դիրքի ավագ էր, դա ևս իր համար պարտավորեցնող էր։ Մեզ անծանոթ ծնողներից ենք իմացել, թե Դավիթն ինչպիսի վերաբերմունք է ունեցել մյուս զինվորների հանդեպ, մեզ շնորհակալություն էին հայտնում։ Մենք այդ հասունացած, պատասխանատու, գիտակից երիտասարդին չհասցրեցինք ճանաչել, մեզ համար նա մնաց մեր փոքր, աշխույժ ու չարաճճի Դավիթը»։


    Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ Այդ օրը Դավիթը եղել է Թալիշի թիվ N մարտական դիրքում։ «Հրամայել է՝ ի զեն, ու տղերքը երեք ու կես ժամ դիրքային մարտ են վարել ու… Ըստ գեներալի պատմածի (դիրքի տեսախցիկների ֆիքսած տեսանյութով), քսանից ավելի տանկ և զրահատեխնիկա է եղել իրենց դիրքի ուղղությամբ։ Դա եղել է թշնամու հարձակման գլխավոր ուղղությունը։ Քառօրյա պատերազմից հետո հետ քաշված դիրքերը չեն եղել պաշտպանված ականապատ չեզոք գոտիով։ Մենք իր հետ կապ չունեինք այդ օրերին։ Հարձակման նախօրեին էր զանգել ավագ եղբորը, պատվիրել էր՝ մորս լավ կնայեք»։


    Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, Դավիթը զոհվում է Թալիշում։ «Մի քանի ժամ կարողացել են վեց հոգով թշնամուն դիմադրել, անհամեմատելի է եղել ուժերի տարբերությունը։ Մենք հոկտեմբերի հինգին իմացանք բոթը, ցուցակում կարդացինք իր անունը։ Ես շտապ վերադարձա Հայաստան և սկսեցի որոնումները։ Վեց ամիս բոլոր դիահերձարանները տասն օրը մեկ այցելում էի։ Դավիթս չկար։ Նույնիսկ խաղաղապահների և «Կարմիր խաչի» միջոցով այցելեցի Թալիշ՝ իր մարտական դիրքը, եղա տղերքի բլինդաժում, գտա որդուս իրերից, դիրքում, խրամատներում փնտրեցի նրան, բայց չկար։ Վերադարձիս առավոտը (մարտ ամիսն էր) զանգեցին, քննիչն էր, տղաս գտնվել էր։ Միայն ԴՆԹ թեստով հաստատվեց նրա ինքնությունը։ Պարզվում է՝ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 19-ին են մարմինների փոխանակմամբ նրան ուղարկել Հայաստան։ Պարզապես դիահերձարանի դատաբժիշկը մոռացել էր նկարները ուղարկել, և մենք շարունակաբար իրեն էինք փնտրում։ Մի խոսքով, դժոխքով անցանք։ Անկեղծ, թշնամուս չէի ցանկանա նույնը։ Պատերազմի դեմքը սարսափելի է»։

    Ապրելու ուժի մասին։ «Կյանքի, ապրելու մղող ուժը սերն է, սերն ընտանիքի, դրացու, հայրենիքի հանդեպ։ Մահն էլ է բխում վերը նշվածից»։


    Հ. Գ. – Կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար», 6-րդ ՊՇ «Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Հուղարկավորված է Շիրակի պանթեոնում։


    ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում





  • Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան






    Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ։

    Կերգեն, կպարեն, կենցաղային վեճի կվերածեն, ուրիշ թեմաներ կբրթեն, կմեղադրեն ժողովրդին։ Դա նիկոլական ժանրի կանոններն են։

    Բայց դրանից իրականությունը չի փոխվի։ Տակը կմնան ճգնաժամային կառավարման տապալումները, պետական ինստիտուտների խափանումներով գործելն ու անպաշտպան քաղաքացին»,- գրել է Աբրահամյանը:






  • Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Նախօրեին Ազգային ժողովում քպական 49 տոկոսանոց «մեծամասնությունը» խորհրդարանում հերթական անգամ սադրեց քաշքշուկ ու ձեռնամարտ ընդդիմադիրների հետ: Դե, Փաշինյանի ու ՔՊ-ի՝ իշխանությունը վերցնելուց ի վեր նման քաշքշուկները սովորական են դարձել Հայաստանի խորհրդարանի ու ոչ միայն խորհրդարանի համար: Այսինքն, կարելի է ասել, որ փաշինյանական իշխանության դեպքում սա համակարգային ու կոնկրետ գործելակերպ է:


    Հատկանշական պահ է այն, որ ադրբեջանական իշխանությունների, հենց Ալիևի ու նրա որոշակի ներկայացուցիչների հրապարակային վիրավորանքները, ծաղրական ակնարկներն ու բնորոշումները, սպառնալիքները Փաշինյանն ու նրա քպականները լուռումունջ կուլ են տալիս, ծպտուն չեն հանում: Այսինքն, ինչպես ժողովուրդն է ասում, թշնամու առաջ «կուռկուռի ձագ» են դառնում, բայց, այ, Հայաստանի ընդդիմադիր գործիչներին տեսնելիս նույն այդ քպականները, իրենց առաջնորդի գլխավորությամբ, «առյուծ են կտրում», սկսում են «աքլորանալ», բղավում են, սպառնում, բռունցքներ թափահարում: Դա էլ միայն այն պատճառով, որ իրենց սադրած կռիվներում ապավինում են իրավապահներին, որ իրենց թիկունքը կպահեն: Հակառակ դեպքում, եթե իշխանություն չունենան, նրանցից որևէ մեկը չի համարձակվի ծպտուն անգամ հանել. քպականների «քաջության» ակունքը բացառապես իրավապահներն են:


    Մեկ այլ հատկանշական պահ է նաև այն, որ իշխանությունը հանդես է գալիս որպես երկրի, հասարակության ներսում թշնամանք, ատելություն, չարություն, խմբային դիսկրիմինացիա գեներացնող ու սերմանող: Նման պայմաններում, ինչ-որ «իքս» պահի այդ չարությունն ու ատելությունը պետք է հանգեցնեին նման դրսևորումների:

    Ինչ վերաբերում է կոնկրետ հոկտեմբերի 6-ին արձանագրված այլանդակությանը, ապա փորձենք հասկանալ, թե ինչ և ինչու կատարվեց իրականում: Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց ձևավորած արհեստական օրակարգն էին բերել ԱԺ՝ Հայ առաքելական եկեղեցու վրա իրենց հարձակմանն ինչ-որ օրինականության տեսք հաղորդելու նպատակով ինչ-որ «քննիչ հանձնաժողով» ձևավորելու մասին օրինագծի տեսքով: Ընդդիմությունն, ի դեպ, խելամիտ վարվեց՝ արհամարհանքի ենթարկելով այդ «հանձնաժողովը» և հրաժարվելով նշված ֆարսին մասնակցելուց: Ավելին, ԱԺ նիստի մեկնարկից ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները շատ ավելի իրական և շատերին հուզող օրակարգով էին եկել դահլիճ: Այդ օրակարգի կետերից մեկը ԱԺ պատգամավորներին հերթական անգամ պարգևավճարելու հարցն է, մյուսը, որ շատ ավելի հնչեղ է, ադրբեջանական բանակի զինված ներկայացուցչի ներթափանցումն է ՀՀ տարածք, որը, դատելով առկա տեղեկություններից, բացի կրակոցները, նաև միառժամանակ պատանդ է վերցրել երեխաներին, ապա փորձել է կրակելով սպանել հայ կնոջը: Ակնհայտ է, որ մեծ ողբերգություն կարող էր լինել, եթե Շաքիի բնակչուհին ձեռքի տակ եղած առարկաներով ու դանակով չդիմեր ինքնապաշտպանության՝ իր զավակներին փրկելու համար:


    Եվ ահա, փաշինյանական իշխանությունը, որ իմացել է ադրբեջանցի սահմանահատի մասին, բայց մի քանի օր շարունակ չի կարողացել իր բոլոր ռեպրեսիվ մարմիններով գտնել ու վնասազերծել զինված ու վտանգավոր թշնամուն, ամեն գնով փորձում է լղոզել այս թեման: Պատահական չէ, որ ՔՊ-ի քարոզչական սազանդարներն արդեն քանի օր է, ինչ լծվել են «խեղճ, մոլորված ադրբեջանական զինվորին» պաշտպանելուն: Ավելին, Փաշինյանը վերջին հարցազրույցում գրեթե ուղիղ կերպով նման տպավորություն թողնող արտահայտություններ արեց:


    Եվ ահա, Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն կերպ ուզում են ուշադրությունը շեղել այս թեմայից: Տեսեք, արդեն քանի օր է անցել կատարվածից, բայց ՀՀ իշխանություն համարվողներից չի լսվել որևէ խելամիտ բացատրություն, թե ինչպես ու ինչու է նման բան հնարավոր եղել: Փոխարենը՝ ամեն կերպ փորձում են մեղմել կատարվածը կամ ընդհանրապես խլացնել դրա վերաբերյալ ոչ միայն ընդդիմադիրների, այլև հանրության հնչեցրած սուր արտահայտությունները:

    Ի՞նչ անել: Ապահովել «շեղող տեսարան»: Ինչպես հոլիվուդյան սցենարիստները կասեին՝ «էքշըն է պետք»: Իսկ ՔՊ-ի «ձեռքի տակ», ինչպես նկատեցինք, արդեն մշտական «էքշընի» գործիք է դարձել ԱԺ-ում սադրանք հրահրելը, ապա քաշքշուկ սարքելը:


    Բայց դա էլ է բնութագրական: Այն առումով, որ թե՛ Փաշինյանը, թե՛ նրա քպականները չունեն որևէ խելամիտ փաստարկ, հակափաստարկ, չունեն ասելիք, հակառակ դեպքում բռունցքներ չէին թափահարի ու հայհոյախոսությամբ չէին փորձի գոնե ԱԺ միջանցքներում ինքնահաստատվել…


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Կարծես թե բոլոր շահագրգիռ կողմերը ցանկանում են տեմպ հաղորդել «Թրամփի ուղի» նախագծի կյանքի կոչմանը։ Քաղաքագետ Հրանտ Միքայել յանը նշում է, որ կողմերը, որոնք ներգրավված են այս նախագծում և պահանջատեր են այս ոլորտում, ցանկանում են արագացնել այս նախագիծը։ «ԱՄՆ-ն և Ադրբեջանն են ուզում արագացնել։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա Հայաստանի ներկայացուցիչները հավաստիացրել են Իրանի ներկայացուցիչներին, որ այն Իրանին չի սպառնում։ Այլ հարց է, թե որքանով Հայաստանն առհասարակ կարող է ամբողջությամբ վերահսկել մյուս գործընկերներին, որոնք ներգրավված են. այսինքն՝ այստեղ զուտ կարողության մասին պետք է խոսենք, որովհետև գուցե և Հայաստանի ներկա ղեկավարությունը ուզում է, որ որևէ բան չսպառնա Իրանին, բայց թե ինչքանով են իրենք ունակ դա անել, ուրիշ հարց է։ Ամեն դեպքում, նախնական դրական արձագանք Իրանից եղել է, սակայն պետք է հաշվի առնենք, որ ֆունդամենտալ առումով բան չի փոխվել, և Իրանն այդ հարցերն անդադար բարձրացնելու է, որովհետև ԱՄՆ-ն ներգրավված է իր սահմանին, և այդ հարցը չի փակվելու, այն կարելի է ուղղակի ամեն անգամ հետաձգել։ Իսկ Ադրբեջանը դա «Թրամփի ուղի» չի կոչում, Ադրբեջանը և Թուրքիան այն կոչում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»։ Իրենք ուզում են այդ միջանցքը ստանալ, ուզում են անխոչընդոտ երթևեկություն ստանալ Ստամբուլից Բաքու և հետո հասնել Միջին Ասիա։ Ուզում են դա շատ արագ իրականացվի, որպեսզի ստանան այդ կապը։ ԱՄՆ-ն էլ է ուզում ստանալ այդ կապը, որովհետև դա լուծելու է աշխարհի ռազմավարական մեծ մակարդակի հարցերը, համենայնդեպս՝ իրենց պատկերացմամբ։ Նույնիսկ կասեի, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի հետ տեղի ունեցածը մեծամասամբ պայմանավորված է հենց այս նախագծով և դրա իրականացման ցանկությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Միքայելյանը։


    Կարծիք կա, որ Հայաստանի շուրջ իրադարձություններին տեմպ հաղորդելը կապված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ։ ՔՊ-ն մեծամասնություն չստացավ, և հիմա արտաքին ուժերի շրջանում գուցե կա մտավախություն, որ Հայաստանում իշխանափոխության կամ այլ իրողությունների պարագայում շատ գործընթացներ կարող են այլ ձևաչափ ստանալ։ «Երկու հանգամանք կա։ Նախ՝ ընտրություններից հետո բոլոր կողմերը, որոնք նաև աջակցել են Փաշինյանի ընտրությանը և ուղիղ մասնակցել են դրան, ակնկալում էին, որ լինելու են առարկայական արդյունքներ։ Անցել է չորս ամիս, և հիմա ուզում են ինչ-որ արդյունք գրանցել։ Փաշինյանը միշտ մատնանշում էր 2026 թվականի երկրորդ կեսը՝ ուղիղ ակնարկելով, թե՝ թողեք ընտրվեմ, որպեսզի այդ գործն արագանա։ Հիմա նա անցել է լոզունգների մակարդակից, որտեղ պայմանավորվածություններ են եղել, այն մակարդակի, երբ պետք է սկսի դրանք իրագործել կյանքում, իսկ կյանքում իրագործելու համար թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական, թե՛ այլևայլ խնդիրներ կան։ Այդ հատվածում նաև բավականին բարդ ռելիեֆ է, և այլն։ Ուստի, այս ամենն իրագործել հողի վրա այդքան էլ հեշտ չէ և այդքան էլ արագ չի լինի։ Մյուս կողմից՝ Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա: Նաև շատ լավ գիտակցում են, որ Հայաստանը կարող է ոտքի կանգնել և իրենց պատասխան հարվածներ հասցնել։ Իրենք մտադիր են դա երբեք թույլ չտալ, այսինքն՝ Հայաստանին թուլացնել, ստանալ Հայաստանում ամեն ինչ մինչ նրա ուժեղացումը, Հայաստանն անդադար կապիտուլ յացիայի շղթայի մեջ մտցնել, ինչը Փաշինյանի օրոք ստացվում է։ Դրա համար փորձում են մինչև որևէ փոփոխություն տեղի ունենալը բոլոր հարցերն արագ լուծել։ Փաշինյանն իրենց համար բազմաթիվ հարցեր լուծել է, զիջումների գնացել է՝ դրա դիմաց որևէ առարկայական բան չստանալով։ Բայց սա չի նշանակում, որ այն սպասելիքը, որ Փաշինյանն իշխանությունը կկորցնի, իրատեսական է կամ հնարավոր մոտ ապագայում։ Այս պահի դրությամբ Փաշինյանը շատ ամուր է նստած իր աթոռին, և առնվազն այս պահի դրությամբ որևէ լուրջ սպառնալիք նրա իշխանությանը չկա»,-նկատում է մեր զրուցակիցը։


    Տարածաշրջանում շահեր ունեցող պետություններից եղբայրական համարվող Թուրքիան և Ադրբեջանը, կարծես, ինչ-որ բան չեն կիսում իրար մեջ։ Թուրքիան անընդհատ հիշեցնում է 44-օրյա պատերազմում և Արցախի հայաթափման գործում իր դերի մասին։ «Այստեղ կարող եմ, իմ տեսանկյունից, երկու գլխավոր հանգամանքի վրա ուշադրությունը սևեռել։ Առաջին՝ Ադրբեջանի ներկա ղեկավարությունը փորձում է որոշակի «լուֆթ պահել» Թուրքիայի հետ հարաբերություններում, որովհետև Թուրքիայի կողմից Ադրբեջանը կլանելու քաղաքականությունը որևէ կասկած չի հարուցում։ Ադրբեջանի ղեկավարությունն ուզում է այդ ազատությունն ունենալ, և մինչև վերջերս այն ապահովում էր Իսրայելի միջոցով։ Իսրայելի միջոցով նաև մուտք էր ապահովում դեպի ԱՄՆ և այլ տեղեր, բայց ամեն դեպքում դա բավական չէ։ Փորձում է նաև Թուրքիայից որոշակի անկախություն պահել, և դրան է միտված այն, որ Ալիևը հայտարարել է, թե ինչ-որ սպառնալիքներ կան նաև թուրքական հետախուզական, ճնշման կամ արտաքին ազդեցության շրջանակներից։ Նաև վախենում է, որ Թուրքիան կարող է փորձել իրեն փոխել՝ արդեն իրենց համար ավելի նախընտրելի տարբերակով։ Կա երկրորդ հանգամանքը, որն ավելի խորքային է և ֆունդամենտալ։ Դա Շուշիի հռչակագիրն է, բազմաթիվ այլ գործողություններ՝ Թուրքական խորհուրդ և այլն, որով Ադրբեջանը դե ֆակտո (բայց դեռ ոչ դե յուրե) դառնում է Թուրքիայի մաս, ու վերջինիս ազդեցությունը շատ խորքային է դառնում։ Ադրբեջանն այդտեղից պոկվել չի կարող, որևէ առարկայական բան անել չի կարող, Ադրբեջանը չի կարող նաև Արցախում իրենց, այսպես կոչված, «հաղթանակն» առանձնացնել Թուրքիայից, առանց Թուրքիայի դա չէր լինի։ Թուրքիայում դա շատ լավ գիտեն, Էրդողանն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին, նա գիտի, որ այս «հաղթանակը» 80 տոկոսով Թուրքիայի հաղթանակն է, 20 տոկոսով՝ Ադրբեջանինը»։

    Իսկ զրույցի վերջում՝ խաղաղության մասին։ «Խաղաղություն չկա ու չի կարող լինել։ Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից 1918 թվականին Քյազըմ Կարաբեքիրի զորքերով։ Այնպիսի մշակույթ են ստեղծել, որ լինի հակահայկական պետություն, որի միակ նպատակը Հայաստանի դեմ պատերազմն է։ Դա ստեղծել է Թուրքիան, և մինչև հիմա այդ գիծը շարունակում է։ Եվ քանի դեռ Ադրբեջանը Թուրքիայից չի պոկվել, այս գիծը երբեք չի փոխվելու։ Քանի Ադրբեջանը պանթյուրքիստական պետություն է, պանթյուրքիզմը նրա պետական գաղափարախոսությունն է, այդ գիծը չի փոխվելու։ Չկա մի քայլ, որն Ադրբեջանը ձեռնարկի, և հնարավոր լինի ասել, որ սա դեպի խաղաղություն քայլ է։ Հակառակը՝ Հայաստանը, 1991 թվականից սկսած, բոլոր անհրաժեշտ քայլերը դեպի խաղաղություն արել է։ Ուղղակի չէինք տիրապետում իրավիճակին, որ Ադրբեջանը դեպի խաղաղություն չի գնացել և չի գնալու։ Ադրբեջանը կարող է հաղթել, Ադրբեջանը կարող է պարտվել, բայց դեպի խաղաղություն չի գնալու»,-եզրափակում է Հրանտ Միքայել յանը։


    ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Հայաստանում բենզինի վերջին թանկացումը ներմուծումներից կախված, աշխարհաքաղաքական խոցելիություն ունեցող և սահմանափակ մրցակցային կառուցվածքով շուկայի ամբողջական ճգնաժամի արտահայտություն է։ Երբ «Ռեգուլ յար» տեսակի բենզինի գինը հասնում է մոտ 600-620 դրամի, իսկ «Պրեմիումի» գինը՝ 620-650 դրամի, հասարակության համար դա դառնում է ոչ թե միայն վարորդների խնդիր, այլ ընդհանուր սոցիալ-տնտեսական անհանգստության ազդանշան, որովհետև վառելիքը Հայաստանի տնտեսության մեջ ներգործում է շղթայական տրամաբանությամբ։


    Այն մտնում է տրանսպորտի, գյուղատնտեսության, առևտրի, շինարարության, ծառայությունների, միջհամայնքային փոխադրումների և նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքների վերջնական գնի մեջ։ Այդ պատճառով բենզինի թանկացումը երբեք չի սահմանափակվում լցակայանի ցուցանակով։ Այն արագորեն վերածվում է սպասումների փոփոխության, բիզնեսների ծախսերի վերանայման, սպառողների անհանգստության, գնաճային ճնշման։


    Հայաստանում այս գործընթացն առավել սուր է ընկալվում այն պատճառով, որ վառելիքի շուկայի հետ կապված իշխանությունները տևական ժամանակ ներկայացնում են, որ առանձնահատուկ քաղաքականություն են վարում դիվերսիֆիկացման, մատակարարման նոր աղբյուրների ներգրավման և նախկին կախվածություններից ազատվելու ուղղությամբ։ Մինչդեռ գների կտրուկ աճը վկայում է այն մասին, որ իրական դիվերսիֆիկացումը շատ ավելի բարդ, երկարաժամկետ և համակարգային աշխատանք է, քան պարզապես մեկ ուղղությունը մյուսով փոխարինելը կամ կարճաժամկետ ներմուծման վիճակագրությունը քաղաքական ձեռքբերում ներկայացնելը։

    Հայաստանի բենզինի շուկայի հիմնական խոցելիությունը նախևառաջ կառուցվածքային է. երկիրը չունի սեփական նավթային ռեսուրսներ, չունի ներքին խոշոր նավթավերամշակման հզորություններ, չունի ծովային ելք, իսկ մատակարարումները կախված են արտաքին արտադրողներից, տարանցիկ երկրներից, երկաթուղային ու ավտոմոբիլային լոգիստիկայից, միջազգային գներից, փոխարժեքից և քաղաքական հարաբերություններից։ Այս պայմաններում ցանկացած ցնցում՝ լինի ռուսական նավթավերամշակման գործարանների վնասում, տարածաշրջանային պատերազմ, ծովային նեղուցների ռիսկ, արտահանման սահմանափակում, լոգիստիկ ծախսերի աճ կամ խոշոր ներկրողների պահվածքի փոփոխություն, կարող է շատ արագ արտահայտվել ներքին գնի վրա։


    Գաղտնիք չէ, որ մեծ է Հայաստանի վառելիքային կախվածությունը Ռուսաստանից։ Ըստ հրապարակված գնահատականների, 2023 թվականին Հայաստանի բենզինի ներմուծման շուրջ 90 տոկոսը բաժին էր ընկնում Ռուսաստանին, իսկ 2026 թվականի առաջին կեսին ռուսական մասնաբաժինը արդեն նվազել էր մոտ 20 տոկոսի՝ շուկան վերակազմավորելով այլ մատակարարների ուղղությամբ։ Բայց նույնիսկ այս դեպքում բենզինի գների շուկայում գնային առումով դրական փոփոխություններ այդպես էլ չնկատվեցին, ավելին՝ հակառակ գործընթացն է տեղի ունենում, ինչի հետևանքով դիվերսիֆիկացիան սպառողի համար ոչ թե կայունության, այլ թանկացման հոմանիշ է դարձել։


    Ռուսաստանից ներմուծման կտրուկ նվազումը Հայաստանի համար բացեց այլընտրանքային ուղղությունների անհրաժեշտություն, սակայն այդ ուղղությունները, ինչպես ցույց է տալիս ընթացիկ իրավիճակը, ոչ միշտ են ավելի էժան, ոչ միշտ են ավելի կայուն և ոչ միշտ են բավարար ծավալներով հասանելի։ Այստեղ է առաջանում իշխանության դիվերսիֆիկացիոն քաղաքականության նկատմամբ հիմնական հարցը։ Իշխանությունը փորձում է ներկայացնել, որ Հայաստանը վառելիքի ներմուծման հարցում անցնում է տարբեր ուղղություններով աշխատելուն, իսկ նոր աղբյուրների ներգրավումը մեծացնում է շուկայի կայունությունը։

    Հրապարակված տվյալներում իսկապես երևում է, որ 2026 թվականի առաջին կեսին նավթամթերք է ներմուծվել մի շարք երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, Վրաստանից, Իսրայելից, Ռումինիայից, Բուլղարիայից և այլ ուղղություններից, իսկ առանձին աղբյուրներ նշում են, որ Ռուսաստանի կրճատված մասնաբաժինը փոխարինվում է Եվրամիության երկրներից, Թուրքիայից և առաջին անգամ նաև Ադրբեջանից եկող մատակարարումներով։


    Բայց դիվերսիֆիկացիայի էությունը ոչ թե մատակարարների ցուցակը երկարացնելն է, այլ այնպիսի համակարգ ստեղծելը, որտեղ որևէ մեկ ուղղության խափանումը չի հանգեցնում ներքին շուկայում գների կտրուկ ցնցման։ Եթե նոր ուղղություններով ներմուծումները փոքր ծավալների են, եթե պայմանագրերը կարճաժամկետ են, եթե չկա ռազմավարական պահուստ, եթե լոգիստիկան թանկ է, եթե գնային ռիսկերը ամբողջությամբ փոխանցվում են սպառողին, ապա այդ դիվերսիֆիկացիան ավելի շատ վիճակագրական է, քան իրական։


    Ադրբեջանից բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման թեման այս համատեքստում առանձնահատուկ քաղաքական և տնտեսական զգայունություն ունի։ Երբ Հայաստան սկսեցին հասնել ադրբեջանական վառելիքի առաջին խմբաքանակները, իշխանությանը մոտ շրջանակները փորձեցին դա ներկայացնել որպես տարածաշրջանային նոր իրողությունների, կոմունիկացիաների բացման և շուկայի ընդլայնման դրական արդյունք։ Որոշ ժամանակ գների նվազման կամ առնվազն շուկայում մատակարարման ճնշման թուլացման ֆոնին ստեղծվեց տպավորություն, թե ադրբեջանական ուղղությունն ունի էական ազդեցություն ներքին գների վրա։ Սակայն այսօր, երբ ներմուծումը Ադրբեջանից շարունակվում է, բայց գները կրկին բարձրանում են, այդ փաստարկը կորցնում է իր միակողմանի ուժը։ Ավելին՝ Ադրբեջանն ինքը որոշ տեսակի բենզինի մասով կախված է ներմուծումներից, այդ թվում՝ Ռուսաստանի կամ Բուլղարիայի ուղղություններից, ինչը նշանակում է, որ Հայաստանը հաճախ գործ ունի ոչ թե առաջնային արտադրողի, այլ տարածաշրջանային վերամատակարարման բարդ շղթայի հետ։

    Գլոբալ էներգետիկ շուկայի անկայունությունը ևս, անկասկած, իրական գործոն է։ Մերձավոր Արևելքի լարվածությունը, Հորմուզի նեղուցի շուրջ պարբերաբար սրվող ռիսկերը, Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբի ուղղությամբ նավագնացության խնդիրները, նավթային ու նավթամթերքային տրանսպորտի ապահովագրական ծախսերի աճը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ նավթամթերքի գինը կարող է բարձրանալ ոչ միայն հում նավթի բորսայական գնի պատճառով, այլև լոգիստիկայի, ապահովագրության, պահեստավորման, վերամշակման և ռիսկային գործոնների հաշվին։ Սակայն այստեղ կարևոր է հարցնել՝ արդյո՞ք այս ռիսկերը անսպասելի էին Հայաստանի կառավարության համար։ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեկ օրում չի առաջացել, ռուսական նավթավերամշակման ենթակառուցվածքների վրա հարվածները մեկ շաբաթվա պատմություն չեն, իսկ Ռուսաստանի արտահանման սահմանափակումները և ներքին պակասուրդները նույնպես ամիսներ շարունակ քննարկվող խնդիրներ էին։


    Այսինքն, կառավարությունը չի կարող պնդել, որ շուկայի ցնցումը անակնկալ էր։ Ճիշտ հակառակը՝ վերջին ամիսները կարող էին օգտագործվել ռազմավարական պահուստների ձևավորման, երկարաժամկետ պայմանագրերի կնքման, այլընտրանքային ներմուծման ուղղությունների խորացման, մրցակցային միջավայրի խստացված վերահսկողության և հարկաբյուջետային մեղմման տարբերակների մշակման համար։


    Վառելիքի գների աճի երկրորդ խոշոր ներքին գործոնը շուկայի մրցակցային կառուցվածքն է։ Հայաստանում բենզինի շուկան երկար տարիներ ընկալվել է որպես մի քանի խոշոր խաղացողների կողմից վերահսկվող դաշտ, որտեղ ներմուծման, պահեստավորման, մեծածախ իրացման և մանրածախ ցանցերի նկատմամբ վերահսկողությունը կենտրոնացված է սահմանափակ թվով ընկերությունների ձեռքում։ Նման շուկաներում գների միաժամանակյա և նույնաչափ փոփոխությունը միշտ առաջացնում է սպառողների կասկածը, նույնիսկ եթե ընկերությունները պնդում են, որ բոլորն արձագանքում են նույն արտաքին գներին։ Տեսականորեն հնարավոր է, որ նույն մատակարարման աղբյուրներից, նույն փոխարժեքային միջավայրում և նույն հարկային բեռով գործող ընկերությունները միաժամանակ բարձրացնեն գները՝ առանց գաղտնի համաձայնության։ Բայց գործնականում, երբ շուկան փոքր է, խաղացողները քիչ են, ներկրման մուտքի արգելքները բարձր են, լոգիստիկան բարդ է, իսկ սպառողը չունի իրական այլընտրանք, գների համաժամանակյա բարձրացումը պետք է դառնա մրցակցային մարմնի խիստ և հրապարակային քննության առարկա։

    Խնդիրը միայն այն չէ, որ ընկերությունները կարող են գերշահույթ ստանալ, խնդիրը նաև այն է, որ հանրությունը պետք է համոզված լինի, որ գնի յուրաքանչյուր դրամը պայմանավորված է իրական ծախսով, ոչ թե շուկայական առիթից օգտվելու վարքագծով։ Պատահական չէ, որ հանրային դժգոհության կարևոր մասը հենց այստեղից է գալիս։ Քաղաքացին տեսնում է, որ միջազգային շուկայում լարվածություն կա, հասկանում է, որ Ռուսաստանից մատակարարումները նվազել են, գիտի, որ Հայաստանը ներմուծող երկիր է, բայց, միևնույն ժամանակ, հարց է տալիս՝ ինչո՞ւ են բոլոր լցակայաններում գները բարձրանում գրեթե նույն պահին և նույն չափով, ինչո՞ւ չի երևում մրցակցության ազդեցությունը, ինչո՞ւ փոքր և միջին ներկրողների մուտքը շուկա չի դառնում զսպող գործոն, ինչո՞ւ պետությունը հրապարակային չի բացում գնի կառուցվածքը, ինչո՞ւ չեն քննվում խոշոր ներկրողների պահեստային մնացորդները, ձեռքբերման գները, մարժաները և պայմանագրային պայմանները։


    Այստեղ կարևոր է նաև հարկային բաղադրիչը։ Վառելիքի մանրածախ գնի զգալի մասը ձևավորվում է ոչ միայն ներմուծման արժեքից և ընկերությունների մարժայից, այլև պետական հարկերից ու տուրքերից՝ ԱԱՀ-ից, ակցիզային հարկից և այլ պարտադիր վճարներից։ Հայաստանի հարկային օրենսդրությունը բենզինի և նավթամթերքի համար սահմանում է ակցիզային ու ԱԱՀ բեռ, իսկ հրապարակային քննարկումներում պարբերաբար նշվում է, որ կառավարությունը ունի որոշակի տարածք ճգնաժամային պայմաններում այդ բեռը ժամանակավորապես մեղմելու համար։ Ճգնաժամային իրավիճակում պետությունը կարող է դիտարկել ժամանակավոր հարկային մեղմման տարբերակներ, օրինակ՝ ակցիզային հարկի նվազեցում, ԱԱՀ-ի որոշակի վերադարձի կամ փոխհատուցման սխեմա հասարակական տրանսպորտի, գյուղատնտեսության կամ բեռնափոխադրումների համար, կամ գոնե նպատակային սուբսիդիա այն ոլորտներին, որտեղ վառելիքի թանկացումը անմիջապես անցնում է առաջին անհրաժեշտության ապրանքների գնի մեջ։ Իհարկե, հարկերի նվազեցումը բյուջեի համար ունի արժեք, քանի որ պետությունը պետք է ֆինանսավորի անվտանգություն, սոցիալական ծրագրեր, ենթակառուցվածքներ և այլ պարտավորություններ։ Բայց ճգնաժամային կառավարումը հենց այն է, որ պետությունը որոշում է՝ կարճաժամկետում ինչ բեռ վերցնել իր վրա, որպեսզի ամբողջ բեռը չընկնի քաղաքացու և տնտեսության վրա։


    Հարկային մեղմումը, սակայն, ինքնին բավարար չէ, եթե չկա երաշխիք, որ նվազեցված հարկը կհասնի սպառողին, այլ ոչ թե կմնա ընկերությունների մարժայի մեջ։ Սա շատ կարևոր նրբություն է։ Եթե կառավարությունը պարզապես նվազեցնի ակցիզը կամ ԱԱՀ-ն, բայց միաժամանակ չվերահսկի մանրածախ գնի ձևավորումը, խոշոր խաղացողները կարող են հարկային նվազեցման մի մասը կլանել որպես լրացուցիչ շահույթ։ Հետևաբար, հարկային միջամտությունը պետք է լինի պայմանավորված և թափանցիկ՝ գնի կառուցվածքի հրապարակմամբ, մարժաների ժամանակավոր դիտարկմամբ, մրցակցային մարմնի ակտիվ վերահսկողությամբ և սպառողների համար տեսանելի արդյունքով։

    Տնտեսության մեջ սպասումները ևս մեծ նշանակություն ունեն։ Եթե բիզնեսը համոզված է, որ վառելիքը շարունակելու է թանկանալ, նա նախապես բարձրացնում է գները, իսկ եթե սպառողը սպասում է թանկացումների, փոխում է վարքագիծը՝ կրճատելով այլ ծախսեր կամ պահանջելով ավելի բարձր աշխատավարձ։ Այսպես վառելիքի գինը դառնում է ոչ միայն ծախսային, այլ նաև հոգեբանական գնաճի շարժիչ։


    Գյուղատնտեսության համար վառելիքի թանկացումը կարող է լինել հատկապես վտանգավոր։ Հայաստանի գյուղացին արդեն բախվում է ջրի, պարարտանյութի, տեխնիկայի, վարկերի, շուկայի հասանելիության և իրացման խնդիրների հետ։ Դիզվառելիքի կամ բենզինի գնի աճը բարձրացնում է հողի մշակման, բերքի տեղափոխման, ոռոգման պոմպերի աշխատանքի, պահեստավորման և շուկա հասցնելու ծախսերը։ Եթե այդ ծախսերը չեն փոխհատուցվում ավելի բարձր վաճառքի գնով, գյուղացին կորցնում է եկամուտը։ Եթե փոխհատուցվում են, սպառողը սննդի համար վճարում է ավելի բարձր գին։ Երկու դեպքում էլ սոցիալական լարվածությունը մեծանում է։


    Առանձին ուշադրության է արժանի նաև փոխարժեքային գործոնը։ Վառելիքը հիմնականում ձեռք է բերվում արտարժույթով, և դրամի փոխարժեքի ցանկացած տատանում կարող է ազդել ներմուծման արժեքի վրա։ Եթե դրամը կայուն կամ ուժեղ է, դա որոշ չափով մեղմում է արտաքին գների աճը, իսկ եթե դրամը թուլանում է, արտաքին շոկը բազմապատկվում է։ Վառելիքի ներկրողները հաճախ իրենց գնային քաղաքականության մեջ ներառում են ոչ միայն ներկա փոխարժեքը, այլ նաև ապագա ռիսկը, ինչը կարող է առաջացնել կանխարգելիչ թանկացում։ Այս առումով պետության և Կենտրոնական բանկի մակրոտնտեսական քաղաքականությունը նույնպես անուղղակի ազդեցություն ունի վառելիքի գնի վրա։

    Բայց փոխարժեքով բացատրել ամբողջ թանկացումը նույնպես բավարար չէ, անհրաժեշտ է տեսնել ամբողջ շղթան՝ մատակարարի գին, փոխադրում, ապահովագրություն, մաքսային վճարներ, հարկեր, պահեստավորում, մեծածախ մարժա, մանրածախ մարժա։ Հենց այս շղթայի թափանցիկության բացակայությունն է, որ հասարակական կասկածներ է ստեղծում։


    ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Վերջին շրջանում սոցցանցերում, հասարակական վայրերում և ամենուր ամենաքննարկվող թեման Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած արտակարգ ու վտանգավոր միջադեպն էր, երբ ադրբեջանցի զինծառայողը, ապօրինի հատելով Հայաստանի պետական սահմանը, ներխուժել էր բնակելի տուն։ Տանտիրուհին, նկատելով ներխուժողին, փորձել էր ինքնապաշտպանվել ձեռքի տակ եղած դանակով, ինչից հետո ադրբեջանցի զինծառայողը կրակել էր կնոջ ոտքին, իսկ քաշքշուկի ու դիմադրության ընթացքում վնասվածքներ էին ստացել նաև նրա երեխաները։ Ադրբեջանցի սահմանախախտը հետագայում ձերբակալվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից։


    Ստեղծված իրավիճակի, դրա հետևանքների և հնարավոր զարգացումների շուրջ «Փաստ»-ը զրուցել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ։


    Անդրադառնալով Շաքիում տեղի ունեցածին՝ Արշակ Կարապետյանը նշեց, որ ուշադիր հետևել է Սյունիքում ծավալված իրադարձություններին և ադրբեջանական խմբի ներթափանցմանը։ Նրա խոսքով՝ ուշագրավ է, որ հայկական կողմն սկզբում փորձում էր չընդունել տեղի ունեցածը՝ նշելով, թե իբր մեկ մարդ է եղել, կամ դեռ պետք է պարզել՝ կրակել է, թե չի կրակել, և ինչպես է կինը վիրավորվել։

    «Անկեղծ ասած, կարդում էի ու զարմանում։ Սա ևս մեկ անգամ հաստատում է իմ այն խոսքերը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղություն» գենետիկորեն չի կարող լինել։ Մեր միջև կարող է լինել միայն խաղաղ համակեցություն, իսկ դրանք բոլորովին տարբեր ըմբռնումներ են, որովհետև մենք բոլորովին տարբեր ժողովուրդներ ենք»,- ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը։


    Խոսելով տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների մասին՝ Կարապետյանը նկատեց, որ Ադրբեջանը, որն իրենից ներկայացնում է բազմաթիվ էթնիկ ժողովուրդների միավորում, ստեղծվել է պատմական որոշակի քաղաքական գործընթացների արդյունքում։ Այսօր, ստանալով մեծ ռեսուրսներ, Ադրբեջանը փորձում է վերաբերվել Հայաստանին այնպես, ինչպես ցանկանում է։ Ավելին, ըստ նրա, նախկինում թուրքական ղեկավարության առջև խոնարհվող Ադրբեջանն այժմ արդեն հակամարտության մեջ է մտնում նաև Թուրքիայի հետ։


    «Գիտե՞ք, թե որն է մեր տարածաշրջանում մնացած հիմնական իրադարձությունն ու անհամաձայնության գլխավոր կետը. դա Նախիջևանի տարածքն է։ Այժմ պայքար է ընթանում Նախիջևանի տարածքի համար։ Նախկինում պայքար էր ընթանում Ղարաբաղի տարածքի համար, որը ադրբեջանական կողմը համարում է ավարտված։ Այժմ ընթանում է պայքար Նախիջևանի տարածքի վրա ազդեցության համար՝ թե ում է այն պատկանում. պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի միջև է։ Այստեղից են բխում ճանապարհների հարցերը, էներգետիկ ռեսուրսներով ապահովման խնդիրները, որովհետև Նախիջևանն ավելի ու ավելի է ընկնում Թուրքիայից կախվածության մեջ, և այնտեղ դե ֆակտո արդեն տեղակայված են թուրքական զորքեր»,- պարզաբանեց գեներալ-մայորը։

    Անդրադառնալով սահմանախախտ զինծառայողի իրավական պատասխանատվության հարցին՝ Արշակ Կարապետյանը շեշտեց, որ ցանկացած նորմալ և ինքնիշխան երկրում, եթե զինված դասալիք է մտնում տարածք և կրակում քաղաքացու վրա, նրան պետք է դատեն հենց այդ երկրի տարածքում, և նա պատիժը պետք է կրի տվյալ պետությունում։


    Սակայն «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նշեց, որ, ըստ իր ստացած տեղեկությունների, հայկական և ադրբեջանական իշխանությունների միջև արդեն բանակցություններ են ընթանում զինծառայողին Բաքվին վերադարձնելու շուրջ։


    «Չեմ ցանկանում հավատալ, որ մեր ղեկավարությունը կարող է դավաճան լինել նման աստիճանի։ Ես դեռ ճշտում եմ այս տեղեկությունը, բայց, պարզվում է, արդեն բանակցություններ են ընթանում, և Ադրբեջանը պահանջում է վերադարձնել այդ զինծառայողին։ Ես անկեղծորեն ասեմ՝ մեծ մտահոգություններ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը նրան հանձնելու է։ Մեծ անհանգստություն ունեմ, որ այն մարդը, հանցագործություն կատարելով Հայաստանի տարածքում, չի կանգնի հայկական դատարանի առջև»,- նշեց նա։

    Եզրափակելով՝ Կարապետյանը կոչ արեց պաշտոնական աղբյուրներին՝ հերքել իր մտահոգությունները և ապահովել օրենքի ու արդարադատության հաղթանակը. «Թող հերքեն իմ խոսքերը։ Թող պաշտոնական հերքում տան և ասեն, որ Արշակ Կարապետյանը սխալվում է, և որ նրան դատելու են Հայաստանի տարածքում։ Երբ դատը տեղի ունենա, ես միայն կողջունեմ դա։ Ես հիմա ուզում եմ սխալված լինել։ Ուզում եմ սխալվել, որպեսզի հասկանամ, որ կա Հայաստան, հասկանամ, որ ես Հայաստանի քաղաքացի եմ և կարող եմ հպարտանալ դրանով։ Այլապես ստացվում է, որ եթե Հայաստանի տարածքում ադրբեջանցին կրակում է, դա այլևս հանցագործությո՞ւն չէ»։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել կառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի թիվ 468-Լ՝ «Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ։


    Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում օգոստոսի 31-ի դրությամբ տրամադրվել է մոտ 44,04 մլրդ դրամի 24729 միավոր վարկ։ Ծրագրի գործողության ժամանակահատվածի արդյունքներով պայմանավորված՝ առաջացել է դրա իրականացման ժամկետի փոփոխության անհրաժեշտություն։ Մասնավորապես, ծրագրով սահմանված 2026-2027 թվականների փոխարեն առաջարկվում է այն իրականացնել միայն 2026 թվականին։


    Միաժամանակ, ծրագրի գործողության ժամկետի հստակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև ֆինանսական կառույցի և շահառուի միջև վարկային պայմանագրի կնքման վերջնաժամկետը։ Այդ նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ ֆինանսական կառույցի և շահառուի միջև վարկային պայմանագիրը պետք է կնքվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։

    Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է ծրագրի իրականացման ժամկետը սահմանել 2026 թվականը։ Միաժամանակ հստակեցվում է ֆինանսական կառույցի և շահառուի միջև վարկային պայմանագրի կնքման ժամկետը՝ այն սահմանելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Նշվում է, որ գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղված է ինտենսիվացմանը, պարենային համակարգերի դիմակայունության բարձրացմանը և թվային գյուղատնտեսության զարգացմանը։


    Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսում։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Կենսաչափական նոր համակարգի ներդրման հետ կապված՝ հանրային լուրջ դժգոհություն ու մտահոգություններ է հարուցել այն հանգամանքը, որ անձնագրավորվող քաղաքացիների կենսաչափական տվյալները լինելու են ինչ-որ մասնավոր ընկերության տրամադրության տակ:


    ՆԳՆ-ն նախօրեին մի հաղորդագրություն է տարածել, որի ամբողջ իմաստը հանգում այն բանին, թե՝ «մասնավոր գործընկերը» միայն ապահովում է համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքը, անվտանգային լուծումները, մի խոսքով՝ «մասնավոր գործընկերոջը» չի փոխանցվում քաղաքացիների տվյալները տնօրինելու իրավասությունը, քաղաքացիների տվյալների օգտագործման իրավական և տեխնիկական շրջանակը սահմանում է պետությունը:


    Շատ լավ, ընդունեցինք: Բայց ՆԳՆ այդ հայտարարությունն ավելի շատ հարցերի առիթ է տալիս:

    Նախ՝ եթե մասնավորը միայն տեխնիկական հարցերով է զբաղվում, ապա ինչի՞ համար են այդքան «անձնագրային սեղանները»: Անում էին, էլի, այդ գործն անձնագրային սեղանների աշխատողները: Էլ ինչո՞ւ եք մասնավորին տալիս: Ի՞նչ կա դրա տակ, որ մասնավորին եք փոխանցում այդ գործը: Ո՞ւմ նորահայտ օլիգարխի բիզնեսն է դա լինելու: Ի՞նչ է դա արժենալու ՀՀ քաղաքացիների գրպաններին:


    Բացի այդ, անկախ ամեն ինչից, մարդիկ փաստաթղթեր, տվյալներ են ներկայացնելու ՆԳՆ «մասնավոր գործընկերոջը», այդ բոլոր տվյալները մասնավորի ձեռքով են անցնելու, պահվելու են մասնավորի ձևավորած ենթակառուցվածքում: Այսինքն, գրեթե ամբողջ գործընթացը մասնավորի ձեռքով է անցնելու: Այդ ամբողջ տեղեկությունը, միևնույնն է, չի արխիվացվելո՞ւ մասնավորի մոտ, չի՞ մնալու նրա տրամադրության տակ: Իսկ եթե պետությունը պիտի շարունակի անել նույն գործառույթները, ինչպես հավաստիացնում է ՆԳՆ-ն, է, կրկնենք, թող շարունակեր անել: Ո՞րն է պրոբլեմը:


    Հա, մեկ էլ ասում են, թե «ՀՀ քաղաքացու տվյալները երբեք այսչափ պաշտպանված չեն եղել, որքան կլինեն նոյեմբերի մեկից»: Այսի՞նքն: Պետությունն իր (ՆԳՆ-ի) բերանով ասում է, որ այն ժամանակ, երբ պետությունն ինքն էր այդ ամեն ինչով զբաղվում, ՀՀ քաղաքացիների տվյալներն առանձնապես ապահով պաշտպանվա՞ծ չէին, հիմա անհամեմատ պաշտպանված են լինելո՞ւ: Լո՞ւրջ:

    Կարճ ասած՝ ՆԳՆ «պարզաբանումները» իրականում ոչ թե փարատեցին հանրության մտահոգությունները, այլ հակառակը՝ ավելի խորացրին:


    Ի դեպ, հետաքրքրական է, թե ինչ հանկարծահաս մասնավորասիրությամբ է համակվել փաշինյանական իշխանությունը: Այն իշխանությունը, որ մասնավոր սեփականատերերից կամայականորեն խլում է նրանց սեփականությունը, ինչպես զավթեց ՀԷՑ-ը, Արարատի ցեմենտի գործարանը, անօրինաբար կապարակնքում է մասնավոր ընկերությունների դռները, իսկ հիմա անձնագրային հարցերը պատվիրակում է մասնավորին:


    Հա, ի դեպ, այս թեմայով սոցցանցերում կես կատակ-կես լուրջ առաջարկություններ կան, օրինակ՝ միգուցե կառավարության գործառույթներն էլ մասնավորին փոխանցե՞ք: Իսկ ինչո՞ւ ոչ: Չնայած, արդեն փոխանցված է, արդեն ութ տարի է՝ կառավարությունն էլ, այլ պետական կառույցներն էլ հանձնված են մեկ անձի քմահաճույքին…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում