Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը հույս ունի, որ ուկրաինական խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը կպսակվեն հաջողությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք աշխատանքային ուղիներով կապի մեջ ենք ամերիկացիների հետ, և մենք հույս ունենք, որ նրանց ջանքերը՝ ողջ իրավիճակը խաղաղ զարգացման ուղու վրա դնելու ջանքերը, այնուամենայնիվ, կպսակվեն հաջողությամբ», – նշել է Պեսկովը։
«Համենայնդեպս, մենք, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահը, պահպանում ենք մեր բացությունը դրա համար», – հստակեցրել է Կրեմլի ներկայացուցիչը։
Իշխանությունն անցել է նախընտրական շրջանում տված խոստումների կատարմանը, սակայն ոչ թե երկրի բարեկեցության և անվտանգության ապահովման, այլ իր տեսակետները չկիսող անձանց մեկուսացման ուղղությամբ։
Պետությունների պատմությունը երբեք չի եղել միայն դաշինքների, պայմանագրերի կամ արտաքին գործընկերությունների պատմություն։ Այն միշտ եղել է մի խորքային հարցի պատմություն՝ արդյո՞ք տվյալ պետությունը կարողանում է մնալ իր զարգացման ուղղությունը որոշող քաղաքական սուբյեկտ, թե՞ աստիճանաբար վերածվում է արտաքին գործընթացներին արձագանքող համակարգի։ Այս տարբերությունը, որը հաճախ անտեսվում է քաղաքական բանավեճերում, իրականում որոշում է ոչ միայն պետության արտաքին վարքագիծը, այլ նաև նրա ներքին կայունությունը, ինստիտուցիոնալ որակը և երկարաժամկետ գոյության կարողությունը։
Ժամանակակից աշխարհում, որտեղ ինտեգրացիոն գործընթացները դարձել են համընդհանուր, այս հարցը ստացել է նոր բովանդակություն։ Պետությունները այլևս չեն գործում մեկուսացված, և համագործակցությունը տարբեր կենտրոնների հետ դարձել է անհրաժեշտություն։ Սակայն հենց այստեղ է առաջանում ամենաբարդ խնդիրը. համագործակցությունը երբեմն կարող է աստիճանաբար վերածվել կախվածության կառուցվածքի, եթե պետությունը չի պահպանում իր ռազմավարական կենտրոնի բավարար ուժը։ Այդ կենտրոնը այն ինստիտուցիոնալ և գաղափարական միջավայրն է, որտեղ ձևավորվում են ազգային նպատակները, սահմանվում են առաջնահերթությունները և որոշվում է արտաքին հարաբերությունների տրամաբանությունը։
Այս համատեքստում կարելի է առաջարկել ավելի համակարգված վերլուծական մոտեցում՝ պետության ռազմավարական կարողությունը դիտարկելով որպես բազմաչափ կառուցվածք, որը բնութագրում է պետության իրական ինքնուրույնությունը։ Այս մոտեցման նպատակն է ոչ թե ստեղծել մաթեմատիկական պարզ ցուցանիշ, այլ ձևավորել ինտեգրալ գնահատման շրջանակ, որը թույլ է տալիս հասկանալ պետության քաղաքական սուբյեկտայնության իրական աստիճանը։ Այս շրջանակը կարելի է պայմանականորեն անվանել պետության ռազմավարական կարողության ինդեքս։
Այն հիմնված է հինգ փոխկապակցված բաղադրիչի վրա։ Առաջինը ռազմավարական որոշումների ինքնավարությունն է, որը ցույց է տալիս, թե որքանով են պետության հիմնական քաղաքական և անվտանգության որոշումները ձևավորվում ներսում՝ ազգային ռազմավարության շրջանակում, և որքանով են դրանք արձագանք արտաքին նախաձեռնություններին։ Երկրորդ բաղադրիչը ինստիտուցիոնալ կարողությունն է, որը բնութագրում է պետական կառավարման արդյունավետությունը, քաղաքական որոշումների իրականացման որակը և ինստիտուցիոնալ համակարգի կայունությունը ժամանակի ընթացքում։ Երրորդը տնտեսական ինքնուրույնությունն է, որը վերաբերում է տնտեսության կառուցվածքային կախվածությանը արտաքին շուկաներից, ֆինանսական հոսքերից և մակրոտնտեսական շոկերից։ Չորրորդը ռազմավարական ռեսուրսների վերահսկողությունն է՝ էներգետիկ, ենթակառուցվածքային և տեխնոլոգիական համակարգերի նկատմամբ պետական ազդեցության մակարդակը։ Վերջապես՝ հինգերորդը գաղափարական կամ կոնցեպտուալ ինքնուրույնությունն է, որը արտահայտում է այն աստիճանը, որով քաղաքական և հանրային դիսկուրսը ձևավորվում է ներսում՝ ազգային ռազմավարական տրամաբանության հիման վրա, այլ ոչ թե արտաքին ընկալումների և օրակարգերի ազդեցությամբ։
Այս բաղադրիչների համադրությունը թույլ է տալիս գնահատել պետության ռազմավարական կարողությունը որպես ամբողջական համակարգ։ Կարևոր է ընդգծել, որ այս մոտեցման հիմնական գաղափարը ոչ թե մեկ ոլորտի առավելագույն զարգացումն է, այլ դրանց միջև հավասարակշռության պահպանումը։ Պետության ռազմավարական կենտրոնը թուլանում է ոչ միայն առանձին բաղադրիչների ցածր մակարդակի դեպքում, այլ հատկապես այն իրավիճակում, երբ այդ բաղադրիչները զարգանում են անհամաչափ և չեն ձևավորում միասնական ռազմավարական համակարգ։
Այս տրամաբանության շրջանակում արտաքին ինտեգրացիան ինքնին չի դիտարկվում որպես վտանգավոր երևույթ։ Ժամանակակից աշխարհում ոչ մի պետություն չի կարող զարգանալ լիակատար մեկուսացման պայմաններում։ Սակայն վճռորոշն այն է՝ արդյո՞ք ինտեգրացիան ծառայում է ազգային ռազմավարությանը, թե՞ աստիճանաբար սկսում է փոխարինել այդ ռազմավարությանը։ Այստեղ է առաջանում այն նուրբ սահմանը, որը տարբերում է համագործակցությունը կախվածությունից։
Արտաքին ինտեգրացիայի և կախվածության հարաբերությունը կարելի է դիտարկել փուլային տրամաբանությամբ։ Առաջին փուլում համագործակցությունը հիմնականում ծառայում է ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանը։ Երկրորդ փուլում արտաքին շրջանակները սկսում են ձևավորել որոշ քաղաքական և կարգավորող օրակարգեր։ Երրորդ փուլում արդեն տեղի է ունենում այն իրավիճակը, երբ ներքին ռազմավարական ձևավորումը աստիճանաբար հարմարվում է արտաքին ինստիտուցիոնալ տրամաբանությանը, և պետությունը կորցնում է իր օրակարգի լիարժեք ինքնուրույնությունը։ Այս գործընթացը սովորաբար չի տեղի ունենում կտրուկ, այլ աստիճանական ինստիտուցիոնալ «նորմալացման» միջոցով։
Այս խնդիրը ավելի պարզ է դառնում տարբեր երկրների զարգացման փորձերի համեմատական դիտարկման դեպքում։ Հաճախ որպես օրինակ է բերվում Չինաստանի փորձը՝ որպես պետություն, որը կարողացել է համադրել գլոբալ տնտեսական ինտեգրացիան և բարձր մակարդակի ռազմավարական ինքնավարությունը։ Այս մոդելի էությունը ոչ թե մեկուսացումն է, այլ այն, որ արտաքին բացվածությունը կառուցված է ներքին ռազմավարական կենտրոնի շուրջ։ Արտաքին կապիտալը, տեխնոլոգիաները և շուկաները ներգրավվում են ոչ թե որպես ուղղություն որոշող գործոն, այլ որպես գործիք, որը ենթարկված է ազգային երկարաժամկետ ռազմավարությանը։
Նույն տրամաբանությունը թույլ է տալիս դիտարկել նաև Հայաստանի արտաքին քաղաքական զարգացման համատեքստը, մասնավորապես Եվրոպական միության հետ խորացող հարաբերությունների շրջանակում։ Այս հարաբերությունները հիմնված են մի շարք կարևոր փաստաթղթերի և համաձայնագրերի վրա, որոնք ուղղված են ենթակառուցվածքային, տնտեսական և տարածաշրջանային կապերի զարգացմանը։ Այս ամբողջ համակարգը միասին ձևավորում է խորացող և բազմաշերտ ինտեգրացիոն ճարտարապետություն։
Սակայն վճռորոշ հարցը ոչ թե համագործակցության ծավալն է, այլ դրա քաղաքական ընկալումը։ Եթե այս գործընթացները դիտարկվում են որպես պետական կարողությունների ուժեղացման գործիքներ, ապա դրանք կարող են նպաստել ինստիտուցիոնալ բարեփոխումներին և տնտեսական զարգացմանը։ Սակայն եթե դրանք աստիճանաբար սկսում են ընկալվել որպես ինքնուրույն ռազմավարության փոխարինող, ապա ձևավորվում է կառուցվածքային ռիսկ, երբ տարբեր ոլորտներում կուտակվող արտաքին կախվածությունները միասին սահմանափակում են պետության քաղաքական ընտրության իրական ազատությունը։
Ժամանակակից պետությունների կայունության գնահատման համար կարելի է կիրառել բազմաչափ մոտեցում, որը թույլ է տալիս պետության ռազմավարական կարողությունը չափել որպես ինտեգրալ համակարգ։ Այս շրջանակում ռազմավարական որոշումների ինքնավարությունը, ինստիտուցիոնալ կարողությունը, տնտեսական ինքնուրույնությունը, ռազմավարական ռեսուրսների վերահսկողությունը և գաղափարական ինքնուրույնությունը դիտարկվում են որպես փոխկապակցված ամբողջություն։
Մեթոդաբանական առումով այս ինդեքսը կարելի է դիտարկել որպես կշռված կոմպոզիտ ցուցանիշ, որտեղ բաղադրիչները փոխազդում են ոչ գծային կերպով։ Հետևաբար այն պետք է ընկալել ոչ թե որպես մեխանիկական գումար, այլ որպես համակարգային հավասարակշռության չափում։
Հայաստանի դեպքում, հիմնված միջազգային կառավարման ցուցանիշների և մակրոտնտեսական կառուցվածքային դիտարկումների վրա, ստացվում է հետևյալ մոտավոր պատկերը։ Ռազմավարական որոշումների ինքնավարությունը գտնվում է 0,45–0,55 միջակայքում՝ արտացոլելով արտաքին անվտանգության միջավայրից բարձր կախվածությունը և միաժամանակ որոշակի բազմավեկտոր արտաքին քաղաքականության առկայությունը։ Ինստիտուցիոնալ կարողությունը գնահատվում է 0,50–0,60 միջակայքում՝ ցույց տալով գործող, սակայն ոչ լիովին կայուն պետական համակարգ։ Տնտեսական ինքնուրույնությունը գտնվում է 0,40–0,50 միջակայքում՝ պայմանավորված արտաքին շուկաներից և ֆինանսական հոսքերից կառուցվածքային կախվածությամբ։ Ռազմավարական ռեսուրսների վերահսկողությունը գնահատվում է 0,45–0,55 միջակայքում՝ արտացոլելով էներգետիկ և ենթակառուցվածքային կախվածությունները։ Գաղափարական ինքնուրույնությունը գտնվում է 0,40–0,50 միջակայքում՝ ցույց տալով քաղաքական դիսկուրսի արտաքին ազդեցությունների նկատմամբ զգայունությունը և ռազմավարական կոնսենսուսի սահմանափակ խորությունը։
Այս բաղադրիչների համադրման արդյունքում Հայաստանի ռազմավարական կարողության ինդեքսը կարելի է գնահատել մոտավորապես 0,46–0,54 միջակայքում։ Այս արդյունքը չի նշանակում ծայրահեղ կախվածություն, սակայն ցույց է տալիս միջին մակարդակի համակարգ, որը բնութագրվում է կառուցվածքային անհամաչափություններով։ Հիմնական առանձնահատկությունն այն է, որ տարբեր շերտերի զարգացումը համաչափ չէ. որոշ ինստիտուցիոնալ ոլորտներ համեմատաբար ավելի զարգացած են, մինչդեռ տնտեսական և գաղափարական ինքնուրույնության շերտերը ավելի թույլ են։
Այս անհամաչափությունը ունի կարևոր տեսական հետևանք, քանի որ այն ստեղծում է միջավայր, որտեղ արտաքին ինտեգրման գործընթացները կարող են զարգանալ ավելի արագ, քան ներքին ռազմավարական կենտրոնի ամրապնդումը։ Այս իրավիճակում պետությունը կարող է պահպանել ձևական ինքնիշխանություն և ակտիվ միջազգային համագործակցություն, սակայն միաժամանակ աստիճանաբար նվազեցնել իր քաղաքական որոշումների իրական ինքնուրույնության մակարդակը։
Վերջիվերջո, պետության ուժը չի չափվում միայն արտաքին գործընկերությունների լայնությամբ կամ ինտեգրման խորությամբ։ Այն չափվում է նրանով, թե որքանով է պետությունը կարողանում պահպանել իր զարգացման ուղղությունը որոշող ներքին ռազմավարական կենտրոնը։ Եթե այդ կենտրոնը պահպանվում է, պետությունը մնում է իր զարգացման ուղղությունը որոշող քաղաքական սուբյեկտ՝ անկախ արտաքին ինտեգրացիայի խորությունից։ Եթե այն թուլանում է, ապա նույնիսկ լայն միջազգային գործընկերությունների պայմաններում պետությունը աստիճանաբար կորցնում է իր հիմնական որակը՝ ինքն իրեն որպես քաղաքական սուբյեկտ վերարտադրելու կարողությունը։
Այս տեսանկյունից ժամանակակից պետականության գլխավոր մարտահրավերը ոչ թե ինտեգրացիայից հրաժարվելն է, այլ այնպիսի կառավարման համակարգի ձևավորումը, որտեղ արտաքին համագործակցությունը չի փոխարինում, այլ ամրապնդում է ներքին ռազմավարական կենտրոնը, որովհետև պետության իրական ազատությունը սկսվում է այն պահին, երբ այն շարունակում է մնալ իր զարգացման ուղղությունը որոշող ինքնուրույն քաղաքական սուբյեկտ՝ իր երկարաժամկետ ազգային շահի հիման վրա։
Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր։ Սողոմոնյան կղզիներ՝ Անկախության օր։ Տանզանիա՝ Գյուղատնտեսության օր։ Ճապոնիա՝ Տանբատա, կամ Աստղերի փառատոն (սիրո ճապոնական օր)։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1923– ԽՍՀՄ Կովբյուրոյի նիստում Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մասից կազմվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) Խանքենդի կենտրոնով, որը հետո վերանվանվել է Ստեփանակերտ, իսկ վիճելի համարվող հայկական ու հայաբնակ Ախալքալաքի ու Ծալկայի (Խրամի) պատկանելության հարցը թողնվել է Վրաստանի Կոմկուսի կենտկոմի հայեցողությանը, միաժամանակ որոշվել է Լոռու «չեզոք գոտին» թողնել Հայաստանի կազմում։
1927 – ծնվել է պատմաբան, բյուզանդագետ, հայագետ Հրաչ Բարթիկյանը։
2006-Հայաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է «Հայաստանի անկախության 15-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, որը տարածվել է մոտ 600-700 մարդու վրա։
2011-Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Դալին և սյուրռեալիստները» խորագիրը կրող աննախադեպ ցուցահանդես. Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է Սալվադոր Դալիի 120 աշխատանք։
2013- կայացել է «Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի բացումը, որի հյուրերի շարքում են եղել շանսոնյե Շարլ Ազնավուրը և կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը։
2020-կառավարության դիմաց Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ֆլեշմոբ են իրականացրել «Վորոնեժ և Կրասնոդար» անվանումով՝ ակնարկելով Հայաստանից մեծ ծավալի մաքսանենգ ծխախոտի՝ այդ քաղաքներում հայտնվելու փաստը։
2021- ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
ԱՇԽԱՐՀ
1438 -Ֆրանսիայի թագավոր Կարլ 7-րդը հայտարարել է «պրագմատիկ սանկցիա», ըստ որի, սահմանվել է թագավորի իշխանության գերակայությունը Հռոմի պապի իշխանության նկատմամբ։
1520 -Էռնան Կորտեսի՝ մի քանի հարյուրի հասնող իսպանացի կոնկիստադորները Օտումբեի ճակատամարտում համոզիչ հաղթանակի են հասել Ացտեկական կայսրության բազմահազարանոց բանակի նկատմամբ, որով իսկ դրել են այդ կասրության անկման հիմքը։
1575 -զինադադարի բանակցությունների համար հանդիպած անգլիական և շոտլանդական ջոկատները կռվի են բռնվել, որը հայտնի է որպես Ռիդզվայրի ճակատամարտ. այն հանդիսացել է Շոտլանդական և Անգլիական թագավորությունների միջև տեղի ունեցած վերջին ճակատամարտը։
1668 -անգլիացի գիտնական Իսահակ Նյուտոնը ստացել է գիտությունների մագիստրի կոչում։
1746 –ծնվել է իտալացի աստղագետ Ջուզեպպե Պյացցին։
1807 -Ռուսական Կայսրության և նապոլեոնական Ֆրանսիայի միջև կնքվել է Տիլզիտյան խաղաղության պայմանագիրը։
1846 -ԱՄՆ-ը հայտարարել է Մեքսիկայի մաս հանդիսացող Կալիֆորնիայի անեքսիայի մասին։
1860 –ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերը։
1887– ծնվել է ազգությամբ հրեա, ֆրանսիացի նկարիչ Մարկ Շագալը։
1891 – «Ամերիքն էքսպրեսս» ընկերությունը արտոնագրել է ճանապարհային անդորրագիրը, որը հանդիսացել է ժամանակակից վարկային քարտերի նախատիպը։
1911 –ծնվել է իտալական ծագումով ամերիկացի կոմպոզիտոր Ջան Կարլո Մենոտտին։
1930– վախճանվել է շոտլանդացի գրող Արթուր Կոնան Դոյլը, որը հայտնի է որպես Շերլոկ Հոլմսի մասին դետեկտիվ պատմվածքների հեղինակ։
1937- միջադեպ է տեղի ունեցել Պեկինից ոչ հեռու գտնվող Լուգոուիցիաո կամրջին. ճապոնական զորքերը հարձակվել են չինական կայազորի վրա՝ դառնալով Ճապոնիայի կողմից Չինաստանի նկատմամբ իրականացված լայնամասշտաբ ագրեսիայի սկիզբ ու փաստացի ևս մեկ քայլ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու համար։
1940 – ծնվել է անգլիացի երաժիշտ Ռինգո Սթարը՝ «Beatles» խմբի անդամներից մեկը։
1950 -անգլիական Ֆորնբորո քաղաքում կայացել է առաջին ավիաշոուն։
1956– վախճանվել է գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, զինվորական բժիշկ Գոթֆրիդ Բենը։
1978 – Սողոմոնյան կղզիներն անկախություն են ստացել Միացյալ Թագավորությունից։
1980 -իրականացվել է արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռով առաջին թռիչքը Լա Մանշ նեղուցի վրայով։
1983 – Ուիմբլդոնի թենիսի մրցաշարում 17 տարեկան Բորիս Բեքերը դարձել է ամենաերիտասարդ հաղթողը։
1990– առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ֆորտ Բոյար» հեռուստախաղը։
2005 -ահաբեկչական պայթյուններ են իրականացվել Լոնդոնի մետրոյում և քաղաքային ավտոբուսներում։
tass.ru–ն «ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով այցելել է Բաքու, ապա՝ Երևան։ Այս շրջագայության առանձնահատկությունը Բրյուսելի կողմից երկու երկրների նկատմամբ ցուցաբերած հակադիր մոտեցումներն են. եթե Երևանի նկատմամբ հռետորաբանությունը հիմնված է ժողովրդավարական արժեքների ընդհանուր գաղափարի վրա, ապա Բաքվի հետ համագործակցությունը որոշվում է գործնական շահերով։
ԵՄ-ի համար կայուն վառելիքի մատակարարման ապահովման և նոր տրանսպորտային ուղիների կառուցման խնդիրները շատ ավելի կարևոր են, քան Ադրբեջանի իշխանությունների հետ գաղափարախոսական տարաձայնությունները։ Երևան կատարած այցն ուներ հիմնարարապես այլ նպատակ, այն է՝ ցույց տալ քաղաքական աջակցություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո։ Սակայն ավելի լայն համատեքստում այցը նաև նպատակ ուներ առաջարկել միջոցառումներ Հայաստանի տնտեսության՝ Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու համար։ Երևանում Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Հայաստանի համար աննախադեպ քայլերի մասին։ Բրյուսելն առաջարկել է արտակարգ անմաքս միջոցառումներ մտցնել դեպի ԵՄ հայկական ապրանքների արտահանման 80 %-ի համար։ Ֆոն դեր Լայենը նաև հաստատել է վերջին՝ 18 միլիոն եվրոյի տրանշի հատկացումը՝ որպես հունիսին հաստատված 52 միլիոն եվրոյի տնտեսական աջակցության փաթեթի մաս։ Այս միջոցները նախատեսվում է օգտագործել հայկական բիզնեսը եվրոպական չափանիշներին հարմարեցնելու և արտահանման խթանման գործակալություն ստեղծելու համար։ Կողմերը նաև քննարկել են վիզային ռեժիմի հետագա ազատականացման հարցը. Երևանը հույս ունի մինչև 2029 թվականը ԵՄ-ի հետ լիովին անվիզա կարգավիճակի հասնել։ Ավելին, Բրյուսելը խոստացել է տեխնիկական օգնություն և ներդրումներ էներգետիկայի ոլորտը դիվերսիֆիկացնելու և (կրկին) ռուսական ռեսուրսներից կախվածությունը նվազեցնելու համար։
Այս շրջագայության պահը՝ 2026 թվականի հուլիսի սկիզբ, բացատրվում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի միաժամանակյա փոփոխությամբ երեք հիմնական ոլորտում։ Առաջին հերթին անհրաժեշտ է Փաշինյանի ընտրական հաջողության ամրապնդում: Նաև անհրաժեշտ են տնտեսական մանևրներ։ Երևանի քաղաքական շրջադարձը և ՀԱՊԿ-ից փաստացի դուրս գալը համընկել է ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական խնդիրների սրման հետ։ Ավանդական ռուսական շուկայի կորուստը լուրջ հարված է Հայաստանի համար, բայց այդ ճգնաժամը հրահրվել է հենց Երևանի և Բրյուսելի կողմից, և այժմ Եվրամիությունը փորձում է փոխհատուցել այդ քաղաքականության հետևանքները՝ շտապ կերպով մտցնելով անմաքս ռեժիմ։
Կարևոր է նաև խաղաղության համաձայնագրի իրականացումը։ Բաքվում և Երևանում ակտիվություն ցուցաբերելով՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը ձգտում է ապահովել Բրյուսելի կարգավիճակը՝ որպես խաղաղության հաստատման և ստեղծվող ենթակառուցվածքների, առաջին հերթին՝ Միջին միջանցքի նախագծի, հիմնական ֆինանսական օպերատոր և հովանավոր։
Այնուամենայնիվ, իրական տնտեսական ցուցանիշների առումով Բրյուսելի կողմից հայտարարված օգնության ու առևտրի ծավալները բավականին համեստ են թվում։ Միջին միջանցքով բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 2025 թվականին հասել է ռեկորդային 4,7 միլիոն տոննայի, և նախատեսվում է, որ մինչև 2027 թվականը այն կհասնի տարեկան 10 միլիոն տոննայի։ Սակայն, Համաշխարհային բանկի գնահատականներով, որպեսզի տարածաշրջանը ցամաքային տարանցումից ստանա զգալի եկամուտներ, այդ ծավալը պետք է աճի մինչև տարեկան առնվազն 30-40 միլիոն տոննայի։ Ներկայում կովկասյան ենթակառուցվածքները ֆիզիկապես պատրաստ չեն նման բեռի, իսկ դրանց արդիականացմանն ուղղված ներդրումները բավականին նշանակալի չեն։ Նույնիսկ «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ (TRIPP նախագիծ) Կասպյան երթուղին դժվար թե կարողանա գնի առումով մրցակցել Ռուսաստանի միջով անցնող Հյուսիսային միջանցքի հետ։
Բրյուսելի կողմից Բաքվին և Երևանին որպես հակամարտության սցենարի այլընտրանք առաջարկվող տրամաբանությունն է կառուցել տրանսպորտային ենթակառուցվածքներ՝ ակնկալելով, որ դա, ի վերջո, զգալի եկամուտներ կապահովի այդ երկրներին։ Սակայն այդ դիվիդենտները օբյեկտիվորեն համեստ կլինեն։ Դրանք անկարող են փոխարինել Ադրբեջանի նավթից և գազից ստացված եկամուտները կամ Հայաստանի՝ ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանի հետ առևտրից ստացված հսկայական շահույթը։ Տրանսպորտային մայրուղիների զարգացումից «միլիարդավոր դոլարների օգուտների» մասին բարձրագոչ հայտարարությունները ներկայիս տնտեսական փաստերի արձանագրում չեն, այլ քաղաքական գործիք։
Այս տարին հոբել յանական է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի համար։ Նոյեմբերի 5-ին նա նշելու է ծննդյան 75-ամյակը։ «ԱՐԱՐ» երգչախումբը, որը երկար տարիներ համագործակցում է կոմպոզիտորի հետ, որոշել է նշանավորել նրա հոբել յանը համերգային ծրագրով։ Երգչախմբի և կոմպոզիտորի բարեկամության և երկարատև համագործակցության մասին զրուցել ենք երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, խմբավար Գոռ Մելքումյանի հետ։ Նրա խոսքով, Երվանդ Երկանյանը մեր երաժշտական և հոգևոր մշակույթում առանցքային և կարևոր նշանակություն ունեցող կոմպոզիտոր է։ «Կարևոր է այս մասին խոսել և արձանագրել այս փաստը։ Սա բնավ արվեստագետին արված ինչ-որ հաճոյանքի խոսք կամ նրան շոյելու միջոց չէ։ Կարևոր է ճիշտ ժամանակին գնահատել այն արվեստագետին, որն ապրում է մեր կողքին։ Կազմակերպելու ենք համերգ՝ նվիրված Երվանդ Երկանյանի հոբել յանին, որն արժեքավոր կլինի նաև երգչախմբի գործունեության 14 տարվա ընթացքում։ Կոմպոզիտորի հետ վաղուց ձևավորվել է բարեկամական շփում և ընկերություն, որը բառերով փոխանցել հնարավոր չէ։ Ցանկանում ենք, որ համերգային երեկոն լինի նաև մեր ընկերության, բարեկամության ներկայացումը։ Նշեմ, որ կոմպոզիտորը մեր երգչախմբին նվիրել է մի շարք ստեղծագործություններ, որոնք համերգային երեկոն կդարձնեն էլ ավելի բացառիկ։ Նախատեսում ենք նաև հրատարակել գիրք, որտեղ կլինեն բոլոր այդ ստեղծագործությունները, և դրան կցել խտասալիկ, որտեղ կլինեն ստեղծագործությունների կատարումները։ Սրանք բարդ կազմակերպվող միջոցառումներ են, բայց ոգևորված ենք և լիահույս, որ հավուր պատշաճի կիրականացնենք այդ ամենը։ Միջոցառումները նախատեսված են աշնանը, այս պահին փորձերի ակտիվ փուլում ենք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը։
Հետաքրքրվում ենք՝ իսկ ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց երաժշտությամբ պարուրված այս բարեկամությունը։ Գոռ Մելքումյանն անկեղծանում է՝ հաճախ է ինքն իրեն նույն հարցը տալիս և չի գտնում այդ ջերմ բարեկամության սկզբնակետը։ «Մի օր ուղղակի սկսեցինք համաքայլ գնալ, կատարել իր ստեղծագործությունները, իրեն հրավիրել մեր համերգներին, շփվել, այցելել իրենց տուն։ Ի դեպ, նշեմ, որ պարոն Երկանյանը և նրա տիկինը՝ Աննա Արևշատյանը, շատ հյուրընկալ ընտանիք են։ Պարբերաբար այցելում ենք իրենց։ Մոտ 14 տարվա մեր ընկերության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը։ Երբ ասում եմ Երվանդ Երկանյան, մտքումս միանգամից հետևյալ բնութագրերն են հայտնվում՝ Մարդ, քաղաքացի, մտավորական և արվեստագետ։ Երբ խոսում ենք Երվանդ Երկանյան մարդու մասին, պետք է հաշվի առնենք նրա կյանքի, այսպես ասած, դրամատիկ կողմը։ Նա ունեցել է կյանքի և՛ լուսավոր, և՛ դժվար պահեր։ Հաճախ է լինում, որ կյանքի և՛ լուսավոր, և՛ բարդ ընթացքները մարդուն իջեցնում են բարձր նշաձողից, բայց նա իր կյանքի բոլոր փուլերում մնացել է հիանալի մարդ։ Քաղաքացու առումով կցանկանամ նշել, որ հաճախ մարդու մեջ ուղղակի ներառում ենք քաղաքացուն՝ հաշվի չառնելով, որ քաղաքացին այն կերպարն է, ով պետք է իր քաղաքացիական պարտքը, դիրքորոշումն ունենա պետության և իրեն շրջապատող այլ իրողությունների նկատմամբ։
Երվանդ Երկանյանի պարագայում կասեմ, որ նա բացառիկ քաղաքացու օրինակ է ազնվության տեսանկյունից, նա մտահոգ է պետության ու հայրենիքի յուրաքանչ յուր խնդրով։ Նա այն մտավորականն է, ով շատ չի խոսում և ավելի շատ իր գործին է տրված, սա քաղաքացու և մարդու վերաբերմունքն է իրականությանը, որում ապրում ենք: Նա ուղղակի եզակի արվեստագետ է, մեծ ոգու և ներշնչանքի տեր մարդ, արվեստագետ, ով անսպառ լիցքերով լիցքավորված մեզ այլ՝ մետաֆիզիկ աշխարհներից կարծես անվերջ փոխանցում է նյութեր, որոնք այլ լեզվով ուղղակի թարգմանելի չեն։ Դա այն երաժշտության լեզուն է, որի մոգական վարպետն է կոմպոզիտորը»,-ասում է «ԱՐԱՐ»-ի խմբավարը։
Մեր զրույցի ընթացքում նա ևս մեկ՝ իրենց երգչախմբի համար կարևոր հանգամանք է առանձնացնում։ «ԱՐԱՐ»-ը պետական երգչախումբ չէ, բայց այս հանգամանքը որևէ կերպ չի խանգարում կոմպոզիտոր Երկանյանին մշտապես լինել իրենց կողքին։ «Ունենք պետական լավ որակի երգչախմբեր, և կոմպոզիտորներն ու ստեղծագործողները հակված են հաճախ իրենց ստեղծագործությունները նվիրել այդպիսի խմբերին, որոնք համարվում են պրոֆեսիոնալ։ Սա խորհրդային տարիներից եկած ձևակերպում է, այն է՝ երբ խումբը պետական է և ֆինանսավորվող, նա պրոֆեսիոնալ է, երբ պետական կարգավիճակ չունի, կարծես ոչ պրոֆեսիոնալ է։ Կցանկանայի, որ այս մտածելակերպը մեր իրականության մեջ չլինի։ Եթե արվեստագետների ազատ ստեղծագործող խումբը չունի պետական ֆինանսավորում, դեռ չի նշանակում, որ իր գործին վերաբերվում է ոչ պրոֆեսիոնալ, մեր երգչախմբի պարագայում՝ առավել ևս։ Մեր առաջին նշաձողը պրոֆեսիոնալիզմն է։ Մեր՝ պետական կարգավիճակ չունենալը որևէ կերպ չի խոչընդոտել և խանգարել կոմպոզիտորին մեզ հետ լինել մտերիմ և ջերմ։ Կցանկանայի սա տարածվեր մյուս ստեղծագործողների վրա, որովհետև սա առանձնակի ջերմություն և ոգևորություն է արթնացնում յուրաքանչյուր ստեղծագործ մարդու մոտ, ով նկատում է իր թիկունքում կանգնած մտավորականների աջակցությունը»։
«ԱՐԱՐ»-ի երգացանկում մշտապես ներառված են կոմպոզիտորի երեսունից ավելի ստեղծագործություններ։ «Եղել են համերգներ, որոնց ընթացքում հնչել են միայն կոմպոզիտորի ստեղծագործությունները, մեր գրեթե բոլոր համերգներին, եթե դրանք չունեն կոնկրետ ուղղվածություն, մշտապես հնչում են նրա ստեղծագործությունները։ Հուրախություն մեզ, մեր սիրելի կոմպոզիտորը վերջին տարիներին հատկապես գրեթե միշտ ներկա է մեր համերգներին։ Դա և՛ մեզ, և՛ իր համար է կարևոր։ Ցանկանում ենք, որ մեր բարեկամությունը շարունակվի երկար տարիներ։ Մաղթում ենք նրան քաջ առողջություն, որպեսզի կարողանանք դեռ երկար վայելել իր ներկայությունը»,-եզրափակում է Գոռ Մելքումյանը։
«Ժորան մեր ընտանիքներում առաջին թոռնիկն էր։ Շատ գեղեցկադեմ էր, հրաշալի բնավորություն ուներ, իրեն բոլորն էին սիրում։ Մայրական ու հայրական կողմերի համար իսկական «կռվախնձոր» էր՝ այդ բառի լավագույն իմաստով, բոլորն ուզում էին իրենց մոտ տանել, պահել, սիրել։ Շատ հանգիստ տղա էր, երբեք չէր խոսում իր արածի և ունեցածի մասին։ Շատ հումորով էր, անգամ «Լավագույն հումորիստ» պատվոգրի էր արժանացել միջոցառման ժամանակ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ժորայի մայրիկը՝ տիկին Հերմինեն։
Ժորան ծնվել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց շատ լավ է սովորել «Եկեղեցու պատմություն» և ՆԶՊ առարկաները։ «Դասարանում իրեն բոլորն էին շատ սիրում և հարգում, միշտ շրջապատված էր ուշադրությամբ։ Վեցերորդ դասարանում արդեն ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի անդամ էր, ստացել է վկայագիր՝ որպես ակումբի կրտսեր սերժանտ։ Բոլոր միջոցառումներին այնքան սիրով էր մասնակցում՝ լինեին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումները, թե զորահանդես։ Յոթերորդ դասարանից նա սկսեց դուդուկի դասերի հաճախել։ Հատկապես շատ էր սիրում նվագել «Սարի աղջիկը»»։
Դպրոցն ավարտելուց հետո Ժորան զորակոչվում է Հայկական բանակ։ «Ամուսինս մեկնում էր արտագնա աշխատանքի։ Ժորաս հաճախ էր ասում. «Մա՛մ, պապային ասա, թող տուն գա, էլ չգնա Ռուսաստան»։ Մենք էլ էինք գնում-գալիս Ռուսաստան, բայց Ժորաս այդ երկրում ապրելու միտքը չէր ընդունում։ Հիշում եմ, որ վերջին զրույցներից մեկի ժամանակ իրեն ասացի՝ Ժո՛ր ջան, բանակից գաս, գնաս պապայի մոտ, մի քիչ օգնես, որ մեր բոլոր նպատակները կարողանանք իրականացնել, քեզ ամուսնացնենք։ Ինքն արձագանքեց. «Մա՛մ, երբեք Հայաստանից չեմ գնա»։ Երբ իրեն հակադարձում էի, որ այստեղ գործ չկա, ասում էր. «Մեքենաս կվաճառեմ, կենդանիներ կպահեմ, բայց երբեք Հայաստանից չեմ գնա»։ Դա էլ այն դեպքում, երբ մենք երբեք անասնապահությամբ չենք զբաղվել, նա նման բան չէր տեսել։ Այսինքն, իր համար անծանոթ մի բանով կզբաղվեր, բայց այլ երկրում ապրելու մասին չէր մտածում անգամ»։
2019 թվականի հուլիսի 4-ին Ժորան զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Եղնիկներում, որոշ ժամանակ հետո տեղափոխվել է Մարտակերտի «Ինտերնատ» զորամասի 5-րդ գումարտակ։ Ժորան եղել է շտապօգնության մեքենայի վարորդը։ «Փոքրուց մեքենա վարելու հետ սեր ուներ, դպրոցական տարիներին արդեն մեքենա էր վարում։ Հայրիկս վարորդ էր, իրեն հետն ամենուր տարել է։ Ապրում ենք Մեղրաձոր գյուղում։ Այստեղ ոստիկաններ չկային, մեքենաներին չէին կանգնեցնում, սիրում էր նաև գյուղում մեքենա վարել։ Դպրոցն ավարտելու կապակցությամբ իրեն մեքենա էինք նվիրել։ Վարելն իր տարերքն էր։
Ժորս միշտ ասում էր՝ տղեն պետք է ծառայի։ Բանակ զորակոչվելու հետ կապված ամեն բան ինքնուրույն է արել։ Միայն եկավ ու մեզ ասաց՝ այսինչ օրը գնում եմ բանակ։ Զանգեցի ամուսնուս, ասացի՝ ամսի չորսին մեր տղան բանակ է գնում։ Հունիսի 27-ին նա վերադարձավ Հայաստան, երկու օրվա մեջ կազմակերպել ենք իր մկրտությունը։ Ասացի արդեն, որ շատ էր սիրում «Եկեղեցու պատմություն» առարկան. միշտ նշում էր՝ մկրտված չեմ, չեմ կարողանում եկեղեցու խորան բարձրանալ։ Անընդհատ դա էր շեշտում։ Ամուսնուս խնդրեցի՝ արի մկրտությունը կազմակերպենք, թող Ժորը մկրտված գնա բանակ, հետո մի փորձանք չլինի, ու ամբողջ կյանքս ինձ չներեմ, որ որդուս չմկրտեցի։ Ամեն ինչ կազմակերպեցինք, մեր տղան մկրտվեց։ Մյուռոնից իրեն հանեցինք և նույն օրը զորակոչվեց ծառայության։ Շատ սիրված է եղել նաև ծառայության ժամանակ։ Բժիշկներն ու բուժքույրերն այնքան սիրով են իր մասին խոսում։ Նշում են՝ տագնապ էին հայտարարում, Ժորան արդեն կազմ ու պատրաստ էր։ Ինքն էլ էր միշտ ասում՝ ոնց որ մեր տանը լինեմ։ Երկու անգամ արձակուրդ եկավ, շատ էր փոխվել, սիրունացել էր, հասունացել, չնայած միշտ է կազմակերպված ու հասուն եղել»։
Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Այդ օրը մեր գյուղում իր համար կառուցվող տան տանիքի կառուցման աշխատանքներն էինք ավարտում։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան զանգահարեց. «Մա՛մ, պապան գումար է ուղարկել, համով բաներ եմ գնել, որ քո ծնունդը նշենք»։ Ինձ էլ կարծես հրահանգեց. «Առավոտյան քույրիկին կուղարկես, թող տորթ գնի»։ Ես էլ իրեն համոզում էի՝ բանակից կգաս, պապան էլ կգա, մյուս տարի մեր նոր տանը ծնունդս կնշենք։ Բարկացավ, ասաց, որ հեռախոսը փոխանցեմ քրոջը։ Նրան էլ հրահանգեց, որ առավոտյան ինձ համար տորթ գնի։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացանք, աղջիկս գնաց տորթի հետևից, մեկ էլ լուր ստացանք, որ պատերազմ է սկսվել։ Առաջին պահին չեմ պատկերացրել, որ լուրջ բան է, քանի որ գիշերն էինք խոսել։ Սկսեցի իրեն զանգել, չէր պատասխանում։ Հետո արդեն իմացանք՝ երբ տագնապ է հայտարարվել, իրենց հրամանատարը հերթապահ յոթ վարորդներին հրահանգել է իջնել նկուղները, մինչև հասկանան, թե ինչ է կատարվում։ Այդ ժամանակ իրենց բուժմասին արդեն հարվածած են եղել։ Ժորն ասել է. «Չեմ կարող թաքնվել, տղե՛րք»։ Գլխարկը տվել է Արտակին ու ասել՝ բուժմասից տղերքին պետք է դուրս բերեմ։ Վիրավոր տղերքին մի կերպ իջեցրել է, պառկեցրել աստիճանների մոտ, որ չվնասվեն, ինքն էլ վազել է դեպի ավտոպարկ, որ մեքենան դուրս բերի։ Չհասած ավտոպարկ՝ մեր «Ուրալները» պայթեցրել են։ Հարվածի ալիքից մեր տղան այրվել էր»։
Սեպտեմբերի 27-ին Մարտակերտում է անմահացել Ժորան։ Սեպտեմբերի 30-ին նա արդեն տանն էր։ Մայրիկն ասում է՝ բայց ես իմ որդուն չեմ տեսել։ «19 տարեկան էր, բայց հիշողություններն այնքան շատ են, որ կարծես 50 տարի է ապրել։ Գյուղում մարդ չկա, որ իրեն ջերմությամբ չհիշի, չափսոսի իր համար»։
Ժորան քույր և եղբայր ուներ, երբ զորակոչվեց ծառայության, իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Մարկը, ծնվեց պատերազմից հետո։ Ծանրագույն օրերից մեկում է տիկին Հերմինեն իմացել, որ բալիկի է սպասում։ Միասնական ու ամուր ընտանիքում բոլորն իրար թև ու թիկունք են դարձել, որ կարողանան դիմակայել անասելի ցավին։
Ապրելու ուժի մասին։ «Առաջին հերթին ինձ ուժ տվեց ամուսինս։ Նա ինձ դուրս բերեց ծանր վիճակից։ Եվ, իհարկե, երեխաներս։ Բոլորս ծանր օրերի միջով ենք անցել, բայց փորձում ենք ամուր մնալ ոտքերի վրա։ Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր»։
Հ. Գ. – Ժորա Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Մեղրաձորի հուշարձան-պուրակում։