Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն օգտագործել դիվանագիտական խողովակները՝ Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատմամշակութային կոթողների ոչնչացումն ու յուրացումը միջազգային մակարդակով լեգիտիմացնելու համար։
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, Ադրբեջանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Վիկտորիա Ռոմերո Կաբալյերոյին, Մեքսիկայի ԱԳՆ-ին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։
«Փաստի» հետ զրույցում «ՀայաՔվեից» հայտնեցին, որ դիմումների հիմքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ սեպտեմբերին բռնազավթված Արցախի տարածքներ կազմակերպված դիվանագիտական այցն է։ Ըստ կառույցի՝ նման միջոցառումներն ուղղված են հայկական պատմամշակութային ժառանգության ինքնության բացահայտ խեղաթյուրմանը, յուրացմանն ու Արցախում հայկական պատմական հետքի հետևողական վերացմանը։
«ՀայաՔվեն» արձանագրում է, որ միջազգային դիվանագետների մասնակցությամբ նմանօրինակ բեմադրությունները չպետք է ծառայեն Բաքվի կողմից Արցախում ստեղծված հակահայկական իրողությունների, մշակութային կեղծիքի և տեղահանված հայության իրավունքների անտեսման միջազգային լեգիտիմացմանը։
Միջազգային գործընկերներից «ՀայաՔվեն» պահանջում է հստակ տարանջատել Ադրբեջանի հետ բնականոն դիվանագիտական ու տնտեսական համագործակցությունը հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունից, հանդես գալ հայկական հոգևոր-մշակութային արժեքների պաշտպանության հստակ դիրքորոշմամբ, աջակցել UNESCO-ի անկախ առաքելության մուտքին Արցախ, ինչպես նաև միջազգային բոլոր ատյաններում պաշտպանել արցախահայերի՝ իրենց հայրենիք անվտանգ, արժանապատիվ և առանց նախապայմանների վերադարձի հիմնարար իրավունքը։ «ՀայաՔվեից» հայտնում են, որ հաստատակամ են հետևողականորեն բարձրաձայնել այս հարցերը միջազգային բոլոր հարթակներում։
Ժողովրդավարական և իրավական պետության հիմնասյունը իշխանությունների իրական տարանջատումն է, անկախ արդարադատությունը և հանրային ինստիտուտների փոխադարձ հակակշռումը։ Երբ պետական ապարատն ու օրենսդիր համակարգը ծառայեցվում են մեկ քաղաքական ուժի կամ անհատի իշխանության ամրապնդմանը, վտանգվում է հենց պետականության սահմանադրական հիմքը։ Սույն վերլուծական հոդվածում համադրված են վերջին տարիների քաղաքական, օրենսդրական և ինստիտուցիոնալ զարգացումները՝ վեր հանելու համար այն համակարգային փոփոխությունները, որոնք էապես խաթարել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետական իշխանության իրականացման հիմքում դնում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքը։ Սահմանադրության 5-րդ հոդվածը հենց այդպես է ձևակերպում իշխանության կառուցվածքը, իսկ 162-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, և արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է։
Սակայն 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» ութ տարի անց Հայաստանը կանգնած է մի իրողության առաջ, երբ Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը աստիճանաբար դարձել է ձևականություն, իսկ իրական իշխանության կենտրոնը տեղափոխվել է վարչապետի և նրան անվերապահորեն աջակցող խորհրդարանական մեծամասնության շուրջ։
«Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնության» (aniarm.info) հետազոտողների իրականացրած ուսումնասիրությունը փաստում է, որ այս գործընթացը չի սահմանափակվել քաղաքական դեկլարացիաներով. այն ունեցել է հստակ ինստիտուցիոնալ արտահայտություն՝ դատարանների շրջափակումից մինչև Սահմանադրական դատարանի վերաձևավորում, դատավորների նկատմամբ կարգապահական մեխանիզմների ընդլայնումից մինչև ընդդիմության խորհրդարանական վերահսկողական լծակների սիստեմատիկ սահմանափակում։
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՍԿԻԶԲԸ 2018 թվականի արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացավ 132 մանդատից 88-ը՝ սահմանադրական մեծամասնություն։ Այդ հանգամանքը իշխանությանը հնարավորություն էր տալիս առանց ընդդիմության համաձայնության իրականացնել նաև սահմանադրական բնույթի լայն փոփոխություններ։ Վենետիկի հանձնաժողովը հետագայում արձանագրել է այդ քաղաքական իրողությունը՝ նշելով, որ նոր կառավարությունը խորհրդարանում ուներ սահմանադրական մեծամասնություն։
Սակայն իշխանության համար ամենաբարդ խնդիրը դատական համակարգն էր։ 2019 թվականի ապրիլին Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարում էր, որ հեղափոխությունը տեղի է ունեցել քաղաքական համակարգում, բայց «հեղափոխություն դատական համակարգում տեղի չի ունեցել»։ Միաժամանակ նա պնդում էր, որ կառավարությունը հրաժարվել է նախկինում գոյություն ունեցած դատական համակարգի ուղղորդման պրակտիկայից և նպատակ ունի ապահովել անկախ դատարան։
2019 թվականի մայիսի 19-ին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կոչ արեց քաղաքացիներին հաջորդ առավոտյան ժամը 08:30-ից շրջափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ել քերը՝ թույլ չտալով դատավորներին և աշխատակիցներին մուտք գործել շենքեր։ Կոչը հնչեց այն բանից հետո, երբ դատարանը փոխեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Հաջորդ օրը Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է և այլևս անշրջելի»։ Նրա հաջորդ օրվա ելույթում արդեն խոսվում էր անցումային արդարադատության, անհրաժեշտության դեպքում Սահմանադրության փոփոխության և դատական համակարգի վերափոխման մասին։ Միևնույն ժամանակ, նա հայտարարում էր, որ ցանկանում է ոչ թե «խամաճիկային», այլ անկախ դատական համակարգ։
Այս հակասությունն է հետագա գործընթացների հիմնական հանգույցը. իշխանությունը հայտարարում էր դատական անկախության մասին, մինչդեռ ընդդիմախոսները նույն գործընթացները մեկնաբանում էին որպես դատարանների նկատմամբ քաղաքական վերահսկողության հաստատման փորձ։ 2019 թվականի հուլիսին մի շարք քաղաքական ուժեր հրապարակայնորեն հայտարարեցին, որ իշխանության գործողությունները կարող են հանգեցնել դատական իշխանության «լիակատար յուրացման»։ Այդ հայտարարության մեջ առանձնացվում էին դատարանների շրջափակումը, դատավորների վրա ճնշման հարցը, ԲԴԽ-ի նկատմամբ ազդեցությունը և Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության գործընթացը։
Այս իրադարձությունը Եվրոպայի խորհրդի 2022 թվականի զեկույցում գնահատվել է որպես կառավարության և դատական համակարգի հարաբերությունների լուրջ ճգնաժամի սկիզբ։ Դատարանների շրջափակումը ոչ միայն վարչապետի կողմից ուղղակի ճնշում էր դատական իշխանության վրա, այլև ստեղծեց նախադեպ, որի հիման վրա հետագա տարիներին կառուցվեց դատական համակարգի նկատմամբ քաղաքական վերահսկողության ամբողջական մեխանիզմ։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԵՐԱՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ 2019–2020 թվականներին հակամարտությունը տեղափոխվեց Սահմանադրական դատարան։ 2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց սահմանադրական փոփոխություններ, որոնք դադարեցրին Սահմանադրական դատարանի երեք դատավորի լիազորությունները և իջեցրին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կարգավիճակը՝ նրան թողնելով դատարանի կազմում, սակայն առանց նախագահի լիազորությունների։
Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշման մեջ արձանագրվել է, որ «2020 թվականի Սահմանադրության փոփոխություններն իրականացվել են հրատապ կարգով, դրանցով դադարեցվել են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի մեկ երրորդի լիազորությունները»։ Որոշման մեջ հատկապես ընդգծվում է, որ «Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման 12 տարին չէր լրացել անգամ համաձայն 2020 թվականի սահմանադրական փոփոխությունների, ինչն արձանագրվել է նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, սակայն նրա լիազորություններն ևս դադարեցվեցին»։
Վենետիկի հանձնաժողովը 2020 թվականի հունիսի 19-ի կարծիքում քննարկում էր ՍԴ դատավորների լիազորությունների վերաբերյալ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները, իսկ հունիսի 22-ի իր եզրակացության մեջ նախազգուշացրել էր դատավորների անփոփոխելիության սկզբունքի խախտման և Սահմանադրական դատարանի անկախությանը սպառնացող վտանգի մասին։ Հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հունիսի 26-ին ՍԴ նախագահին ուղղված նամակում նշել էր, որ փոփոխությունները «չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին», և կոչ էր արել «հարգել Սահմանադրությունը»։
Սահմանադրական դատարանի որոշման մեջ նաև արձանագրվել է, որ «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման հարցում ընտրվեց նրա պաշտոնավարումն անհապաղ դադարեցնելու կարգավորումը, այլ ոչ թե՝ նրա լիազորությունների ժամկետը կրճատելու, ինչը փաստում է գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների քաղաքական նպատակադրումները»։
Այստեղ կարևոր է դիմել հենց Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերին։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետագա զեկույցը արձանագրեց, որ 2020 թվականի հունիսի 22-ին ԱԺ-ն չեղարկեց հանրաքվեի անցկացումը և միաժամանակ փոփոխեց անցումային դրույթները՝ ՍԴ երեք դատավորի լիազորությունները դադարեցնելու և ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարեցնելու համար։ Սեպտեմբերին խորհրդարանը ընտրեց երեք նոր անդամի։ Այս դրվագն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ խոսքը սովորական դատական նշանակումների մասին չէր. փոխվում էր այն մարմնի կազմը, որը պետք է վերահսկեր նաև օրենսդիր և գործադիր իշխանության սահմանադրականության հարցերը։ Այսպիսով, Սահմանադրական դատարանը, որը պետք է հանդիսանար իշխանության երեք ճյուղերի սահմանադրականության վերահսկող մարմին, 2020 թվականին վերաձևավորվեց գործող քաղաքական մեծամասնության անմիջական ազդեցության ներքո։
ԲԴԽ-Ն ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՃՆՇՄԱՆ ԳՈՐԾԻՔ 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդը քննել է 29 կարգապահական վարույթ, որոնցից 18-ը հարուցել էր արդարադատության նախարարությունը, 4-ը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իսկ 6-ը՝ Դատավորների ընդհանուր ժողովը։ Սա ինքնին դեռևս չի նշանակում քաղաքական ճնշում, սակայն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի 2023 թվականի զեկույցը փաստում է, որ ԲԴԽ-ն, Կարեն Անդրեասյանի ղեկավարությամբ, 2023 թվականին դադարեցրել է 33 դատավորի լիազորություններ, որոնցից 10-ի դեպքում՝ կարգապահական վարույթների արդյունքում։
Զեկույցը հատկապես ընդգծում է, որ մի շարք դատավորների լիազորությունների դադարեցումը փաստացի պայմանավորված էր ԲԴԽ-ի գործելաոճի նկատմամբ նրանց քննադատությամբ։ Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին այն բանի համար, որ նա ֆեյսբուքյան գրառմամբ պաշտպանել էր մեկ այլ դատավորի՝ Աննա Փիլոյանին, որին ԲԴԽ-ն հեռացրել էր դատական համակարգից։ Մեկ այլ դատավորի՝ Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին 2023 թվականի հուլիսի 3-ին այն բանից հետո, երբ նա հարցազրույցում կասկած էր հայտնել ԲԴԽ-ի կողմից կես տարվա ընթացքում 20-ից ավելի դատավորների համակարգից հեռացնելու որոշումների անաչառության վերաբերյալ։
Այստեղ առաջանում է համակարգային խնդիր. ո՞վ է գործարկում այդ կարգապահական վարույթների մեխանիզմը, ո՞վ է որոշում դրա քաղաքականապես զգայուն դեպքերը, և արդյո՞ք դատավորը կարող է վստահ լինել, որ իր որոշումը չի հանգեցնի կարգապահական հետապնդման։ ԲԴԽ-ի կարգապահական վարույթների վերաբերյալ դատական փաստաթղթերում արձանագրվել է, որ «2023 թվականի հուլիսի 3-ից առաջ ազատ խոսքի արտահայտման ենթադրյալ չարաշահման վարույթներ են հարուցվել բազմաթիվ դատավորների վերաբերյալ, որոնք քննվել են ԲԴԽ-ում, տեղի է ունեցել լիազորությունների դադարեցում»։ Նույն փաստաթղթում նշվում է, որ «2023 թվականի հուլիսի 3-ից հետո՝ ավելի քան մեկ տարի որևէ դատավոր արդարադատության նախարարության կամ ԲԴԽ քննադատական ելույթ չի ունեցել, դատական իշխանության անկախության սահմանափակման որևէ հարցի մասին չի բարձրաձայնել»։
2022 թվականին մի խումբ դատավորներ հրապարակային հայտարարությամբ զգուշացնում էին, որ արդարադատության նախարարի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը կարող է վտանգել դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2024 թվականի բանաձևում արձանագրվել է, որ Հայաստանում շարունակում է տարածված լինել այն ընկալումը, թե դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերը կարող են օգտագործվել նրանց վախեցնելու կամ նրանց որոշումների վրա ազդելու համար։ ԵԽԽՎ-ն կոչ է արել ապահովել ԲԴԽ-ի քաղաքական չեզոքությունը և վերանայել արդարադատության նախարարության կարգապահական լիազորությունը։
2023–2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ «ՎԵԹԹԻՆԳԻ» ԱՐԴՅՈՒՆՔԸ 2023 թվականին դատական համակարգի շուրջ քննադատությունը նոր փուլ մտավ։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հրապարակված զեկույցը պնդում էր, որ 2023-ին ԲԴԽ-ն դադարեցրել է 33 դատավորի լիազորություններ, որոնցից 10-ի դեպքում՝ կարգապահական վարույթների արդյունքում։ Նույն զեկույցը խնդրահարույց էր համարում նաև ԲԴԽ-ի ոչ դատավոր անդամների ընտրությունը խորհրդարանական մեծամասնության կողմից։
Մյուս կողմից՝ հենց ԲԴԽ-ի ղեկավարությունը 2023-ի վերջում հայտարարում էր, որ գործող 309 դատավորից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Այս թիվը քաղաքական առումով կարևոր է։ Եթե 2018-ից հետո նշանակված դատավորների մեծ մասն արդեն ձևավորվել է գործող իշխանության օրոք, ապա իշխանության ազդեցության մասին վեճը այլևս չի սահմանափակվում նախկին դատավորներին փոխարինելու հարցով։ Հարցն այն է, թե նոր համակարգը որքանով է ինստիտուցիոնալորեն անկախ այն քաղաքական իշխանությունից, որի օրոք այդ կադրային վերաձևավորումը տեղի է ունեցել։
ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՈՒՄԸ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԱԴԻՐԻ ԿՑՈՐԴ 2021 թվականի արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունեցավ 71 մանդատ՝ կրկին ստանալով սահմանադրական մեծամասնություն։
12 մշտական հանձնաժողովից 9-ի նախագահները իշխանական մեծամասնության ներկայացուցիչներ էին, 2-ը՝ «Հայաստան» խմբակցության, 1-ը՝ «Պատիվ ունեմ»-ի։ Խնդիրը միայն պաշտոնների թվային բաշխումը չէ. խորհրդարանական համակարգում ընդդիմությունը պետք է ունենա գործադիրին վերահսկելու իրական գործիքներ, մինչդեռ 2021–2022 թվականներին հենց այդ գործիքների շուրջ առաջացան բազմաթիվ բախումներ։
Օրինակ՝ ընդդիմությունը ներկայացրել էր դատական համակարգի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնություն։ Չնայած հանձնաժողովը ձևավորվել էր իրավունքի ուժով, ԱԺ-ն չհաստատեց դրա անդամների թիվը։ Մեկ այլ դեպքում ընդդիմությունը հայտարարեց, որ իշխանական մեծամասնությունը բազմաթիվ անգամներ ձախողել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր տեղակալի թեկնածուի ընտրությունը։
Այստեղ արդեն առաջանում է օրենսդիր իշխանության ներքին հավասարակշռության հարցը։ Եթե խորհրդարանական մեծամասնությունը ոչ միայն օրենսդրական, այլ նաև քաղաքականորեն ամբողջությամբ համընկնում է կառավարության հետ, ապա խորհրդարանը կարող է գործադիր իշխանության վերահսկող մարմնից դառնալ նրա օրենսդրական հենարանը։
The Armenian Mirror-Spectator-ի 2025 թվականի վերլուծական հոդվածում նշվում է, որ «2018 թվականի օգոստոսից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը համակարգված կերպով վերացնում է սահմանադրական բոլոր զսպումներն ու հակակշիռները»։ Հոդվածում ընդգծվում է, որ, «չնայած իշխող կուսակցությունը օրինականորեն տիրապետում է խորհրդարանում ձայների երկու երրորդից ավելիին, դեմոկրատական բանավեճ այլևս չկա, քանի որ ոչ մի հանձնաժողովի նախագահություն չի վերապահվում ընդդիմադիր դաշինքներին»։ Նույն աղբյուրը փաստում է, որ «խորհրդարանից դուրս վարչապետը վերաձևավորել է դատական համակարգը՝ իր գործողությունների ծրագրին համապատասխանեցնելու համար։ Նա ազատել է բոլոր դատավորներին՝ թե՛ դատական համակարգից, թե՛ Սահմանադրական դատարանից, ովքեր չեն կիսում իր քաղաքականությունը կամ չեն ենթարկվում իր ցուցումներին։ Մի խոսքով, անկախ դատական համակարգ այլևս գոյություն չունի»։
2022 թվականի հուլիսի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվեց արտահերթ նիստ, և փակ գաղտնի քվեարկությամբ 66 կողմ ձայնով որոշվեց հետ կանչել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթել յանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից։ Ընդդիմությունը նոր թեկնածու չառաջադրեց։
2026 ԹՎԱԿԱՆ. ՆՈՒՅՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ 2026 թվականի հունիսի ընտրություններից հետո ձևավորված խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այլևս չունի նախկին 2/3 սահմանադրական մեծամասնությունը։ Սա էական փոփոխություն է. գործադիր իշխանությունը շարունակում է ունենալ խորհրդարանական մեծամասնություն, սակայն սահմանադրական համակարգը վերաձևելու համար անհրաժեշտ է ավելի լայն համաձայնություն։
Միևնույն ժամանակ ՔՊ-ն արդեն նոր ԱԺ-ի աշխատանքի առաջին շրջանում նախաձեռնել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխություններ։ Հուլիսի 3-ին ընդունված փոփոխությամբ, մասնավորապես, նախատեսվեց, որ եթե ընդդիմությունը համապատասխան ժամկետում չի առաջադրում ԱԺ նախագահի տեղակալի կամ մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածու, խորհրդարանը կարող է անցնել օրակարգի հաջորդ հարցերին։
Այս փոփոխության արդյունքում ԱԺ-ն ընդմիջել է խորհրդարանի ձևավորման գործընթացը և, երբ մասնավորապես ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահներ դեռ ընտրված չէին, անցել էր ՀՀ կառավարության ծրագրի քննարկմանը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԺ Կանոնակարգի վերականգնման համար։ Այս փոփոխությունը գործնականում զրկում է ընդդիմությանը խորհրդարանական վերահսկողության ամենակարևոր լծակներից մեկից՝ հանձնաժողովների ղեկավարումից։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՏԱՊԱԼՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ 2018-2026 թվականների փաստերի ամբողջությունը թույլ է տալիս արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե առանձին ինստիտուցիոնալ բարեփոխումների շղթա, այլ իշխանության կենտրոնացման հետևողական գործընթաց, որի արդյունքում Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը վերածվել է ձևականության։
Դատական իշխանությունը դարձել է գործադիրի կցորդ՝ 2019 թվականի դատարանների շրջափակմամբ սկսված և 2020 թվականի Սահմանադրական դատարանի վերաձևավորմամբ ամրապնդված գործընթացի արդյունքում։ ԲԴԽ-ի կարգապահական մեխանիզմները դարձել են դատավորներին վախեցնելու և նրանց որոշումները վերահսկելու գործիք։ Օրենսդիր իշխանությունը վերածվել է գործադիրի օրենսդրական հենարանի, որտեղ ընդդիմությունը զրկված է իրական վերահսկողական լծակներից։
Սահմանադրական ժողովրդավարության իրական չափանիշը իշխանության ղեկավարի հայտարարությունները չեն։ Չափանիշն այն է, թե կարո՞ղ է, արդյոք, դատարանը որոշում կայացնել վարչապետի կամ նրա քաղաքական թիմի դեմ՝ առանց պաշտոնական կամ ոչ պաշտոնական հետևանքներից վախի, և կարո՞ղ է, արդյոք, խորհրդարանը վերահսկել կառավարությանը նույնիսկ այն ժամանակ, երբ այդ կառավարությունը խորհրդարանական մեծամասնության քաղաքական ղեկավարի կողմից է ձևավորվում։ 2018-2026 թվականների փաստերը ցույց են տալիս, որ այդ հարցերի պատասխանը բացասական է։
ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ Եթե դատական և օրենսդիր իշխանությունների յուրացման մասին մեր հետաքննությունը դիտարկենք իրավական պատասխանատվության տեսանկյունից, պատկերը դառնում է առավել ցայտուն. Հայաստանի քրեական օրենսդրությունը ուղղակիորեն նախատեսում է պատասխանատվություն սահմանադրական կարգի տապալման համար, սակայն 2018-2026 թվականների ընթացքում այդ նորմը գործնականում չի կիրառվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։
Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 419-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն իշխանությունը յուրացնելու համար։ Ըստ այդ նորմի առաջին մասի՝ իշխանությունը զավթելը բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը պատժվում է ազատազրկմամբ տասից տասնհինգ տարի ժամկետով: Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն, իշխանությունը պահելը, այսինքն՝ Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի կամ նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը ևս պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Միևնույն ժամանակ, Քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը վերաբերում է սահմանադրական կարգը տապալելուն։ Հոդվածի առաջին մասով նախատեսված է, որ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ հոդվածով կամ 5-րդ կամ 6-րդ հոդվածի 1-ին մասով կամ 7-րդ հոդվածով նախատեսված նորմի գործողությունը փաստացի դադարեցնելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Արդյունքում, սահմանադրական կարգի տապալման համար նախատեսված պատժաչափերը՝ 10-15 տարի ազատազրկում, մնում են գործնականում անկիրառելի այն իշխանության նկատմամբ, որը 2018 թվականից ի վեր հետևողականորեն թուլացրել է իշխանությունների փոխզսպման համակարգը։ Այս իրավիճակը ստեղծվել է փաստացի Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված և նրա կողմից վերահսկվող գլխավոր դատախազի, իրավապահ մարմինների և դատական համակարգի անգործության արդյունքում։
Կրիշտիանու Ռոնալդուն լքում է Պորտուգալիայի հավաքականը։ Այս մասին գրել է ֆուտբոլիստը։
«Որոշում եմ կայացրել լքել հավաքականի ճամբարը։ Ժամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը այն պատճառների մասին, որոնք ինձ դրդեցին հեռանալ ազգային թիմից, որին ես միշտ նվիրված եմ եղել: Հիմա ժամանակն է հաջողություն մաղթել Պորտուգալիային և իմ բոլոր թիմակիցներին՝ առանց բացառության»,- գրել է Ռոնալդուն։
Պորտուգալիայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջնականապես գժտվել է գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ և սկանդալով լքել է ազգային ընտրանու ճամբարը։
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան Գագարին բնակավայրից դեպի Ծաղկունք բնակավայր տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, գումարտակի ծառայության տեսուչ Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։
Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել գումարտակի հրամանատար Ա. Խաչատրյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Վարդան Սահակյանը և 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանը։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Ղազարյանն ու Արայիկ Դավթյանը։Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Մայիլյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Սևան» բժշկական կենտրոնում քննարկվում է վիրավորներին, որոնց կյանքի համար պայքարում են բժիշկները, ռեանիմոբիլով տեղափոխեն Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում 2025 թվականին հայտնաբերվել է ավելի քան 9,5 միլիոն միավոր կեղծված ապրանք։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից (ԵՏՀ)՝ վկայակոչելով ԵԱՏՄ երկրներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի մոնիթորինգի վերաբերյալ 2025 թվականի հաշվետվությունը։
Հաշվետվությունը քննարկվել է ԵՏՀ կոլեգիային կից մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում։
ԵՏՀ տվյալներով՝ 2025 թվականին ԵԱՏՄ պետություններում մտավոր սեփականության ոլորտում արձանագրվել է 1782 խախտում։ Միաժամանակ, քրեական հանցագործությունների թիվն աճել է 36,4 տոկոսով։ Արձանագրված խախտումների 85,6 տոկոսը՝ 1525 դեպք, վերաբերել է ապրանքային նշանների նկատմամբ իրավունքներին։
ԵՏՀ-ի տվյալներով՝ ԵԱՏՄ երկրներում կեղծված արտադրանքի առավել տարածված տեսակներից են հագուստն ու կոշկեղենը, կենցաղային տեխնիկան և էլեկտրոնիկան, խաղալիքները, ավտոմեքենաների պահեստամասերը, ինչպես նաև ալկոհոլային արտադրանքը։
Կոմիտեի նիստում քննարկվել են նաև «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների ծրագրի շրջանակում մտավոր սեփականության ոլորտում նախատեսված աշխատանքները։
Մասնավորապես, քննարկվել է ԵԱՏՄ իրավական դաշտում «ապրանքային նշան», «առևտրային նշան» և «բրենդ» հասկացությունների միասնական սահմանումների ամրագրման նպատակահարմարությունը։
Կոմիտեի անդամները քննարկել են նաև ԵԱՏՄ ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների գրանցման համակարգի ներդրման շրջանակում տեղեկատվական փոխգործակցության փորձարկման ընթացքը, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի գործարկման հարցերը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն): Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից:
Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:
Հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։
Մասնավորապես՝
• հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չէին բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, ինչով պայմանավորված` ննջասենյակներում առկա էին իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, ապահովված չէր շահառուների համար անհրաժեշտ անձնական տարածքը։ Միաժամանակ, սանհանգույցների և լոգարանների կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված՝ ապահովված չէին շահառուների անձնական հիգիենայի պահանջներն առանձնացված պայմաններում բավարարելու համար անհրաժեշտ պայմանները։
• հաստատության ֆիզիկական միջավայրը չէր համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին, առկա էր խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։
Վերոնշյալ և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:
Խնդիրներն արտացոլող փաստաթուղթը` դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
Այցի ընթացքում Հաստատության տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Միաժամանակ, այցի ընթացքում քննարկումների և արձանագրված հարցերի շրջանակում կարևորվել է դրանց լուծման ուղղությամբ հետագա աշխատանքների շարունակականությունը։
Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը:
ՀՀ ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամն Ազգային ժողովում հյուրընկալել են «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ Հայաստանում հետընտրական զարգացումները եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները։ Համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։
«Ուժեղ Հայաստան»-ը հետևողականորեն վերականգնելու է խարխլված ժողովրդավարության հենասյուները։
Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 1-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 30-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-4-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 1-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ի ցերեկը կնվազի 4-7, հոկտեմբերի 1-4-ին ևս 3-5 աստիճանով։
1808- ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը սկսել է արշավը դեպի Երևան և Աշտարակի մոտ ջախջախել Երևանի սարդար Հուսեին Ղուլի խանի չորս հազարանոց հեծելազորը։
1929– վախճանվել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը:
1951– վախճանվել է գրականագետ, փիլիսոփա Հայկ Գյուլիքևխյանը:
1979 –վախճանվել է ասմունքող Սուրեն Քոչարյանը։
2006- պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը տիկնոջ հետ:
2006- պաշտոնապես մեկնարկել է «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագիրը, որով աղքատության հաղթահարմանն է ուղղվել 235 միլիոն դոլար։
2009- հազարավոր հայեր Գլենդելում բողոքի ցույց են անցկացրել և դատապարտել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները։
2015 –վախճանվել է ֆրանսահայ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը։
2018-պաշտոնապես ստեղծվել է «Սասնա ծռեր» կուսակցությունը։
2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ խփվել է հայկական Су-25 ինքնաթիռ. հայկական կողմը հայտարարել է, որ այն խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից, բայց ադրբեջանական կողմը հերքել է դա:
2021- կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը:
2023-Ստեփանակերտից Կոռնիձոր մեկնելու ճանապարհին՝ Հակարի կամրջի մոտ, Ադրբեջանի կողմից գերեվարվել և ձերբակալվել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լյովա Մնացականյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 106 –վախճանվել է Հռոմի կայսր Գնեոս Պոմպեոսը։
1515 –Շվեյցարիան հավերժ խաղաղության պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ։
1547 –ծնվել է իսպանացի գրող Միգել դե Սերվանտեսը։
1567 –տեղի է ունեցել Միշելադան՝ Երկրորդ հուգենոտյան պատերազմի պատճառներից մեկը։
1571– ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ գեղանկարիչ Միքելանջելո Մերազի դա Կարավաջոն։
1621 –կնքվել է Խիտոնյան պայմանագիրը, ըստ որի, Լեհաստանը պարտավորություն է ստանձնել Թուրքիայի հանդեպ՝ թույլ չտալ Զապորոժիեի կազակներին՝ ասպատակություններ իրականացնել Ղրիմում։
1650- Հենրի Ռոբինսոնը Լոնդոնում բացել է առաջին ամուսնական գործակալությունը։
1650-Հոլանդիան ճանաչել է Անգլիայի իրավունքը Լոնգ-Այլենդ կղզու նկատմամբ (Հյուսիսային Ամերիկա)։
1717 –տեղի է ունեցել Գվատեմալայի երկրաշարժը, որի արդյունքում մասնակի ավերվել է մայրաքաղաք Անտիգուա-Գվատեմալան։
1739 –ըստ Բելգրադյան խաղաղության պայմանագրի, Ռուսաստանը Թուրքիայից ստացել է Ազով և Օչակով քաղաքները։
1758 –ծնվել է անգլիացի ծովակալ, դերկոմս Հորացիո Նելսոնը։
1793 –անգլիական սպորտային ամսագրում առաջին անգամ հիշատակվել է թենիս սպորտային խաղը։
1829 –Լոնդոնում ներքին գործերի նախարար Ռոբերտ Պիլի հրամանով ստեղծվել է քաղաքացիական ոստիկանություն։
1842 –Ուիլ յամ Հենսոնը հրատարակել է շոգեշարժիչով աշխատող ինքնաթիռի իր նախագիծը, որը հետագայում նաև արտոնագրել է։
1864-ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ՉաֆֆինսՖարմի ճակատամարտը։
1864-ստորագրվել է Լիսաբոնյան պայմանագիրը, ըստ որի, որոշվել են Իսպանիայի և Պորտուգալիայի թագավորությունների սահմանները։
1885- Անգլիայի Բլեքփուլում սկսել է երթևեկել առաջին էլեկտրական տրամվայը։
1897 –Բուենոս-Այրեսի «Օլիմպո» թատրոնում «Կրեոլական դատ» թատերական ներկայացման պրեմիերայի ժամանակ առաջին անգամ պարել են տանգո։
1901– ծնվել է իտալացի նշանավոր ֆիզիկոս, մաթեմատիկոս Էնրիկո Ֆերմին։
1902 –վախճանվել է ֆրանսիացի լրագրող, գրող Էմիլ Զոլան։
1911 – Իտալիան պատերազմ է հայտարարել Օսմանյան կայսրությանը։
1916 – «Standard Oil» ընկերության հիմնադիր Ջոն Ռոկֆելլերը դարձել է աշխարհի առաջին միլիարդատերը։
1918 –Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բուլղարիան կապիտուլ յացիայի է ենթարկվել։
1936– ծնվել է իտալացի ճանաչված գործարար, քաղաքական գործիչ Սիլվիո Բերլուսկոնին:
1938-կնքվել է Մյունխենյան համաձայնագիրը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի միջև, ըստ որի, Չեխոսլովակիան պետք է 10 օրվա մեջ Գերմանիային հանձներ Սուդեթական մարզը։
1941 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել են սպանությունները Կիևի մոտ գտնվող Բաբի Յարում, որի ժամանակ գերմանացիները սպանել են մոտ 60000 հրեա, գնչու և խորհրդային ռազմագերի։
1943 –Տոկիոյի դատարանը խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեին դատապարտել է մահապատժի։
1954– Փարիզում ստեղծվել է Ատոմային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը:
1957– Չել յաբինսկի մարզի Օզյորսկ ավանի «Մայակ» գործարանում տեղի է ունեցել ատոմային վթար:
1979 – Հովհաննես Պողոս 2-րդը դարձել է Իռլանդիա այցելություն կատարած առաջին Հռոմի պապը։
1984 –Կուանդա ավանում հանդիպել են Բայկալ-Ամուրյան Մագիստրալի արևմտյան և արևել յան երկաթգծային շինարարական ջոկատները, ԲԱՄ-ը ամբողջականացվել է։
2004 – Տուտատիս աստերոիդն անցել է Երկրից չորս լուսատարի հեռավորության վրա։
Սափրման ածելին ամենօրյա առարկա է, որին վաղուց արդեն սովոր են բոլորը, բայց երևի թե շատ քչերը գիտեն, թե ինչ երկար պատմություն է թաքնված նրա «թիկունքում»:
Առաջին ածելիները հայտնվել են դեռ քարե դարում, նույնիսկ այն ժամանակ տղամարդիկ և կանայք ձեռնամուխ են եղել իրենց մարմնի ավելցուկային «բուսականությունը« վերացնելու գործին: Առաջին բանը, որ նրանք մտածել են, ծովային խեցու օգտագործումն էր, որն այն ժամանակ ծառայել է որպես ունելի: Դժվար է պատկերացնել, թե որքան ցավ ու տառապանք է բերել այդ զբաղմունքը այն մարդուն, որը ցանկացել էր ազատվել իր մորուքից: Բազմամյա «խոշտանգումները» հանգեցրել են նրան, որ պարզունակ ածելու զարգացման հաջորդ քայլը սրված կայծքարի օգտագործումն էր: Ինչպես «պատմում են» ժայռապատկերները, դրանք սրվել են ջրով, բայց շատ արագ բթացել են, իսկ սրման գործընթացը շատ դանդաղ է եղել: Ընդ որում, այդ մեթոդով սափրվելը անվտանգ չի եղել՝ կապված մաշկի հաճախակի վնասվածքների հետ: Դա հանգեցրել է նրան, որ մ.թ.ա. մոտ 4-3 հազար տարի առաջ ստեղծվել է մազերի էպիլացիայի համար առաջին կրեմանման նյութը: Մ. թ.ա. մոտ 3 հազար տարի առաջ էլ հին արևել յան մշակույթները սովորել են աշխատել մետաղների հետ, և ստեղծվել են առաջին բազմակի օգտագործման պղնձե ածելիները: Մի քանի հազար տարի անց Սկանդինավիայում ստեղծվել է ոչ միայն ածելի, այլ նաև արվեստի մի ամբողջ գործ: Սկանդինավների ածելիների բրոնզե սրված շեղբերի վրա եղել են լեգենդներից և առասպելներից պատկերներ, իսկ բռնակը պատրաստվել է կենդանու գլխի՝ հիմնականում ձիու գլխի տեսքով:
Ածելու հետագա զարգացումը կապված է հռոմեացիների հետ, որոնք շատ լուրջ են վերաբերվել հիգիենայի և մաքրության խնդիրներին: Մեծահարուստներն ունեցել են մասնավոր սափրիչներ, մինչդեռ հասարակ քաղաքացիները ստիպված են եղել ամեն օր այցելել հանրային սափրիչներին: Ածելու հետագա զարգացումը փոքր-ինչ դանդաղել է, ուղղակի բարելավվել են շեղբերի պատրաստման տեխնոլոգիաները և դրանց սրելու մեթոդները: Դա եղել է մինչև այն պահը, երբ ֆրանսիացի վարսավիր Ժան-Ժակ Պերրետը սափրվելու մասին իր տրակտատում արտահայտել է «անվտանգ ածելու» գաղափարը։ Եվ 1770 թվականից սկսվել է դրա դարաշրջանը:
1790-ականները նշանավորվել են աշխարհում առաջին ոչ տրավմատիկ ածելու ստեղծմամբ: Սայրը ամրացվել է փայտե հիմքի վրա, որպեսզի սահմանափակի նրա ճնշումը և չվնասի մաշկը: Պերրետի ածելին մեծ աղմուկ է բարձրացրել սափրիչների աշխարհում: Բավականին երկար ժամանակ՝ մինչև 1847 թվականը, դրանց տեսքի էական փոփոխություններ չեն եղել, փոխվել է միայն սափրվելու նորաձևությունը, մինչև անգլիացի գիտնական Ուիլ յամ Հենսոնը հորինել է ածելի, որի մեջ սայրը գտնվում էր բռնակին ուղղահայաց, ինչպես մեր ժամանակակից մոդելներում: Սա անվտանգության հաջորդ քայլն էր, և ածելին ավելի գեղագիտական և հարմարավետ տեսք է ստացել:
Այսուամենայնիվ, Քինգ Քեմփ Ժիլլեթն է համարվում ժամանակակից անվտանգ սափրիչների հայրը։ Ամենահետաքրքիրն այն է, որ նա գյուտարար կամ ինժեներ չէր, այլ մասնագիտությամբ վաճառող էր: Նա միտք է հղացել ստեղծել այնպիսի ածելի, որի սայրը կարելի է փոխել յուրաքանչյուր օգտագործումից հետո։ 1901 թվականին նա ինժեներ Ուիլ յամ Նիքերսոնի հետ միասին արտոնագիր է ստացել փոխվող շեղբերով ածելու համար: Ժիլլեթի ածելիները մեծ ժողովրդականություն են ձեռք բերել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները սկսել է դրանք մեծ քանակությամբ պատվիրել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում:
1921 թվականին ամերիկացի գնդապետ Ջեյքոբ Շիկը իր առջև նպատակ է դրել ստեղծել ածելի պահեստային շեղբերի քարտրիջով: Եվ նա դա արել է, ու հիմա շեղբերը հեշտությամբ կարելի է փոխել առանց անգամ դրանց կպչելու։ Բացի դա, 1926 թվականին գնդապետ Շիկը հորինել է աշխարհում առաջին էլեկտրական սափրիչը վիբրացվող շեղբերով, որն ուներ ներկառուցված փոքր շարժիչ: Իսկ 1939 թվականին ինժեներ Ալեքսանդր Հորովիցը հայտնագործել է աշխարհում առաջին PhiliShave երկգլխանի էլեկտրական սափրիչը: