Այսօր ավտովթար և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ռոստովյան – Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi»-ին, ինչի հետևանքով «Mitsubishi»-ի մոտ կանգնած կինը վրարեթի է ենթարկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայրում «BMW»-ի վարորդը հայտնել է, որ վթար-վրաերթի պատճառը եղել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դեպքի վայրից հեռացել։ Տեղեկությունը իրավապահները ստուգում են։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հետևեք մեզ՝այստեղ
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Սպասարկման նոր գրասենյակները կգործեն 14 հասցեում․
ԵՐԵՎԱՆ ` «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3 և «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16 ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՝ Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8 ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ՝ Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1 ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ՝ Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41 ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ՝ Վաղարշապատ՝ Վ․ Սարգսյան փողոց, 111/1 ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ՝ Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1 ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ՝ Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62 և Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ) ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ՝ Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան) ԼՈՌՈՒ ՄԱՐԶ՝ Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6 ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ՝ Իջևան՝ Անկախության փողոց, 19/79 ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ՝ Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 (Հայփոստ) և Մարտունի՝ Պ․ Պռոշյան փ․ 4, 12
2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ին։ Գրասենյակներ կգործեն․
Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում, Արմավիրի մարզում՝ Արմավիրում, Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում, Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում, Շիրակի մարզում՝ Արթիկում, Արարատի մարզում՝ Արարատում։
Նոր հասցեներ, ժամանակակից պայմաններ և ավելի հարմարավետ սպասարկում՝ կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։
Իրականում, առաջին հայացքից, անկեղծ էր ու իր անձնական օրինակով ցույց էր տալիս, թե ինչքան կարևոր է գիտելիք ունենալը, կրթված լինելն ու քաղաքակավարի դաստիարակությունը:
Շատ խնդալու էր ու սյուռ՝ «Ուսուցչի օրվան» նվիրված հաղորդման ընթացքում խոսվում էր՝«դասից թռնել», «թույն դասատուներ», «հավեսով տժժալ» «խառակտեռնի էրեխեք» և նմանատիպ այլ գլուխգործոցներ, ու նմանօրինակ աղավաղված հայերենի կիրառունը, ինչն իր հերթին խոսում է օրվա կրթամակարդակի ու ցենզի մասին:
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Deuttsche Welle-ն, այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի բանակի շտաբային պետերի միացյալ կոմիտեն։
«Հարավային Կորեան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան պահպանում են մարտական պատրաստականության բարձր մակարդակ՝ միաժամանակ սերտորեն փոխանակելով տեղեկատվություն հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների վերաբերյալ»,-ասված է Սեուլի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանային գոտում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով վիրավորվել է հարավկորեացի երեք զինծառայող։ Սեուլը կարծում է, որ միջադեպը տեղի է ունեցել հյուսիսկորեական հետևակային ականների պայթյունի հետևանքով։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Հվան Շին Չուլը Փհենյանին մեղադրել է զինադադարը խախտելու մեջ և հայտարարել հակաքայլեր ձեռնարկելու ծրագրերի մասին։ Հյուսիսային Կորեան իր հերթին մերժել է մեղադրանքները։
ՀՀ-ում պետք է դատավարություն իրականացվի, տրվի իրավական գնահատական, իսկ հետո քննարկվի վերջինիս փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունը պաշտոնական մակարդակում մեղմացնում-թաքցնում է Սիսիանում ադրբեջանցու մասնակցության վտանգավոր միջադեպը, իսկ ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը, որովհետև որոշում ունի ադրբեջանցուն հանձնել Բաքվին:
Սա պատահական տեղի ունեցած սահմանախախտման դեպք չէ, առավել ևս՝ որ հետևանքը քաղաքացիական անձանց, անչափահասներին հրազենային վիրավորում, մարմնական վնասվածքներ և հոգեբանական ներգործություն է:
Դեռ վաղ է խոսել ադրբեջանցու իրական դրդապատճառների և նպատակների մասին, սակայն առկա փաստերն էլ ծանրակշիռ հիմնավորում են՝ վերջինիս հենց այնպես Բաքվին չհանձնելու առումով:
ՀՀ-ում պետք է դատավարություն իրականացվի, տրվի իրավական գնահատական, իսկ հետո քննարկվի վերջինիս փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ»,- նշել է նա:
Իրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են ավելի մասշտաբային դառնալ, քան նախորդները, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրանական իշխանությունների ներկայացուցչին, հաղորդում է Ինթերֆաքս-ը։
«Պաշտոնյան ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր ռմբակոծություններին, հնարավոր է՝ ավելի խոշոր, քան նախկինում, սակայն ունի պատասխան տալու հնարավորություններ», – տեղեկացնում է գործակալությունը:
Նրա զրուցակիցն ընդունել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները, ծովային շրջափակումը շատ լուրջ բարդացնում են Իրանի տնտեսական իրավիճակը, սակայն երկիրը հարմարվում է այդ իրողություններին:
Bloomberg-ը հիշեցնում է, որ Իրանի համար ճնշման կարևորագույն լծակ է մնում Հորմուզի նեղուցի փակումը: Սակայն, ինչպես ավելի վաղ պնդում էին ԱՄՆ իշխանությունները, մի շարք ԶԼՄ-ներ և դիտորդներ, Թեհրանի վերահսկողությունը նեղուցի նկատմամբ թուլանում է:
Այսպես, Bloomberg-ը հավաքել է տվյալներ, որոնց համաձայն՝ Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արտահանումն աճել է օգոստոսին օրական 3,4 միլիոն բարելից մինչև սեպտեմբերին օրական 6,1 միլիոն բարել: JPMorgan ֆինանսական կոնգլոմերատը գնահատում է, որ Մերձավոր Արևելքից այժմ օրական մատակարարվում է 17,5 միլիոն բարել՝ 98%-ը այն մակարդակի, որը նկատվում էր նախքան 2026 թվականի փետրվարի 28-ին Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը:
Ավելի վաղ Bloomberg-ը նաև պնդում էր, որ իր հերթին Իրանը սեպտեմբերին հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ նավթ չի բարձել տանկերների վրա: Սակայն շարունակվում են այս ռեսուրսի մատակարարումները Չինաստանին: Նաև իրանական իշխանությունները վերաուղղորդել են առևտրային հոսքերը Կասպից ծովով, ցամաքային ճանապարհներով: Բայց սեպտեմբերին հաղորդագրություններ էին ստացվում Թուրքիայի և Պակիuտանի հետ Իրանի սահմանների անցակետերում ուշացումների մասին:
Axios պորտալը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդականները խորհրդակցություն են անցկացրել՝ քննարկելու հետագա քայլերը Իրանի դեմ պատերազմի և Սաուդյան Արաբիայի ու Եմենում հուսիների միջև հակամարտության կապակցությամբ:
Փակուղի մտած բանակցությունների ֆոնին Թրամփը դիտարկում է Իրանի դեմ մասշտաբային ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:
«Այժմ ես պետք է որոշում կայացնեմ․ կամ Իրանը գործարք է ստորագրում, կամ այն այլևս գոյություն չի ունենա», – հայտարարել է նա հինգշաբթի օրը:
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգոհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Ինչո՞ւ է շտապում Ալիևը։
«Ամբողջ մեղքը Հայաստանի նախկին իշխանությունների վրա բարդելը անարդար է։ Հայաստանի ներկայիս իշխանությունները նույնպես տարածքային պահանջներ էին ներկայացնում Ադրբեջանին, փորձում էին անիմաստ և ոչ կոռեկտ հայտարարություններով վիրավորել ադրբեջանցի ժողովրդին։ Մենք երբեք չպետք է մոռանանք այս ամենը»,- կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է Իլհամ Ալիևը։
Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ հրապարակային դժգոհության բավականին ակնհայտ ցուցադրություն է։
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգոհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից ու վերջինիս նախկին հայտարարություններն ու դիրքորոշումները անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործել որպես լրացուցիչ ճնշման գործիք։
Պաշտոնական Երևանն իր քաղաքականության առանցքում դրել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը, սակայն Բաքուն, փոխանակ մեղմելու հռետորաբանությունը, վերջին շրջանում հետևողականորեն կոշտացնում է այն։
Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ Ադրբեջանը փորձում է հնարավորինս արագ ամրագրել պատերազմի հետևանքով ձևավորված ուժային առավելության քաղաքական արդյունքները՝ գիտակցելով, որ տարածաշրջանային ներկայիս հարաբերակցությունը հավերժ չէ։
Այս վարկածի օգտին է խոսում նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հռետորաբանությունը։
Մի կողմից նա հայտարարում է, որ Ադրբեջանն արդեն ապրում է խաղաղության պայմաններում, զարգանում են հայ-ադրբեջանական առևտրային ու գործարար կապերը, իրականացվում են վստահության ամրապնդման միջոցառումներ, մյուս կողմից՝ նույն Հաջիևը պնդում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, և միայն դրանից հետո խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը կդառնա իրականություն։
Սա հակասություն չէ, այլ աշխատանքի բաժանում։ Առաջին ձևակերպումը միջազգային լսարանի համար է, երկրորդը՝ Երևանին հասցեագրված մեսիջ՝ ստանձնած պարտավորությունը կատարելու հիշեցումով:
Ուշագրավ է Հաջիևի մեկ այլ ձևակերպում։ Նա հայտարարում է, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության, այլև «հայ ժողովրդի հետ»։
Ադրբեջանին, ըստ էության, բավարար չէ միայն գործող իշխանության համաձայնությունը. Բաքուն ցանկանում է, որ իր համար սկզբունքային փոփոխությունները Հայաստանի ներսում ստանան հանրաքվեով ամրագրված լեգիտիմություն և հնարավորինս անշրջելի բնույթ։
Բայց ինչո՞ւ է Բաքուն շտապում հենց հիմա։
Բաքուն շտապում է որովհետև նախապայմանն արդեն Հայաստանի գործող իշխանության օրակարգում է, և ցանկացած ուշացում իր մեջ ռիսկ է պարունակում:
Պատճառներից մեկը կարող է լինել նաև տարածաշրջանում ուժերի հարաբերակցության հնարավոր փոփոխությունը և, առաջին հերթին, Իրանի գործոնի ուժեղացումը։
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, միջազգային սահմանների փոփոխությունը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի փոփոխությունն իր համար կարմիր գծեր են։ Իրանը հատկապես զգայուն է Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունների նկատմամբ՝ դրանք դիտարկելով սեփական անվտանգության և տարածաշրջանային ազդեցության տեսանկյունից։
Եթե Իրանը կարողանա իր տարածաշրջանային ազդեցությունը կապիտալիզացնել, Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող է սահմանափակել Հայաստանի նկատմամբ Բաքվի ներկայիս ճնշման հնարավորությունները։
Հենց այստեղ է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը ստանում լրացուցիչ նշանակություն։ Խոսքը միայն խաղաղության պայմանագրի ստորագրման մեխանիկական նախապայմանի մասին չէ. Ադրբեջանը փորձում է Հայաստանի ներսում իրավաքաղաքական մակարդակով ամրագրել իր համար ցանկալի արդյունքը։
Եվ այդ արդյունքը չի սահմանափակվելու միայն Անկախության հռչակագրին արվող հղումը հանելով. «Արևմտյան Ադրբեջան» պատումն ու միջանցքային տերմինաբանությունը չեն անհետանալու այն պահին, երբ հղումը հանվի։ Հաջիևի «վերջին քայլ»-ը վերջին քայլ է միայն Բաքվի այսօրվա պահանջներում, վաղը վստահաբար կհայտնվի պահանջների նոր ցանկ։
Արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի։
Այս պահին հրապարակային փաստերը բավարար չեն՝ նման միանշանակ եզրակացության համար։ Ավելի տեսանելի է մեկ այլ միտում՝ Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը՝ փորձելով հնարավորինս արագ ստանալ այն, ինչ հետագայում կարող է շատ ավելի դժվար հասանելի լինել։
Բաքուն դեռ չի համարում, որ Հայաստանից ստացել է այն ամենը, ինչ ցանկանում է ստանալ։ Եվ շտապում է ստանալ դա հիմա, քանի դեռ Երևանում կա կառավարություն, որը Սահմանադրության փոփոխության Բաքվի պահանջը համարում է սեփական օրակարգ, և քանի դեռ տարածաշրջանային զարգացումները չեն փակել Հայաստանի նկատմամբ միակողմանի ճնշման ներկայիս «հնարավորությունների պատուհանը»,- գրել է Սուրենյանցը։
Գերմանիա՝ Գերմանական միասնության օր, Իրաք՝ Ազգային օր, Հյուսիսային և Հարավային Կորեաներ՝ Պետության կազմավորման օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1908- ծնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն 1-ինը:
1926 – Մոսկվայում տեղի է ունեցել «Հայֆիլմի» առաջին կինոնկարի՝ «Նամուսի» պրեմիերան։
1924 – ծնվել է ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը:
1935– ծնվել է ճանաչված դերասան Արմեն Ջիգարխանյանը:
1968– վախճանվել է դերասան Արման Կոթիկյանը:
1980- Ժնևի հյուրանոցներից մեկում ռումբի ժամանակից շուտ պայթելուց հետո ձերբակալվել են ԱՍԱԼԱ-ի անդամներ Ալիկ Ենիգոմշյանը և Սյուզի Մահսերջյանը:
1988-Ստեփանակերտ են այցելել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի անդամները և բանակցություններ վարել հայկական կողմի հետ. բանակցություններն անարդյունք են եղել:
1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ:
2007-ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը կոչ է արել Եվրամիությանը, Ռուսաստանին և Ուկրաինային՝ հրատապ միջոցներ ձեռնարկել Հայաստանում և Վրաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտը կանխելու համար:
-2007-Երևանում մեկնարկել է շախմատի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել է 50 երկրի 150 ներկայացուցիչ:
2011– վախճանվել է ամերիկահայ դերասանուհի և երգչուհի Քեյ Արմենը:
2013- Ազգային ժողովն ընդունել է Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում, որը տարածվել է մոտ 1300 մարդու վրա։
2016- Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ արտգործնախարար:
2019- կառավարությունը հաստատել է երկրի հակակոռուպցիոն ռազմավարությունը. ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
2020- Ղարբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Մատաղիս բնակավայրը:
2023- Ստեփանակերտի օդանավակայանում տեղակայված ռուսական զորակայանում Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը, որից հետո նրանց տեղափոխել են Բաքու:
ԱՇԽԱՐՀ
Մ.թ.ա. 42 -վախճանվել է հռոմեացի քաղաքական գործիչ, զորավար Կասիուս Լոնգինը՝ Կեսարին սպանողներից մեկը:
382 -Հռոմեական կայսր Թեոդոս 1-ինը Ֆրակիայի հողերը տրամադրել է որպես վեստգոթերի վերաբնակեցման տարածք:
1611 -վախճանվել է Իսպանիայի և Պորտուգալիայի թագուհի Մարգարիտա Ավստրիացին:
1866 -Վիեննական պայմանագրով Ավստրիան Իտալիային է տվել Վենետիկը:
1891 -Աբխազիայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով առաջացել է Ամտկել լիճը:
1226 –վախճանվել է իտալական սուրբ Ֆրանկիսկոս Ասիզացին:
1886 –ծնվել է ֆրանսիացի արձակագիր Ալեն-Ֆուրնիեն:
1895– ծնվել է ռուս նշանավոր բանաստեղծ Սերգեյ Եսենինը:
1897 – ծնվել է ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Լուի Արագոնը:
1900 – ծնվել է ամերիկացի գրող Թոմաս Վուլֆը:
1919– ծնվել է լիտվացի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը:
1929-խորվաթների, սերբերի և սլովենների թագավորությունը ստացել է Հարավսլավիա պաշտոնական անվանումը:
1932 – վախճանվել է գերմանացի աստղագետ Մաքսիմելիան Ֆրանց Յոզեֆ Կորնելիուս Վոլֆը:
1941 -ամերիկյան քիմիկոսներ Լայլ Գուդխյուն և Ուիլ յամ Սալլիվենը արտոնագրել են ինսեկտիդիդների ցրման աերոզոլային կոնտեյները:
1952- Լոս Անջելեսում իրականացվել է առաջին ձայնագրությունը մագնիսական ժապավենի վրա:
1952 – Մեծ Բրիտանիան առաջին անգամ փորձարկել է միջուկային զենք և դարձել երրորդ միջուկային տերությունը:
1986 -խորհրդային К-219 ստրատեգիական նշանակության սուզանավը վթարվել է, որի արդյունքում սուզանավը երեք օր անց խորտակվել է:
1990– Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը միացել են, և ստեղծվել է Գերմանիայի Հանրապետությունը:
1993-Մոսկվայում նախագահ Ելցինի և Գերագույն խորհրդի հակամարտությունը վերածվել է զինված բախման:
1993– Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սկսվել են մարտեր ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի և սոմալիական զինված ուժերի միջև:
«Շատ հանգիստ, զուսպ երեխա էր։ Աղմկոտ չի եղել։ Չէր սիրում, երբ բարձր ձայնով էին խոսում։ Փոքր ժամանակ մի փոքր բարձր ձայնից կարող էր ձեռքերով ականջները փակել և ասել՝ կամաց։ Հիմա նույն կերպ նաև փոքր տղաս է։ Շատ ընկերասեր էր, ծնողասեր, հարգանքով։ Երբեք միայնակ սեղան չի նստել։ Սպասում էր մինչև տուն գայինք, որ միասին ընթրեինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մհերի մայրիկը՝ տիկին Նազիկը։
Մհերը ծնունդով Էջմիածին քաղաքից է։ «Մհերս մեծացել է Զվարթնոց թաղամասում։ Մինչև երրորդ դասարանը հաճախել է թիվ 10 դպրոցը, այնուհետև տեղափոխվեցինք Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղ։ Տղաս արդեն սկսեց հաճախել Ոսկեհատի միջնակարգ դպրոցը։ Չեմ կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել, բայց հրաշալի հիշողություն ուներ։ Գիրքը կարող էր չբացել, բայց դպրոցում դասը պատասխաներ, բարձր գնահատական ստանար և տուն գար։ Շատ էր սիրում «Պատմություն» առարկան։ Զուգահեռ հաճախում էր նաև երաժշտական դպրոց՝ դուդուկի բաժին։ Անսամբլում էր նվագում։ Ցանկանում էինք, որ դուդուկահար դառնա։ Բայց երաժշտական դպրոցի չորրորդ դասարանում ասաց. «Սա ձեր երազանքն է, իմը չէ։ Դուդուկը շատ եմ սիրում, բայց դա իմը չէ, ես ուզում եմ կրթությունս ռազմական գծով շարունակել»: Մենք դեմ էինք իր այդ ցանկությանը։ Ես Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն էի վերցրել, որ այնտեղ ուսումը շարունակի, բայց իմ տղան իր որոշումն արդեն կայացրել էր»։
Արդյունքում Մհերն ուսումը շարունակում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ «Լավագույն սաներից մեկն էր։ Սպայի կեցվածք ուներ, բարձրահասակ էր, վարժարանն իրեն ավելի կոփեց։ Այնքան հետևողական էր իր համազգեստի նկատմամբ։ Զինվորական ուղին էր ընտրել։ Ասում էր՝ Հայոց բանակը պետք է ունենա կրթված սպաներ, կիրթ սպաների շնորհիվ մեր բանակը կհզորանա։ Եվ վարժարանում արդեն շատ ավելի լավ էր սովորում։ Նշում էր, որ իրենց դասախոսները «քայլող հանրագիտարաններ» են։ Ափսոսում էր, որ գուցե դպրոցում մի բան պակաս է սովորել։ Չնայած վարժարանից մի քանի անգամ զանգահարել են իր դպրոց և շնորհակալություն հայտնել Մհերիս կրթության և դաստիարակության համար։ Այնքան հայրենասեր էր, իր երկրի հանդեպ այնքան ուշադիր անգամ մանրուքների հարցում։ Հանկարծ շփոթվեիր և ձեռքումդ եղած թղթի կտորը փողոցում գցեիր, մի մեծ խոսակցություն կդառնար։ Ասում էր. «Եթե դուք եք ձեր երկրի հանդեպ այդպես վարվում, բա մնացածն ինչեր կանեն»։ Մեկ անգամ փոքր տղաս ուզում էր թուղթը գետնին գցել, Մհերս աչքիս առաջ եկավ, անմիջապես հիշեցի իր խոսքերը»։
2020 թվականի հուլիսի 7-ին Մհերը զորակոչվել է ժամկետային ծառայության։ «Այդ օրն եմ վերջին անգամ գրկել իմ երեխային։ Չէի կարողանում նրան գրկիցս բաց թողնել։ Իմ ներսում վախ կար, աննկարագրելի զգացողություն էր։ Տղաս 40 օր մնաց «Մարտունի-2»-ում, կարանտին էր, հետո իրենց տեղափոխել են «Արա լեռ»։ «Մարտունի-2»-ում տեղի էր ունեցել իր երդմնակալության արարողությունը, որին մենք ներկա չենք գտնվել»։
Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ամուսինս տուն մտավ՝ երեխուն գտիր, պատերազմ է։ Չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Զանգում էի Մհերիս, անհասանելի էր։ Որևէ կերպ չէի կարողանում իր հետ կապ հաստատել։ Չորրորդ օրը նոր միայն կապի դուրս եկավ։ Առաջին հարվածները նաև իրենց զորամասն է իր վրա վերցրել։ ԱԹՍներն օդում կախված են եղել։ Նա մեզ ոչինչ չէր պատմում, չէր ասում, որ մասնակցում է ռազմական գործողություններին, իր խոսքն էր. «Ամեն ինչ մեզանից հեռու է, մենք բունկերներում ենք»։ Երբ հարցնում էի՝ Մհե՛ր ջան, որտե՞ղ ես, արձագանքում էր. «Մա՛մ, ամեն ինչ գիտես, մենակ դա՞ չգիտես»: Ինձ, ինչպես ասում են, հրահանգել էր. «Մամա՛ ջան, դու ինձ չզանգես, ես քեզ կզանգեմ»։ Բայց մի անգամ զանգեցի, ընկերը պատասխանեց։ Հարցնում եմ՝ Արմա՛ն ջան, Մհերս ո՞ւր է։ «Սնարյադ ենք կրում, Մհերը հեռու է, կասեմ, կզանգի»։ Զարմացա՝ դուք բունկերներում չե՞ք։ Այնքան անկեղծ պատասխանեց՝ ի՞նչ բունկեր»։
Մհերի և մայրիկի վերջին զրույցը հոկտեմբերի 10-ին էր։ «Ժամը մեկի կողմերն էր, զանգահարեց։ Քար լռություն էր, երբևիցե նման լռություն չէր եղել։ Իր քույրիկին ասում էր՝ «մի հատիկ»։ Զրույցի ժամանակ շեշտեց. «Մամա՛, իմ «մի հատիկին» լավ կնայես, պապային լավ կնայես, քեզ լավ կնայես։ Մամա՛, մեռնեմ ձեր սրտին, ձեզ լավ նայեք»։ Չէի հասկանում, թե ինչու է նման բաներ ասում։ Հենց այդ օրն էլ ժամը չորսի կողմերը դեպքը եղել է»։
Մհերն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականի և Իվանյանի (Խոջալու) միջանկյալ հատվածում։ «Նախորդ օրը մեծ վնասներ էին հասցրել հակառակորդին։ Հոկտեմբերի 10-ին հրադադար էր։ Հավաքել էին զենք-զինամթերքը, իրենց մեքենան փչացել էր, տեղավորվել էին մի մեքենայի մեջ։ Մեքենայի մեջ յոթ տղա են լինում, չորսը՝ վերևի հատվածում, երեքը՝ ներսում։ ԱԹՍ-ն հարվածում է, չորս տղաները զոհվում են։ Հաջորդ օրը նոր միայն տղաներին կարողանում են դուրս բերել։ Դեկտեմբերի չորսին միայն ԴՆԹ հետազոտության միջոցով գտանք մեր տղային։ 56 օր իմ Մհերին էի փնտրում։ Այնքան նպատակներ ուներ Մհերս։ Տունը նոր էինք գնել, իր աշխատանքով տանն ահագին գործ արեց, ասաց. «Դուք մի քանի բան արեք, մնացածն էլ ես զորացրվելուց հետո ավարտին կհասցնեմ»։ Անսահման սիրում էր իր քրոջը։ Շատ մտերիմ քույր ու եղբայր էին, կարող էր կոնֆետը չուտել, պահել քրոջ համար։ Ամեն ինչ ուզում էր անել նրա համար։ Աստվածաբանություն էր ուսումնասիրում։ Հետաքրքրությունների շրջանակը շատ մեծ էր։ Կրթության հետ կապված մեծ պլաններ ուներ։ Այս ամենը կիսատ մնաց, տղայիս բոլոր երազանքները կիսատ մնացին»։
Հիմա այս ընտանիքում փոքր Մհերն է մեծանում։ «Երբեք չեմ ցանկացել երկու տղաներիս համեմատել, բայց իրենք այնքան նման են՝ բնավորությամբ, շարժուձևով, արտաքինով, ամեն ինչով։ Միայն աչքերի կառուցվածքով նման չեն։ Կարծես Մհերս փոքր Մհերիս բերանով խոսի։ Խավարի մեջ լույս տվողը դարձավ։ Շատ դժվարությամբ որոշում կայացրեցի կրկին մայրանալու, մտածում էի, որ այդ կերպ դավաճանում եմ իմ Մհերին։ Բայց ամուսինս ու աղջիկս ինձ համոզեցին գնալ այդ կարևոր քայլին»։
Ապրելու ուժի մասին. «Մհերս իմ համար ամեն ինչ էր՝ եղբայր, ընկեր, տղա։ Ամեն հարցում իրար հետ կիսվում էինք։ Նա գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց, ես միայնակ մնացի։ Մինչև հիմա աչքս դռանն է, գիտեմ, թե հիմա տղաս պետք է դուռը բացի և ներս մտնի»։
Հ. Գ. – Մհեր Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Մուսալեռի Պտղունքի գերեզմանատանը։
Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում տեղակայված զորամասը: Այնուհետև ինչ է արել, ինչ չի արել, երևի քննությունը կպարզի, բայց բավականին երկար ճանապարհ է անցել՝ աննկատ մնալով, որից հետո հայտնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Շաքի բնակավայրում: Այստեղ ադրբեջանցին թափանցել է Շաքիի բնակիչ, 38-ամյա Անի Ավետիսյանի տուն: Տանեցիներն այդ պահին տանը չեն եղել: Այնուհետև դիվերսանտը գիշերել է նշված տանը, գտած պարենամթերքից իր համար ուտելիք է պատրաստել: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 14-ի սահմաններում, Անի Ավետիսյանն իր երեք երեխաների հետ վերադարձել է տուն, նկատել, որ օտար անձ է տուն թափանցել, աղմուկ է բարձրացրել: Ադրբեջանական թուրքը կրակել և վնասել է հայ կնոջ ոտքը, երեխաներից երկուսը ( 2011 և 2014 թթ. ծնված) ևս տուժել են: Ըստ որոշ տվյալների, թեթև վնասվածք է ստացել նշված կնոջ եղբայրը, ով, որքան հասկանալի է, հետո է հայտնվել դեպքի վայրում: Անի Ավետիսյանը դիմել է ինքնապաշտպանության, ըստ երևույթին՝ խոհանոցային դանակով կարողացել է վիրավորել անկոչ ու անցանկալի «հյուրին», իսկ վերջինս փախել ու թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հետո նրան հայտնաբերել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ադրբեջանցուն տարել են հոսպիտալ, նրա կողմից վիրավորված Անի Ավետիսյանն արդեն տեղափոխվել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Իսկ ինչի՞ մասին է խոսում կատարվածը: Ադրբեջանցի զինվորը (որոշ տեղեկություններով՝ զինվորները) մի քանի օր շարունակ, բացարձակապես աննկատ մնալով, զբոսնել է (զբոսնել են) Հայաստանի տարածքում, և համապատասխան մարմինները քայլեր են ձեռնարկել այն բանից հետո, երբ տեղի են ունեցել հայտնի իրադարձությունները: Այն, որ որևէ երկրի հետախուզական կամ դիվերսիոն ստորաբաժանումների ներկայացուցիչները կարող են աննկատ ներթափանցել երկրի տարածք, թեպետ անընդունելի է, բայց արմատապես չես կարող բացառել: Նման բաներ երբեմն հնարավոր են: Այդուհանդերձ լրջագույն հարցեր կան՝ ոչ միայն սահմանագծի կամ «շփման գծի» պահպանության, այլև հենց իրավապահ համակարգի գործունեության վերաբերյալ:
Խայտառակությունն այն է, որ զինված ու վտանգավոր անձը օրեր շարունակ կարող է աննկատ մնալ ու թափանցել խաղաղ բնակավայր: Իսկ ամենից մեծ խայտառակությունն էլ այն է, որ Հայաստանի համապատասխան անվտանգային ու իրավապահ համարվող մարմինները գրեթե երկու օր արդեն իմացել են, որ մեր երկրի տարածքում թշնամական բանակի զինված ներկայացուցիչ է ֆռֆռում (պարզվում է՝ ՀՀ համապատասխան մարմիններին դեռևս սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը հայտնել է, որ իրենց մոտից զինծառայող է անհետացել, հնարավոր է՝ անցել է հայկական տարածք), բայց չեն կարողացել նրան հայտնաբերել: Չէ, պատկերացնո՞ւմ եք, թշնամին զգուշացրել է, բայց հայկական ԱԱԾ-ն ու ոստիկանությունը երկու օրվա մեջ չեն կարողացել ադրբեջանական թուրքին հայտնաբերել ու վնասազերծել: Ավելին, գոնե տեղի բնակչությանը, թեկուզ ներքին կարգով, չեն զգուշացրել, որ այսպես ու այսպես՝ թշնամի է թափանցել: Չեն ուժեղացրել նշյալ տարածքի շրջակա բոլոր բնակավայրերի անվտանգությունը: Հասկանո՞ւմ եք, ամենից տարրական բանը չեն արել: Դա ուղղակի նշանակում է, որ իշխանությունները խորապես թքած ունեն ՀՀ քաղաքացիների անվտանգության ու ապահովության վրա:
Լավ, իշխանական վերնախավը թքած ունի, հասկացանք: Հապա ոստիկանության, ԱԱԾ միջին օղակի, ենթադրաբար՝ պրոֆեսիոնալ (եթե մնացել են) ծառայողնե՞րն էլ նման վերաբերմունք ունեն:
Իսկ եթե թշնամին ներխուժեր դպրոց կամ մանկապարտե՞զ: Եթե դիվերսիոն այլ սցենարներ տեղի ունենայի՞ն: Կարող էին, չէ՞, դեպքերն այդ սցենարներով ընթանալ:
Ըստ որում, նկատենք, փաշինյանական իշխանության ներկայացուցիչներն իրենց այնպես են պահում հանրային հարթակներում այս խայտառակ եղելության հետ կապված, կարծես առանձնապես ոչ մի բան էլ չի եղել: Երևի մի բան էլ նեղսրտում են, թե՝ ի՜նչ եք աղմուկ դրել:
Այսինքն, «բան չի եղել», էլի, Ալիևը «ռազմական տուրիզմի» ծրագիր է սկսել իրականացնել՝ փաշինյանական «խաղաղության» շրջանակներում:
Իհարկե, շատերն են այն կարծիքին, որ ադրբեջանական զինվորի (զինվորների) ներթափանցումն ուղղակիորեն ջարդուփշուր է անում, ավելի ճիշտ՝ պայթեցնում է «խաղաղության» մասին քպական իշխանության քարոզչական փուչիկը: Մարդիկ հարց են տալիս՝ ի՞նչ խաղաղություն կարող է լինել մեկի հետ, ում նպատակը քեզ վերացնելն է, քո տունն ու հողն իրենով անելն է, հնարավորության դեպքում՝ քո վրա կրակ բացելը: Մեր կարծիքով, սակայն, այս մեկ դիպվածով նման եզրակացություններ անելու կարիք չկա, առանց այդ էլ այդ ամենը չափազանց ակնհայտ է:
Վերադառնանք, սակայն, ինչպես մեզ է թվում, ամենից առանցքային հարցին. ինչպե՞ս է կատարվածն ընդհանրապես հնարավոր դարձել և ինչո՞ւ: Ինչո՞ւ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, որ հարկատուների հաշվին միլիարդների հասնող վարձատրություն ու պարգևատրումներ են ստանում, նույնիսկ թշնամու կողմից զգուշացված լինելու պարագայում երկու օր շարունակ դրսևորել են պրոֆեսիոնալ անպիտանություն և անգործունակություն:
Դա այն ԱԱԾ-ն ու ոստիկանությունն են, որ երբ Փաշինյանը մի կես բերան մրթմրթում է որևէ մեկի հասցեին, անմիջապես, կայծակնային արագությամբ վրա են հասնում, «փռում ասֆալտին», ձեռնաշղթայում, ձերբակալում: Այ, եթե պետք է որևէ ընդդիմադիր ակտիվիստի կամ գործչի «բռնել», այստեղ փաշինյանական ռեպրեսիվ մարմինները գերօպերատիվ են: Իսկ երկիր թափանցած զինված թշնամական զինվորը… դե ոչի՜նչ, մի քիչ կֆռֆռա, հետ կգնա, էլի…
Հենց այստեղ է բուն հարցը: ԱԱԾ-ն, ոստիկանությունը՝ իր զանազան-զարմանազան ստորաբաժանումներով, վերածվել են քաղաքական գործիքի, դրանք դարձել են օրվա իշխանության քաղաքական հալածանքների դագանակը՝ ընդդիմադիր ուժերի, պարզապես իշխանությանը դեմ արտահայտվող քաղաքացիների դեմ:
Այն աստիճանի են այդ մարմինները թաղվել քաղաքական պարտականությունների մեջ (որպիսիք օրենքով չունեն), որ սկել են կաղել նրանց գործառութային ունակությունները: Դա անխուսափելի է. եթե մի պետության մեջ ոստիկանության ու հատուկ ծառայությունների ամբողջ հոգսը օրնիբուն ընդդիմադիրներին լրտեսելը, գաղտնալսելը, ապօրինի հետապնդելն ու կալանավորելը լինի, եթե նրանց բանուգործը բուժօգնության կարիք ունեցող անձին պատգարակով դատարանի դահլիճ քարշ տալը լինի, ապա ադրբեջանական զինվորները անարգել երկիր էլ կներթափանցեն, ազատ կզբոսնեն էլ, բնակավայրեր էլ կմտնեն, մարդկանց վրա կկրակեն էլ…
Սա՛ է փաշինյանական «խաղաղությունն» ու «ապագան», եթե դեռ կան այդ խայտառակությունը չընկալողներ: