Category: Orer

  • ՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն Մարուքյան






    Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ Կառավարության հրապարակած զեկույցը դարձել է հերթական լուրջ քաղաքական ու ինստիտուցիոնալ քննարկման առիթ։ Այս թողարկման ընթացքում խոսում ենք Եկեղեցու ներքին գործերին պետական միջամտության, ՔՊ-ի կողմից ձևակերպվող «ճգնաժամի» թեզի, Ազգային ժողովում ստեղծվող քննիչ հանձնաժողովի և այն վտանգի մասին, որ քաղաքական իշխանությունը փորձում է իրավական ու վարչական գործիքներով վերաձևել Եկեղեցու ներքին կյանքը։ 

    Առանձին քննարկվում է այն հարցը, թե որքանով է հիմնավոր իշխանության կողմից եկեղեցուն ուղղված բարևարքության, ֆինանսական անթափանցիկության և ներքին կառավարման մեղադրանքների օգտագործումը քաղաքական պայքարում։ Զրույցում համեմատություններ են անցկացվում հենց իշխանության ներսում առկա նույնատիպ խնդիրների՝ ազգակցական կապերի, թափանցիկության պակասի, քաղաքական հետապնդումների և պատասխանատվության բացակայության հետ։ 

    Զրույցի մյուս առանցքը եկեղեցու դերն է Հայաստանի պետական, ազգային և պատմական համակարգում։ Քննարկվում է Նիկոլ Փաշինյանի կրոնական հռետորաբանությունը, եկեղեցու նկատմամբ քաղաքական պայքարի հնարավոր հետևանքները, Մայր Աթոռի նկատմամբ ճնշումների և պետական ինստիտուտների սահմանազատման խնդիրը։ 

    Անդրադարձ կա նաև Ադրբեջանի կողմից առաջ մղվող «աղվանական եկեղեցու» նարատիվին, հայկական մշակութային ու պատմական ներկայությունը վիճարկելու փորձերին և այն հարցին, թե արդյոք պետության ու եկեղեցու միջև խորացող հակադրությունը չի թուլացնում Հայաստանի դիմադրողականությունը հենց այն պահին, երբ անհրաժեշտ է միասնական ինստիտուցիոնալ պաշտպանություն։ 

     






  • ՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման Երիցյան






    ՀՀ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը

    «Նշված բնակարանները նրանց միակ կեցության վայրերն էին Հայաստանի Հանրապետությունում։ Վարչական ակտերն ակնհայտ անհիմն են, ուստի վիճարկվել են դատական կարգով։ Մինչև հարցի վերջանական լուծումը զինծառայողներին չեն կարող վտարել իրենց բնակարաններից»,-նշել է նա։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառով






    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ երկրում աշակերտների և ուսանողների բողոքի ակցիաների ֆոնին։

    Հանդիպումը կկայանա այսօր երեկոյան Ելիսեյան պալատում։ Խորհրդակցությանը կմասնակցեն Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն և ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆֆրեն։

    Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ երեքշաբթի ամբողջ երկրում անցկացված ցույցերին մասնակցել է 256 հազար ավագ դպրոցի աշակերտ և ուսանող։ Միաժամանակ, արհմիությունները շարունակում են մասնակիցների թիվը գնահատել գրեթե երկու անգամ ավելի բարձր։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Այս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականին






    Արգենտինայի ազգային հավաքականի ավագ և պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ 39-ամյա Լիոնել Մեսսին, պատրաստվում է անցկացնել իր հրաժեշտի հանդիպումը ազգային թիմի կազմում: Բուենոս Այրեսի լեգենդար «Մոնումենտալ» մարզադաշտում այս գիշեր կկայանա արգենտինացիների ընկերական հանդիպումը Բենինի ընտրանու հետ, որը կնշանավորի համաշխարհային ֆուտբոլի մեծագույն դարաշրջաններից մեկի ավարտը:


    «Ինտեր Մայամիի» հարձակվողը, ով միջազգային կարիերան ավարտելու որոշումը կայացրել էր 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, սոցիալական ցանցերում հուզիչ ուղերձով է դիմել իր երկրպագուներին.

    «Եկավ այս պահը: Ես հեռանում եմ խաղաղ հոգով, քանի որ տվել եմ այն ամենը, ինչ կարող էի։ Երկար տարիներ այս մարզաշապիկն իմ երազանքն էր, իմ հպարտությունն ու կյանքը։ Շնորհակալ եմ ինձ այսքան ուժգին սիրելու և աջակցելու համար։ Դուք միշտ իմ սրտում կլինեք»,- ասել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը adidas Football-ի հրապարակած տեսանյութում:


    Մեսսին նաև Ինստագրամի իր էջում կիսվել է հավաքականի ճամբարում անցկացրած վերջին մարզման լուսանկարներով՝ մակագրելով. «Հատուկ պահեր, որոնք հաստատ կարոտելու եմ…»։

    Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը Բենինի դեմ խաղին մոտենում է հիանալի մարզավիճակում. այս միջազգային պատուհանի ընթացքում արգենտինացիներն արդեն հասցրել են խոշոր հաշվով ջախջախել Բոլիվիային (4:0) և Բուրկինա Ֆասոյին (7:0)։ Սակայն առաջիկա խաղը զուտ սպորտային իրադարձություն չէ. այն լինելու է մեգա-տոնախմբություն և պատմական էմոցիոնալ հրաժեշտ՝ նվիրված թիմի ավագի անկրկնելի ուղուն:

    Մեսսին Արգենտինայի գլխավոր թիմում իր նորամուտը նշել է դեռևս 2005 թվականի օգոստոսին՝ Հունգարիայի դեմ ընկերական խաղում (2:1): Ավելի քան երկու տասնամյակ տևած ուղու ընթացքում նա դարձավ «Ալբիսելեստեի» բացարձակ ռեկորդակիր՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 207 հանդիպում, խփելով 125 գոլ և կատարելով 67 արդյունավետ փոխանցում:

    Թեև մեծահասակների հավաքականի կազմում նա երկար ժամանակ մնում էր առանց խոշոր տիտղոսների` զիջելով ԱԱ-2014-ի, ինչպես նաև Ամերիկայի գավաթի 2015 և 2016 թթ. եզրափակիչներում, կարիերայի երկրորդ հատվածում Մեսսին նվաճեց գրեթե հնարավոր ամեն ինչ: Նրա գլխավորությամբ Արգենտինան դարձավ Ամերիկայի գավաթի կրկնակի հաղթող (2021, 2024), նվաճեց Ֆինալիսիման (2022), հռչակվեց 2022 թվականի Աշխարհի չեմպիոն և դարձավ ԱՄՆ-ում կայացած 2026 թվականի Մունդիալի փոխչեմպիոն։

    Արգենտինա-Բենին պատմական հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի երևանյան ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։ Հանդիպումը կսպասարկի չիլիացի մրցավար Ֆեռնանդո Վեխարը: Սա կլինի ավելին, քան պարզապես ֆուտբոլային հանդիպում. «Մոնումենտալ»-ը վերջին անգամ ոտքի կկանգնի՝ ծափահարելու իր պատմության մեծագույն լեգենդին:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը






    Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների հատման վայրում՝ ժողովրդին հայտնի Կրկեսի խաչմերուկում, ճակատ ճակատի բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Ռուբիկ Ջ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Արտակ Պ․-ի վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենաները

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

    Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջ






    Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ավգուստ Հանինգը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով․ ենթադրաբար վերլուծական զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետախուզության համար, հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով հետաքննության նյութերին։

    Պարբերականի տվյալներով՝ Հանինգը Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունում իր նախկին աշխատակազմի ղեկավարի միջոցով ստացել է որոշակի «գաղտնի» փաստաթղթեր և դրանք օգտագործել զեկույցը պատրաստելիս։

    Գերմանիայի Դաշնային դատախազությունը կարծում է, որ փաստաթուղթը հետագայում պետք է փոխանցվեր «օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցի»։

    Հանինգը 1998-2005 թվականներին ղեկավարել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND), իսկ 2005-2009 թվականներին եղել է Գերմանիայի ՆԳ նախարարության պետական քարտուղարներից մեկը։ Մանֆրեդ Դ.-ն այդ ամբողջ ընթացքում եղել է նրա աշխատակազմի ղեկավարը, իսկ 2012-2026 թվականներին ղեկավարել է BND-ի այլ ղեկավարների աշխատակազմերը։

    Գերմանիայի Դատախազության պնդմամբ՝ 2010 թվականի գարնանից Մանֆրեդ Դ.-ն Հանինգին տրամադրել է հետախուզական տվյալներ, որոնց հասանելիություն ուներ որպես BND-ի աշխատակից։ Մինչև 2022 թվականի հունիսը նա նախկին ղեկավարին փոխանցել է շուրջ 2000 փաստաթուղթ, որոնցից շատերը գաղտնի էին և նախատեսված էին բացառապես BND-ի ներքին օգտագործման համար։

    Գերմանիայի Դատախազությունը նաև պնդում է, որ Հանինգը ստացված գաղտնի տեղեկություններից մեկ դեպքում օգտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայության աշխատակցի պատվերով վերլուծական նյութ պատրաստելու համար։ Թե որ պետության հատուկ ծառայության մասին է խոսքը, չի հաղորդվում։

    «Դեռևս չի հաջողվել պարզել՝ արդյոք այս նյութը փոխանցվել է հասցեատիրոջը», – ասվում է Գերմանիայի դատախազության հաղորդագրությունում։

    Բացի այդ, ըստ մեղադրանքի, Հանինգը ակտիվ կապեր է պահպանել մեկ այլ պետության հատուկ ծառայության աշխատակցի հետ և մի քանի տարի նրան տրամադրել քաղաքական բնույթի տեղեկատվություն, որը մասամբ հիմնված է Մանֆրեդ Դ.-ից ստացված նյութերի վրա։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Կրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտը






    Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Պորտուգալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի հետ ունեցած տարաձայնություններին, որոնցից հետո հեռացել է հավաքականի ճամբարից։

    Ռոնալդուի խոսքով՝ 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո ինքը նախատեսել էր ավարտել ելույթները հավաքականում, սակայն Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խնդրել է վերանայել այդ որոշումը։ Ֆեդերացիայի ղեկավարը նաև հետաքրքրվել է հավաքականի գլխավոր մարզչի թեկնածության վերաբերյալ Ռոնալդուի կարծիքով, և ֆուտբոլիստը հավանություն է տվել Ժեզուսի նշանակմանը։

    Ռոնալդուն պատմել է, որ Ժեզուսի հետ առաջին հանդիպման ժամանակ մարզիչը նշել է, որ իր ներկայությունը կարևոր է հավաքականի ծրագրերի համար։ Ըստ նախապես համաձայնեցված ծրագրի՝ Ռոնալդուն պետք է մասնակցեր առաջին և վերջին հանդիպումներին, իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարգավորելու համար մարզիչը նախատեսում էր յուրաքանչյուր խաղում կատարել 3-4 փոփոխություն։

    Միևնույն ժամանակ Ժեզուսը Ռոնալդուին առաջարկել էր չմեկնել Նորվեգիա և Դանիա՝ մասնակցել առաջին խաղին, ապա մնալ Պորտուգալիայում և միանալ թիմին «Դրագաու» մարզադաշտում կայանալիք հանդիպումից առաջ։ Ռոնալդուն հրաժարվել էր այդ տարբերակից՝ նշելով, որ հավաքականի ավագի համար ճիշտ օրինակ չէր լինի արտագնա խաղերին չմեկնելը։

    Ռոնալդուի խոսքով՝ հավաքականի հաջորդ հավաքի նախօրեին Ժեզուսը կրկին այցելել է նրա տուն, և կողմերը վերահաստատել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ֆուտբոլիստը մասնակցել է «Ալվալադե» մարզադաշտում կայացած հանդիպմանը, իսկ փոխարինվելուց հետո ինքն է ավագի թևկապը փոխանցել Բրունու Ֆերնանդեշին։

    Սակայն Նորվեգիայի դեմ խաղի օրը, Ռոնալդուի խոսքով, մարզչի օգնականը նրան հայտնել է, որ Ժեզուսը ցանկանում է խոսել իր հետ։ Մարզիչը հարցրել է՝ արդյոք նա ֆիզիկապես պատրաստ է 30 րոպե խաղալու։ Ռոնալդուն համաձայնել է՝ չնայած այն հանգամանքին, որ այդ խաղը ներառված չէր իր վերականգնման նախապես համաձայնեցված ծրագրում։

    «Նա պատասխանեց, որ այդ դեպքում պետք է պատրաստ լինեմ, քանի որ 30 րոպե խաղալու եմ։ Մնացածն արդեն հայտնի է։ Երկրորդ խաղակեսից տաքանում էի, հետևում էի րոպեներին, բայց ինձ այդպես էլ խաղադաշտ դուրս չկանչեցին։ Մարզիչը խախտեց ինձ տված իր խոստումը», – հայտարարել է Ռոնալդուն։

    Ռոնալդուն նշել է, որ հենց այս միջադեպից հետո էլ որոշել է հեռանալ հավաքականի ճամբարից։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը






    Քենիայի առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում էբոլա վիրուսով հիվանդացության առաջին դեպքը. հիվանդը գտնվում է մայրաքաղաք Նայրոբիում։ Այս մասին հաղորդում է քենիական Kenyans լրատվական հարթակը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Ադեն Դուալեի հայտարարությունը։

    «Առողջապահության նախարարությունը հասարակայնությանը տեղեկացնում է այն մասին, որ հաստատել է էբոլա վիրուսով (բունդիբուգյո շտամ) հիվանդացության առաջին բերովի դեպքը», – հայտարարել է Դուալեն։

    Նրա խոսքով՝ հիվանդը վերջին յոթ տարում ապրել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ), որտեղ շուրջ մեկ ամիս առաջ իր մոտ ի հայտ են եկել հիվանդության ախտանիշներ։ Նա բուժում է ստացել ԿԴՀ-ի մի քանի հիվանդանոցում, ինչից հետո Ուգանդայի տարածքով ուղևորվել է Քենիա:


    Նախարարի տվյալներով՝ հիվանդը ինքնաթիռով Նայրոբիի Ջոմո Քենիատայի անվան միջազգային օդանավակայան է ժամանել հոկտեմբերի 3-ին, ժամը 13:10-ին. ինքնաթիռում եղել է 23 ուղևոր։ Սանիտարական և անձնագրային ստանդարտ ստուգումներն անցնելուց հետո ազգականներն ու ընկերները նրան ավտոմեքենայով տեղափոխել են Նայրոբիի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան անհապաղ մեկուսացրել են առանձին հիվանդասենյակում։ Հիվանդն ավելի ուշ մահացել է։

    Այսօրվա դրությամբ էբոլայի նոր՝ բունդիբուգյո շտամի դեմ պաշտոնապես լիցենզավորված պատվաստանյութ և բուժում գոյություն չունեն։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Այսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն է






    Այսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս, ՀՅԴ նվիրյալ և լեգենդար հրամանատար Բեկորի՝ Աշոտ Ղուլյանի ծննդյան օրն է։ Ընկեր Աշոտն իր կյանքը նվիրեց Արցախի ազատության և հայրենիքի պաշտպանության սուրբ գործին՝ անմահանալով մարտի դաշտում։

    Հիշատակդ վառ, սիրելի ընկեր։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • ԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումին






    ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումի շրջանակներում  “Connectivity and Infrastructure: Building Armenia’s Next Decade” (կապակցվածություն և ընթակառուցվածքներ, կառուցելով Հայաստանի հաջորդ տասնամյակը) պանելային քննարկմանը։ Պանելի հիմնական հարցադրումն էր՝ ինչպես կարող է Հայաստանը օգտագործել իր աշխարհագրական դիրքը և ենթակառուցվածքների զարգացումը՝ նոր տնտեսական հնարավորություններ բացելու և երկարաժամկետ աճ ապահովելու համար։ 

     

    Վարդան Ջհանյանը ընդգծել է, որ ենթակառուցվածներում ներդրումներին զուգահեռ նույնքան կարևոր է չափորոշիչներում ներդրումները։ Հայաստան անհրաժեշտ է ներմուծել ոչ միայն կապիտալ, այլև չափանիշներ, այդ չափանիշները ներդնող ծառայություներ։ Այսպես, օրինակ ԶՊՄԿ-ն, որ այսօրվա ֆորումի հովանավորներից մեկն էր, բրիտանական մի քանի առաջատար ընկերությունների ծառայութուններից է օգտվում, հատկապես բնապահպանական ոլորտում։ Անգլիական խոշորագույն ինժեներական ընկերություններից մեկը աշխատում է ԶՊՄԿ պոչամբարի կառավարման ծրագրի վրա։ Ընկերության բնապահպանական հետազոտությունները իրականացնում է մեկ այլ բրիտանական ընկերությունը, որը լավագույններից է աշխարհում։ Ըստ Ջհանյանի, միջազգային բզինես համագործակցության կարևոր կոմպոնենտներից մեկը պետք է լինի հենց չափանիշների ներմուծումը։ Այս համատեքստում նա նաև ընդգծել է արդյունահանող ճյուղերի թափանցիկության նածաձեռնությունը (EITI), որը սկիզբ է առել հենց Միացյալ Թագավորությունում, և այսօր Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում այս նախաձեռնության ներդրումը համարվում է լավագույն օրինակներից մեկը՝ ապահովելով ոլորտի անդամ է և թափանցիկության ոլորտում այս նախաձեռնությունը լավագույն արդյունքները։