«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը գրել է.
«Մեր «Արարատ Արմենիան» հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ»։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը գրել է.
«Մեր «Արարատ Արմենիան» հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ»։
Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայությունը էական ազդեցություն ունի Հարավային Կովկասում ձևավորվող նոր իրողությունների վրա, գրել է ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը։
«Սկսած ռեգիոնալ «նայողներից» մինչև տարածաշրջանային նախագծեր՝ տարբեր քաղաքական ազդեցությունների են ենթարկվում, որի պարագայում կանխատեսելիության գործոնը բավականին նվազ է:
Դեռ դժվար է ասել, թե ով ինչքան կշահի կամ որքան կկորցնի, բայց մի բան ակնհայտ է` արկածախնդիրներն այս գլոբալ խաղում երաշխավորված պարտություն են գրանցելու:
ՀՀ կառավարիչն այս ամենը հրաշալի գիտակցում է, սակայն նրան կառավարողները ելնում են ոչ թե ՀՀ առաջնահերթություններից, այլ սեփական շահերից:
Իսկ սրանց ներսում մի հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը և լավագույնս կատարել խամաճիկի դերը», — նշել է նա:
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից «6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը» վերտառությամբ հոդված է ներկայացրել։
«Այս անգամ կփորձեմ անդրադառնալ խիստ կարևոր և միաժամանակ` «մուխանաթ» թեմայի` ընդդիմության հնարավոր անելիքներին:
Տվյալ հարցի արդիականացումն ակնհայտ է` նոր գումարման ԱԺ աշխատանքների մեկնարկին ընդառաջ:
Թեման մուխանաթ է մի շարք պատճառներով: Նախ, նույնիսկ բանտային պատերից ներս են թափանցում հանրային տիրույթի քննարկումներն այս հարցով, մասնավորապես` «մանդատ վերցնել-չվերցնելու» լույսի ներքո: Մեկ այլ պատճառ է պահանջվող ինքնաքննադատությունը, որ ակնկալվում է հատկապես խորհրդարանական ընդդիմությունից:
Խնդրին լրացուցիչ ծանրություն հաղորդում է նաև այն հանգամանքը, որ ընդդիմության մեջ քիչ չեն մարդիկ, որոնք այլ կարծիք կարդալ, լսել և քննարկել չեն սիրում:
Այսքանով հանդերձ, որպես այլևս կրկնաքաղբանտարկյալ, որպես 2018-ից ընդդիմադիր խրամատում դիրքավորված և պայքարած ուժի փոխնախագահ, որպես մտահոգ հայ և նույնիսկ կալանավայրում ընդդիմության օգտին քվեարկած անձ՝ ունեմ ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն դա անելու:
Ուստի, մի քանի դիտարկում անեմ` ինչպես ընդհանրական, այնպես էլ կոնկրետ:
1. Կոնստրուկտիվ անտագոնիզմ:
Հայաստանում քաղաքական պայքարը վերջին տարիներին ընթանում է ռադիկալ անտագոնիզմի ոճով, և սա Փաշինյանի գիտակցված ընտրությունն է (թեմային անդրադարձել եմ նախորդ հոդվածներից մեկում): Ռադիկալ անտագոնիզմը թեպետ հյուծում է բոլոր կողմերին և իրականում քայքայում է պետությունը, ժամանակավոր և տակտիկական առավելություն է տալիս իշխանություններին` պետական ռեսուրսների՝ անխոչընդոտ և կամայական տնօրինման շնորհիվ:
Երբ ռեժիմի ընտրությամբ անտագոնիզմն անխուսափելի է, ապա պետք է փորձել այն տեղափոխել պակաս դեստրուկտիվ` բովանդակային դաշտ: Հանկարծ չշփոթե՛լ. Կոնստրուկտիվ բառն այստեղ վերաբերում է ոչ թե ռեժիմի նկատմամբ դիրքավորմանը, այլ առկա պրոբլեմների: Կարճ ասած` ընդդիմությունը ցանկացած կարևոր հարցի շուրջ պետք է ունենա հստակ, ընկալելի, ազգային շահի և մասնագիտական գիտելիքի վրա խարսխված այլընտրանք:
2. Այլընտրանքային կառավարություն:
Բովանդակային այլընտրանքը կարող է գեներացնել կառավարիչների և մասնագետների այլընտրանքային թիմը: Ուստի, քաղաքագիտության մեջ հայտնի այս գործիքը դիտավորյալ չեմ անվանում «ստվերային», հատկապես, որ այդ կառույցի գործունեությունը պետք է մաքսիմալ հանրային և տեսանելի լինի: Հասկանում եմ բոլոր այն դժվարությունները, որոնք կապված են այս առաջարկի իրականացման հետ: Բայց երկու պայմանի պարագայում այն հնարավոր է դարձնել քաղաքական պայքարի կայուն, արդյունավետ և ինստիտուցիոնալ միջոց: Այդ երկու պայմաններն են` զրո ամբիցիա և 100% հետևողականություն:
3. Թիրախային պորտֆելներ:
Վերցնելով մանդատները և հայտարարելով, որ ԱԺ-ի բոլոր մեխանիզմները և լծակներն օգտագործվելու են պայքարի շարունակության համար, պետք է հաշվարկված մոտենալ ԱԺ հանձնաժողովների պաշտոնների բաշխմանը, որը կարգավորվում է Դոնթի բանաձևով: Միանգամից ասեմ, որ նախորդ ԱԺ-ում, ըստ իս, այդ ընտրությունը ճիշտ չէր կատարվել (Եվրասիական և տնտեսական հանձնաժողովները չունեին քաղաքական մեծ ռեսուրս և ռեզոնանս): Առաջարկում եմ առաջին ընտրությամբ վերցնել պետաիրավականից, ֆինանսաբյուջետայինից կամ արտաքին կապերից մեկը (ըստ ամենայնի, արտաքին կապերը կարող է հասնել ընդդիմությանը)։
Երկրորդ ընտրությամբ նախապատվությունը տալ կամ կրթության, մշակույթի և գիտության, կամ սոցիալական բլոկի մեկ այլ ոլորտով խոշոր հանձնաժողովի։ Թիրախային է դառնում նաև Եվրաինտեգրման հանձնաժողովը` հաշվի առնելով իշխանությունների «եվրոխաղերը», ինչպես նաև մարդու իրավունքների հանձնաժողովը` նկատի ունենալով այդ ոլորտի համակարգային ճգնաժամը։ Մի խոսքով, պետք է ընտրել հանձնաժողովներ, որոնց գործունեությունը, մանդատը, ոլորտները կարելի է մաքսիմալ կապիտալիզացնել ներսում և դրսում։
4. Նոր մեդիա-ռազմավարություն
Ակնհայտ է, որ քարոզչական դաշտում իշխանություններն ունեն առավելություն` թե՛ դասական, թե՛ ժամանակակից դաշտերում:
Ընդունելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ (Հ1, պետական ռեսուրսներ, ճնշումներ ընդդիմադիր մամուլի հանդեպ և այլն)`խոստովանենք, որ այս դաշտում անհրաժեշտ են թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային, թե՛ մեթոդական փոփոխություններ։ Աներկբա է, որ առանց գրագետ, վերանայված և բազմաշերտ նոր մեդիա-ռազմավարության, պայքարի հաջողության հավանականությունը խիստ նվազում է։
5. «Արցախ» պատգամավորական նախաձեռնություն
Ստեղծված իրավիճակում Արցախի թեման նոր ԱԺ-ի ինստիտուտներում ներառելը պահանջելու է ոչ ստանդարտ լուծումներ։ Երբ չի լինելու Հայաստան-Արցախ միջխորհրդարանական ձևաչափը, կարելի է նորից, ինչպես 2021-ին, փորձել ստեղծել Արցախի հարցով մշտական հանձնաժողով, թեպետ ակնհայտ է, որ ՔՊ-ն դեմ է քվեարկելու։ Ուստի որպես Պլան B` կարելի է հայտարարել «Արցախ» պատգամավորական նախաձեռնություն /ակումբ/շրջանակ նախաձեռնելու մասին, որի շուրջ համախմբել և աշխատեցնել համապատասխան գործիչների և կառույցների։
6. Մնալ կոկորդին
Կասկած չունեմ, որ առաջին իսկ օրերից իշխող մեծամասնությունը փորձելու է հարձակվել, փչացնել, կուլ տալ ընդդիմությանը Խորհրդարանում։ Շատ կարևոր է դիմադրել` արժանապատիվ և միասնական։ Նույնիսկ ֆիզիկական իմաստով 64։41 հարաբերակցությունը պաշտպանության համարժեք հնարավորությունների դաշտ ապահովում է, եթե ընդդիմությունը պինդ մնա և առաջնորդվի «один за всех, и все за одного» սկզբունքով»,- հոդվածում նշել է Աշոտյանը։
Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Կարլեն Ե․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը, էլեկտրաենթակայանի ցանկապատին ու մետաղե հենասյուներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
«Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին կայացած հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջինն էր հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո։
Այս հեռախոսազրույցը քաղաքական առումով նշանակալի էր, քանի որ տեղի է ունեցել հայ-ռուսական հարաբերություններում կուտակված լարվածության և ռուսական շուկա հայկական արտահանման սահմանափակումների հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունների ֆոնին։
Հատկանշական է, որ Պուտինի հետ զրույցին նախորդել էին Փաշինյանի հեռախոսազրույցները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (հուլիսի 22) և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի (հուլիսի 25) հետ։ Եվրոպական գործընկերների հետ շփումները, ըստ երևույթին, չեն տվել այն արդյունքը, որը կարող էր մեղմել ռուսական շուկայի սահմանափակումները։ Այդ պայմաններում Մոսկվային դիմելը դարձել է ոչ այնքան քաղաքական ընտրություն, որքան օբյեկտիվ անհրաժեշտություն։
Պաշտոնական Երևանի հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը բարձրացրել է հայկական ծագման ապրանքների արտահանման սահմանափակումների հարցը՝ ընդգծելով, որ դրանք հակասում են ինչպես հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտին, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության սկզբունքներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ։
Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունը, սակայն, բացահայտում է լրիվ այլ առաջնահերթություն։ Ռուսական կողմը կրկին օրակարգ է բերել Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցը։ Պուտինը վերահաստատել է մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ անդամ չորս երկրների (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) ղեկավարների ընդունած համատեղ հայտարարության տրամաբանությունը և շեշտել է Հայաստանում հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ հստակեցնելու, թե երկիրը ռազմավարական որ ուղղությունն է ընտրում՝ Եվրամիությունը՞, թե՞ ԵԱՏՄ-ում շարունակությունը։
Ի պատասխան Փաշինյանը փաստացի ընդունել է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացն առայժմ գործնական փուլում չէ՝ նշելով, որ հանրաքվեի անցկացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանը։
Սակայն նույնիսկ այս զգուշավոր դիրքորոշումը որևէ տեսանելի արդյունք չի տվել։ Հեռախոսազրույցից հետո ոչ մի հայտարարություն չի հնչել արտահանման սահմանափակումների վերացման կամ մեղմացման մասին։
Ավելին, Կրեմլի հաղորդագրությունը նույնիսկ չի հիշատակել տնտեսական խնդիրները՝ դրանով իսկ հստակ ցույց տալով Մոսկվայի առաջնահերթությունը։
Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք։ Սա արդեն հերթական դեպքն է, երբ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Միջպետական հարաբերությունների պրակտիկայում նման լռությունը հազվադեպ է պատահական լինում և, որպես կանոն, քաղաքական ուղերձ է պարունակում։
Հեռախոսազրույցի բովանդակությունը ակնհայտորեն շարունակությունն էր ապրիլի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման և Աստանայի հայտարարության քաղաքական տրամաբանության։ Մոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը։
Ավելին, Աստանայի փաստաթուղթը նախատեսում է, որ մինչև 2026 թվականի դեկտեմբեր ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը պետք է զեկույց ներկայացնի Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի կիրառումը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին։ Սա արդեն ոչ թե նախազգուշացում է, այլ կոնկրետ ժամկետներով գործընթաց։
Այսպիսով, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը չդարձավ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի հաղթահարման մեկնարկը։ Ընդհակառակը, այն վերահաստատեց, որ կողմերի միջև ռազմավարական տարաձայնությունները շարունակում են խորանալ, իսկ տնտեսական խնդիրներն արդեն այդ ճգնաժամի ամենատեսանելի դրսևորումներից են։
Մոսկվան ակնհայտորեն պատրաստ չէ առաջնորդվել Երևանի տնտեսական դժվարություններով կամ քաղաքական բացատրություններով։ Ռուսաստանը շարունակում է Հայաստանից ակնկալել ոչ թե հավաստիացումներ, այլ հստակ և վերջնական ռազմավարական ընտրություն։
Москва слезам не верит. երեկվա հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը»,-գրել է նա:
NewDay.am-ին Լուսառատի բնակիչները հայտնում են, որ փակել են Խոր Վիրապ տանող ճանապարհը, որովհետև այսօր մարզպետարանում չեն կարողացել սպառիչ պատասխանել՝ իրենք երբ ջուր կունենան։ 15 օրից ավելի է, ինչ ջուր չունեն․ կամ գնում են, կամ կրում։
Լարված իրավիճակ Արարատի մարզպետարանում. Լուսառատում 15 օր է ջուր են կրում (տեսանյութ)
Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Պետք է հստակ տարանջատենք քաղաքական գնահատականներն ու իրավաքաղաքական գործընթացները։ Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացը, առաջին հերթին, խորհրդարանական մեծամասնություն ունեցող «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է։ Անկախ այն հանգամանքից՝ այդ խմբակցությունն ունի նախագահի թեկնածու, թե ոչ, հենց նրա ձայներն են որոշիչ Ազգային ժողովում համապատասխան որոշումների ընդունման համար։ Հետևաբար, ակնկալելի է, որ առաջին հերթին հենց խորհրդարանական մեծամասնությունը հանդես գա հստակ և հրապարակային քաղաքական դիրքորոշմամբ՝ ներկայացնելով, թե ինչպես է պատկերացնում այս գործընթացի հետագա ընթացքը։ Քանի դեռ նման նախաձեռնություն կամ դիրքորոշում չի ներկայացվել, փաստացի սահմանափակվում են նաև մյուս խմբակցությունների նախաձեռնողականություն դրսևորելու հնարավորությունները, քանի որ առանց մեծամասնության քաղաքական կամքի որևէ գործընթաց դժվար է հասցնել իր տրամաբանական ավարտին։
Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում, որ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն իրենց ներկայացվածությանը և քաղաքական կշռին համարժեք մասնակցություն ունենան այս հարցի քննարկմանը։ Այդ համատեքստում, երբ գործընթացը մտնի քաղաքական քննարկման փուլ, իր դիրքորոշումն ու առաջարկները կներկայացնի նաև Արցախի Ազգային ժողովի մեծությամբ երրորդ՝ «Արդարություն» խմբակցությունը, որը մշտապես կարևորել է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը և պատրաստ է մասնակցել ցանկացած կառուցողական քննարկման՝ միտված պետական ինստիտուտների լիարժեք աշխատանքին։ Մենք երբևէ չենք առաջնորդվել այն մոտեցմամբ, որ այս կամ այն դժվար իրավիճակը կարող է հիմք լինել պետական մարմինների գործունեությունը երկրորդ պլան մղելու համար։
Ինչ վերաբերում է նախագահի ընտրությանը, ապա մեր դիրքորոշումը եղել և մնում է նույնը. մենք բաց ենք քննարկումների համար, պատրաստ ենք մասնակցել ցանկացած կառուցողական քաղաքական գործընթացի, որը կծառայի Ազգային ժողովի լիարժեք գործունեության վերականգնմանը և պետական ինստիտուտների պահպանմանը և հարկ եղած դեպքում հանդես գալ նախաձեռնողականությամբ և իր վրա պատասխանատվություն վերցնելու համարձակությամբ։ Ուստի ճիշտ չի լինի ասել, թե պատգամավորները հարմարվել են ստեղծված իրավիճակին։ Խնդիրը ոչ թե հարմարվելու, այլ քաղաքական նախաձեռնության և պատասխանատվության դրսևորման մեջ է»։
Եթե չկա, ուրեմն չկա…: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին Եկատերինբուրգում մասնակցեց, արարողակարգային առումով, պետության առաջին դեմքին ոչ հարիր միջոցառման և հանդիպեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ փորձելով լուծել հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող ռուսական սահմանափակումների վերացման հարցը։ Փաստորեն, խնդիրը չլուծվեց։ Ավելին՝ սահմանափակումների ցանկն ընդլայնվեց, իսկ Միշուստինը նույնիսկ չշնորհավորեց Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ըստ տարածված տեղեկությունների՝ ՌԴ նախագահը պահանջել է կատարել ԵԱՏՄ առաջնորդների պահանջը, հստակ կողմնորոշվել՝ ԵՄ, թե ԵԱՏՄ ուղղությամբ է շարժվելու Հայաստանը, և այդ հարցը լուծել հանրաքվեի միջոցով։ Փաստորեն, այս անգամ ևս խնդիրը չլուծվեց։ Ավելին՝ Պուտինը նույնպես չշնորհավորեց Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Ըստ էության, ՀՀ վարչապետը սպառել է ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը հարթելու բոլոր հնարավոր տարբերակները։ Ստացվում է, որ իրականություն է դառնում հենց Փաշինյանի նախկինում արտահայտած միտքը, թե՝ «ԵԱՏՄ չկա»։ Եթե չկա, ուրեմն չկա։
Իմ կարծիքով՝ հետևությունը հետևյալն է. ՌԴ-ն Նիկոլ Փաշինյանին չի ընկալում որպես լիարժեք գործընկեր՝ ՀՀ վարչապետի կարգավիճակում։ Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է Հայաստանին պարտադրել հանրաքվե։ Այդ նպատակով, հավանաբար, աշնանը կակտիվացնի իր ազդեցության ողջ գործիքակազմը՝ քաղաքական ուժերից մինչև եկեղեցական շրջանակներ։ Եթե այդ ճանապարհով ցանկալի արդյունքի չհասնի, ապա ձմռան մոտ, բողոքի ալիքն ուժեղացնելու նպատակով, կարող է կտրուկ բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը։
1. Դուրս գա ՀԱՊԿ-ից։
2. Դուրս գա միասնական հակաօդային պաշտպանության համակարգից։
3. Արագացված ընթացակարգով վերսկսի 2013 թվականից կիսատ մնացած ԵՄ-ի հետ Ազատ առևտրի և Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը։
Հետագա քայլերի հերթականությունը պետք է մշակվի՝ հաշվի առնելով ՌԴ-ի արձագանքը այս երեք քայլերին։
Իմիջիայլոց, թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չեն։ Ավելին, Վրաստանը նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունի ՌԴ-ի հետ, սակայն առևտրատնտեսական կապերը, ինչպես ուղղակի, այնպես էլ՝ Ադրբեջանի պարագայում, ստվերային, այդ թվում՝ գազային համագործակցության միջոցով, Հայաստանից պակաս չեն։
ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Ինչպես անդամակցելու, այնպես էլ դուրս գալու համար հանրաքվե անցկացնելու իրավական պարտադիր պահանջ չկա։ Իսկ դուրս գալուց հետո Հայաստանին սպասողներ և աջակցողներ կան։ Դարդ մի՛ արեք։
Մի բան, իմ կարծիքով, ակնհայտ է. ՌԴ-ի ազդեցության գոտուց դուրս եկած երկրներն այսօր, որպես կանոն, ավելի ժողովրդավարական, ավելի պաշտպանված և ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում, քան ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում մնացած պետությունները»,-գրել է նա:
Հուլիսի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը հուլիսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանում 9-ամյա տղայի հետ անհատական պարապմունքներ անցկացնելու ընթացքում դրսևորել է սեքսուալ բնույթի գործողություններ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների, տղամարդը ձեռքով հպվել է անչափահասի սեռական օրգանին, իսկ երբ երեխան փորձել է դիմադրել, ձեռքով սեղմել է երեխայի մարմինը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Դեպքի փաստով ոստիկանության Դավթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ լրատվամիջոցը չի հրապարակում։