Category: Newday.am

  • Արմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը

    UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանն օգոստոսի 1-ին հանդես կգա Երևանում կայանալիք «Hype Armenia» մրցաշարի գլխավոր իրադարձությունում:

    Հայ մարտիկի մրցակիցը կլինի հնդիկ ֆիթնես-բլոգեր և նախկին ըմբիշ Անկիտ Բայանպուրիան:

    Գոտեմարտը կանցկացվի գրեփլինգի կանոններով՝ «միայն հնարքով» ձևաչափով։ Սա նշանակում է, որ հաղթողին հնարավոր կլինի որոշել բացառապես ցավեցնող կամ խեղդող հնարքի հաջող կիրառման դեպքում:

    Նժարին դրված է լինելու Hype լիգայի չեմպիոնական գոտին, որը Ծառուկյանը նվաճել է այս տարվա մարտին՝ «Hype Brazil» մրցաշարում խեղդող հնարքով պարտության մատնելով Մուհամադ Մոկաևին:

    Ինչ վերաբերում է խառը մենամարտերում (MMA) Ծառուկյանի վիճակագրությանը, ապա նա պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ և կրելով 3 պարտություն: Հայազգի մարտիկը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերի 22-ին՝ «UFC Fight Night 265»-ի շրջանակում՝ խեղդող հնարքով հաղթելով Դեն Հուկերին:

     

  • Արա Նախշքարյանի գործի շրջանակում նաև աղջիկ է ձերբակալվել

    Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը։ Ձերբակալությունը տեղի է ունեցել ենթադրյալ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

    Իմ ունեցած տեղեկություններով՝ գործի շրջանակներում ձերբակալվել է ևս մեկ աղջիկ՝ Մ․ Մ․-ն։

    Արամ Դավթյան

  • Դանիել Իոաննիսյանը Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հաղորդում է ներկայացրել դատախազություն

    Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով (մեքենայի մեջից` փողոցում) առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն։  Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

    ««Իրազեկ քաղաքացիների միավորումում» մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, բայց նաև անընդունելի ենք համարում փողոցում սեռական բնույթի հայհոյանքներ բղավելը։ Վերջինս, ինչպես և բռնությունը, քրեական օրենսգրքով արգելված արարքներ են։

    Եվ, քանի որ բռնության դեպքով իրավապահներն արդեն իսկ զբաղվում էին, իսկ առերևույթ խուլիգանության (հայհոյանքներ բղավելու) դեպքով` ոչ, և, քանի որ հանցագործության ենթադրյալ կատարողի եղբայրը բարձրաստիճան պաշտոնատար անձ է (ու ռիսկ կա, որ իրավապահները աչք փակեն դրա վրա) վերջինիս մասով հաղորդում ներկայացրեցինք։

    Մենք պետք է պայքարենք, որ փողոցում/հրապարակային սեռական բնույթի հայհոյանք հնչեցնողների նկատմամբ իրավապահները դրսևորեն միանման պահվածք` անկախ այդ անձանց (կամ նրանց մերձավոր ազգականների) կարգավիճակից»,-գրել է  նա։

  • Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ

    ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել.
    22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ: 2 անշարժ գույքի գնման իրավունք: 3.084.965 ԱՄՆ դոլարով և 985.190.729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.405.059 դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ: Պահանջը ներառում է նաև 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն և այլն, ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը:

    Ներկայացված հայցադիմումով պահանջվում է նաև.
    4.025.914 դոլարի, 8.302.016.732 դրամի, 260.452.574 ռուբլիի և 589.741 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք: 2 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 3.822.451.103 դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ: Գումարային պահանջը կազմում է 19.561.949.303 դրամ, ինչպես նաև 502.359.121 դրամ՝ որպես քրեական գործով վճարված գրավի գումարի ապօրինի մաս:

  • Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17,7 մլրդ դրամ

    ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել՝ 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

    29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն:

    14 շարժական գույք:

    1.451.074 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր:

    147.210 ԱՄՆ դոլար ավանդ:

    23.081.354 ԱՄՆ դոլարի, 409.806.800 ՀՀ դրամի և 9.750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք:

    17.761.537.781 դրամ:

  • Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանն (Լուլու) ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

    Ընտրությունը տեղի է ունեցել: Ես ընտրվեցի որպես Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

    «Մեր ընտրություններն անցնում են բավականին թեժ, նաև ժողովրդավար, այսինքն՝ անկանխատեսելի են դրանք լինում: Այնուամենայնիվ, դու պետք է պատրաստված լինես որոշակի առումով, բոլորի հարցերին պատասխանես և դա է որոշում ընթացքը, այսինքն՝ նախապես որոշումներ հիմնականում չեն լինում»,-նշել է նա:

  • 6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

    ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2026 թվականի ապրիլի 10-ին Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 6 անձի մահվան ելքով ՃՏՊ-ի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

    Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի մաս և բախվել մեկ այլ մեքենայի, ինչի հետևանքով 6 անձ մահացել է:

    Կ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

    Նա կալանավորվել է:

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Գտել եմ նրան, նա հայ չէ, բայց կարգին տղա է ու գիտի՝ թագուհուն ոնց պահի. Իվետա Մուկուչյանը՝ սիրելիի մասին

    Երգչուհի Իվետա Մուկուչյանը Tete A Tete-ի եթերում ՝ խոսելով անձնական կյանքի մասին, ասել է, որ գտել է իր սիրելիին։

    «Գտել եմ նրան, նա հայ չէ, բայց կարգին տղա է ու գիտի՝ թագաուհուն ոնց պահի։ Երգչուհին խոսել է նաև մայրանալու ցանկության մասին։

    «Շատ կուզեի փոքր մարդուկ մեծացնել, ու ես արդեն այդ երեխայի հոտն առնում եմ։ Առաջ, երբ ասում էին՝ ամուսնացիր, երեխա ունեցիր, հասկացա, որ այդ ցանկությունն իմ մեջ ոչ թե իրական ցանկություն էր, այլ հասարակության պարտադրանքը։ Մի պահ հասկացա, որ ես երեխա չեմ պատկերացնում, հիմա արդեն այդ երեխայի հոտն առնում եմ, որովհետև աշխատանք եմ ինքս ինձ հետ տարել, թե ինչպիսի մայր եմ ուզում լինել»,- ասել է երգչուհի Իվետա Մուկուչյանը:

     

  • Խորովածի փառատոն․ գործելու է շուրջ 50 տաղավար

    4 տարվա դադարից հետո Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում օգոստոսի 1-ին տեղի կունենա Խորովածի փառատոն։

    «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն ընդգծում է՝ այս տարի ընտրել են Ստեփանավանը, քանի որ քաղաքի զբոսաշրջային ամբողջ ներուժը լավ չի բացահայտված և սրանով ուզում են իրենց ներդրումն ունենալ հանրահռչակման գործում։

    Փառատոնի մեկնարկը տրվելու է ժամը 12։00-ին, գործելու է շուրջ 50 տաղավար, որտեղ խոհարարները ներկայացնելու են խորովածի իրենց մտահաղացումները։

    Փառատոնին 20 տաղավար անվճար հատկացվելու է տեղի համայնքների բնակիչներին, որոնք մասնակցելու են իրենց բերք ու բարիքով, ձեռքի աշխատանքով։ Միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրով։

    Կազմակերպիչները պատրաստ են նաև ցանկացողների տեղափոխությունն ապահովել Երևանից։ Հանրապետության հրապարակից օգոստոսի 1-ին՝ ժամը 10։00-ին, ավտոբուսները կշարժվեն դեպի Ստեփանավան, նույն օրը երեկոյան 20։00-ին կլինի վերադարձը։

    Ցանկացողները կարող են նախապես Խորովածի փառատոնի սոցիալական ցանցերի էջերում գրանցվել։ Փառատոնի մուտքն անվճար է։

  • Հայ-ռուսական լարվածության խորացումը կարող է տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար. Տիգրան Դումիկյան

    Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շաբաթներին արձանագրվող զարգացումները վկայում են, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ, գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։

    «Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը։ Զուգահեռաբար սահմանափակվում է ԵԱՏՄ միասնական շուկայի շրջանակներում ՀՀ համար նախկինում առկա առավելությունների գործնական կիրառումը։

    Խնդիրն այն է, որ ձևավորվող աշխարհաքաղաքական նոր իրողություններում Հարավային Կովկասը վերածվել է գլոբալ մրցակցության կարևոր հարթակի, որտեղ հատվում են Ռուսաստանի, Արևմուտքի, Թուրքիայի, Իրանի և այլ դերակատարների ռազմավարական շահերը։ Ռուսաստանի համար տարածաշրջանը շարունակում է մնալ կենսական անվտանգության գոտի, մինչդեռ արևմտյան երկրները հետևողականորեն ձգտում են մեծացնել իրենց քաղաքական, տնտեսական և անվտանգային ներկայությունը տարածաշրջանում։

    Այդ համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում «Միջին միջանցք» (Middle Corridor) նախաձեռնությունը, որի նկատմամբ աճող հետաքրքրություն է ցուցաբերում հավաքական Արևմուտքը։ Նախագիծը դիտարկվում է ոչ միայն որպես Եվրոպան և Ասիան կապող այլընտրանքային լոգիստիկ ուղի, այլև որպես Ռուսաստանի և մասամբ Իրանի տարանցիկ ազդեցությունը նվազեցնելու ռազմավարական գործիք։ Արևմտյան քաղաքական շրջանակները բազմիցս հայտարարել են, որ տարածաշրջանում ռուսական ռազմական և քաղաքական ներկայությունը շարունակում է մնալ այս նախաձեռնության լիարժեք իրագործման հիմնական սահմանափակող գործոններից մեկը։

    Սովորաբար նման քաղաքական հայտարարություններին ուղեկցում են փակ դիվանագիտական բանակցություններ և գործնական քայլեր, որոնք հանրային տիրույթում ամբողջությամբ չեն բացահայտվում, սակայն կարող են էական ազդեցություն ունենալ տարածաշրջանային ուժային հավասարակշռության վրա։ Հետևաբար, կարևոր է գնահատել ոչ միայն հրապարակային հայտարարությունները, այլև այն քաղաքական որոշումները և բանակցային գործընթացները, որոնք կարող են ձևավորել պաշտոնական Մոսկվայի ներկայիս կոշտ արձագանքի հիմքերը։

    Անկախ այդ գործընթացների բովանդակությունից՝ Հայաստանի համար առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ տնտեսական խոցելիության բարձր աստիճանը։ Ու վերջին ամիսներին հայկական արտադրանքի արտահանման ոլորտում ի հայտ եկած սահմանափակումներն արդեն իսկ հանգեցրել են զգալի տնտեսական կորուստների՝ բացասաբար ազդելով ինչպես արտադրող և արտահանող ընկերությունների գործունեության, այնպես էլ պետական բյուջեի հարկային եկամուտների վրա։ Միաժամանակ, առավել զգայուն է մնում ռազմավարական ներմուծումների ոլորտը։ 2025 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ցորենի շուրջ 99 տոկոսը և բնական ու հեղուկ գազի մոտ 85 տոկոսը Հայաստան ներմուծվում են Ռուսաստանի Դաշնությունից։ Հետևաբար, նույնիսկ սահմանափակ տնտեսական ճնշման գործիքակազմը կարող է զգալի ազդեցություն ունենալ ՀՀ ներքին շուկայի վրա։

    Ուստի, եթե հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը պահպանվի կամ խորանա, տեսականորեն չեն բացառվում մաքսային վարչարարության խստացումը, առևտրային լրացուցիչ սահմանափակումների կիրառումը կամ էներգակիրների գնային քաղաքականության վերանայումը։ Թեև նման սցենարների իրականացումը կախված է բազմաթիվ քաղաքական և տնտեսական գործոններից, դրանց հավանականությունը չի կարող անտեսվել տնտեսական անվտանգության տեսանկյունից։

    Այս պայմաններում Հայաստանի իշխանություններին գործնականում այլևս մանևրելու լայն հնարավորություններ չեն մնացել, ուստի անհրաժեշտ է օպերատիվ և արդյունավետ որոշումներ կայացնել՝ հնարավոր քաղաքական և տնտեսական ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Հակառակ դեպքում՝ աշխարհաքաղաքական դիմակայության հիմնական սոցիալ-տնտեսական հետևանքները կրելու են Հայաստանի շարքային քաղաքացիները՝ կենսամակարդակի զգալի նվազման, պարենային անվտանգության լրացուցիչ ռիսկերի խորացման, գնաճային ճնշումների ուժեղացման և կոմունալ ծախսերի աճի տեսքով»։