Category: Newday.am

  • Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ

    Սլովակիայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարներ Յուրայ Բլանարն ու Օանա-Սիլվիա Ցոյուն շնորհավորել են Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

    Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարն Արարատ Միրզոյանին հաջողություններ է մաղթել ԱԳ նախարարի պաշտոնում և համագործակցության խորացման պատրաստակամություն հայտնել։

    «Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն և ակնկալում շարունակել մեր համագործակցությունը՝ ի նպաստ սլովակա-հայկական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման»,-գրել է Բլանարը X-ի էջում։

    Ռումինիայի ԱԳ նախարարը ևս շնորհավորել է Միրզոյանին՝ ակնկալելով երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդում։

    «Ակնկալում եմ շարունակել աշխատանքը Ձեզ հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության ընդլայնման և կապակցվածության ծրագրերի հետագա ամրապնդման ուղղությամբ: Ռումինիան կշարունակի մնալ վստահելի գործընկեր՝ ԵՄ-Հայաստան հավակնոտ օրակարգն առաջ մղելու գործում, որտեղ դիմակայունությունն ու ժողովրդավարական բարեփոխումներն առանցքային նշանակություն ունեն»,-գրել է Օանա-Սիլվիա Ցոյուն X-ի էջում։

  • Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Ուկրաինա–Հայաստան հարաբերություններն ավելի ամրապնդելու համար․ Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

    Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Ուկրաինա–Հայաստան հարաբերություններն ավելի ամրապնդելու համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան։

    «Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

    Մաղթում եմ նախարար Միրզոյանին ամենայն հաջողություն իր լավ աշխատանքը շարունակելու և Հայաստանի ժողովրդին ծառայելու գործում։

    Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Ուկրաինա–Հայաստան հարաբերություններն ավելի ամրապնդելու, մեր երկկողմ երկխոսությունն խորացնելու և մեր լայն տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն առաջ մղելու համար»,- գրել է Սիբիհան։

    Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

  • Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին։

    Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մխիթար Հայրապետյանին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում գործունեության համար և նշել, որ տեխնոլոգիաների ոլորտն արդեն երկար ժամանակ Հայաստանում զարգացումներ է ունենում։

    «Բայց պիտի ասեմ նաև, որ վերջին մեկ տարվա զարգացումները Հայաստանի համար հատկապես նշանակալի են, որովհետև մենք հիմա արդեն ավելի ու ավելի լիարժեք նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության հետ առնչվելու հնարավորություն ունենք։ Իհարկե, մեծ աշխատանք է արված, Հայաստանում հիմա արդեն գործում է ենթակառուցվածք, որն ընդամենը տարիներ առաջ կարող էր թվալ դժվար իրագործելի»,- ասել է վարչապետը։

    Երկրի ղեկավարը հիշատակել է Երևանի պետական համալսարանի սուպերհամակարգչային կենտրոնը, «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարանը, Firebird ընկերության կողմից օրերս գործարկվելիք արհեստական բանականություն գործարանը։

    Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեխնոլոգիաների հետ համահունչ քայլելը Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է։

    «Բայց այս առումով մենք պետք է նաև ուշադիր և հաղորդակից լինենք այն գլոբալ բանավեճերին, որոնք տեղի են ունենում տեխնոլոգիաների առնչությամբ, այն տրամաբանությամբ, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի տեխնոլոգիաների ներդրումը ոչ թե պակասեցնի մարդկանց աշխատելու և վաստակելու հնարավորությունը, այլ հակառակը՝ հնարավորինս ավելի հեշտ և արդյունավետ դարձնի այն»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ գործադիրը բավականին հագեցած օրակարգ ունի տեխնոլոգիաների ոլորտում։

    «Այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և տևական խնդիրներ, որոնք կառավարման, պլանավորման և որոշումներ կայացնելու անհրաժեշտություն են առաջացնում, բայց սա առաջիկա աշխատանքային օրակարգ է, որին կանդրադառնանք Կառավարության ծրագրի նախագծի քննարկման և ընդունման համատեքստում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

    Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը վստահելու համար  և հավելել, որ դա ընկալել է որպես բացառիկ հնարավորություն՝ ծառայելու պետությանը։ Նախկին նախարարը համոզմունք է հայտնել, որ Դավիթ Թադևոսյանը նախարարի պաշտոնում հաջողելու է՝ հաշվի առնելով  գիտելիքներն ու փորձը, և հայտնել իր աջակցությունն այդ գործում։

    Իր հերթին, նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանը շնորհակալություն է   հայտնել վարչապետին վստահության և տրված հնարավորության համար։

    «Ես այս պաշտոնը ստանձնում եմ՝ քաջ գիտակցելով, որ ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ։ Փորձելու եմ կիրառել մաքսիմալ ջանքերը՝  հպարտությամբ և լիարժեք կատարված աշխատանքի զգացումով այս պաշտոնը հաջորդ նախարարին թողնելու համար»,- ասել է նախարարը։

  • Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել

    Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել

    Զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով դատական հայցը վարույթ է ընդունվել օգոստոսի 3-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին։

  • ՔԿՀ-ում 10 հզր դոլարի շnրթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկում 10 հզր ԱՄՆ դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

    Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող Ա․Ա․-ն 2024 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում նախնական հանցավոր համաձայնություն ձեռք բերելով նույն ՔԿՀ-ում պատիժ կրող Հ․Դ․-ի հետ, մեկ այլ դատապարտյալ Է․Տ․-ի մոտ վախի, տագնապի զգացողություն առաջացնելով և վերջինիս ներկայացված գույքային պահանջները կատարելուն ուղղված վճռականություն հարուցելու նպատակով՝ ներկայացել է իբր դատապարտյալների միջև առաջացած բոլոր խնդիրներին և հարցերին ինքնուրույն լուծումներ տվող անձ, որից հետո վերջիններս փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ Է․Տ․-ին ներկայացրել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման համար գույքային բնույթի գործողություններ կատարելու՝ գումարներ տրամադրելու պահանջներ, որի ընթացքում դանակի միջոցով բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից պահանջել և նույն ժամանակահատվածում մաս-մաս ստացել են խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 10 հզր ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

    Նախաքննության ընթացքում Ա․Ա.-ի և Հ․Դ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով շորթումը, որը կատարվել է քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի նկատմամբ) և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

    Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Երկրաշարժ Հայաստանում

    Օգոստոսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 11։54-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։54-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.40⁰ և արևելյան երկայնության 45․81⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Նախիջևան՝ սահմանային գոտի Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.0 մագնիտուդով երկրաշարժ։

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

    Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում՝ 2-3  բալ ուժգնությամբ:

  • Թող չմտածեն, որ Սամվել Կարապետյանից կամ մեզնից որևէ մեկը կարող է խլել այս գրիչը. խլել եք, որովհետև nւժայիններն են ձերը. Դավիթ Ղազինյան

    Իշխանությունը ձերն է, դրա համար եք խլում, այլ պարագայում դուք մեզնից ոչ մի բան չեք կարող խլել: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ խոսելով ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցած գործընթացների մասին:

    «Հանկարծ որևիցե մեկը թող չմտածի, որ Սամվել Կարապետյանից կամ մեզնից որևէ մեկը կարող է այս գրիչը խլել:

    Խլել եք, որովհետև ուժայիններն են ձերն ու մենք չենք լռել, ուղղակի դա է: Եթե Ազգային ժողովը որոշում է, որ միանձնյա ինչ-որ մեկը ինչ-որ բան պետք է անի, կներեք, դրա դեմ արդեն հակասահմանադրական ճանապարհներն են գալիս, որին ես դեմ եմ»,-նշել է Դավիթ Ղազինյանը:

    Հիշեցնենք, որ ընթանում է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը:

  • Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը. ՀՏԶԿ

    Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը: Այս մասին հայտնում են Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի մամուլի ծառայությունից:

    ««Չեստնի զնակ»-ը (Честный знак) արգելափակել է Հայաստանից ներմուծված խմելու ջրի և գազավորված ըմպելիքների խմբաքանակների վաճառքը՝ արտադրողների կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումների պատճառով»:

    Արգելափակման տակ են հայտնվել «Բջնի» հանքային բուժիչ սեղանի ջրի, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրի և DARBAS ապրանքանիշի «Մոխիտո» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի առանձին խմբաքանակներ։

  • Ես չեմ տեսնում, որ Ադրբեջանի առաջարկն օրինական է մեր երկրի համար, իրենք պետք է չորոշեն՝ մեր երկրի Սահմանադրությունն ինչպես լինի. Նարեկ Կարապետյան

    Անգամ հանրաքվեի անցկացման համար պետք է մեր թույլտվությունը, մեր համաձայնությունը։ Ես չեմ տեսնում, որ Ադրբեջանի այսօրվա առաջարկն օրինական առաջարկ է մեր երկրի համար: Իրենք պետք է չորոշեն՝ մեր երկրի Սահմանադրությունն ինչպես լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

    «Մենք գնում ենք «Խաղաղության պայմանագրին», պետք է ունենանք «Խաղաղության պայմանագիր», բայց այդ «Խաղաղության պայմանագիր»-ը պետք է փակի շատ դռներ, մեր ապագա վտանգների դռները։

    Կարող եք վստահ լինել, որ մեր բոլոր քաղաքական քայլերը ունենալու են մի ուղղություն՝ ունենալ խաղաղություն, բայց թույլ չտալ Հայաստանում էթնիկ փոփոխություն»,-նշել է նա։

    Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ թուրքական Haber Global հեռուստաալիքին տված իր մեկնաբանության մեջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ, հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

    Հաջիևի խոսքով՝ ստացվող ազդակները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը չպիտի որոշի`մեր Սահմանադրությունն ինչպես լինի, պայմանագիրը պիտի փակի ապագա վտանգների դուռը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը չպիտի որոշի`մեր Սահմանադրությունն ինչպես լինի, պայմանագիրը պիտի փակի ապագա վտանգների դուռը