Category: Newday.am

  • Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազության՝ ապoրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

    2026 թվականի հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից մասնակի բավարարվել է Դատախազության հայցը՝ ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

    Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

    • Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը,
    • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տունն ամբողջությամբ,
    • 184 միլիոն 222 հազար դրամ:
  • Կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է

    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է Գ.Ծ.-ի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:

    Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ա.-ի և ընկերության տնօրեն Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):

    2026 թվականի օգոստոսի 5-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա Ս.Ա.-ն և Ա.Դ.-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով:

    Նախաքննությունը շարունակվում է։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կլինի՞ մի քիչ Ձեզ համեստ պահեք, Ձեզնից վախեցող չկա. Վարդանյանը՝ Կոնջորյանին

    Պարոն Կոնջորյան, բարև Ձեզ, վերևում եք, չէ՞, արդեն: Ես այսօր հավաքել եմ իմ մեջ եղած ամբողջ քաջությունը, հրաժեշտ եմ տվել տանեցիներին ու վախով եկել եմ Ազգային ժողով, տեսնեմ՝ այդ ինչ եք անելու: Այս մասին ելույթի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

    «Որ երեկ սպառնում էիք, ասում էիք՝ ամբողջ «Հայաստան» խմբակցությունը ձեզնից վախենում է, ի՞նչ եք անելու: Մարդկային համեստությունը Ձեզ ծանո՞թ է մի քիչ:

    Գիտե՞ք՝ ինչո՞ւ է Ազգային ժողովի ռեյտինգը նաև այդ աստիճանի, որովհետև մարդիկ նայում են, չէ՞, այս նիստերը:

    Նայում են, լսում են Ձեր ելույթները, ասում են՝ այ տղա ջան, ախր, եթե ՊՊԾ-ն քո իշխանության ձեռքի տակ չլիներ, ամբողջ ուժայինները, ոստիկանությունը, բանակը, դու այդպիսի ելույթներ կարո՞ղ էիր ունենալ:

    Կլինի՞ մի քիչ Ձեզ համեստ պահեք, Ձեզնից վախեցող չկա, հետաքրքիր է՝ ինչ եք անելու»,-նշել է նա:

  • Անընդունելի վարքագիծ է, ատելության խոսք տարածող է, պետք է իրավական հետևանքներ առաջացնի. Վարդևանյանը՝ Չախոյանի մասին

    Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, եթե ելույթս քիչ առաջ լիներ, մի քանի այլ շեշտադրումներից կսկսեի, բայց ինձնից առաջ ելույթ ունեցող ՀՀ ԱԺ պատգամավորն ատելության խոսք տարածող է: Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևյանը՝ խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի մասին:

    «Հասարակությանը պառակտող հայտարարություններ անող է: Ընդհանրապես անընդունելի վարքագիծ է դա, ըստ էության: Այն, որ դա իրավական հետևանքներ պետք է առաջացնի՝ միանշանակ է»,-նշել է նա:

    Տեղեկացնենք, որ ավելի վաղ Չախոյանն Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմել էր ավազանի անունով, ընդդիմադիրներ ուժերին կոչել «ֿպատերազմի եռագլուխ կուսակցություն» և անդրադարձել Սամվել Կարապետյանի՝ «չտես, գյորմամիշ են, ուզում են մի բան կառավարեն իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն» հայտարարությանը:

    «Մենք ենք գյորմամիշը, թե՞ դուք, որ ՀԷՑ-ի միջոցով, զորամասերի վրա հավելագրումներ էիք անում: Մենք ենք գյորմամիշը, թե՞ դուք, որ ՀԷՑ-ի միջոցով հավելագրումների էիք անում մանկապարտեզների վրա»,-ասել է Չախոյանը:

  • Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք. ԲԸՏՄ

    Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացվել էր տեղեկատվություն Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ապօրինի պահվող գայլի վերաբերյալ։

    Հարուցված վարչական վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Ծովագյուղ համայնքի բնակիչ Մ․Ա․-ն իր տան բակի փակ շինությունում, առանց օրենքով սահմանված համապատասխան թույլտվության, պահում է երկու գայլ։

    Ս․թ օգոստոսի 4-ին ԲԸՏՄ տեսուչների և «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի մասնագետների համատեղ ջանքերով մեկ արու և մեկ էգ գայլերը անվտանգ տեղափոխվել են այգի, որտեղ կենդանիներն անցել են առաջնային անասնաբուժական զննում, պատվաստվել և չիպավորվել են։ Ներկայումս կենդանիները գտնվում են մասնագիտական մշտադիտարկման ու պատշաճ խնամքի ներքո։

    Քաղաքացու նկատմամբ նշանակվել է  150,000դր չափով վարչական տուգանք։

  • Սևանի ջրափրկարարները 3-րդ հանրային լողափում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր Սևանա լճում

    Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարները հանրային 3-րդ լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են, որ ափից մոտ 10 մետր հեռավորության վրա երեխա է խեղդվում։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ջրափրկարարների արագ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել ու նրան դուրս են բերել ափ։

    Ըստ տեղեկությունների՝ փրկված երեխան 5-ամյա աղջնակ է, ում կյանքին վտանգ չի սպառնում։

  • Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագnրծություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթ

    Վայոց ձորի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 1 միլիոն 925 հազար դրամ:

    Վայոց ձորի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 քրեական վարույթ:

    Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 2 մեղադրական դատավճիռ:

  • Փեթակները տեղափոխելիս մեղուները խայթել են 74-ամյա վարորդին. տեղում մահացել է

    Օգոստոսի 2-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08։10-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Չարենցավանի շտապօգնության խումբը մեղվի խայթոցի վերաբերյալ կանչով մեկնել է Արզական գյուղ, որտեղ այգետնակի հարակից տարածքում հայտնաբերել է տղամարդու դի, սակայն մոտենալ չի կարողացել, քանի որ մեղուները հարձակվել են իրենց վրա և խայթել բժշկուհուն։ Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Սարգիս Օ․-ին պատկանող մեղվի փեթակները տեղափոխելու ժամանակ փեթակներից դուրս են եկել մեղուները և հարձակվել ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ 74-ամյա Վաչագան Հ․-ի վրա, որը չի կրել պաշտպանիչ հագուստ։ Նա ստացել է մեղվի բազմաթիվ խայթոցներ, ինչի հետևանքով մահացել է։

    Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։

  • Ավտովթար՝ Կոտայքում. բախվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավոր

    Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում բախվել են «ԳԱԶ 53» ու «SHACMAN» մակնիշի ավտոքարշակը։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

    Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Սահակ Գալստյանը։

  • Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան

    Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

    «Իրանի կենսական ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից հերթական անգամ խոստացված և այնուհետև չեղարկված ուժգին հարվածի վերաբերյալ տեղեկատվության և տեղեկատվական արտահոսքերի վերլուծությունից պարզ է դառնում, որ Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի։

    Պարբերաբար բռնկվող և մարող այս զինված հակամարտության իրանական ռազմավարությունը շատ հստակ է։ Այն միտված է ոչ թե ամեն գնով պատերազմը դադարեցնելուն, այլ օգտվելով աշխարհագրական և այլ անզուգաչափ առավելություններից, այդ պատերազմում ավելի ուժեղ հակառակորդին անդառնալիորեն հյուծելուն։

    Ընդ որում, որպես այս ռազմավարության վերջնարդյունք իրանական կողմը նաև հռետորաբանության մակարդակում հայտարարում է երկու հիմանական նպատակ՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի ամբողջական վերահսկողության արձանագրումը և Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հնարավորին սահմանափակումը, իսկ լավագույն դեպքում՝ ամբողջական զրոյացումը։

    Ըստ այդմ, Թեհրանի համար մնացյալ ամեն ինչ ածանցյալ է այս երկու գլխավոր նպատակից, որովհետև Հորմուզի նեղուցի վերահսկողության և ԱՄՆ-ի ռազմական ներկայության բացակայության պայմաններում Իրանը դառնալու է ողջ Պարսից ծոցի, պատկերավոր ասած, միանձնյա տերը դրանից բխող՝ հսկայական առավելություններով հանդերձ»,- գրել է Ոսկանյանը։