Category: Newday.am

  • Ռուբինյանի խորհրդարանը և Փաշինյանի իշխանության նոր «ճարտարապետությունը». «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Ազգային ժողովի 9-րդ գումարման ձևավորումը միայն հերթական խորհրդարանական ցիկլի մեկնարկը չէ։ Թեև արտաքինից տեղի ունեցած փոփոխությունները կարող են թվալ տեխնիկական՝ նոր նախագահ, նոր ղեկավար կազմ, հանձնաժողովների վերաբաշխում, իրականում գործընթացը շատ ավելի խորքային է։ Ռուբեն Ռուբինյանի ընտրությամբ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, սկսում է իշխանության նոր ճարտարապետության կառուցումը, որտեղ խորհրդարանը պետք է ոչ միայն օրենսդիր մարմին լինի, այլև քաղաքական վերահսկողության նոր հենակետ։

    Ռուբինյանի ընտրությունը՝ որպես քաղաքական ուղերձ

    Ռուբեն Ռուբինյանը վերջին տարիներին հանրության համար ասոցացվել է առաջին հերթին արտաքին քաղաքականության, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Սակայն նրա տեղափոխումը Ազգային ժողովի նախագահի պաշտոն նշանակում է, որ վարչապետը նրան վստահում է արդեն ոչ թե միայն դիվանագիտական, այլև ներքաղաքական կարևորագույն դեր։

    ԱԺ նախագահի պաշտոնը Հայաստանի քաղաքական համակարգում վաղուց դադարել է բացառապես արարողակարգային լինելուց։ Այն դարձել է իշխանության ներսում բալանսավորող, երբեմն նաև ճգնաժամային իրավիճակներում քաղաքական գործընթացները կառավարող կենտրոններից մեկը։ Ռուբինյանի նշանակմամբ Փաշինյանը խորհրդարանի ղեկավարումը հանձնում է այն քաղաքական գործչին, ով համարվում է իր ամենահավատարիմ թիմակիցներից։

    Խորհրդարանի նոր դերը

    8-րդ գումարման փորձը ցույց տվեց, որ խորհրդարանական մեծամասնության առկայության պայմաններում Ազգային ժողովը հաճախ գործում էր կառավարության նախաձեռնությունները արագ հաստատող մեխանիզմի տրամաբանությամբ։ Նոր գումարման հիմնական հարցն այն է, թե արդյոք այդ մոդելը կպահպանվի, թե իշխանությունը կփորձի խորհրդարանին տալ ավելի ակտիվ քաղաքական դեր։

    Առայժմ բոլոր ազդակները ցույց են տալիս երկրորդի սահմանափակ տարբերակը․ խորհրդարանը կարող է դառնալ ոչ թե ինքնուրույն հակակշիռ, այլ իշխանության ներսում քաղաքական համակարգման ավելի արդյունավետ հարթակ։ Ռուբինյանի քաղաքական փորձը, բանակցային հմտությունները և թիմային կարգապահությունը հենց այդ նպատակին են առավել համապատասխանում։

    Վերջին կադրային զարգացումները ցույց են տալիս, որ իշխանության ներսում ընթանում է վերադասավորման գործընթաց։ Արայիկ Հարությունյանի հեռանալուց հետո վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Լիլիթ Մակունցի նշանակումը բազմաթիվ հարցեր է առաջացրել պետական համակարգում։ Իշխանական շրջանակներում արդեն խոսվում է հնարավոր լայնածավալ կադրային փոփոխությունների մասին, որոնք կարող են վերաբերել ոչ միայն աշխատակազմին, այլև վարչապետի ենթակայության տակ գտնվող կառույցներին, կոմիտեներին և վարչություններին։

    ՔՊ-ի ներսում սերնդափոխությո՞ւն

    Նոր խորհրդարանի կազմը ցույց է տալիս նաև մեկ այլ միտում՝ իշխող թիմում աստիճանաբար մեծանում է երիտասարդ և միջին սերնդի քաղաքական գործիչների դերակատարությունը։ Ռուբինյանը հենց այդ սերնդի ամենատեսանելի ներկայացուցիչներից է։ Նրա ընտրությունը կարելի է դիտարկել որպես ազդակ, որ Փաշինյանը փորձում է իշխանության երկարաժամկետ կայունությունն ապահովել ոչ միայն անձնական հեղինակության, այլև նոր քաղաքական դեմքերի միջոցով։

    Սակայն սա լիարժեք սերնդափոխություն անվանել դեռ վաղ է։ Քաղաքական և կազմակերպչական առանցքային լծակները շարունակում են մնալ վարչապետին անմիջականորեն ենթակա նեղ շրջանակի վերահսկողության տակ։ Այդ պատճառով Ռուբինյանի առաջիկա գործունեությունը կարևոր փորձություն կլինի՝ հասկանալու համար, թե որքան ինքնուրույն կարող է գործել նա նոր պաշտոնում։

    Ռուբինյանի ղեկավարած խորհրդարանը նաև նոր մարտահրավեր է ընդդիմության համար։ Եթե նախկինում ընդդիմադիր խմբակցությունները հաճախ շեշտը դնում էին քաղաքական սուր բախումների վրա, ապա նոր իրավիճակում նրանք ստիպված կլինեն գործել ավելի կազմակերպված խորհրդարանական միջավայրում, որտեղ նիստերի ընթացակարգային կառավարումը, հանձնաժողովների աշխատանքը և օրակարգերի ձևավորումը կարող են դառնալ իշխանության ազդեցության լրացուցիչ գործիքներ։

    Հենց այստեղ է ԱԺ նախագահի դերակատարությունը վճռորոշ դառնում․ նա կարող է ոչ միայն վարել նիստերը, այլև ազդել քաղաքական քննարկումների տեմպի, ձևաչափի և հանրային ընկալման վրա։

    Այս բոլոր գործընթացները միասին ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է անցնել իշխանության կառավարման հաջորդ փուլին։ Հետպատերազմյան տարիներին նրա համակարգը հիմնված էր առավելապես ճգնաժամային կենտրոնացված կառավարման վրա։ Այժմ, երբ ձևավորվում է նոր խորհրդարան, իշխանությունը փորձում է ստեղծել ավելի ինստիտուցիոնալ, բայց միաժամանակ խիստ վերահսկելի կառավարման մոդել։

    Այդ մոդելում Ռուբինյանի խորհրդարանը պետք է դառնա ոչ թե անկախ քաղաքական բևեռ, այլ Փաշինյանի իշխանության նոր ճարտարապետության կարևոր բաղադրիչը՝ ապահովելով քաղաքական կայունություն, թիմային համախմբում և հանրային գործընթացների վերահսկելի կառավարում»։

  • Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց

    Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

    «Սպառված իշխանության ախտանիշը

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը՝ փոխարինելով Մխիթար Հայրապետյանին։ Սա նոր կառավարության միակ կադրային փոփոխությունն է։ Մյուս նախարարները պահպանել են իրենց պաշտոնները։

    Սովորաբար խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը նոր մանդատի հետ ներկայանում է նոր ծրագրերով, առաջնահերթություններով և կադրային լուծումներով։

    Այս անգամ, սակայն, տեղի ունեցավ հակառակը. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գրեթե անփոփոխ պահպանեց իր կազմը։

    Նման մոտեցումը վկայում է, որ իշխանությունը սպառել է նոր գաղափարներ և նախաձեռնություններ ձևավորելու ներուժը։ Հակառակ դեպքում պաշտոններից կհեռանային գոնե այն նախարարները, որոնց գործունեությունը երկար ժամանակ հանրային դժգոհության թիրախում է։ Գրեթե անփոփոխ կազմը ոչ թե կայունության, այլ կառավարման լճացման ցուցիչ է։ Այն ցույց է տալիս, որ իշխանությունն այլևս չի կարողանում վերականգնել հասարակության վստահությունը և նախընտրում է պահպանել սպառված մոդելը։

    Պահպանողական կադրային քաղաքականությունը հաճախ ներկայացվում է որպես «կայունություն»։ Սակայն երբ նույն թիմը տարիներ շարունակ մնում է անփոփոխ, իսկ քննադատվող նախարարները շարունակում են մնալ իրենց տեղերում, դա ինստիտուցիոնալ հոգնածություն է։ Թիմը սկսում է գործել ոչ թե նոր մարտահրավերների լուծման, այլ սեփական գոյության պահպանման տրամաբանությամբ։ Փոփոխություններն արվում են ոչ թե համակարգային վերանայման, այլ ներքին հավասարակշռության կամ տեղային խնդիրների լուծման համար։

    Քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ երկարատև իշխանությունները հենց այս փուլում են կորցնում նախաձեռնությունը։ Նրանք դադարում են առաջարկել նոր պատմություն և սկսում են պաշտպանել հինը։

    Երբ մանդատը չի օգտագործվում թիմը թարմացնելու և նոր օրակարգ ձևավորելու համար, նշանակում է, որ նոր օրակարգ այլևս չկա։ Մնում է միայն իներցիան։ Անփոփոխ կազմը հանրությանը փոխանցում է պարզ ուղերձը. «Մենք չենք տեսնում խնդիրներ, որոնք պահանջում են նոր մարդիկ և մոտեցումներ»։

    Սա հոգնածության ախտանիշ է։

    Նման լճացումը սովորաբար նախորդում է խորքային ճգնաժամին։ Երբ իշխանությունն այլևս չի առաջարկում նոր գաղափարներ, չի թարմացնում թիմը և չի արձագանքում հանրային սպասումներին, այն կորցնում է նախաձեռնությունն ու վերածվում է իներցիայով շարժվող համակարգի։ Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ, իսկ կադրային լճացումը դրա ամենախոսուն դրսևորումն է։

    Երբ իշխանությունը դադարում է պատմություն կերտել, հենց ինքն է դառնում պատմություն»,- գրել է Սուրենյանցը։

  • Հայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան

    Հայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

    «Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը

    Ես այն գծի վստահ կողմնակիցն եմ, որ Հայաստանում այսօր չկա քաղաքական կյանք, քաղաքական պրոցես։ Ակնհայտ պատճառներով. չկա դրա պահանջարկը, չկա քաղաքական միտք՝ ո´չ դոմինանտ, ո´չ այլընտրանքային, և չկան դրա պայմանները։ Դրա փոխարեն, այնուամենայնիվ, կա ինչ-որ այլ բան, ասենք՝ հանրային կյանք։ Հանրային կյանք եղել է նույնիսկ համակենտրոնացման ճամբարներում։

    Հանրային կյանքն ունի իր այլ՝ գրված և չգրված օրենքները, սխալների ու առողջացման իր հնարավորությունները։

    Այս իմաստով անազատության մեջ գտնվողներն իրենց խոսքով և դերակատարությամբ հանրային կյանքի կարևորագույն մասն են։

    Ես այսօր կբերեմ մեկ հոգու օրինակ՝ Գ. Ծառուկյանի, որը նույնիսկ թվային մոնիտորինգով հանրային կյանքում ամենաբարձր ցուցանիշն ունի։ Ակնհայտ է, որ նրա հանրային խոսքը (շեշտում եմ՝ ոչ քաղաքական) ընդգծված արժեքավոր է, և այդպես լինելու է երկար ժամանակ, որովհետև հանրության մեջ ինքը կա՝ իր արածով, կենսագրությամբ, իր տեսակով։ Պարզ ասած՝ ինքը Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է։

    Չես կարող ասել «Ծառուկյան չի եղել»։ Իսկ եթե չես կարող այդպես ասել, ապա պետք է ասես նաև՝ ինչպիսին է լինելու շարունակությունը։ Այս պատասխանը շատ կարևոր է. Ծառուկյանը հանրային կյանքում ունենալու է դերակատարում՝ իր խոսքով, հանրային ուղերձների իր վաստակած իրավունքով, իր պահվածքով, իր ծրագրերով, Քրիստոսի արձանի կառուցմամբ և այլն։

    Գանք նրա սեփականության հետ այս պահին կատարվողին։ Սա հանրային լուրջ խնդիր է, որքան էլ փորձ արվի այլ կերպ մատուցել։ 21-րդ դարում հնարավոր չէ սեփականություն խլել, և դա չի լինելու։ Հարկային հնարավոր հարցերը, միկրոմենեջմենթի հնարավոր հարցերը, գործարքային ինչ-որ խնդիրներ, խարդախության զոհ դառնալը. այս ամենն աշխատանքային հարաբերություններ են, որոնք չեն լուծվում բանտով։ Դրանք լուծվում են լրիվ այլ մակարդակում և լրիվ այլ պայմաններում։ Բայց բուն սեփականության իրավունքը հանրային խնդիր է. Ծառուկյանի սեփականության իրավունքն անձեռնմխելի է, և սա պետք է վերահաստատվի։ Եվ այդպես էլ լինելու է։

    Երբ ԱԺ նոր ընտրվող նախագահն ասում է. «դնենք բարեկրթության նոր խաղի կանոն», բայց չի արվում բանավոր առաջարկի գործնական շարունակությունը, դրան հետևում է բնական, հասկանալի հակընդդեմ ռեակցիա։ Միևնույն ժամանակ, ինստիտուցիոնալ առումով ո՞րն է այլընտրանքը։ Պարզապես այս հարցն ունի ավելի մեծ խորություն։ Ազգային ժողովը հանրային կյանքի մի փոքր մասն է, հանրային էկոհամակարգի մի փոքր մասը։ Եվ եթե որոշում ենք, որ իսկապես գնում ենք երկրի ներսում դեէսկալացիայի, ներառյալ՝ բարեկրթության (իսկ դա կենսական անհրաժեշտություն է), ապա դրա առաջին քայլը հանրային ՄԵԾ էկոհամակարգում նկատելի փոփոխություններն են, առաջին հերթին՝ բանտերի դռները բացելը, քաղաքական և հանրային միտքը բանտարկությունից ազատելը։ Այսօր Երևանի ու Բաքվի բանտերում ազգային մտքի ու հարստության մեծ պոտենցիալ է բանտարկված։ Հայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման։ Սա բոլորիս շահերի մեջ է, քանի որ ակնհայտ է, որ մեր երկիրն ու տարածաշրջանը մտնում են վտանգավոր զարգացումների նոր փուլ»,- գրել է Հովհաննիսյանը։

  • Իրանի հետ հինգ ամիս տևած պատերազմի ընթացքում, ԱՄՆ բանակը զգալիորեն սպառել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռների իր պաշարները

    ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. 

    Իրանի հետ հինգ ամիս տևած պատերազմի ընթացքում, ԱՄՆ բանակը զգալիորեն սպառել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռների իր պաշարները։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ իր աղբյուրները։ Այն մտահոգություն է առաջացրել ԱՄՆ ԶՈւ պատրաստվածության հարցում՝ ապագա հակամարտություններին արձագանքելու տեսանկյունից։

    Խոսքը նախևառաջ «երկիր-երկիր» տիպի տակտիկական հրթիռների՝ Army Tactical Missile Systems (ATACMS) և Precision Strike Missile (PrSM) մասին է։ Reuters-ի աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ն օգտագործել է այդ սպառազինության «գրեթե ողջ» առկա պաշարը։ Այս հեռահար զինամթերքը համարվում է ամերիկյան զինանոցի կարևորագույն բաղադրիչներից մեկը, քանի որ հնարավորություն է տալիս անվտանգ հեռավորությունից իրականացնել բարձր ճշգրտության հարվածներ։

    Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված ATACMS հրթիռները կարևոր դեր են ունեցել պատերազմում՝ թույլ տալով ուկրաինական ուժերին խոցել թիրախներ Ռուսաստանի տարածքում։ Իսկ PrSM-ը նոր սերնդի հրթիռ է՝ ավելի մեծ հեռահարությամբ և ժամանակակից հնարավորություններով, որն աստիճանաբար պետք է փոխարինի ATACMS-ին։

    Վերլուծաբանների գնահատմամբ՝ մեկ միլիոն դոլարից ավելի արժողությամբ այս հրթիռները կարևոր նշանակություն կունենան մեծ մասշտաբի հնարավոր հակամարտության դեպքում։ Սակայն նրանք մտահոգություն են հայտնել, որ պատերազմի ձգձգման պայմաններում, հրթիռների պաշարների նվազումը կարող է սահմանափակել պոտենցիալ հակառակորդներին զսպելու ԱՄՆ-ի հնարավորությունները։

    Reuters-ի հարցմանն ի պատասխան՝ Սպիտակ տունը տարածել է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, նշելով՝ «Միացյալ Նահանգներն ունի շատ ավելի մեծ քանակությամբ զինամթերք, քան աշխարհի ցանկացած այլ երկիր։ Եվ շատ ավելին, քան մեզ անհրաժեշտ է»։

    ATACMS, PrSM և THAAD հակահրթիռային համակարգեր արտադրող Lockheed Martin ընկերությունը չի պատասխանել զինամթերքի պաշարների համալրման մասին Reuters-ի հարցմանը: Նույն կերպ չի արձագանքել նաև Raytheon ընկերությունը, որն արտադրում է Tomahawk թևավոր հրթիռները և Patriot հակահրթիռային համակարգը։

    Միևնույն ժամանակ, Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը Reuters-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի բանակն աշխարհում ամենահզորն է և ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է նախագահի որոշմամբ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում առաջադրանքներ կատարելու համար։

    Գործակալության տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում զինամթերքի առկա պաշարների վերաբերյալ տվյալներն ակտիվորեն քննարկվել են ԱՄՆ դաշնային կառավարությունում։ Նախագահ Թրամփի վարչակազմում ակտիվ քննարկումներ են ընթացել այն մասին, թե որքան ժամանակ Վաշինգտոնը կկարողանա շարունակել հարվածներ հասցնել Իրանին՝ առանց զինամթերքի պաշարները համալրելու։

    Reuters-ի երկու աղբյուրների խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում ռազմական ղեկավարությունը բազմիցս զգուշացրել է պաշտպանական սպառազինության, այդ թվում՝ Patriot համակարգի հրթիռների պաշարների նվազման մասին, որոնք օգտագործվում են հիմնականում բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։

    Նախորդ շաբաթ, մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Իրանի դեմ նոր լայնածավալ ռազմական գործողությունից նաև այն պատճառով, որ ռազմական խորհրդականները նրան նախազգուշացրել էին զինամթերքի պաշարների նվազման մասին։ Սակայն ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը կտրականապես հերքել է այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգներն ունեն բավարար սպառազինություն, Իրանի դեմ գործողությունները շարունակելու համար։

    Մի քանի օր առաջ, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը (CSIS), հրապարակել է զեկույց, ըստ որի՝ 2026թ. փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն սպառել է Patriot համակարգի հրթիռների պաշարների շուրջ 65%-ը։ Բացի այդ, պատերազմի մեկնարկի համեմատ, THAAD հակահրթիռների քանակը նվազել է շուրջ 38%-ով՝։

    Reuters-ին չի հաջողվել ծանոթանալ պաշտոնական տվյալներին, այնուամենայնիվ, գործակալությունը նշում է, որ իր երկու աղբյուրները հաստատել են CSIS-ի վերոնշյալ գնահատականները։

    Բացի այդ, աղբյուրներից մեկի խոսքով՝ պատերազմի սկզբից ի վեր, ԱՄՆ-ն օգտագործել է Tomahawk թևավոր հրթիռների համաշխարհային պաշարի գրեթե կեսը։

    Նշենք, որ Tomahawk-ը ԱՄՆ ռազմածովային ուժերի հիմնական հեռահար հարվածային սպառազինությունն է։ Այդ հրթիռներն արձակվում են կործանիչներից, հածանավերից, սուզանավերից և արդեն երկար տարիներ հնարավորություն են տալիս խոցել լավ պաշտպանված թիրախներ՝ առանց օդաչուների կյանքը վտանգելու։

    Возможно, это изображение текст "a PEEEINARL x ReutersNewsApp Reuters News App Read with fewer ads Get Get"
  • Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

    Երևանում օգոստոսի 4-ին կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։

    Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին 2026թ. մայիսի 4-ին Երևանում ստորագրված արձանագրության կարևորությունը։

    Կողմերը պայմանավորվել են շարունակել  ստորագրված արձանագրության շուտափույթ իրականացմանն ուղղված ջանքերը:

    Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում մայիսի 4-ին ստորագրել էին Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Անիի կամրջի վերականգնման հարցով աշխատանքային խմբի առաջին հանդիպման շրջանակներում։

  • Ընտրություններից հետո, գրեթե, բոլոր ընկերությունները, որոնցում մեր ընտանիքն ունի մասնակցություն, զինվшծ մտել են, նույնիսկ` Սիրուշոյի խանութներ. Լևոն Քոչարյան

    Պարոն Քոչարյան, Ծառուկյանի բիզնեսների շուրջ տեսնում ենք՝ ինչ է կատարվում:

    Քանի որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ հնչում էր նաև Ձեր հոր անունը, ի՞նչ եք կարծում ձեր բիզնեսները, ձեր ունեցվածքը նույն ճակատագրին կարժանանա՞, թե՞ ոչ, և ի՞նչ եք անելու այդ դեպքում։ Այս մասին լրագրողը հարց է ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին:

    «Այն լկտիությունը, իսկապես այս բառը թույլ կտամ ինձ օգտագործել, որ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ կապված, շատ լավ հասկանում ենք՝ բոլորի հետ կարող է լինել, առավել ևս՝ մեր հետ, բայց այս պայքարն ունեցվածքի մասին չէ, այս պայքարն ինչ-որ բան ավելին ունենալու մասին չէ: Ավելի խորը գաղափարական պայքար է գնում ու այո՛, գիտակցում ենք, որ այս ամեն ինչը կարող է լինել, ի վերջո շատ ենք տեսել ապօրինություններ»,-նշել է նա:

    Լևոն Քոչարյանն ասել է, որ 2018 թվականից հետո կյանքն ուրիշ ռեժիմի մեջ է, շատ բաների մասին չեն բարձրաձայնում, չեն խոսում, բայց հսկայական ճնշում կա: Ըստ նրա՝ այսօր ընդդիմադիր լինելը, առավել ևս՝ ընդդիմադիր պատգամավոր լինելն արտոնություն և հաճույք չէ:

    Հարցին՝ հետընտրական գործընթացում նկատե՞լ եք Ձեզ պատկանող բիզնեսներում գործողություններ իրավապահների, գուցե հարկային կամ մաքսային տարբեր մարմինների կողմից, որ ավելի ուժեղացված են կամ տարբերվում են նախորդ շրջանից, նա պատասխանել է.

    «Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո, բոլոր կամ գրեթե բոլոր այն ընկերությունները, որոնցում մեր ընտանիքի որևէ անդամ ունի մասնակցություն, հարկայինը զինված, չգիտեմ՝ որ ստորաբաժանումն է, այն զենքերով, մտել են ամեն տեղ:

    Ամեն տեղ, նույնիսկ կնոջս՝ Սիրուշոյի խանութները, չորս խանութ կա Երևանում, իր գրասենյակը, վարպետների մոտ»,-մանրամասնել է նա:

    Հարցին՝ խախտումներ հայտնաբերվե՞լ են, Լևոն Քոչարյանն ասել է, որ ոչ, չէր կարող հայտնաբերվել, քանի ոչ չկա:

  • Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

    Երևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 5-10-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

    Հանրապետության տարածքում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին, 10-ին գիշերը և կեսօրից հետո անձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամինհարավարևելյան և արևելյան 2-5 մ/վ։

    Օգոստոսի 5-10-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Գագիկ Ծառուկյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի

    «Մուլտի Վելնես» կենտրոնը դատական կարգով վիճարկում էԵրևանի քաղաքապետարանի որոշումը, որով օրերս ընկերությանը զրկել էին կառուցապատման իրավունքից և տարածքն անցել էր համայնքին:

    Ըստ դատալեքս տեղեկատվական համակարգի, «Մուլտի Վելնեսի» ներկայացուցիչը դատարանից խնդրում է անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևան քաղաքապետի կողմից կատարած գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքած պայմանագիրը:

    Գագիկ Ծառուկյանի փաստաբանը դատարանից պահանջում է նաև անվավեր ճանաչել Կադաստրի որոշումը, որով այս հուլիսի 14-ին դադարեցվել է «Մուլտի Վելնեսի» կառուցապատման իրավունքը և գույքն ամբողջությամբ գրանցվել է որպես Երևան համայնքի սեփականություն: Կադաստրից չեն մեկնաբանում իրենց որոշումը:

    Երևանի քաղաքապետարանը շաբաթներ առաջ խզել էր Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսի» վարձակալության պայմանագիրը: Անցած շաբաթավերջին էլ արդեն քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ այն վերաբացվել է նոր անունով և կլինի մայրաքաղաքային իշխանությունների վերահսկողության ներքո։ Մինչդեռ, ընկերությունը քաղաքային իշխանության հետ դեռ 2016 թվականի հողի վարձակալության պայմանագրով այդ հողը կառուցապատման իրավունքով վարձակալել էր մինչեւ 2065 թվականը: Բայց Ավինյանը ծառուկյանից վերցրեց ոչ միայն հողը, այլև դրա վրա կառուցված շենքն ու ներսի գույքը:

    Քաղաքապետարանից չեն մանրամասնում, թե որո՞նք են այս փոփոխության հիմքերը և արդյո՞ք պայմանագրում կան նման դրույթներ: «Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել թե՛ այդ հիմքերի, թե՛ այս պահին համալիրի եկամուտները տնօրինելու օրինականության, ինչպես նաև գործարարին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:

    Գործը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ:

  • Առաջնագծում ո՛չ թաքստոց է եղել, ո՛չ տարրական աղվեսափոս, ո՛չ ծածկված խրամուղիներ, ո՛չ փակ կրակшկետեր. գրել է այն մարդը, ով 14 օր այդ դիրքում է եղել. Վաղինակ Վարդանով

    Այս տարվա մարտին, նախընտրական քարոզարշավի ընթացքում, ձեր կուսակցության առաջնորդը հրապարակայնորեն մի արտահայտություն է արել, ըստ որի եթե դուք չստանաք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Վաղինակ Վարդանովը:

    «Ինչպես տեսնում ենք, դուք չունեք այդ մեծամասնությունը, այսինքն՝ պատրաստվում ենք պատերազմի, ճի՞շտ եմ հասկանում։ Սա ոչ թե ընդդիմության մեկնաբանությունն է, այլ ձեր ղեկավարի մեկնաբանությունը:

    Երբ ասում եք՝ գայլը գալիս է, ինչ-որ միջոցներ պետք է ձեռնարկել գայլին դիմակայելու համար, այդ միջոցները ես ակնկալում էի տեսնել ձեր կողմից մեծ շուքով անոնսված զորահանդեսի ժամանակ, բայց ի՞նչ տեսա այդ զորահանդեսին: Իհարկե, տեխնիկան նորագույն էր, բայց ընդամենը գումարտակային մակարդակի մարտավարական զինանոց, որն ընդհանրապես անհամադրելի է եղել մինչև այդ մեր կորցրած զինանոցին թե՛ քանակով, թե՛ հզորությամբ։

    Հարգելի գործընկերներ, եթե դուք ինքներդ եք ազդարարել այդ վտանգի մասին, ինձ մոտ ուղղակի հարց է առաջանում՝ ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել դրան։ Ես չեմ պահանջում կրկնել ընտրարշավի ժամանակ ձեր հռետորաբանությունը։ Ես ուզում եմ ցույց տալ, թե ինչու է այս հարցը շատ կարևոր, այն կյանքի ու մահվան հարց է, մեկ կոնկրետ վկայության միջոցով»,-նշել է նա։

    Վաղինակ Վարդանովը մանրամասնել է՝ դա այն վկայությունն այս վկայությունն է, որը վերջին օրերին մեծ անդրադարձ է ստացել ստացել մամուլում։ Մեկ վկայություն, մասնակցել է 25-օրյա հավաքներից մեկին:

    «Կարծում եմ, որ այդ վկայությունը պետք է հնչի երկրի բարձրագույն ամբիոնից, ոչ թե կորչի լրահոսում։

    Ամեն ինչ սկսվել է հունիսի 10-ից, երբ այդ մարդը ներկայացել է զինկոմիսարիատ: Երեք ժամ, ընդամենը երեք ժամ սպասելուց հետո զինկոմիսարիատում պարզել են, որ երեք երեք հոգի ավելի են կանչել։ Դա նշանակում է, որ 2020 թվականից հետո ընդհանրապես չեն արդիականացվել զինկոմիսարիատները։ Ձեր ասած նորագույն տեխնոլոգիաները չեն ներդրվել այնտեղ։ Հետո եղել է հաստիքների բաշխում։ Մարդ, ում պետությունը կես տարի սովորեցրել է մասնագիտություն, տարիներ շարունակ չի կիրառել այն, կանչվել է հավաքի ու պարզվել է, որ իրեն ուրիշ հաստիքի են նշանակել։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ յոթ օրվա ընթացքում ինչքան դժվար է նոր զինվորական մասնագիտություն ձեռք բերելը, ես պատկերացնում եմ:

    Հարգելի՛ գործընկերներ, եթե դուք կրճատել եք պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, դա հիմնավորելով, որ ունենալու ենք մասնագիտացված, մարտունակ, պարապած ռեզերվ, ապա այս փաստը մեկ հարց է առաջացնում՝ ի՞նչ ռեզերվի մասին ենք մենք հիմա խոսում, եթե մենք նույնիսկ չգիտենք՝ ով ինչ գիտի։

    Իսկ հիմա անցնենք դիրքերին, երբ դիրքեր է բարձրացրել այս մարդը, ձեր կողմից շատ գովազդված ամրաշինական կառույցների ոչ մի նմանություն չեն ունեցել: Այդ դիրքերում, առաջնագծի մասին է խոսքը, ո՛չ թաքստոց է եղել, ո՛չ տարրական աղվեսափոս, ո՛չ ծածկված խրամուղիներ, ո՛չ փակ կրակակետեր:

    Հիմա լսենք զինատեսակների ցանկը, ինչին հանդիպել են այդ դիրքերում: Նռնականետի նռնակները կար, բայց այդ նռնակները ինչով պետք է կրակեն, չկար: ԱԿ-74-ի փամփուշտները կար, ԱԿ-74-ը՝ չկար: Գնդացրորդը կար, մարդ, որը պետք է գնդացրից օգտվեր, բայց գնդացիրը չկար: Կորդի հաշվարկը կար, կորդը չկար, ԱԹՍ հաշվարկից մարդ կար, բայց ձեր կողմից գնված այդ 30 հազար ԱԹՍ-ից գեթ մեկն այդ դիրքում չի եղել:

    Սա գրված է մի մարդու կողմից, ով 14 օր, զոր ու գիշեր անցկացրել է այդ դիրքում, հակառակորդից ընդամենը 150մ հեռավորության վրա: Սա, թերևս, ամենից շատն է ասում մեր իրականության մասին։ Զենքերը նոր էին, ինչը շատ գովելի է, որ վերջապես պահեստազորայիններին նոր զենքեր են տալիս, խոսքը ԱԿ-103-ների մասին է։ Կարելի է ասել՝ «յուղը վրեն» զենքեր էին, բայց այդ զենքերի հետ չեն տրամադրել զենքի ամենօրյա խնամքի համար անհրաժեշտ յուղ։ Այդ յուղը դիրք հասել է միայն 11-րդ օրը, ինչի պատճառով վնասվել, ժանգոտվել են այդ զենքերը»,-նշել է նա։

    ԱԺ պատգամավորը հավելել է, որ սա առաջին անգամը չէ, երբ բախվում են այս նույն օրինաչափությանը, թե՛ 2016 թվականի, թե՛ 2020 թվականի, թե՛ 2022 թվականի իրադարձություններից հետո, ստեղծված հանձնաժողովները միշտ արձանագրել են նմանատիպ բացեր:

    «Թղթի վրա այլ պատկեր է, իրականությունը՝ լրիվ ուրիշ է։ Տարբերությունը մեկն է՝ այն ժամանակ մենք եզրակացություններն անում էինք հետո, իսկ այժմ մենք հնարավորություն ունենք եզրակացությունները, գործն անել մինչև։ Հակառակ դեպքում ես կգամ մի եզրակացության, որ մենք պատրաստվում ենք պարտության, ոչ թե խաղաղության»,-ասել է Վաղինակ Վարդանովը:

  • Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազության՝ ապoրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

    2026 թվականի հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից մասնակի բավարարվել է Դատախազության հայցը՝ ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

    Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

    • Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը,
    • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տունն ամբողջությամբ,
    • 184 միլիոն 222 հազար դրամ: