Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Իրանի կենսական ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից հերթական անգամ խոստացված և այնուհետև չեղարկված ուժգին հարվածի վերաբերյալ տեղեկատվության և տեղեկատվական արտահոսքերի վերլուծությունից պարզ է դառնում, որ Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի։
Պարբերաբար բռնկվող և մարող այս զինված հակամարտության իրանական ռազմավարությունը շատ հստակ է։ Այն միտված է ոչ թե ամեն գնով պատերազմը դադարեցնելուն, այլ օգտվելով աշխարհագրական և այլ անզուգաչափ առավելություններից, այդ պատերազմում ավելի ուժեղ հակառակորդին անդառնալիորեն հյուծելուն։
Ընդ որում, որպես այս ռազմավարության վերջնարդյունք իրանական կողմը նաև հռետորաբանության մակարդակում հայտարարում է երկու հիմանական նպատակ՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի ամբողջական վերահսկողության արձանագրումը և Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հնարավորին սահմանափակումը, իսկ լավագույն դեպքում՝ ամբողջական զրոյացումը։
Ըստ այդմ, Թեհրանի համար մնացյալ ամեն ինչ ածանցյալ է այս երկու գլխավոր նպատակից, որովհետև Հորմուզի նեղուցի վերահսկողության և ԱՄՆ-ի ռազմական ներկայության բացակայության պայմաններում Իրանը դառնալու է ողջ Պարսից ծոցի, պատկերավոր ասած, միանձնյա տերը դրանից բխող՝ հսկայական առավելություններով հանդերձ»,- գրել է Ոսկանյանը։
Leave a Reply