Category: Newday.am

  • Փաշինյանն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ

    Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

    Վարչապետը կարևորել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացումը և նշել, որ վերջին շրջանում այն կրում է դինամիկ բնույթ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ փոխգործակցության հարուստ օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ–ԱՄՆ կապերը կշարունակեն ընդլայնվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում։

    Աբրահամ Համադեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երկխոսության զարգացումը նաև խորհրդարանական ձևաչափով։ Վերջինս անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և այդ գործում ընդգծել վարչապետ Փաշինյանի անձնական դերն ու հետևողականությունը։

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ։

  • Ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կnղոպտողին․ նա կալանավnրվել է (տեսանյութ)

    Օգոստոսի սկզբներին կողոպուտի վերաբերյալ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց մի քանի ահազանգ․ մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում և Եղիշե Թադևոսյան փողոցում տարեց երեք կանանց պարանոցներից պոկել-տարել էին ոսկյա շղթան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի գործընկերների հետ։

    Ստացվեց հավաստի տեղեկություն, որ բացահայտ հափշտակությունները կատարել է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ դա նույն անձն է, որին նախկինում կատարած նման հանցագործությունների համար քրեական ոստիկաններն արդեն իսկ կասկածում և ճշտում էին նրա փաստացի բնակության վայրը։

    Օգոստոսի 13-ի առավոտյան ժամը 9․40-ին, մայրաքաղաքի Նար-Դոսի փողոցում, որտեղ ժամանակավոր բնակություն էր հաստատել տղամարդը, հիշյալ կողոպուտները կատարելու հիմնավոր կասկածով նա ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

    Տղամարդը խոստովանեց ոչ միայն օգոստոսին, այլև նախկինում կատարած ևս չորս կողոպուտ, որոնք բոլորն էլ տեղի էին ունեցել մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում, և տուժողները դարձյալ տարեց կանայք էին։
    Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

    39-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։

  • Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր

    Նոր Հաճնում շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է։ ՆԳՆ Փրկարար ծառայության նախնական տվյալներով՝ դեպքի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս մեկը մարմնական վնասվածքներ է ստացել։

    «Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ»,- ասված է ՆԳՆ ՓԾ-ի տարածած հաղորդագրությունում։

  • Աննա Հակոբյանը հանդիպման է հրավիրել ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարներին

    Աննա Հակոբյանը հանդիպման է հրավիրել ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարներին, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքում հրապարակած տեսանյութով։

    «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունն առանձին, ինքնուրույն հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ ընդդիմադիր կին պատգամավորներին, հանդիպան եմ հրավիրում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին»,-նշել է նա։

  • Դե ֆակտո պետությունն ընդունել է օրենք, ասելով՝ ես չեմ ուզում, որ դուք օրինականացնեք ինքնակամ կառույցները. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

    Ինքնակամ կառույցների օրինականացման երկարաձգմանը վերաբերող օրենքը 2026 թվականի հուլիսի 18-ից մտել է ուժի մեջ։ Օրենսդրական այս նախաձեռնությանը վերաբերող իր դիտարկումներն է ներկայացրել Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ քաղաքացիները ու իրավաբանական անձինք իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում ամբողջությամբ կառուցված ինքնակամ կառույցների համար կարող են դիմել և դրանք օրինականացնել։

    «Այսինքն, կադաստր՝ սկզբում հաշվառման համար, հետո տարածքային կառավարման նախարարություն ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կառավարության սահմանած կարգով կառավարության ցանկում ընդգրկվեն։ Խոսքը վերաբերում է, եթե նախկինում՝ մինչև 2021 թվականի վերջը, կառուցված շինություններին, հիմա դա տարածվում է նաև 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված ինքնակամ կառույցներին։ Կանոննը նույնն է՝ պետք է սեփականության իրավունքով պատկանի քաղաքացուն կամ իրավաբանական անձինք տվյալ հողամասը և պետք է ամբողջությամբ ինքնակամ լինի տվյալ կառուցված շինությունը։

    Այն պետական տուրքերը, որոնք օրինականացման համար  նախատեսվել են այս օրենսդրական փոփոխություններով, սկզբունքորեն դե ֆակտո հողի վրա ի չիք են դարձնում դրա հնարավորությունը, որովհետև Երևանում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում ու Կոտայքում, որպեսզի անձը օրինականացնի իրեն պատկանող հողամասում կառուցված ինքնակամ որևէ շինություն, շենք, անկախ նրանից, դա շենք է, թե ինչոր փոքր շինություն, պետք է վճարի 100 միլիոն դրամ, գումարած եռապատիկը այն տուրքերի, որոնք նախատեսված են շինթույլտվության համար ու  ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար։ Եթե իմ նշած տարածքներից դուրս է գտնվում,  օրինակ՝ Սյունիքում, չգիտեմ, Վայոց ձորում և այլն, ապա պետք է վճարի նույն տուրքերի եռապատիկը և 50 միլիոն դրամ։ Ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր կօգտվեն այս հնարավորությունից, շատ հետաքրքիր է, հետագայում կհասկանանք՝ քանի տասնյակ մարդ իրականում այս աստղաբաշխական թվերի դեպքում օգտվեց այդ հնարավորությունից։ Դե ֆակտո պետությունն  ընդունել է օրենք, ասելով՝ ես չեմ ուզում, որ դուք օրինականացնեք ինքնակամ կառույցները»։

     

  • Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում. Գառնիկ Դանիելյան

    Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

    «Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի դստեր 13֊ամյակը։ Արեգնազը զրկված է անչափահաս դստերը տեսնելու հնարավորությունից, ինչը անթույլատրելի է և անմարդկային։ Բռնապետական ռեժիմը անցել է կանանց կալանավորելուն՝ հաշվի չառնելով որևէ հանգամանք։

    Կոչս է, որ հանրային և մշակութային գործիչները, և առհասարակ, այն մարդիկ, որոնք ունեն լսարան, իրենց հարթակներում բարձրաձայնեն այս անչափ կարևոր խնդրի մասին։

    Ոչ ոք ապահովագրված չէ․ եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում։

    Ուստի, կոչս և հորդորս է, որ ներկա լինեք ինչպես վաղվա, այնպես էլ հետագա ակցիաներին։ Քաղբանտարկյալների հարցը բարձրաձայնելը, նրանց ընտանիքների կողքին կանգնելը բոլորիս պարտքն է»,- գրել է Դանիելյանը:

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեղերի ներմուծման վերաբերյալ նախագիծ կներկայացնի, որը կնպաստի դեղերի էժանացմանը. Տիգրան Աբրահամյան

    Հայաստանում 3900 դեղամիջոց է գրանցված, որից դեղատներում կարելի է հանդիպել շուրջ 2000-ը։ Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ միաժամանակ հավելելով, որ եվրոպական պետություններում մինչև 25 հազար դեղամիջոց է գրանցված։

    «Կարելի է  վերցնել գերմանական, ֆրանսիական, բրիտանական փորձը, ընտրել ոչ անհայտ ծագման դեղամիջոցներ՝ ճանաչելիության սկզբունքով, ճանաչել,  գրանցել այդ դեղամիջոցները, սահմանել ծանուցման համակարգ։ Դա հնարավորություն կընձեռի Հայաստանում խուսափել բազմաթիվ բյուրակրատական ռիսկերից։ Այսինքն, եթե ուզում ես դեղամիջոց ներմուծել, ուղղակի ծանուցում ներկայացրու և սկսի աշխատել։ Դա կբերի, բնականաբար, դեղերի էժանացմանը, ինչի մասին մեր խմբակցությունը, մեր դաշինքը նախընտրական ժամանակաշրջանում խոսում էր»,- ասաց Աբրահամյանը։

    Նա դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին, ում թեկնադրությունն է առաջադրվել  ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում. «Ի՞նչն է խանգարում, որպեսզի դա առաջիկայում իրագործենք»։

    Լ. Բադալյանն ասաց, որ նուրբ և զգայուն հարց է, առաջարկեց ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն՝ քննարկելու դրական և խնդրահարույց կողմերը։

    Տիգրան Աբրահամյանն ասաց, որ նման նախագծով խմբակցությունն անպայման հանդես կգա։

  • Կալանավայրերում քնելու տեղերը քիչ են, ինչու՞ եք այդքան կալանք տալիս, գերբնակեցման ռեժիմին ենք մոտենում. Արամ Վարդևանյան

    Կալանավայրերում քնելու տեղերը քիչ են, ինչու՞ եք այդքան կալանք տալիս, գերբնակեցման ռեժիմին ենք մոտենում: Այս մասին ԱԺ-ում ասել է ԱԺ նախագահ Արամ Վարդևանյանը:

    «Դուք որպես պատգամավոր քրեակատարողական այցելու՞մ եք, պահման պայմանները նայու՞մ եք, եթե այցելում եք, այս 8 տարվա ընթացքում ի՞նչ եք արել այդ ոլորտում, դուք գիտե՞ք, թե ինչ են պահման պայմանները:

    Ես անկեղծ ուզում եմ, որ այս հարցին ոչ թե մենակ զուտ ձևական մոտենալ, այլ այս հարցի վերաբերյալ ֆունդամենտալ լուծումներ տալ, որովհետև մենք խոսում ենք մարդու արժանապատվության մասին։ Կալանքը չպետք է լինի գործիք որպես զենք իշխանության ձեռքերում, բայց Հայաստանի Հանրապետությունում այդպես է»,- նշել է նա:

  • Դեռ չենք հայտնաբերել, աշխատում ենք. ոստիկանապետը՝ Մալիշկայի «ուրվականի» մասին

    Դեռ չենք հայտնաբերել, աշխատում ենք: Այս մասին 2026-ի առաջին կիսամյակի ամփոփման մասին տված ասուլիսի ընթացքում ասել է ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը՝ պատասխանելով Մալիշկայի «ուրվականի» մասին հարցին։

    «Մալիշկայի դեպքը մեզ հայտնի է, աշխատում ենք այդ ուղղությամբ, ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ընդգրկված են նշված անձի հայտնաբերման ուղղությամբ: Հայտնաբերման դեպքում հանրությանը կիրազեկենք»,- նշել է նա:

    Հարցին, թե ինչու՞ է այսքան երկար տևում որոնողական աշխատանքը, և ինչու մինչ օրս գյուղում անհանգստություն առաջացրած «ուրվականը» չի հայտնաբերվել ոստիկանների կողմից, ոստիկանապետը պատասխանեց, որ այդպիսի դեպքեր էլ են լինում:

    Հիշեցնենք, որ օրերս Shamshyan.com-ը հայտնել էր, որ տևական ժամանակ է Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում անհանգիստ ու լարված իրավիճակ է ստեղծվել։ Գյուղի բնակիչների խոսքով՝ գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, ով քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին, ինչպես նաև բնակիչներին վախեցնելու գործողություններ է կատարում։

  • Արտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց

    Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ մեկ օր առաջ «աջ նախաբազկի օտար մարմին» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել անչափահաս։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խմբի կողմից պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ, 2,5-ամյա տղա է։

    Պարզվել է, որ հուլիսի 27-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի զբոսայգում գտնվող  «Տիր»-ի հրաձգարանում երեխայի 28-ամյա հոր կողմից, «Տիր» տեսակի օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ հրացանի մեջ դրված պարկուճը դուրս է թռել և դիպել երեխայի աջ նախաբազկի շրջանին՝ պատճառելով վնասվածք։