Category: MegaNews

  • ՏԻՄ ընտրությունների համար Փաշինյանը լավ թեկնածուներ է փնտրում. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է. Խորհրդարանական ընտրություններում, մեծ հաշվով, կրած ֆիասկոյից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է ՏԻՄ ընտրությունները թեժ ճակատամարտի վերածել եւ ամեն գնով հաղթանակ գրանցել համայնքներում: Իսկ դրա համար առաջին հերթին հարկավոր է, որ համայնքներում ամենալավ թեկնածուներն իրենցով անեն, որ մոտակա ընտրություններին նման տխուր փաստի առջեւ չկանգնեն։

    Այս նպատակով, ըստ որոշ տեղեկությունների, կառավարությունում մարզպետների հավաք է տեղի ունեցել։ Տարածքային իշխանիկների առջեւ գրեթե ուլտիմատում է դրվել, որ հիմիկվանից պատրաստվեն աշնանը սպասվող ընտրություններին` ամեն գնով լավ թեկնածուների ընտրեն: Ասվել է, որ պարտվողները չեն ներվելու, ու մարզպետներն են ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն` ուրիշների վրա չգցեն պարտության մեղքը։

    Նշենք, որ աշնանը 4 տասնյակից ավելի խոշոր համայնքներում ընտրություններ են նշանակված, որոշ մարզպետների ճակատագիրը, ըստ էության, դրանց արդյունքներից է կախված։

  • Արմեն Գրիգորյանը անակնկալի է եկել պաշտոնաթողությունից. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունը նրա համար խիստ անակնկալ է եղել, ինչով էլ բացատրվում է կառավարության նիստում գործընկերներին նրա հուզված հրաժեշտը։ Նա մտերիմներին ասել է, որ Նիկոլ Փաշինյանը իր հետ չի քննարկել ազատման որոշումը, պարզապես հայտնել է, որ պետք է ազատվի, քանի որ այդ պաշտոնին նշանակվելու է Ալեն Սիմոնյանը։

    Թերթը նշում է, որ Գրիգորյանը մերձավորներին ասել է՝ մինչև հոգու խորքը վիրավորված է Փաշինյանից՝ իրեն համարելով հեղափոխության մասնակից, որը վեց տարի հավատարմորեն ծառայել է ընդհանուր գործին։ Նա ավելի մեծ անարգանք է համարել նաև, որ ԱԽ քարտուղարի պաշտոնից հետո իրեն առաջարկվել է խորհրդականի պաշտոն, որը մերժել է։

     

  • Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել Ռուբինյանց 41/1 գազալցակայանից․ արձանագրվել է թերլիցքավորում

    ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ արձանագրել է թերլիցքավորում «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1):

    Տեղեկացնում ենք, որ տնտեսավարողին պատկանող տասնյակից ավելի գազալցակայաններում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝

    ▪️ թերլիցքավորում,

    ▪️ չստուգաչափված չափիչ միջոցների օգտագործում,

    ▪️ կապարակնիքների ապօրինի հեռացում՝ խախտումների հայտնաբերումից հետո,

    ▪️ արագ արձագանքման QR կոդերի բացակայություն։

    Վերջին ստուգմները ևս վկայում են, որ գազալցակայանը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի էական խախտումներով՝ թերլիցքավորմամբ։ Կազմակերպության տնօրենին կրկին անգամ հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

    Կրկին հորդորում ենք սպառողներին զերծ մնալ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից լիցքավորում իրականացնելուց՝ Ձեր իսկ շահերից ելնելով։

    Տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը վառելիքի իրացման ոլորտում և օրենքով սահմանված կարգով արձագանքելու է յուրաքանչյուր այն դեպքին, երբ տնտեսավարողի գործողությունների հետևանքով խախտվում են սպառողների իրավունքները։

  • 20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համար

    Օգոստոսի 21-ին և 22-ին Սևանա լճի ափին՝ Sevan Festival City-ի տարածքում, կանցկացվի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը՝ միավորելով երիտասարդ երաժշտախմբերին, կենդանի երաժշտության սիրահարներին և ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարթակում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

    «Վարչաֆեստ 2026»-ի մրցութային փուլին նախորդել են կենդանի լսումներ Հայաստանի տարբեր մարզերում, որոնց մասնակցել են երիտասարդ երաժիշտներից կազմված շուրջ 100 խմբեր: Լսումների արդյունքներով նախ ընտրվել են 50 լավագույն խմբերը, որոնցից եզրափակիչ փուլ անցել են 20 երաժշտախմբեր՝ Palemoon, «Նուշ Բենդ», Sarian Band, N.O.R.G., «Տանիքում Բենդ», «Քամանչա Ժ.Ն.Ա.», Wevibe Project, Pink Stones, «Էդի Բենդ», «Վարդենիս 1 Ժ.Գ.Ն.», «Վանական», «Կարճ ասած», David&Rima, Algorithm, «Ավանի Մ.Տ.Հ.», Dophamin Band, Ethnorythm, «ԴՆԹ Խումբ», «Գամմա Բենդ», Red Line:

    Մրցութային բոլոր փուլերում մասնակիցների կատարումները գնահատել է ոլորտի ճանաչված մասնագետներից կազմված ժյուրին՝ ապահովելով ընտրության մասնագիտական և անաչառ ընթացքը։ «Վարչաֆեստ 2026»-ի ժյուրիի կազմում ընդգրկված են Վահագն Հայրապետյանը, Կառլ Մանուկյանը, Վահագն Գևորգյանը, Նարինե Զարիֆյանը և Մհեր Մանուկյանը։

    Փառատոնի եզրափակիչի օրը՝ օգոստոսի 22-ին, հաղթողները կորոշվեն ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների, այնպես էլ ներկա հանդիսատեսի քվեարկության արդյունքներով։ Մրցանակային ֆոնդը կազմում է 10 մլն դրամ՝ նախատեսված գլխավոր, առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրների համար։

    Գլխավոր մրցանակ՝ 4 միլիոն ՀՀ դրամ

    Առաջին մրցանակ՝ 3 միլիոն ՀՀ դրամ

    Երկրորդ մրցանակ՝ 2 միլիոն  ՀՀ դրամ

    Երրորդ մրցանակ՝ 1 միլիոն ՀՀ դրամ

    Եզրափակիչ փուլ անցած երաժշտախմբերը կմասնակցեն «Վարչաֆեստ» վրանային ճամբարի ծրագրին։ Այս ձևաչափը կստեղծի փորձի փոխանակման, համագործակցության և նոր ստեղծագործական կապերի ձևավորման նպաստավոր միջավայր՝ երիտասարդ երաժիշտների մասնագիտական զարգացման համար։

    Փառատոնի ընթացքում նախատեսված է նաև համերգային հատուկ ծրագիր՝ սիրված երաժշտական խմբերի մասնակցությամբ։ «Վարչաֆեստ 2026»-ի հատուկ հյուրերն են Kami Friends, «Լավ էլի» խմբերը և այլ արտիստներ, որոնք հանդես կգան փառատոնի համերգային ծրագրի շրջանակում՝ ապահովելով հանդիսատեսի համար հիշարժան երաժշտական մթնոլորտ։ Նախատեսված են նաև ջրային զվարճանքներ, խաղեր, ֆոտոանկյուններ, սպորտային խաղագոտի:

    Եզրափակիչի օրը՝ օգոստոսի 22-ին, կգործի նաև Երևան-Սևան հատուկ երթուղի: Երևանի Սասունցի Դավիթ կայարանից գնացքը Սևան Festival City կուղևորվի ժամը 09:30-ին. վերադարձը՝ 22:30:

    «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՀՀ Կառավարության աջակցությամբ։ Փառատոնը կոչված է դառնալու երիտասարդ երաժիշտների բացահայտման, նրանց ստեղծագործական ներուժի զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների ձևավորման կարևոր հարթակ՝ միաժամանակ նպաստելով կենդանի երաժշտության մշակույթի զարգացմանն ու Հայաստանի մշակութային կյանքի հարստացմանը:

    Մանրամասները՝ «Վարչաֆեստ 2026»-ի պաշտոնական կայքում:

  • Խուդաթյանը ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիդ Թավադյանին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

    Նախարարը շնորհավորել է Դավիդ Թավադյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ընդգծելով պետական գույքի արդյունավետ և պատասխանատու կառավարման կարևորությունը։

    Դավիթ Խուդաթյանը նշել է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը պահանջում է հետևողական աշխատանք, կառավարման ժամանակակից մոտեցումների կիրառում և պետական ակտիվների առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացում։

    Նախարարը վստահություն է հայտնել, որ Դավիդ Թավադյանի մասնագիտական փորձն ու գիտելիքները կնպաստեն առաջադրված խնդիրների արդյունավետ լուծմանը։

    Դավիդ Թավադյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նշանակման կապակցությամբ՝ նշելով, որ թեև պետական համակարգում աշխատելու փորձ չունի, սակայն հստակ պատկերացնում է Կոմիտեի առջև դրված խնդիրներն ու աշխատանքի բնույթը։ Նա ընդգծել է պետական գույքի եկամտաբերության բարձրացման, առկա խնդիրների լուծմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանք իրականացնելու անհրաժեշտությունը։

    Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Առնակ Ավետիսյանին՝ վերջին տարիներին Պետական գույքի կառավարման կոմիտեն ղեկավարելու, ինչպես նաև Գևորգ Բաբայանին՝ վերջին կես տարվա ընթացքում Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարելու և աշխատանքների բնականոն կազմակերպելու համար։

  • Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում

    Երեկ գիշեր Դավիթաշենում թեժ իրավիճակ է եղել։ Բնակիչները մարտաֆիլմ հիշեցնող կռվի են ականատես եղել ու կրակոցի ձայն լսել։ 

    Ըստ բնակիչների՝ մի խումբ երիտասարդներ այս ու այն կողմ են վազել։

    Միջադեպի մասնակիցները դեպքի վայրում մեքենաներ են թողել ու փախել, որոնք այս պահին ոստիկաններն են հսկում։

    ՆԳՆ-ից, ի պատասխան ArmLur.am-ի տեղեկությունների, հայտնեցին․ «Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ վիճաբանություն է տեղի ունեցել։ Կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա»։

    Իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։

  • Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև. Ծառուկյան

    Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև: Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

    «Նախորդ ուղերձում ես իմ մտորումներն էի ներկայացրել բարեգործության թեմայով։ Հիմա ուզում եմ կիսվել իմ մտքերով՝ գործարարության մասին։

    Ես կայացել եմ զրոյից՝ առանց որևէ ազդեցիկ բարեկամի, ժառանգված կապիտալի։ Սկսել եմ փոքր բիզնեսից, անցել եմ բոլոր դժվարությունների միջով։ Սա ասում եմ մեկ պարզ պատճառով. հայաստանյան գործարարության ամբողջ բովանդակությունը ես իմ մաշկի վրա գիտեմ։

    Վստահաբար ասում եմ. գործարար խավը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, հաջողությունների և զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում։

    Անկախության հենց սկզբից՝ 90-ականների ահռելի դժվարությունների փուլից՝ շրջափակում, վտանգավոր ճանապարհներ, տնտեսական համակարգի փլուզում, ֆինանսական ճգնաժամ, պատերազմ, մեծապես մեր գործարարների տաղանդի, աշխատասիրության և հայրենասիրության շնորհիվ է, որ Հայաստանը դիմացավ փորձություններին ու բռնեց զարգացման ճանապարհը։

    Մեր գործարարներն անհավանական հաջողությունների են հասնում աշխարհի տարբեր ծայրերում, վայելում հարգանք և հեղինակություն։

    Բազմաթիվ անգամներ հրապարակային ասել եմ, որ Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է։ Որքան այս խավը պինդ լինի, ունենա զարգանալու հնարավորություն, այնքան մեր երկիրը ամուր կլինի։ Եվ պետության խնդիրն է՝ ճիշտ տնտեսական քաղաքականությամբ օգնել այս շերտին։

    Ասել եմ նաև, որ բիզնեսի կայացումը կարող է տևել տարիներ, պահանջել երկար տարիների դժվար աշխատանք, բայց քանդվելը կարող է լինել ամիսների, եթե ոչ՝ շաբաթների հարց։

    Առանձնահատուկ ուզում եմ խոսել դրսի, արտահանման շուկաների մասին։ Ժամանակակից աշխարհում ոչ ոք ոչ մեկին չի սպասում։ Շուկա գտնելը, հարմարվելը չափազանց բարդ խնդիր է։ Ապրանքի որակը, գինը անշուշտ կարևոր են, բայց կարևոր են նաև անձնական կապերը, վստահությունը, ձևավորված հարաբերությունները։

    Հիմա մեր բազմաթիվ արտահանողներ կանգնած են լուրջ խնդիրների առաջ։ Մեծագույն սխալ է մտածելը, թե իբր հարցերը միևնույն է՝ մի օր կկարգավորվեն, ու հայ արտահանողները կվերադառնան իրենց ավանդական շուկաները։ Բիզնեսում ժամանակը կանգ չի առնում։

    Զգուշացնում եմ՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Շուկայում մեր տեղերն արդեն իսկ գրավում են ուրիշները։ Չեն էլ թաքցնում, դա անում են հրապարակայնորեն և ցուցադրաբար։ Բազմաթիվ հայկական ապրանքների տեղերում այսօր արդեն ադրբեջանական ապրանքներ են։ Այս պրոցեսի մասին դեռևս մեկ-երկու ամիս առաջ եմ ասել։

    Չկան մշտական շուկաներ։ Այսպես շարունակվելու դեպքում, խնդիրները չկարգավորելու դեպքում վաղը հայկական կոնյակների, գինիների, օղիների , պանրի, ձկնեղենի, գյուղմթերքի, ծաղիկների, ցանկացած արտադրանքի տեղը վերցնելու են վրացական, ադրբեջանական, մոլդովական, ուզբեկական և այլ երկրների արտադրողները։ Սա կյանքն է, սա բիզնեսի դաժան օրենքն է։

    Ու պետք է լավ պատկերացնել, որ սա միայն գործարարների խնդիրը չէ։ Սպառման շուկայի կորուստը կբերի ամբողջ ցիկլի խաթարմանը։ Բոլորը կզգան սրա հետևանքները։

    Մենք իսկապես ունենք տաղանդավոր գործարար շերտ։ Ես միշտ մեծ ուրախությամբ շփվում եմ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Նրանց հոգսը, խնդիրները գիտեմ 100 տոկոսով։ Ինձ համար անասելի ցավ է այս շերտի դժվարությունները տեսնելը։ Ես տեսնում եմ խնդիրները, ու շատ հարցեր ինձ լրջորեն մտահոգում են։ Ես տեսնում եմ նաև լուծումները, որոնք թույլ կտան խուսափել վատագույնից։

    Ես մի կողմ եմ դնում քաղաքական ենթատեքստերը։

    Իմ մեջ խոսում է այն մարդը, որի հանդեպ կատարվում է ակնհայտ անարդարություն։ Ամբողջ կյանքիս ընթացքում իմ հայրենիքում իմ ստեղծածը, կառուցածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք։ Ինչ սարքել եմ՝ սարքել են զրոյից, ինչը ձեռք եմ բերել՝ եղել է կիսավեր, կիսաքանդ, ու ես դրանք սարքել եմ ժամանակակից, ամենաբարձր ստանդարտի ձեռնարկություններ։ Փառք Աստծո, բոլոր փաստերը պահպանված են։ Բայց իմ մեջ հիմա խոսում է նաև զրոյից կայացած մարդը, որը սկզբում չուներ ոչինչ՝ բացի իր աշխատասիրությունից ու հավատից, և որն անցնելով շատ դժվար ճանապարհ՝ հասել է մեծ հաջողությունների։ Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև։ Այս մարդկանց վրա է պահվում մեր պետությունը, այս մարդիկ մեր երկրի տնտեսական ողնաշարն են։ Նրանց շահը ամբողջ երկրի շահն է, նրանց վնասը բոլորիս վնասն է։ Այս գիտակցությամբ պիտի շարժվի պետությունը»,- նշել է նա։

  • Լաուրա Անտոնյանը հեռանում է Ազգային ժողովից․ այսօր նրա աշխատանքային վերջին օրն է

    Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանն այսօր խորհրդարանում անցկացնում է իր աշխատանքային վերջին օրը։

    «ՄեգաՆյուզ»-ի հետ զրույցում Լաուրա Անտոնյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ իրեն կանչել են և առաջարկել ազատման դիմում գրել։ Նա առանց երկար մտածելու ներկայացրել է դիմումը և հեռանում է զբաղեցրած պաշտոնից։

    Լաուրա Անտոնյանը Ազգային ժողովում աշխատում է 2018 թվականից, իսկ 2022 թվականից ղեկավարում էր Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

    Խորհրդարանում աշխատանքի տարիներին Լաուրա Անտոնյանը աչքի է ընկել բարձր մասնագիտական պատրաստվածությամբ, գրագիտությամբ և աշխատանքային պատասխանատվությամբ։ Լրագրողական համայնքի հետ նրա համագործակցությունը տարիներ շարունակ եղել է կառուցողական, գործընկերային և արդյունավետ։

    Նրա պաշտոնավարման ընթացքում լրագրողների կողմից բարձրացված հարցերին և աշխատանքային խնդիրներին արձագանքը, որպես կանոն, եղել է արագ և օպերատիվ։ Անտոնյանը մշտապես պատրաստակամ է եղել աջակցելու լրագրողներին և անհրաժեշտության դեպքում հնարավորինս արագ լուծումներ գտնելու առաջացած հարցերին։

    «ՄեգաՆյուզ»-ը շնորհակալություն է հայտնում Լաուրա Անտոնյանին տարիների ընթացքում ցուցաբերած պրոֆեսիոնալ, գրագետ և արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթում հետագա աշխատանքում ու նախաձեռնություններում։

    Մարգարիտա Դավթյան

     

  • Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանին ներկայացրել է որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար (Տեսանյութ)

    Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանին ներկայացրել է որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար։

    «Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար, Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնեցի այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար»,-այսպիսի վերտառությամբ տեսանյութ է հրապարակել Փաշինյանը։

  • Մեր բանակի պաշտպանունակությունն այսօր ավելի բարձր է, քան նախորդ տարիներին. ՊՆ խոսնակ. 24News

    Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահերի ցավալի դեպքերը չեն մնում առանց քննության, գործում է պատասխանատվության մեխանիզմ, բայց, բնականաբար, մինչև հիմա հնարավոր չի եղել դրանք ամբողջապես բացառել։ Այս մասին 24News «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

    Պաշտպանության նախարարի խոսնակը հաղորդման ժամանակ անդրադարձել է նաև բանակի մարտունակությանը, ամրաշինական կառույցներին, նոր համազգեստին և այլ կարևոր ոլորտների։