Category: MegaNews

  • «Խաղաղվեք. հարցը փակված է»․ Աղվան Վարդանյան

    «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանը գրում է․

    «Խաղաղվեք. հարցը փակված է

    Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։

    Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։

    Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։

    Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։

    Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։

    Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։

    Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։

    Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»։

     

  • Անորոշ ու անհանգիստ վիճակ Գյումրիում. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է.

    «Մինչ իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ կենաց-մահու պայքար է մղում Գյումրին ուզուրպացնելու համար, տեղի իշխանությունների ու գործընկերների միջեւ անջրպետը խորանում է։ Մեզ ասացին, որ կալանավորված Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, որը, լինելով քաղաքապետի առաջին տեղակալ, փոխարինում է Ղուկասյանին, գործընկեր կուսակցություններին մինչ այս պահը չի տեղեկացրել՝ գնո՞ւմ է խորհրդարան, թե՞ շարունակելու է փոխքաղաքապետ աշխատել։

    Գործընկերները վիրավորված են այս վերաբերմունքից, հատկապես որ պարզ էլ չէ, թե Առաքել­յանի հրաժարականից հետո ով է փոխարինելու նրան։ Ասում են՝ Ղուկասյանի թիմում չկա մեկը, որը կարող է ձգել այդ պաշտոնին եւ ընդունելի լինել ընդդիմության համար։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանին էլ քրեական վարույթով կարող են հարմար պահի չեզոքացնել։ Իսկ իշխանությունը հույս ունի, որ Առաքել­յանի հեռանալուց հետո փոխարինող չեն ընտրի, եւ համայնքապետի ԺՊ կնշանակեն, որովհետեւ կարծես ձախողվում է նիստերը տապալելու միջոցով ավագանին լուծարելու եւ արտահերթ ընտրությունների գնալու պլանը։ Իսկ եթե՝ ոչ, ապա խոսում են, որ Գյումրին կարող են խոշորացնել, մեկ նոր համայնք միացնել, որ ընտրություն անցկացնեն»։

  • Կիև այցի ժամանակ ֆոն դեր Լայենը ստիպված է եղել թաքնվել ապաստարանում․ Euractiv

    Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև կատարած այցի ընթացքում ստիպված է եղել իջնել ապաստարան՝ օդային տագնապի ազդանշանի պատճառով։ Այդ մասին հայտնել է Euractiv պորտալը։

    Ըստ աղբյուրի՝ շչակները միացել են այն պահին, երբ ԵՀ ղեկավարը պատասխանում էր լրագրողների հարցերին։

    Չորեքշաբթի օրը ֆոն դեր Լայենը ժամանել էր Կիև, որտեղ նրան հանձնել են ուկրաինական «Եվրոպայի» շքանշանը, ինչը նա անվանել է «մեծ պատիվ»։

  • Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է.

    Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում։ Բանն այն է, որ մեկ մարդ է որոշում՝ ով պետք է խորհրդարան գնա, ով գործադիրում մնա եւ ով վաստակած հանգստի մեկնի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ մարզպետները չպետք է վերցնեն պատգամավորական մանդատները, թեպետ շաբաթներ առաջ նրանցից շատերը լուրեր էին տարածում, թե գնալու են խորհրդարան, վայելեն առաջիկա հինգ տարվա անվրդով կյանքը՝ առանց պատասխանատվության միայն կոճակ սեղմեն եւ բարձր աշխատավարձ ու պարգեւավճար ստանան։ Մանավանդ՝ նրանք գիտեին, որ 2028 թվականին մարզպետարանները լուծարվելու են, եւ չէին ուզում մեկ-երկու տարուց անգործ մնալ։ Բայց նրանց ցանկությունը ոչ մեկին չի հետաքրքրում։

    Համայնքները խոշորացնելուց հետո մարզպետաց ինստիտուտը կլուծարվի, ավելի ճիշտ՝ կվերակազմավորվեն մարզպետարանները. տեղերում կմնան փոքրաթիվ աշխատակազմեր՝ կառավարության ներկայացուցչով։ Ուստի հասկանալի է, որ մարզպետները նեղված են, բայց չեն կարող հակադրվել Փաշինյանի որոշմանը, անգամ այդքան սիրտ չեն անում, որ նրա հետ քննարկեն իրենց ցանկությունները, նրա կամքն անքննելի է։ Ի դեպ, ըստ իշխանության աղբյուրների, այս գործընթացն ըստ էության մեկնարկել է եւ ավարտին պետք է հասցվի առաջիկա երկու տարում, մարզպետարանները լուծարելու հիմնավորումը վարչական համակարգի օպտիմալացումն է։ Կա տեսակետ, որ մարզպետարաններն այլեւս չեն իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնք արդարացնեն այդ մեծ կառույցների գոյությունը։

    Այս նկատառումով էլ վերջին տարիներին մարզպետարաններին զրկում են մի շարք առանցքային լիազորություններից։ Դիցուք՝ բժշկական կենտրոնների տնօրենների նշանակման եւ ազատման գործընթացը կենտրոնացվել է առողջապահության նախարարությունում, սեպտեմբերից հանրակրթական դպրոցների կառավարման գործառույթներն ամբողջությամբ անցնելու են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, սոցիալական ծառայությունների գործառույթները նույնպես վերակազմակերպվել են։

    Կառավարության նիստից հետո երեկ լրագրողները մի քանի մարզպետից հետաքրքրվել են նրանց ճակատագրի մասին, հարցրել մարզպետարանների լուծարման գործընթացից։ Բոլորը միաբերան պնդել են, թե քննարկում չի եղել այդ հարցով, իրենք տեղյակ չեն։ Իսկ Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզպետներն էլ հերթապահ բացատրություն են տվել, թե ինչու են հրաժարվել մանդատներից՝ ասելով, որ մարզում աշխատելն իրենց ավելի է դուր գալիս, եւ իրենք են իբր նման որոշում կայացրել, ոչ թե պարտադրված են բացարկի դիմումներ գրել։

    Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, որ խորհրդարանից է ժամանակին տեղափոխվել մարզպետի պաշտոնին, առաջիններից է, որ հայտնեց մանդատից հրաժարվելու որոշման մասին։ Երեկ նա մեզ ասաց, թե որոշում է կայացվել, որ ինքը պետք է շարունակի աշխատել գործադիրում, ինքն էլ ընդունել է։ Մեր տեղեկությունների մասին բարձրաձայնեցինք, որ մարզպետներն ավելի հեշտ գործ էին նախընտրում՝ խորհրդարան գնալը, բայց իրենք չեն որոշողը։ «Դե, չես համեմատի օրենսդիր եւ գործադիր մարմինների աշխատանքները, ամեն մեկն իր կարեւորությունն ունի, բայց ես պատասխանատվություն ունեմ մարզի բնակիչների հանդեպ, պատասխանատվություն ունեմ մեր թիմի հանդեպ, որոշումը կայացվել է, որ մնալու եմ, շարունակեմ աշխատանքը, որը շատ սիրում եմ»,- ասաց Առուշանյանը։ Չէի՞ք ուզենա ավելի հեշտ ու ավելի երաշխավորված գործի գնալ՝ կոճակ սեղմել միայն։ «Այս կյանքում ի՞նչն է հեշտ, եւ հետո՝ ԱԺ-ում կոճակ չեն սեղմում միայն, դուք տեսել եք իմ աշխատանքը, պատգամավորները չերեւացող շատուշատ գործառույթներ ունեն։ Բայց, ամեն դեպքում, այո, գործադիրի աշխատանքը մի քիչ ավելի աշխատատար է ու նաեւ իր մեջ հետաքրքիր էլեմենտներ ունի, որ դու կարողանում ես լավ բան անել մարզիդ, քաղաքիդ համար, այդ գիշեր կարողանում ես հանգիստ քնել, դա էլ իր հաճույքն ունի»։

    Խոսելով մարզպետարանների օպտիմալացման մասին, մարզպետ Առուշանյանն ասաց, որ նման քննարկում չեն ունեցել, բայցեւ չբացառեց, որ այդ գործընթացը կարող է սկսվել։ Նկատեցինք, որ արդեն սկսվել է՝ մարզպետարանների ենթակայությունից կրթական, առողջապահական հաստատություններն են դուրս բերվում։ «Այդ լիազորությունները մարդն է իր համար ստեղծում։ Չկա մի կառուց, որի նկատմամբ ես չունենամ հետաքրքրություն, որովհետեւ բոլոր կառույցները կապ ունեն մարզիս բնակիչների հետ, դա իրավական կլինի, թե բարոյական՝ հարցի մյուս կողմն է»,- փիլիսոփայական պատասխան տվեց Առուշանյանը՝ շարունակելով․ «Հետո էլ՝ այնպես չէ, որ դպրոցներն ամբողջությամբ գնացել են ԿԳՄՍՆ-ի ենթակայության տակ, վարչատնտեսական համակարգումն ու ֆինանսական հատվածը, եթե չեմ սխալվում, մարզպետների ենթակայության տակ է, կրթական մասը՝ նախարարության»։ Առուշանյանը պնդեց, որ մարզպետարաններն ավելորդ կառույցներ չեն․ «Միանշանակ, որովհետեւ մարզպետարանները կառավարության ներկայացուցչություններն են մարզում ու բոլոր առումներով՝ թե՛ ՏԻՄ-երի հետ աշխատանքի, թե՛ ուժայինների, տեսչականների, առողջապահական ու կրթական համակարգերի»։

  • Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկում

    Փաշինյանը որոշում է ստորագրել․

    «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

    Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հուլիսի 21-31-ը ներառյալ»:

  • Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ. Աբովյան

    «Չի կարելի Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները դիտարկել բացառապես այս կամ այն խմբի նեղ տնտեսական շահերի տեսանկյունից»,-գրում է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Արման Աբովյանը՝ հավելելով.

    «Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ և շատ ավելի լուրջ հետևանքներ։ Սա պարզապես հարված չէ մեկ մարդու կամ սեփականության վերաբաշխման հերթական փորձ։ Սա հարված է Հայաստանի տնտեսական կարևորագույն հենասյուներից մեկին, հազարավոր աշխատատեղերին, երկրի ներդրումային ներուժին և, ի վերջո, հայկական պետականությանը։

    Հենց այդ պատճառով տեղի ունեցողը վաղուց արդեն դուրս է եկել սովորական քրեական կամ գույքային վեճի շրջանակներից։ Այս գործողությունների գինը կարող է լինել այն հսկայական վնասը, որը կհասցվի ամբողջ Հայաստանին։

    Տվե՛ք ինքներդ ձեզ ընդամենը մեկ հարց. ո՞ւմ է սա ձեռնտու։ Այդ հարցի պատասխանը շատ բան է բացատրում և թույլ է տալիս հասկանալ, թե իրականում ում շահերն են այսօր սպասարկվում։

  • 105 միլիարդ դրամ, 75 անշարժ գույք. դատախազությունը Գագիկ Ծառուկյանից բռնագանձման նոր պահանջներ է ներկայացրել

    Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝

    75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.

    42 տրանսպորտային միջոց.

    38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.

    105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:

  • «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

    Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

    Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանգործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:

    Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:

    Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝

    – 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.

    – 42 տրանսպորտային միջոց.

    – 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.

    – 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:

  • Իրավական վեճերի «պատանդը»՝ սովորական քաղաքացին. երբ պետական որոշումները կաթվածահար են անում հազարավոր ճակատագրեր

    Ցանկացած պետության մեջ օրենքի գերակայությունն ու իրավական գործընթացներն անքննելի են։ Սակայն, երբ այդ գործընթացների կիրառման մեթոդները հարվածում են ոչ թե կոնկրետ անհատների, այլ շղթայական ռեակցիայով կոտրում են հազարավոր շարքային քաղաքացիների կյանքի բնականոն հունը, հարցը տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն։

    Գագիկ Ծառուկյանի շուրջծավալվող իրավական գործընթացներն ու դրանց հետևանքով նրան պատկանող ձեռնարկությունների կապարակնքումը երկրում ստեղծել են լուրջ սոցիալական տագնապ։ Սա այլևս զուտ իրավական կամ քաղաքական հարթակի թեմա չէ. սա հազարավոր ընտանիքների ամենօրյա հացի, վարկերի, վարձերի ու կործանվող պլանների մասին է։

    Գործազրկության նոր ալիք և չմարվող վարկեր

    Ձեռնարկությունների փակմամբ հարյուր հազարավոր մարդիկ (եթե հաշվի առնենք նաև նրանց ընտանիքի անդամներին) հայտնվել են փակուղու առջև։ Այսօր փողոց դուրս եկած աշխատակիցների ձայնը քաղաքական պահանջ չէ, դա գոյատևման ճիչ է։

    «Մենք ի՞նչ մեղավոր ենք»,- սա է այսօր հնչող ամենաարդարացի հարցը։

    Մարդիկ, ովքեր ամիսներ շարունակ ազնիվ աշխատանքով պահել են իրենց ընտանիքները, այսօր կանգնած են փաստի առաջ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի ամսական պարտավորություններ՝ բանկային վարկեր, տան վարձեր, երեխաների կրթության ու կենցաղային ծախսեր, որոնք սպասել չեն կարող։ Պետական մեքենան իրավական հարցեր լուծելիս չպետք է անտեսի սոցիալական այն աղետը, որն ինքն է հարուցում իր կտրուկ գործողություններով։

    Գողացված սպասումներ. երբ անորոշությունը ներխուժում է անձնական կյանք

    Խնդիրը, սակայն, միայն աշխատատեղերով չի սահմանափակվում։ Այն շղթայական ազդեցություն է թողել հարյուրավոր ընտանիքների անձնական կյանքի վրա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հարսանյաց սրահների կապարակնքմանը։

    Հայաստանում հարսանիքի պլանավորումը սոսկ կազմակերպչական հարց չէ. դա ամիսների, երբեմն տարիների սպասում է, հսկայական խնայողությունների ներդրում, կանխավճարներ և ամրագրումներ։ Այսօր, օգոստոսին կայանալիք հարսանիքների սպասող տասնյակ զույգեր ու նրանց ծնողները հայտնվել են ցնցող անորոշության մեջ։

     Ամիսներ առաջ ամրագրված սրահները փակ են։

     Ֆիզիկապես և տեխնիկապես հնարավոր չէ կարճ ժամկետում այլ վայր գտնել (քանի որ ամառային սեզոնին ամեն ինչ ամրագրված է նախապես)։

     Սրտի թրթիռով սպասված երջանիկ օրը վերածվել է տագնապի ու անտրամադրության։

    Իրավական պայքար՝ առանց «պատանդների»

    Մի՞թե հնարավոր չէ գտնել ավելի ճկուն, մարդակենտրոն իրավական լուծումներ։ Իրավական գործընթացները, քննությունն ու դատական վեճերը կարող են տևել ամիսներ, նույնիսկ տարիներ։ Բայց արդյո՞ք այդ ողջ ընթացքում ձեռնարկությունները պետք է մնան կաթվածահար վիճակում։

    Տրամաբանական և պետականամետ մոտեցումը կլիներ հետևյալը. թույլ տալ ձեռնարկություններին գործել, մարդկանց՝ աշխատել, իսկ տոնական սրահներին՝ սպասարկել արդեն իսկ ամրագրված միջոցառումները, մինչդեռ իրավապահ մարմինները զուգահեռաբար կիրականացնեին իրենց քննչական գործողությունները։

    Ի վերջո, այդ աշխատատեղերն ու ենթակառուցվածքները ստեղծվել են հսկայական ջանքերով, և դրանք փակելը հեշտ է, բայց հետևանքները վերացնելը՝ գրեթե անհնար։ Պետությունը պետք է գիտակցի, որ իրավական արդարադատությունը չպետք է իրականացվի սեփական քաղաքացիների բարօրության, երջանկության ու տարրական իրավունքների հաշվին։

    Մարդիկ չպետք է տուժեն այն վեճերից, որոնցում իրենք կողմ չեն։

    Մարգարիտա Դավթյան

     

     

  • Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

    Կանխատեսումների համաձայն՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության…