Ցանկացած պետության մեջ օրենքի գերակայությունն ու իրավական գործընթացներն անքննելի են։ Սակայն, երբ այդ գործընթացների կիրառման մեթոդները հարվածում են ոչ թե կոնկրետ անհատների, այլ շղթայական ռեակցիայով կոտրում են հազարավոր շարքային քաղաքացիների կյանքի բնականոն հունը, հարցը տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն։
Գագիկ Ծառուկյանի շուրջծավալվող իրավական գործընթացներն ու դրանց հետևանքով նրան պատկանող ձեռնարկությունների կապարակնքումը երկրում ստեղծել են լուրջ սոցիալական տագնապ։ Սա այլևս զուտ իրավական կամ քաղաքական հարթակի թեմա չէ. սա հազարավոր ընտանիքների ամենօրյա հացի, վարկերի, վարձերի ու կործանվող պլանների մասին է։
Գործազրկության նոր ալիք և չմարվող վարկեր
Ձեռնարկությունների փակմամբ հարյուր հազարավոր մարդիկ (եթե հաշվի առնենք նաև նրանց ընտանիքի անդամներին) հայտնվել են փակուղու առջև։ Այսօր փողոց դուրս եկած աշխատակիցների ձայնը քաղաքական պահանջ չէ, դա գոյատևման ճիչ է։
«Մենք ի՞նչ մեղավոր ենք»,- սա է այսօր հնչող ամենաարդարացի հարցը։
Մարդիկ, ովքեր ամիսներ շարունակ ազնիվ աշխատանքով պահել են իրենց ընտանիքները, այսօր կանգնած են փաստի առաջ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի ամսական պարտավորություններ՝ բանկային վարկեր, տան վարձեր, երեխաների կրթության ու կենցաղային ծախսեր, որոնք սպասել չեն կարող։ Պետական մեքենան իրավական հարցեր լուծելիս չպետք է անտեսի սոցիալական այն աղետը, որն ինքն է հարուցում իր կտրուկ գործողություններով։
Գողացված սպասումներ. երբ անորոշությունը ներխուժում է անձնական կյանք
Խնդիրը, սակայն, միայն աշխատատեղերով չի սահմանափակվում։ Այն շղթայական ազդեցություն է թողել հարյուրավոր ընտանիքների անձնական կյանքի վրա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հարսանյաց սրահների կապարակնքմանը։
Հայաստանում հարսանիքի պլանավորումը սոսկ կազմակերպչական հարց չէ. դա ամիսների, երբեմն տարիների սպասում է, հսկայական խնայողությունների ներդրում, կանխավճարներ և ամրագրումներ։ Այսօր, օգոստոսին կայանալիք հարսանիքների սպասող տասնյակ զույգեր ու նրանց ծնողները հայտնվել են ցնցող անորոշության մեջ։
Ամիսներ առաջ ամրագրված սրահները փակ են։
Ֆիզիկապես և տեխնիկապես հնարավոր չէ կարճ ժամկետում այլ վայր գտնել (քանի որ ամառային սեզոնին ամեն ինչ ամրագրված է նախապես)։
Սրտի թրթիռով սպասված երջանիկ օրը վերածվել է տագնապի ու անտրամադրության։
Իրավական պայքար՝ առանց «պատանդների»
Մի՞թե հնարավոր չէ գտնել ավելի ճկուն, մարդակենտրոն իրավական լուծումներ։ Իրավական գործընթացները, քննությունն ու դատական վեճերը կարող են տևել ամիսներ, նույնիսկ տարիներ։ Բայց արդյո՞ք այդ ողջ ընթացքում ձեռնարկությունները պետք է մնան կաթվածահար վիճակում։
Տրամաբանական և պետականամետ մոտեցումը կլիներ հետևյալը. թույլ տալ ձեռնարկություններին գործել, մարդկանց՝ աշխատել, իսկ տոնական սրահներին՝ սպասարկել արդեն իսկ ամրագրված միջոցառումները, մինչդեռ իրավապահ մարմինները զուգահեռաբար կիրականացնեին իրենց քննչական գործողությունները։
Ի վերջո, այդ աշխատատեղերն ու ենթակառուցվածքները ստեղծվել են հսկայական ջանքերով, և դրանք փակելը հեշտ է, բայց հետևանքները վերացնելը՝ գրեթե անհնար։ Պետությունը պետք է գիտակցի, որ իրավական արդարադատությունը չպետք է իրականացվի սեփական քաղաքացիների բարօրության, երջանկության ու տարրական իրավունքների հաշվին։
Մարդիկ չպետք է տուժեն այն վեճերից, որոնցում իրենք կողմ չեն։
Մարգարիտա Դավթյան
Leave a Reply