Category: Hayelia.am

  • Գերմանիայում «Սաքսոնական Շվեյցարիա» ազգային պարկը փակվել է մահաբեր փոթորկից հետո





    Գերմանիայի արևելքում գտնվող «Սաքսոնական Շվեյցարիա» հայտնի ազգային պարկը փակվել է այցելուների համար: Նման որոշումը կապված մարդկային զոհերի հանգեցրած և լուրջ ավերածությունների պատճառ դարձած ուժգին փոթորկի հետ, հայտնում է DPA-ն։

    Իշխանությունների փոխանցմամբ՝ մոլեգնած եղանակի պատճառով 28-ամյա տղամարդ է զոհվել․ Ռատեն քաղաքի «Ֆելզենբյունե» բացօթյա թատրոնի մերձակայքում ծառ է ընկել նրա վրա։ Վնասվածքներ է ստացել ևս տասը մարդ, որոնցից երեքի վիճակը ծանր է։ Մոտ 40 մարդ տարհանվել է։

    Տապալված ծառերի մեծ քանակի և պահպանվող վտանգի պատճառով փակվել են հայտնի Բաստայ ժայռային համալիրի շրջակա տարածքները, ինչպես նաև Ռատեն, Հոնշտայն բնակավայրերի և Պոլենցտալ հովտի միջև ընկած հատվածները։

    «Սաքսոնական Շվեյցարիա» ազգային պարկը գտնվում է Չեխիայի հետ սահմանին՝ Էլբայի Ավազաքարային լեռներում և հայտնի է իր արտասովոր ժայռային կազմավորումներով։ Նրա գլխավոր տեսարժան վայրը Բաստայ կամուրջն է, որը միացնում է ավազաքարե ժայռերը Էլբա գետից մոտ 200 մետր բարձրության վրա։

    Օգոստոսի 2-ի առավոտյան արտակարգ ծառայությունները շարունակել են տարածքի մաքրման և փոթորկի հետևանքների վերացման աշխատանքները։




    դիտվել է 242 անգամ

  • ԱՄՆ-ը գրեթե մեկ տոննա քաշով ավիառnւմբ է օգտագործել Իրանում տան վրա hարվածելու համար․ NYT





    Ամերիկյան զինվորականները հուլիսի 30-ի գիշերը կիրառել են իրենց ամենահզոր ոչ միջուկային ռումբերից մեկը իրանական Քեշմ կղզում գտնվող բնակելի տան վրա հարված հասցնելու համար, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ։ Այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    Ինչպես նշվում է, ձագարափոսի տրամագիծը և ռազմամթերքի բեկորները վկայում են 2,000 ֆունտ (շուրջ 907 կգ) զանգվածով ծանր MK-84 ավիառումբի կիրառման մասին։ Թերթը ընդգծում է, որ բնակելի տան կողքին ռազմական օբյեկտների առկայության որևէ ապացույց հայտնաբերել չի հաջողվել։ Հարվածը հասցվել է խիտ բնակեցված շրջանին, հավելում է պարբերականը։

    ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ կապիտան Թիմ Հոքինսը The New York Times-ին ասել է, որ ամերիկյան ռազմական ղեկավարությունը տեղյակ է հարվածի մասին և ուսումնասիրում է ստացված տվյալները։ Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածներ չի հասցնում խաղաղակիացների ուղղությամբ։




    դիտվել է 190 անգամ

  • ԱՄՆ-ը մինչև 20.000 դոլարի վիզային գրավ կսահմանի 50 երկրի քաղաքացիների համար





    ԱՄՆ պետդեպարտամենտը մշտական հիմունքներով ներդնում է վիզային գրավի ծրագիր, որը կոնսուլական աշխատակիցներին թույլ կտա մինչև 20 հազար դոլարի երաշխիքային վճար պահանջել զբոսաշրջային և գործարար վիզա ստանալու համար դիմած անձանցից, հայտնում է Reuters-ը։

     ԱՄՆ Դաշնային ռեեստրում հրապարակված ծանուցման համաձայն՝ նոր կանոնները տարածվում են գործարար (B1) և զբոսաշրջային (B2) կարգի վիզաների վրա։ Գրավի պահանջը կարող է կիրառվել 50 երկրների քաղաքացիների նկատմամբ, ընդ որում՝ դրանցից մոտ 30-ը գտնվում են Աֆրիկայում։

    «Կոնսուլական աշխատակիցները որոշակի ոչ իմիգրացիոն վիզաների դիմորդներից կարող են մինչև 20 հազար դոլարի չափով գրավ պահանջել՝ որպես վիզայի տրամադրման պայման»,- նշված է փաստաթղթում։

     ԱՄՆ իշխանությունները որոշումը պատճառաբանում են օտարերկրացիների կողմից երկրում գտնվելու ժամկետների խախտման դեպքերը կրճատելու անհրաժեշտությամբ։ Պետդեպարտամենտի տվյալներով՝ 2025 թվականին գործող փորձնական ծրագիրը ցույց է տվել, որ վիզային գրավները կարող են արդյունավետ գործիք լինել երկրում գտնվելու պայմանների պահպանման վերահսկողության համար։

     Սկզբնական ծրագրի շրջանակում կոնսուլական աշխատակիցները կարող էին 5 հազար, 10 հազար կամ 15 հազար դոլարի գրավ սահմանել։ Նոր կանոնները վերացնում են նվազագույն 5 հազար դոլարի տարբերակը և առավելագույն գումարը հասցնում 20 հազար դոլարի։

     Վերջնական կանոնները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 3-ին՝ Դաշնային ռեեստրում հրապարակվելուց հետո։

    Միգրացիոն քաղաքականության խստացման կողմնակիցները կարծում են, որ ֆինանսական երաշխիքները կօգնեն նվազեցնել անօրինական ներգաղթյալների թիվը, ովքեր վիզայի ժամկետն ավարտվելուց հետո մնում են ԱՄՆ-ում։ Մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունները նախազգուշացնում են, որ նման միջոցները կարող են սահմանափակել օրինապահ քաղաքացիների ուղևորությունները և լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել վիզա ստանալու ճանապարհին։

    Նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության քննադատները պնդում են, որ վարչակազմը ճնշումն ավելացնում է ոչ միայն ապօրինի, այլև օրինական ներգաղթի վրա։ Մյուս միջոցառումների թվում են դիմորդների որոշ կատեգորիաների համար նոր վճարների սահմանումը և վիզայի հայտերը դիտարկելիս սոցիալական ցանցերում օգտատերերի ակտիվության ստուգման ընդլայնումը։

    Թրամփն իր հերթին պնդում է, որ այս քայլերն անհրաժեշտ են ազգային անվտանգության ապահովման և ներգաղթային հոսքերը վերահսկելու համար։




    դիտվել է 434 անգամ

  • Վրաստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Պաիպուրան»․ նա մի քանի ամիս շարունակ թաքնվել է ոստիկանությունից





    Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է «Պաիպուրա» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Զազա Պարկոսաձեի ձերբակալության մասին․ նա մի քանի ամիս շարունակ կարողացել է թաքնվել իրավապահ մարմիններից, հայտնում է Новости-Грузия-ն։

    Քննության վարկածով՝ Պարկոսաձեն հանդես է եկել որպես քրեական «արբիտր»․ նա, այսպես կոչված, «գողական օրենքներով» ֆինանսական վեճեր է լուծել և վարձատրության դիմաց գումարներ գանձել պարտապաններից։

    Դրվագներից մեկում նա գործարարից պահանջել է պարբերաբար իրեն վճարել եկամուտների զգալի մասը, որոնք, քննության պնդմամբ, նախատեսվում էր բաշխել Վրաստանից դուրս գտնվող «օրենքով գողերի» միջև։

    Քննությունը տևել է մի քանի ամիս՝ գաղտնի քննչական միջոցառումների կիրառմամբ։ Սակայն ոստիկանական լայնամասշտաբ գործողությունից կարճ ժամանակ առաջ Ճիաթուրայում ծնված Պարկոսաձեին հաջողվել էր ճողոպրել։

     2026 թվականի ապրիլի 7-ին վրացական ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել է 44 մարդ։ Այդ ժամանակ Պարկոսաձեն և ենթադրյալ ևս հինգ քրեական հեղինակություն հեռակա կարգով կալանավորվել են ու հայտարարվել որոնման մեջ։

     Պարկոսաձեի նկատմամբ քննություն է ընթանում Վրաստանի Քրեական օրենսգրքի 223¹ հոդվածով («գողական աշխարհին պատկանելը»)։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան կարող է մինչև 10 տարվա ազատազրկում սպառնալ։




    դիտվել է 267 անգամ

  • Լեգենդար Դեկան, Ձեր ամենակարևոր պատգամը՝ չդավաճանել մասնագիտությունդ, համենայն դեպս, ես լավ եմ սերտել. Արման Հովհաննիսյան





    Դատավոր Արման Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ի էջում գրում է. «Լեգենդար Դեկան, Ձեր ամենակարևոր պատգամը՝ չդավաճանել մասնագիտությունդ, համենայն դեպս, ես լավ եմ սերտել։

    Վստահ եմ` ժամանակն ու պատմությունը Գագիկ Ղազինյան իրավաբանի, դեկանի ու ուսուցչի անունն էլ ավելի կարժևորեն իրավաբանների գալիք սերունդների համար»:




    դիտվել է 752 անգամ

  • Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է. Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը հաստատելու մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանները։ Նշվում է, որ հրամանի նախագծի ընդունումը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի պահանջներից և միտված է ոլորտի բովանդակային բարեփոխումների իրավական ամրագրմանը:

    Գործընթացի հիմքում ընկած է կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի թիվ 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ներդրման նպատակադրումը: Չափորոշչի պահանջների ապահովման համար ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի նոյեմբերի 16-ի համապատասխան հրամաններով հաստատվել էին նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի համար: Այդ ծրագրերի փորձարկումն ու աստիճանական ներդրումը մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարում (սկզբնական շրջանում՝ 60 հաստատությունում) և հաջողությամբ ավարտվել 20252026 ուսումնական տարում՝ ընդգրկելով հանրապետության համայնքային ենթակայությամբ գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները:

    Չափորոշչի ներդրման ողջ ընթացքում իրականացված մշտադիտարկումների, փորձագիտական վերլուծության, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական համակազմերից ստացված գործնական դիտարկումների ու առաջարկների հիման վրա կատարվել են մի շարք էական բովանդակային փոփոխություններ: Ըստ նախագծի հեղինակների, դրանք ամբողջությամբ արտացոլվել են այս փաթեթով ներկայացվող լրամշակված կրթական ծրագրերում:

    Ծրագրերն ապահովում են անցումը երեխայի բազմակողմանի զարգացումն ու սոցիալականացումը երաշխավորող արդի համակարգի. դրանք միտված են երեխաների մոտ ինը առանցքային կարողունակությունների ձևավորմանը (լեզվական, մշակութային, մաթեմատիկական, թվային, ինքնաճանաչողական և այլն)՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները: Մեթոդաբանության հիմքում դրված է երեխայի ակտիվ դերակատարումը: Ուսումնական գործընթացը կառուցվում է երեխայի հետաքրքրությունների, հարցասիրության և նախաձեռնողականության խրախուսման վրա:

    Իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության բովանդակային միասնական քաղաքականության իրականացմանը: Ծրագրերը ձեռք կբերեն նորմատիվ բնույթ, ինչը թույլ կտա բացառել կրթական գործընթացի կամայական կազմակերպումը առանձին հաստատություններում՝ ապահովելով պետության կողմից երաշխավորված կրթության որակի համահավասար մակարդակ, գնահատել նախադպրոցական հաստատությունների գործունեության համապատասխանությունը սահմանված պետական չափանիշներին:




    դիտվել է 111 անգամ

  • Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել․ նախարարությունը գաղտնի է պահում բյուջեի ծախսերը





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն ավելի քան երկու տարի պետական բյուջեի միջոցներով վարձատրվել են, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը հրաժարվում է հայտնել, թե որքան գումար է ծախսվել այդ նպատակով։ Ավելին՝ նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ այսօր հանձնաժողովը փաստացի անդամներ չունի, սակայն այդպես էլ հայտնի չէ, թե որքան պետական միջոց է հատկացվել դրա գործունեության համար։

    «Ժողովուրդ» օրաթերթը, հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին, դիմել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության և ֆինանսավորման վերաբերյալ։

    Մասնավորապես, մենք խնդրել էինք հայտնել՝ ովքեր են 2022 թվականից ի վեր եղել հանձնաժողովի անդամները, որքան է կազմել նրանց վարձատրությունը, ինչ սկզբունքով է այն վճարվել՝ ամսական, թե կատարված աշխատանքի դիմաց, ինչպես նաև՝ ընդհանուր որքան գումար է պետական բյուջեից հատկացվել հանձնաժողովի անդամների վարձատրությանը և առհասարակ Սահմանադրական բարեփոխումների գործընթացին։

    Երկու կազմ, ապա՝ անդամներ չկան

    Նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին կազմը հաստատվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի մարտի 29-ի թիվ 315-Ա որոշմամբ։

    Այդ կազմում ընդգրկված են եղել Աշոտ Մանասյանը, Դավիթ Հակոբյանը, Ռուբեն Գրիգորյանը, Արթուր Գեղամյանը և Լևոն Հակոբյանը։

    Սակայն ընդամենը ինը ամիս անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, վարչապետի թիվ 1546-Ա որոշմամբ այդ կազմն ուժը կորցրած է ճանաչվել, իսկ հանձնաժողովի անդամների ընտրության իրավասությունը փոխանցվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդին։

    Արդյունքում՝ 2023 թվականի փետրվարի 3-ին ձևավորվել է հանձնաժողովի երկրորդ կազմը։ Սկզբում ընտրվել են Ռուբեն Գրիգորյանն ու Դավիթ Հակոբյանը, իսկ 2023 թվականի ապրիլին նրանց է միացել Արմեն Մազմանյանը։

    Սակայն նախարարության պատասխանը մեկ ուշագրավ հանգամանք էլ է բացահայտում։ 2024 թվականի փետրվարին հանձնաժողովի երկու անդամները, իսկ մարտին՝ վերջին անդամը, դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

    Արդյունքում, ինչպես պաշտոնապես արձանագրում է նախարարությունը, 2024 թվականի մայիսից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն անդամներ չունի։

    Այլ կերպ ասած՝ հանձնաժողովը լուծարված չէ, սակայն փաստացի չի գործում, քանի որ դրա կազմում որևէ անդամ չկա։

    Պետական միջոցներով աշխատել են, բայց որքան՝ գաղտնի է

    «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր նաև, թե որքան է կազմել հանձնաժողովի անդամների վարձատրությունը, ինչպես է այն հաշվարկվել և ընդհանուր որքան գումար է պետական բյուջեից հատկացվել այդ նպատակով։

    Սակայն նախարարությունը հրաժարվել է պատասխանել։

    Պատասխանում նշվում է, որ հանձնաժողովի անդամներն աշխատել են աշխատանքային հարաբերությունների շրջանակում, իսկ նրանց աշխատավարձի վերաբերյալ տվյալները համարվում են անձնական տվյալներ։

    Նախարարությունը, վկայակոչելով Սահմանադրությունը, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, Աշխատանքային օրենսգիրքը և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, եզրակացնում է․

    «Աշխատողի վարձատրության վերաբերյալ տեղեկությունը համարվում է անձնական տվյալ, հանդիսանում է նրա անձնական կյանքի վերաբերյալ գաղտնիք և օրենքով ուղղակիորեն նախատեսված չլինելու և աշխատողի գրավոր համաձայնության բացակայության դեպքում չի կարող տրամադրվել երրորդ անձի»։

    Այս հիմնավորմամբ նախարարությունը հրաժարվել է տրամադրել ինչպես անդամների վարձատրության չափերը, այնպես էլ այդ նպատակով կատարված վճարումների վերաբերյալ տեղեկությունները։

    Միևնույն ժամանակ ընդունում են, որ ֆինանսավորումը եղել է

    Հետաքրքիր է, որ նույն պատասխանում նախարարությունը հաստատում է՝ հանձնաժողովի գործունեությունը ֆինանսավորվել է պետական միջոցներով։

    Մասնավորապես, նշվում է, որ 2022 թվականին ֆինանսավորումը կատարվել է Կառավարության՝ 2022 թվականի մայիսի 26-ի թիվ 767-Ն որոշմամբ, իսկ 2023 թվականին և 2024 թվականի առաջին կիսամյակի մի շարք ամիսներին՝ պետական բյուջեի 1057 ծրագրի շրջանակում հատկացված միջոցների հաշվին։

    Ընդ որում, նախարարությունը պարզաբանում է, որ այդ ֆինանսավորումն իրականացվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի միջոցով, որը գործել է որպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարություն։

    Սակայն թե այդ ծրագրով քանի դրամ է վճարվել հանձնաժողովի անդամներին, նախարարությունը չի հայտնում։

    Այստեղ առաջանում են մի քանի հարցեր

    Նախ, «Ժողովուրդ» օրաթերթը չէր խնդրել հրապարակել կոնկրետ անդամի բանկային հաշիվը կամ անձնական ֆինանսական տվյալները։ Հարցման մեջ առանձին պահանջվել էր նաև ընդհանուր գումարը, որը պետական բյուջեից հատկացվել է հանձնաժողովի անդամների վարձատրությանը։

    Սակայն նախարարությունը այդ հարցին պատասխանելու փոխարեն ամբողջությամբ հղում է կատարել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ իրավական կարգավորումներին՝ փաստացի չպատասխանելով պետական միջոցների ընդհանուր ծավալի վերաբերյալ հարցին։

    Մինչդեռ խոսքը վերաբերում է ոչ թե մասնավոր ընկերության, այլ պետական բյուջեի միջոցների ծախսմանը և այն հանձնաժողովին, որը զբաղվել է երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության փոփոխությունների մշակմամբ։

    Հանրային միջոցների ծախսման վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունն ինքնին հանրային հետաքրքրության հարց է, հատկապես երբ այդ միջոցներն ուղղվել են պետական նշանակության բարեփոխումների իրականացմանը։

    Ավելին, նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ պետական բյուջեից ֆինանսավորում իրականացվել է առնվազն մինչև 2024 թվականի առաջին կիսամյակը, սակայն այսօր արդեն հանձնաժողովը փաստացի անդամներ չունի։

    Այս պայմաններում առավել քան արդիական է մնում հարցը՝ ընդհանուր որքան գումար է ծախսվել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության վրա, և ինչո՞ւ այդ տեղեկատվությունը չի հրապարակվում, եթե խոսքը պետական միջոցների ծախսի մասին է»։


  • Դավիթ Թադևոսյանը դիտարկվում է ԲՏԱՆ նախարարի պաշտոնում. ով է հավանական թեկնածուն





    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Թադևոսյանի թեկնածությունը քննարկվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնի համար։ Նա կարող է փոխարինել գործող նախարար Մխիթար Հայրապետյանին։

    Թադևոսյանը ղեկավարում է ռազմավարական նշանակություն ունեցող «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն, որի բաժնետոմսերի 100 տոկոսը 2024 թվականի վերջին փոխանցվել է ՀՀ կառավարությանը։ Ընկերությունը կապի ծառայություններ է ապահովում Հայաստանից մինչև Եվրոպա, Ասիա, Աֆրիկա և այլ տարածաշրջաններ։




    դիտվել է 416 անգամ

  • Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո Սիրո. սպանված Վոլոդյա Գրիգորյանի դուստր





    Փարաքարի սպանված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինեն շնորհավորել է իր մայրիկի ծննդյան տարեդարձը․

    «Այսօր իմ կյանքի ամենակարևոր մարդու՝ իմ Մամայի ծննդյան օրն է։ Ուզում եմ պարզապես ասել, որ այն ամենաբարդ ու ամենածանր փորձությունների միջով, որ դու անցար և դեռ շարունակում ես անցնել, երբեք չկորցրեցիր քո բարությունը, սերն ու ուժը։ Դու միշտ մնացիր մեր ամենամեծ հենարանը և ամենալավ Մաման։ Չկա այնպիսի բառ, որով կկարողանամ նկարագրել, թե որքան եմ քեզ սիրում և որքան շնորհակալ եմ քեզ համար։

    Քո ուժը, համբերությունն ու անսահման սերը ամեն օր հիշեցնում են, թե ինչ մեծ բախտ ունենք, որ հենց դու ես մեր Մաման։
    Մամ ջան,թող կյանքը քեզ վերադարձնի այն ամբողջ սերը, բարությունն ու նվիրվածությունը, որ դու միշտ տվել ես մեզ։

    Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո Սիրո… Գիտեմ, որ ոչ մի բառ չի կարող լրացնել այդ դատարկությունը, բայց նաև գիտեմ, թե որքան մեծ է այն սերը, որը դուք միշտ ունեցել եք միմյանց հանդեպ։ Այդ սերը չի ավարտվում, այն պարզապես այլ կերպ է շարունակում ապրել՝ հիշողությունների, ապրումների ու մեր սրտերում։Մամ ջան, թող այս օրը, որքան էլ ծանր լինի, քեզ հիշեցնի, թե որքան սիրված ես եղել և որքան սիրված ես այսօր։
    Ծնունդդ շնորհավոր, իմ ամենաթանկ մարդ։ Անսահման սիրում եմ քեզ»,-գրել է նա։




    դիտվել է 369 անգամ

  • Իշխանությունը քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, կանցնի յուրայինների ոչնչացմանը





    ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելու, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը:

    Այս փուլում, գործող ռեժիմն առանձնապես ջանք էլ չի գործադրում արդարանալու, բացատրելու, թե ինչու է մի կողմ շպրտել օրենսդրությունը և ագահաբար հարձակվել մարդկանց վրա:

    Սկզբում քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, իսկ հետո կանցնի յուրայինների ոչնչացմանը»,- գրել է նա:




    դիտվել է 282 անգամ