Կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի հերթական նիստը
Category: FreeNews
-
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Հուլիսի 7-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «ԳՈՒՎ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Կ. Մ.-ն է, որի վիճակը բժիշկները գնահատել են ծանր։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ հուլիսի 7-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, երեխան ծնողների հետ գտնվել է հորեղբոր՝ Արմավիրի մարզի տանը։ Տան բակում խաղալու ժամանակ երեխան անզգուշությամբ քաշել է խորովածի մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա, և նա ստացել է «գանգուղեղային վնասվածք»։
Հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը, սակայն նա որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
-
«Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:
Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:
Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:
Բացի դրանից՝ հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝
75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.
42 տրանսպորտային միջոց.
38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.
105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:
-
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
Չնայած ՆԳՆ կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։ Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են նոր քաղաքացիներ տուժել։
«Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցագործներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։
Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝
• մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր.
• մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ.
• կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։
Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր»,- նշում են ՆԳՆ ոստիկանությունից։
-
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Չ.-ն 2021-2025 թվականների ընթացքում անդամակցելով հանցավոր կազմակերպությանը, հանդիսանալով համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում կատարելու նպատակով ստեղծված ընկերության տնօրեն, ստեղծել և գործարկել է կեղծ կամ ձևական բովանդակությամբ համացանցային կայքեր և ինտերնետային հարթակներ: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
Վերոնշյալ ընկերության բանկային հաշիվների հիման վրա բանկերից ստացվել և գործարկվել են քարտային և հեռավար վճարումներ իրականացնող վճարային տերմինալներ, որոնցում առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրվել են ապօրինի ձեռք բերված՝ արտասահմանյան երկրների բանկերի կողմից թողարկված հազարավոր քարտապանների բանկային գաղտնիք կազմող տվյալներ (քարտի համար, քարտապանի անուն և ազգանուն, քարտի անվտանգության կոդ, գործողության ժամկետ և այլ նույնականացնող տեղեկատվություն)։ Այնուհետև, նշված տվյալների օգտագործմամբ իրականացված գործարքները ներկայացվել են իբր համացանցային գնումներ կամ ապրանքների և ծառայությունների ձեռքբերում, մինչդեռ իրականում որևէ ապրանք կամ ծառայություն չի տրամադրվել, ինչի արդյունքում հանցավոր կազմակերպության անդամներն ապօրինի, անհատույց իրենցն են դարձրել տուժող քարտապաններին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 538 մլն 366 հզր 761 ՀՀ դրամ գումարը։
Միաժամանակ, Ս․Չ․-ն հանցավոր կազմակերպության մյուս անդամների հետ վերը նշված հանցավոր ճանապարհով ստացված գույքի՝ 538 մլն 366 հզր 761 ՀՀ դրամի ծագման աղբյուրը խեղաթյուրելու և թաքցնելու նպատակով, իրենց անվամբ ստեղծված ընկերությունների, ինչպես նաև հայրենասիրական-բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով կատարել են բազմաթիվ փոխանցումներ, բանկերում քողարկել առկա միջոցների առաջացումը, կոնվերտացումը, հափշտակված գումարները փոխանցել ինչպես իրենց, այնպես էլ հանցակիցների կողմից փաստացի տնօրինվող բանկային հաշիվներին և էլեկտրոնային դրամապանակներին, իրենց անվամբ գրանցված ընկերությունների խաղային հաշիվներին, կատարել խաղադրույքներ, որից հետո, հաշիվներին կուտակված գումարները փոխանցել են իրենց կողմից տնօրինվող բանկային քարտերին և էլեկտրոնային դրամապանակներին, կազմել և ներկայացրել կեղծ փոխառության պայմանագիր, հիշյալ միջոցներով ձեռք բերել կրիպտոակտիվներ և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարը:
Ս.Չ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:
Հանցավոր կազմակերպության մասնակցի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
-
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է պետության կառավարմանը․16․07․26/15․30/
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է պետության կառավարմանը․16․07․26/15․30/
-
«Արարատցեմենտ»-ը ապօրինի ընդերքօգտագործում է իրականացրել․դատախազություն․16․07․26/17․30/
«Արարատցեմենտ»-ը ապօրինի ընդերքօգտագործում է իրականացրել․դատախազություն․16․07․26/17․30/
-
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ինձ համար մի շատ հարազատ մարդու խորհրդով վերցրի և մեկ շնչում կարդացի այս գիրքը. Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա, անկեղծ ասած, շատ կուզենայի, որ ձեզնից նրանք, ովքեր չեն կարդացել այս գիրքը, անպայման կարդան: Ձեզնից ընդամենը մի քանի ժամ կխլի, բայց համոզված եմ շատ մեծ էներգիա կտա և շատ օգտակար կլինի»,- ասել է նա:
-
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հուլիսի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, անվտանգության խորհրդի գրասենյակի, ներքին գործերի, արտաքին գործերի նախարարությունների, պետական եկամուտների կոմիետի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից:
«Սահմանների համալիր կառավարումը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում իրականացվող գործողությունների կարևոր ուղղություններից է:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառվող «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի ընթացքի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն, մասնակիցների կողմից ընդգծվեց նախագծի կարևորությունը և այն հնարավորինս շուտ հաստատելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, միջազգային փորձագետների կողմից ներկայացվեց սահմանների համալիր կառավարման եվրոպական կոնցեպտն ու դրա պարտադիր բաղադրիչները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի լրամշակման շուրջ իրավասու մարմինների հետ աշխատանքները ակտիվացնելու և գործողությունները համաձայնեցնելու վերաբերյալ»,- նշում են ԱԱԾ-ից: