Category: BestNews

  • Առեղծվածային մահ. ինֆլուենսերը մահացել է Դուբայի երկնաքերի 27-րդ հարկից ընկնելուց հետո

    Բրազիլացի բլոգեր և ինֆլուենսեր Կաուանա Բիլհարը ողբերգականորեն մահացել է 26 տարեկանում՝ Դուբայում բարձրահարկ շենքի 27-րդ հարկից ընկնելուց հետո։

    Բրազիլական G1 հրատարակության տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հուլիսի 7-ին։ Աղջկա հորեղբայրը լրագրողներին ասել է, որ Կաուանան, որը վերջին երկու տարիներին բնակվել էր ԱՄԷ-ում, ընկել է իր սենյակի պատշգամբից։ Տեղական իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը։ Զոհի մայրը՝ Դարլա Բիլհարը, մեկնել է Դուբայ՝ անձամբ վերահսկելու հետաքննությունը և կազմակերպելու դստեր մարմնի հայրենիք վերադարձը։

    Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ Աբու Դաբիում գտնվող դեսպանատունը «հետևում է իրավիճակին և պատրաստ է ընտանիքին տրամադրել անհրաժեշտ հյուպատոսական օգնություն»։

    Հուլիսի 9-ին Դարլա Բիլհարը տեսաուղերձ է հրապարակել Instagram-ում։ Ողբերգության պահին Կաուանայի էջն ուներ ավելի քան 20,000 հետևորդ։ Վշտահար մայրը խոստովանել է, որ ապրում է «իր կյանքի ամենավատ պահը»։ Նա բացատրել է, որ որոշել է խախտել լռությունը՝ պաշտպանելու դստերը, որն այլևս չէր կարողանում պաշտպանել իրեն։

    Դարլան նաև կոչ է արել լրատվամիջոցներին և ինտերնետ օգտագործողներին ամբողջ աշխարհում «պատասխանատվությամբ և արժանապատվությամբ» լուսաբանել այս ողբերգական միջադեպը։

    «Բոլոր նրանց, ովքեր լուրեր են տարածում կամ կարծիքներ են հայտնում՝ առանց փաստերը իմանալու, ես միայն մեկ բան եմ խնդրում. ցուցաբերեք կարեկցանք։ Այսօր սա պատահեց իմ դստեր հետ, իսկ վաղը դա կարող է լինել ձեր սիրելիներից մեկը», – ասել է նա։ «Ոչ մի մայր չպետք է թաղի իր երեխային, և ոչ մի մայր չպետք է պայքարի այն մարդու պատիվը պաշտպանելու համար, ով այլևս կենդանի չէ՝ միաժամանակ հաղթահարելով կորստի վիշտը»։

    Կաուանան իր վերջին Instagram-յան գրառումը հրապարակել է հունիսի 25-ին։ Այնտեղ նա ուրախությամբ պատմել է, թե ինչպես է վերջապես դարձել բրիտանական կարճամազ կատվի տեր՝ նշելով, որ ընտանի կենդանին «ավելի շատ ուրախություն է բերել իր առօրյա կյանքին»։

  • Ալեն Սիմոնյանի կադրերն էլ են հեռանում. աշխատանքից ազատվել է նրա խորհրդական Աշխեն Հայրապետյանը

    Աշխեն Հայրապետյանը ազատվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 3-ից։

    Այս մասին կարգադրությունը հուլիսի 10-ին ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

  • Ընտրություններից հետո պոլիկլինիկաներում երեխաների բուժման համար համավճար են պահանջում

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • «Մեկը արթնանում ա, մեկը՝ չէ. կարող ա ինձ էլ քնացնեին, ես էլ չարթնանայի». քաղաքացի

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան

    Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

    «Մենք դիտարկում ենք, որ մանդատը հնարավորություն է և գործիք մեր ընդհանուր նպատակին հասնելու համար, ոչ թե խոչընդոտ: Այլ ճանապարհ նշանակում է խուսափել պատասխանատվությունից, շարունակելու ենք մեր պայքարը վերջնական փոփոխության հասնելու համար: Ե՛վ հանրահավաքներ են լինելու, և՛ փողոցային պայքար, «վաբանկ» գնացող ուժեր են պետք»,- ասաց Սաղաթելյանը:

  • Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք

    Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն: Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» դաշինքից:

    «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ,

    Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքն անհրաժեշտ է համարում ներկայացնել իր դիրքորոշումը պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ։

    Մենք վերահաստատում ենք մեր գնահատականը. ՍԴ որոշումը չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը։ Վերարտադրված վարչախումբը զուրկ է լեգիտիմությունից։

    Անհրաժեշտ է հստակ արձանագրել. մենք վիճարկում ենք իշխանության ներկայացվածությունը Ազգային ժողովում և կառավարություն ձևավորելու նրա իրավունքը, այլ ոչ թե ընդդիմության ստացած ձայները։ Ավելի քան 550 հազար քաղաքացիների՝ ընդդիմությանը համոզումով տրված արժանապատիվ քվեն, որը տրվել է հանուն պետության փրկության, մեզ համար խիստ պարտավորեցնող է։ Հարկ է հստակ արձանագրել նաև, որ իշխող վարչախմբին վերագրված քվեի օրինականության վիճարկումը Սահմանադրական դատարանում միտված էր այս իրողության փաստագրմանը։

    Ինչպես նախապես հայտարարվել է, մանդատներ ստանձնելու հարցում «Հայաստան» դաշինքն առաջնորդվել և առաջնորդվելու է ընդդիմության միասնական դիրքորոշում ունենալու հրամայականով և պայքարը շարունակելու տրամաբանությամբ՝ հանրային և մասնագիտական շրջանակների հետ նախապես քննարկելով հավանական բոլոր սցենարներն ու ռիսկերը։

    Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ։ Այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ և ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Ուստի կարծում ենք՝ առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ։

    Խորհրդարանում ներկայացվածությունը մենք դիտարկում ենք քաղաքացիների իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների բարձրաձայնման և լուծումներ առաջարկելու գործիք, որը ծառայելու է հանրության և միջազգային դերակատարների հետ կապերի ամրապնդմանը, միջազգային հարթակներում այլընտրանքային մոտեցումների ներկայացմանը, ինչպես նաև հանրային լայնածավալ համախմբմանն ու դիմադրության կազմակերպմանը։ Ազգային ժողովում մեր բոլոր քայլերը բխելու են ՍԴ դիմած ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մեջ ամրագրված հիմնարար օրակարգից․

    1․ Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում. Խորհրդարանական ողջ գործիքակազմով և հանրային մոբիլիզացիայով Մայր օրենքը փոխելու և ՀՀ ինքնիշխանությանը հարվածելու ցանկացած փորձի հակազդեցություն։

    2․ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն. ԱԺ ամբիոնն ու պատգամավորական լիազորությունները ծառայեցվելու են եկեղեցու և ազգային արժեքների դեմ ուղղված ցանկացած ապօրինի արշավի դեմ։

    3․ Քաղբանտարկյալների և ռազմագերիների իրավունքների պաշտպանություն. Հայաստանում և միջազգային հարթակներում պատգամավորական մանդատի օգտագործում՝ քաղաքական հետապնդումների ենթարկվողների, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության և նրանց ազատ արձակման ուղղությամբ։

    4․ Գործող վարչախմբի հեռացում. Սա մեր գլխավոր քաղաքական հրամայականն է։ Խորհրդարանական մանդատները ծառայելու են այս վարչախմբի իշխանազրկմանը և նոր որակի ազգային իշխանության ձևավորմանը։

    Սիրելի՛ քաղաքացիներ,

    Ընտրություններում քաղաքացիների բարձր մասնակցության և ընդդիմադիր ուժերին տված ձայների շնորհիվ հաջողվել է գործող իշխանությանը զրկել սահմանադրական մեծամասնությունից և ընդդիմադիր ուժերին շնորհել շատ ավելի լայն գործիքակազմ՝ համազգային դիմադրության օրակարգ ձևավորելու և իշխանափոխություն իրականացնելու համար։ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ պայքարի նոր, ավելի համակարգված փուլի սկիզբ։

    Գիտակցելով մեր պատասխանատվությունը հայրենիքի և ընտրողների առջև՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ, որը, քաղաքական դիմադրության առաջնագծում, պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը։

    Պայքարը և դիմադրությունը այլընտրանք չունեն։ Խորհրդարանում և խորհրդարանից դուրս մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն անվտանգ և մրցունակ Հայաստանի»։

  • Գասպար Տերտերյանը նվաճել է բրոնզե մեդալ Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում

    Գասպար Տերտերյանը (72 կգ) նվաճեց բրոնզե մեդալ 2026 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում։

    Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 1-1 հաշվով հաղթեց Բելառուսիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Լյավոնչկային՝ առաջին միավորների հաշվարկի չափանիշով։

    Սա Տերտերյանի առաջին մեծահասակների մրցաշարն էր։

    Տերտերյանը նվաճեց Հայաստանի հինգերորդ և վերջին մեդալը Տիրանայում կայացած մրցաշարում։

  • Հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան

    Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման նոր շուկաներ։ Երևանում կայացավ հայ-լեհական գործարար համաժողովը, որի շրջանակում քննարկվեցին հայկական արտադրանքը մասնավորապես Լեհաստան արտահանելու հնարավորությունները։

    «Արմենպրես»-ի հետ զրույցում լեհական «HAYWAY GROUP» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արթուր Լևանդովսկին հայտնեց, որ հայ և լեհ գործարարների միջև տեղի են ունեցել գործնական շփումներ, որոնք նպաստելու են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանը։

    «Այս պահին ընթանում են բանակցություններ, և գործնական քայլերից մեկն էլ լինելու այն, որ հունիսի վերջին հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան։ Աշխատանքներ են ընթանում, որպեսզի ձեռք բերվեն համապատասխան սերտիֆիկատներ և ապրանքները հնարավորինս շուտ արտահանվեն Լեհաստան։ Սկսելու ենք ծիրանի արտահանումից»,- ասաց Լևանդովսկին։  

    Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանը սահմանափակումներ էր կիրառել հայկական մրգերի, այդ թվում՝ ծիրանի ներմուծման վրա։ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների և արգելքների ֆոնին Եվրամիությունն արդեն հայտարարել է Հայաստանին աջակցության փաթեթ նախապատրաստելու մասին, որի շրջանակում Հայաստանը 50 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կստանա, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։ 

  • Էմմա Պողոսյանը դարձավ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

    Հայաստանի հավաքականի անդամներ Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը ավարտեցին ելույթները Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

    Կանանց 86 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Էմմա Պողոսյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 102 կգ, 105 կգ, 107 կգ: Այս վարժությունում նա 3-րդն էր: Հրումում նա բարձրացրեց 132 կգ, 134 կգ, 141 կգ: Այս ձևում նա առաջինն էր: Երկամարտի 248 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

    Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում բարձրացրեց միայն 101 կգ: Հրում նա բարձրացրեց 130 կգ ու 135 կգ: Այս վարժությունում նա երկրորդն էր: Երկամարտի 236 կգ արդյունքով` Գյուրջյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է:

  • Մեր նպատակը Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ. Գևորգ Պապոյան

    Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հայտարարությանն այն մասին, թե հայկական կողմն իր ղեկավարած կառույցի կողմից ուղարկված նամակներն անպատասխան է թողնում։

    Պապոյանը բացառել է, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության պետական որևէ մարմնից իր գլխավորած նախարարությունը ստանա նամակ, որին ոչ միայն չպատասխանի, այլև ըստ պատշաճի ուշադրություն չդարձնի կամ էլ համապատասխան արձագանք չհնչեցնի։

    ՀՀ էկոնոմիկայի նախարարն այս մասին հայտարարել է «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում՝ վստահեցնելով, որ նման բան չի կարող լինել, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ոչ մի նամակ անպատասխան չի թողնում՝ հատկապես այնպիսի պետության մարմնից, որի հետ Հայաստանը ռազմավարական գործընկերություն ունի։  

    «Ես բացառում եմ դա․ ենթադրում եմ՝ այդ մեկնաբանության կամ տեղեկատվության մեջ որոշակի անհասկացվածություն կա։ Ես բացառում եմ, որ մենք Ռուսաստանի Դաշնության մեր որևէ գործընկեր կառույցից ստանայինք նամակ և անպատասխան թողնեինք։ Մենք շատ ուշադիր նորից նայել ենք ամբողջ համակարգում, այդպիսի չպատասխանած նամակ մենք չունենք։ Ես բացառում եմ, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության պետական որևէ մարմնից մենք ստանայինք նամակ և այդ նամակին ոչ միայն չպատասխանեինք, այլ նաև ըստ պատշաճի ուշադրություն չդարձնեինք կամ համապատասխան արձագանք չհնչեցնեինք»,-վստահեցրել է Գևորգ Պապոյանը։ 

    Էկոնոմիկայի նախարարը նաև նշել է, որ միայն առաջիկա մեկ ամսվա ընթացքում երկու այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ հանդիպելու տարբեր գործընկերների հետ։

    «Նախատեսված են հանդիպումներ երկու տարբեր գործընկերների հետ։ Այդ հարցերը կլուծենք, կքննարկենք, որովհետև ես կարծում եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է և պետք է քննարկել սեղանի շուրջ, և բոլոր հարցերը հնարավոր է լուծել ՌԴ-ի հետ համակարգված աշխատանքի արդյունքում։ Այդուհանդերձ, չեմ բացառում, որ գործընկերների կողմից կան բարձրացված հարցեր, որոնք դեռ պատշաճ պատասխան, միգուցե, իրենք չեն ստացել․ պետք է տեսնել, թե որոնք են այդ հարցերը, բերել Էկոնոմիկայի նախարարության դաշտ և լուծել դրանք»,-ընդգծել է Պապոյանը։

    Անդրադարձ կատարելով վերջին շրջանում Ռուսաստանի կողմից Հայաստանում արտադրվող բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ տնտեսական սահմանափակումներին և հայ տնտեսվարողների ու արտահանողների գործունեության վրա դրանց ազդեցությանը՝ Գևորգ Պապոյանը շեշտել է, որ Էկոնոմիկայի նախարարությունն ակտիվ աշխատում է մասնավոր բիզնեսի հետ և որոշակիորեն հաջողվել է դիվերսիֆիկացնել Հայաստանից արտահանումները։  

    «Մի շարք ապրանքային ուղություններով դեպի Ռուսաստան արտահանում պրակտիկորեն դադարեցվել է, և դա որոշակի շոկային իրավիճակ է ստեղծել, սական պետք է նշել, որ Էկոնոմիկայի նախարարությունը ակտիվ աշխատում է մասնավոր բիզնեսի հետ, և որոշակիորեն և էական չափով մեզ հաջողվել է արտահանումը դիվերսիֆիկացնել»,-ասել է Էկոնոմիկայի նախարարը։ 

    Նրա խոսքով՝ եթե անցած տարվա հունիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում կոնկրետ ապրանքային ուղղություններով, որոնք այս պահին սամանափակման տակ են, Հայաստանից արտահանումը մոտավորապես 2300-2400 տոննայի շրջանակում էր, որի 90 և ավելի տոկոսը՝ Ռուսաստանի Դաշնություն, այսօր այդ նույն ապրանքային ուղություններով ՀՀ-ից արտահանումը կազմում է մոտավորապես 1900 տոննա։ 

    «Այո ունենք նվազում, բայց այդ նվազումը այն ծավալով չէ, որը կար, այսինքն՝ Ռուսաստան արտահանվող ապրանքների մեծ մասը հիմա գնում է դեպի այլ երկրներ՝ եվրոպական երկրներ, Ուկրաինա, Վրաստան և այլն․ աշխարհագրություն ավելի լայն է։ Այս առումով պետք է նշել, որ խնդիրներ կան, բայց խնդիրները այն ծավալով չեն, որը ենթադրվում էր, այսինքն՝ փաստացի 70 և ավելի տոկոսը պարզապես արտահանվում է այլ երկրներ»,-նշել է Գևորգ Պապոյանը։

    Ինչ վերաբերում է այս իրավիճակում հայ տնտեսվարողներին և արտահանողներին օգնելու ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող քայլերին, Պապոյանը հայտնել է, որ բիզնեսին աջակցելու համար արդեն իսկ մշակվել են մի շարք ծրագրեր։

    «Մասնավորապես, արտահանման ժամանակ ամեն կիլոգրամի, ամեն հատի համար կամ ամեն լիտրի համար կոնկրետ աջակություն ենք տրամադրում։ Մաքսատուրքերից ենք ազատել․ պետությունն է վճարում դրանք։ Եվ երրորդը՝ հատկապես ջերմատնային բիզնեսը, գյուղացիական տնտեսությունները, ինտենսիվ այգիները վարկային խնդիրներ ունեին, և հիմա Կառավարություն ենք ներկայացրել ծրագրեր, որոնցով վարկային միջոցներով նրանց կաջակցենք։ Նկատի ունեմ, որոշ դեպքերում վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում, որոշ դեպքերում վարկերի մարման ժամկետների երկարաձգում, որոշ դեպքերում արտոնյալ ժամկետների երկարաձգում, արտոնյալ վարկավորման պայմաններ և այսպես շարունակ։ Սրանք այն միջոցառումներն են, որոնք պետք է որ նպաստեն նրան, որ մենք գանք այն թվին, որը եղել է նախորդ տարի։ Իհարկե, նաև հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ կապված հարցադրումները կլուծվեն, և մենք կշարունակենք մեծ ծավալներով արտահանել նաև Ռուսաստան»,-շեշտել է Էկոնոմիկայի նախարարը։ 

    Գևորգ Պապոյանը խոսել է նաև ռուսական սահմանափակումների ֆոնին Եվրոպական միության կողմից այս ոլորտում Հայաստանին առաջարկվող աջակցության ու հայ արտահանողների համար տնտեսական նոր հնարավորությունների բացման մասին՝ բարձր գնահատելով այդ տեսանկյունից Եվրամիության մոտեցումները։

    «Շատ ուրախալի է, որ մենք եվրոպական գործընկերների աջակցությունն ենք այս օրերին ստանում այս բարդ իրավիճակում և սա շատ կարևոր է։ Մեր նպատակն է նաև, բնականաբար, մեր արտահանումը դիվերսիֆիկացնել, այսինքն՝ մենք չենք ուզում արտահանել միայն Եվրոպա, ցանկանում ենք արտահանել նաև Մերձավոր Արևելք, Չինաստան, ասիական շուկաներ, Ռուսաստանի Դաշնություն․ բոլոր շուկաները մեզ համար կարևոր և թիրախային են։ Իհարկե, մենք բարձր ենք գնահատում ԵՄ աջակցությունը, բայց, այնուամենայնիվ, ես ուզում եմ նշել, որ մեր նպատակը դեպի Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ»,-ընդգծել է Պապոյանը։ 

    Նա հույս է հայտնել և համոզվածություն արտահայտել, որ հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական, միջանձնային բոլոր կապերն իրենց դերակատարումն, այնուամենայնիվ, ունենալու են և ռուսական շուկան վերաբացվելու է Հայաստանի համար։

    «Ես այլ կերպ չեմ պատկերացնում երկու ռազմավարական գործընկեր պետությունների հարաբերությունները։ Այո, հիմա կան որոշակի հարցեր, բայց ես կարծում եմ, որ այդ հարցերը կարող են լուծվել և պետք է լուծվեն, և կրկնում եմ՝ մեկ տնտեսական միության մեջ գտնվող երկրները կարող են ունենալ խնդիրներ, բայց նաև հենց այդ տնտեսական միությունը պետք է օգնի, որպեսզի դրանք լուծվեն։ Մեր խնդիրն, ի վերջո, այն է, որ գտնենք համապատասխան բանաձևեր ռուսաստանցի գործընկերների հետ, և դրանց շրջանակում տանք լուծումներ, որպեսզի մեր արտահանումը նորից բացվի, որովհետև մենք ևս համակարծիք ենք, որ Հայաստանի Հանրապետությունից բարեկամ երկրներ և առհասարակ բոլոր ուղղություններով պետք է արտահանվի որակյալ ապրանք»,-եզրափակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

    Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելքներ և սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք շարունակվում են մինչ օրս։ 

    Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ներմուծման այս արգելքների ֆոնին Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները դեպի Եվրոպաան միության և այլ շուկաներ։