Category: BestNews

  • ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամшրտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը․ Զախարովա

    ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չէր ճանաչում այդ տարածքը։

    Կար մի պատմություն Հայաստանի հետ, որը, կարծես, ասում էր. «Եկեք ակտիվացնենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Բայց իրականում՝ ո՞ւմ և ինչի՞ հետ կապված։ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը Հայաստանն ինքը, ցավոք կամ բարեբախտաբար, սա իմ հարցը չէ, սա Երևանի համար է, չէր ճանաչում ո՛չ որպես իր սեփական, ո՛չ էլ անկախ», – ասել է նա։

    Դիվանագետը ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ մեխանիզմը չէր կարող ակտիվացվել։

  • Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամшրտությունը. ի՞նչ է նախորդել վիճшբանությանը. Hetq.am

    Այսօր առավոտյան լրագրող Գայանե Զարգարյանը հրապարակել է մի տեսանյութ, որում, ըստ լրագրողի, երևում էր՝ ինչպես են մի խումբ տղամարդիկ ծեծում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին։ Այս մասին գրում է Հետքը։

    «Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա երկու ձերբակալված։ «Հետքի» տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը՝ Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանն է։ 

    «Հետքը» զրուցել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի, Նաիրի Հակոբյանի հոր՝ Սամվել Հակոբյանի և Նաիրի Հակոբյանի պաշտպանի հետ։

    Նշենք, որ «Միլոն Մայնինգ» ընկերությունը զբաղվում է Աբովյան քաղաքում և Առինջ գյուղում բազմաբնակարան բնակելի շենքերի շինարարությամբ։

    Բաբկեն Հովակիմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ավետ Կոնջորյանին իր հետ ծանոթացրել է Նաիրի Հակոբյանը։ Կոնջորյանն ու Հակոբյանն ընկերներ են եղել։

    Հակոբյանը պատմել է, որ Հովակիմյանին առաջարկել է ընկերոջը՝ Կոնջորյանին նշանակել «Միլոն Ռիելթի» ՍՊԸ-ի տնօրեն, որը նախկինում եղել է անշարժ գույքի գործակալ։ Այս ընկերությունը զբաղվում էր «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կառուցած բնակարանների վաճառքով։

    «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի իրավաբանը՝ Լավրենտ Հարությունյանը, պատմեց, որ «Միլոն Ռիելթի»-ի տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ երկու տարի անց, երբ եկել է բնակարանների վկայականները հանձնելու ժամանակը, պարզվել է, որ Կոնջորյանը գնորդների մի մասից ավել գումարներ է վերցրել, վաճառել է ավտոկայանատեղիներ, բայց այդ մասին տեղյակ չի պահել ընկերության սեփականատիրոջը։ Իրավաբանը դժվարացավ նշել, թե որքան վնաս է պատճառվել ընկերությանը, բայց ասաց, որ վստահաբար այդ գումարը գերազանցում է 100.000 ԱՄՆ դոլարը։

    «Ավետ Կոնջորյանը զբաղվում էր բնակարանների վաճառքով։ Եղել են դեպքեր, որ եկել, խնդրել է զեղչեր անենք 1 քմ-ն 450.000 դրամի փոխարեն 430.000 դրամ հաշվենք, իսկ գնորդներից վերցրել է 440.000 դրամ։ Էդպես յուրաքանչյուր քմ-ի մեջ 10.000 դրամ է աշխատել։ Բացի դա, այն մարդկանցից, որոնք բնակարանները գնել էին տարաժամկետ վճարման պայմանով, վերցրել է կանխիկ գումարներ, որոնք մուտք չի արել ՍՊԸ-ի բանկային հաշվին»,- պատմում է Լավրենտ Հարությունյանը։

    Նրա խոսքով՝ Կոնջորյանը կարծել է, որ կկարողանա այս փաստերը գաղտնի պահել, քանի որ ընկերությունը մի քանի շենք է կառուցում, և մինչև մի շենքի բնակարանները հանձնվեին գնորդներին, կկարողանար մյուս շենքի գնորդներից վերցնել գումարները և փոխանցել ընկերության հաշվին։

    «Բայց հենց առաջին շենքի բնակարանների հանձնման ժամանակ բացահայտվեց։ Ու բացահայտողը Նաիրին էր։ Կարող եք ցանկացած աբովյանցու հարցնել, թե ինչպես էր ապրում Ավետը մինչև էստեղ աշխատելը ու էստեղ աշխատելուց հետո։ Իր համար ամեն ինչ արվել է»,- ասում է իրավաբանը։

    Մեր տեղեկություններով՝ այս ամենը պարզելուց հետո Բաբկեն Հովակիմյանը հանդիպել է Հայկ Կոնջորյանի ու Ավետ Կոնջորյանի հետ։ Նա Հայկ Կոնջորյանին պատմել է եղբոր արարքների մասին, սակայն վերջինս չի ցանկացել լսել։ Նա Հովակիմյանին ասել է, որ որևէ կապ չի ցանկանում ունենալ այս պատմության հետ ու հեռացել է։

    Հովակիմյանը պատմում է, որ Ավետ Կոնջորյանից գումար վերադարձնելու պահանջ չի ներկայացրել, միայն 2025 թ․–ին հեռացրել է աշխատանքից ու ասել, որ իրենց հետ այլևս գործ չունենա։

    «Ես գերադասել եմ, որ էդ վնասները ես կրեմ, միայն թե էս հարցը փակվի, գնա»,- ասաց Հովակիմյանը։

    Աշխատանքից հեռացվելուց հետո լարվել են Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հարաբերությունները։ Նաիրիի հայրը՝ Սամվել Հակոբյանը, պատմում է, որ Ավետ Կոնջորյանը ամիսներ շարունակ գիշերվա ուշ ժամերին մեքենայով եկել է իրենց բակ, հայհոյել ու սադրել Նաիրիին։

    «Մեր ու որդուս տները դեմ դիմաց են։ Ես լսում էի՝ ինչպես է Ավետը գալիս մեքենայով բակ, հայհոյում։ Մի քանի անգամ ես եմ դուրս եկել, որ որդուս թույլ չտամ կռիվ անի։ Էս վերջին անգամն էլ տղաս տանը չի եղել, չորս թոռներս են տանը եղել, եկել է էլի հայհոյել, սպառնացել»,- պատմում է Սամվել Հակոբյանը։

    Նաիրի Հակոբյանի պաշտպան Աբգար Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։

    «Նաիրի Հակոբյանը այս պահին ձերբակալված է, մեղադրանք չի առաջադրվել։ Այլ տեղեկություն չեմ կարող փոխանցել»,- ասաց Պողոսյանը։

    «Հետքն» ամիսներ առաջ գրել էր, որ «Միլոն մայնինգի» կառուցած շենքերից մեկում համատեղ սեփականության իրավունքով բնակարան են ձեռք բերել Հայկ Կոնջորյանի մայրը և քույրը։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական հարթակի տվյալների՝ «Միլոն մայնինգը» պահանջում է լուծարել բնակարանի ձեռքբերման իրավունքի պայմանագիրը և վճարել տույժ՝ 926.000 դրամի չափով, քանի որ Արմինե և Օֆելյա Կոնջորյանները չեն կատարել պայմանգրով սահմանված վճարումները։

    Այս ընկերությունից թաունհաուս էր ձեռք բերել նաև Հայկ Կոնջորյանը՝ ընկերության հայտարարածից ավելի էժան։ Այս մասին «Հետքը» գրել էր 2025 թվականի դեկտեմբերին։

    Հիշեցնենք, որ Ավետ Կոնջորյանին 2010 թվականին մեղադրանք էր առաջադրվել խարդախության համար։ Նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։ Ըստ դատավճռի, Կոնջորյանը մի քաղաքացուց 15.000 դոլար կանխավճար էր վերցրել բնակարան վաճառելու համար և հափշտակել էր գումարը։

    Հակոբյանները մեզ տրամադրել են տեսանյութ, որում, ըստ իրենց, Ավետ Կոնջորյանը մեքենայով մոտենում է Նաիրի Հակոբյանի տանը և սեռական բնույթի հայհոյանքներ տալիս նրա ու ընտանիքի անդամների հասցեին։  

    Մենք փորձեցինք կապ հաստատել Ավետ Կոնջորյանի հետ նրա տեսակետը լսելու համար, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին»։

  • «Այո, գիշերով ինձ ծեծել են, շատ վատ եմ». Հայկ Կոնջորյանի եղբայր․ ArmLur.am

    Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել ԱԺ փոխնախագահի թեկնածու, ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը:

    Այս մասին տեղեկությունը հաղորդել էր լրագրող Գայանե Զարգարյանը:

    Շրջանառվող տեղեկությունների համաձայն, Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի են ենթարկել Կոտայքի մարզում գործող բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանն ու այսպես ասած վերջինիս «մաֆիան». Հովակիմյանի ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանի Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի Էլլարի Սաքոն, ով հանդիսանում է ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի ընկերը, Բաբկեն Հովակիմյանի ընկեր արցախցի Գրիշա Գրիգորյանը, եւ ոմն Ազատ Շահոյան:

    ArmLur.am-ը քիչ առաջ կապ է հաստատել Ավետ Կոնջորյանի հետ, պարզելու համար, թե ովքեր են նրան ծեծել և ինչու:

    -Պարոն Կոնջորյան տեղեկություններ կան, որ ձեզ դաժանաբար ծեծել են:

    -Կներեք, չեմ կարող խոսել, հիմա ես ինձ շատ վատ եմ զգում, ահավոր վատ:

    -Բայց ճիշտ են այդ տեղեկությունները, որ ձեզ ծեծել են:

    -Այո, կներեք չեմ կարող խոսել:

    -Կներեք, այսինքն, դուք ոստիկանություն, բժշկական հաստատություն դիմե՞լ եք:

    -Այո, դիմել եմ, հիմա էս պահին ինձ շատ վատ եմ զգում:

    -Այսինքն գիշերով, մի քանի հոգով հարձակվել են ձեզ վրա, ովքե՞ր էին:

    -Այո, գիշերով:

    -Ովքե՞ր են:

    Անջատում է հեռախոսը:

  • Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախչել

    Արամ Մելիքյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում խոսում է, որ իրեն վրաերթի են ենթարկել և փախուստի դիմել։

    Արամը պատմել է միջադեպի մանրամասները, նշելով, որ փողոցն անթույլատրելի հատվածով էր անցնում, վարորդը մոտ 5 մետր հեռավորության վրա սկսել է անսպասելի արագ վարել, խփել է նրա ոտքին, նա կարողացել է ցատկել, որի շնորհիվ լուրջ վնասվածքներ չի ստացել։ Ապա վազել է մեքենայի հետևից։

    Մեքենայի ղեկին երիտասարդ կին էր։ Միջադեպ տեղի չի ունեցել աղջկա և Արամի միջև։

  • Կոնջորյանին 65 միլիոն պարտք են եղել. ինչու է ծեծվել ՔՊ-ական պատգամավորի եղբայրը


    «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ծեծի են ենթարկել գումարային հարցերի պատճառով:

    Մեզ պատմեցին, որ Կոտայքի մարզում գործող բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանն ու նրա շրջապատը պարտք են Ավետ Կոնջորյանին, խոսքը շուրջ 65 միլիոն դրամի մասին է:

    «Ավետը տարիներ առաջ այս ընկերությունում աշխատել է որպես տնօրեն: Այդ գումարները ներդրել է բիզնեսի մեջ, ընկերությունից հեռանալուց հետո գումարները հետ չեն տվել:

    Խուլ տարաձայնություններ են ունեցել, որն էլ ժամանակի ընթացքում հասունացել է ու բերել այս հանգրվանին»,-«Իշխանություն» լրատվականին պատմեց թեմայից լավատեղյակ անձը:

    Մենք նաև կապ հաստատեցինք «Միլլոն Մայնինգ» ընկերություն, խոստացան՝ հետ զանգահարել: Պատրաստ ենք լսել բոլոր կողմերին:

  • Ով է Կոնջորյանի եղբորը ենթադրյալ ծեծողներից ՔՊ-ական Նաիրի Հակոբյանը. ավագանու անդամ, կառուցապատող ընկերության փոխտնօրեն

    ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ օրերս դաժանաբար ծեծի է ենթարկվել ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբայրը` Ավետ Կոնջորյանը:

    Տեղեկություններ են շրջանառվում, որ նրան ծեծողների թվում է նաև Աբովյանի ավագանու անդամ, ՔՊ-ական Նաիրի Հակոբյանը:

    Իսկ ինչեր են հայտնի Նաիրի Հակոբյանի մասին:

    Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանի անունը վերջին ամիսներին հայտնվել է մի շարք աղմկահարույց հրապարակումների կենտրոնում։ Պատճառը միայն նրա քաղաքական գործունեությունը չէ, այլ նաև այն, որ նա միաժամանակ հանդիսանում է «Միլոն Մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրենը, մինչդեռ հենց այդ ընկերությունը վերջին տարիներին Աբովյան համայնքում իրականացրել է խոշոր կառուցապատման ծրագրեր։

    «Հետք»-ի հրապարակած հետաքննությունը հարցեր է բարձրացնում այն մասին, թե արդյոք համայնքային որոշումների կայացման գործընթացում չի առաջացել շահերի բախում։ Ըստ հետաքննության՝ «Միլոն Մայնինգ»-ը համայնքից ստացել է մի շարք թույլտվություններ և իրականացրել կառուցապատումներ, իսկ այդ ընթացքում ընկերության փոխտնօրեն Նաիրի Հակոբյանը եղել է նույն համայնքի ավագանու անդամ և մասնակցել է որոշումների ընդունմանը։ (Hetq.am⁠)

    Հետաքննության համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերին Աբովյանի ավագանին որոշում է կայացրել «Միլոն Մայնինգ»-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանին ուղղակի վաճառքով օտարել համայնքային հողամասեր։ Այդ որոշմանը կողմ է քվեարկել նաև Նաիրի Հակոբյանը, որը նույն ժամանակահատվածում հանդիսացել է ընկերության փոխտնօրեն։ Նույն հետաքննության համաձայն՝ նա կողմ է քվեարկել նաև ընկերության շահերին առնչվող այլ որոշումների։ (Hetq.am⁠)

    «Հետք»-ի հրապարակման մեջ նշվում է նաև, որ Նաիրի Հակոբյանը և նրա ընտանիքի անդամները բնակելի անշարժ գույք են ձեռք բերել հենց «Միլոն Մայնինգ»-ի կառուցած բնակելի համալիրներում։ Հակոբյանը պարզաբանել է, որ թաունհաուսը ձեռք է բերել հիփոթեքային վարկով, իսկ բնակարանը՝ տարաժամկետ վճարման պայմանով։ Նա նաև հայտարարել է, որ որևէ կերպ չի միջամտել համայնքապետարանի գործունեությանը և գործել է բացառապես օրենքի շրջանակներում։

    Միևնույն ժամանակ, հետաքննության մեջ ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքին, որ Նաիրի Հակոբյանը հայտնել է՝ «Միլոն Մայնինգ»-ում աշխատում է 2016 թվականից, մինչդեռ 2021 թվականին ԿԸՀ ներկայացված տվյալներում հանդես է եկել որպես անհատ ձեռնարկատեր, իսկ հայտարարագրերում ընկերությունում աշխատելու մասին նշում չի եղել։ Այս հանգամանքը ևս լրացուցիչ հարցեր է առաջացրել հրապարակման հեղինակների մոտ։

    Հանրային հետաքրքրություն է առաջացնում նաև այն փաստը, որ «Միլոն Ռիելթի» ՍՊԸ-ի տնօրենը մինչև 2026 թվականի հունվար եղել է Ավետ Կոնջորյանը՝ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը։ Այդ ընկերությունը ևս կապվում է նույն բիզնես շրջանակների հետ, որոնք հիշատակվում են «Հետք»-ի հետաքննությունում։

    Վերջին շրջանում մամուլում շրջանառվել են նաև տեղեկություններ, թե Նաիրի Հակոբյանի անունը կապվում է Ավետ Կոնջորյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ։ Սակայն այս պահին հանրային տիրույթում առկա չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ պաշտոնական փաստաթուղթ, որով կհաստատվեր, որ նա մասնակցել է բռնության կամ մեղավոր է ճանաչվել այդ գործով։ Այդ պատճառով նման պնդումը չի կարող ներկայացվել որպես հաստատված փաստ։

    Այս ամենի ֆոնին գլխավոր հարցը մնում է անպատասխան. արդյո՞ք Աբովյանի ավագանու անդամը, որը միաժամանակ ներկայացնում էր կառուցապատող ընկերության շահերը, պետք է մասնակցեր այդ ընկերությանը վերաբերող համայնքային որոշումների քվեարկությանը։ Եթե օրենքի խախտում չի եղել, ապա առնվազն շահերի բախման և քաղաքական էթիկայի հարցը շարունակում է մնալ հանրային քննարկման առարկա։

     

  • Ո՞վ է «Միլոն Մայնինգ»-ի տնօրեն Բաբկեն Հովակիմյանը. ՔՊ-ականների հետ կապերից մինչև Կոտայքի մարզումհամայնքային հողեր

    Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր նախօրեին դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը` Ավետ Կոնջորյանին:

    Ենթադրյալ ծեծողների մեջ նշվում «Միլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանի անունը:

    Իսկ ո՞վ է Բաբկեն Հովակիմյանը, և ի՞նչ է հայտնի նրա ընկերության մասին:

    ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջին տարիներին կառուցապատման շուկայում ամենաարագ աճ գրանցած ընկերություններից մեկը «Միլոն Մայնինգ»-ն է։ Եթե մի քանի տարի առաջ այն հիմնականում հայտնի էր շինանյութի վաճառքով, ապա այսօր արդեն ընկերությունը խոշոր բնակելի համալիրներ է կառուցում Կոտայքի մարզում՝ հատկապես Աբովյանում և Առինջում։

    Սակայն ընկերության աճին զուգահեռ հանրային դաշտում բազմաթիվ հարցեր են առաջացել՝ համայնքային հողերի օտարման, պաշտոնատար անձանց հետ կապերի և շահերի բախման հնարավոր դրսևորումների վերաբերյալ։

    «Միլոն Մայնինգ»-ի տնօրեն և սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի անունը վերջին տարիներին պարբերաբար հայտնվում է հետաքննական հրապարակումներում։ Դրանցում ներկայացվում են փաստեր, որոնք առնչվում են ընկերության կողմից իրականացված հողային գործարքներին, համայնքային որոշումներին և քաղաքական շրջանակների հետ ունեցած կապերին։

    Հրապարակված տվյալների համաձայն՝ ընկերությունը մի քանի տարվա ընթացքում զգալիորեն ընդլայնել է իր գործունեությունը՝ դառնալով Աբովյանի և հարակից բնակավայրերի խոշոր կառուցապատողներից մեկը։

    Միաժամանակ, հետաքննությունները ցույց են տվել, որ կառուցապատման համար օգտագործված որոշ հողատարածքներ նախկինում եղել են համայնքային սեփականություն, իսկ դրանց օտարման գործընթացների օրինականության և գնագոյացման վերաբերյալ հարցեր են բարձրացվել։

    Առանձնահատուկ ուշադրության է արժանացել նաև այն հանգամանքը, որ «Միլոն Մայնինգ»-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներից մեկը՝ փոխտնօրեն Նաիրի Հակոբյանը, միաժամանակ եղել է Աբովյան համայնքի ավագանու անդամ։ Հենց այդ ավագանին է քննարկել և ընդունել որոշումներ, որոնք առնչվել են կառուցապատման ծրագրերին։ Թեև Նաիրի Հակոբյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ որևէ շահերի բախում չի եղել և ինքը գործել է բացառապես օրենքի շրջանակներում, այնուամենայնիվ, իրավիճակը դարձել է հանրային քննարկման առարկա։

    Բաբկեն Հովակիմյանի անունը շրջանառվել է նաև մեկ այլ աղմկահարույց հրապարակման համատեքստում։

    Մասնավորապես, լրատվամիջոցները գրել են, որ նրա հիմնադրած «Միլոն Ռիելթի» ընկերության տնօրենը եղել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը։ Նույն հրապարակումներում նշվել է նաև, որ Հայկ Կոնջորյանի ձեռք բերած առանձնատան վաճառողը եղել է «Միլոն Մայնինգ»-ը։ Այս փաստերն ինքնին չեն վկայում որևէ իրավախախտման մասին, սակայն հանրային հետաքրքրության տեսանկյունից առաջացնում են հարցեր՝ բիզնեսի և քաղաքական շրջանակների փոխհարաբերությունների վերաբերյալ։

    Հետաքննական հրապարակումներում անդրադարձ է կատարվել նաև հողերի գնման և փոխանակման մի շարք գործարքների, որոնց արժեքների տարբերությունները և պայմանները լրացուցիչ ուսումնասիրության առարկա են դարձել։

    Այս ամենի ֆոնին առանցքային հարցերը շարունակում են մնալ անպատասխան.

    Ինչպե՞ս «Միլոն Մայնինգ»-ը կարճ ժամանակում դարձավ Կոտայքի խոշոր կառուցապատողներից մեկը

    Ի՞նչ սկզբունքով են ընկերությանը հասանելի դարձել կառուցապատման համար անհրաժեշտ հողատարածքները։

    Արդյո՞ք ավագանու որոշումների ընդունման ընթացքում բացառվել են շահերի բախման բոլոր ռիսկերը։

    Ինչպիսի՞ն են եղել ընկերության և իշխանության ներկայացուցիչների միջև գործնական հարաբերությունները։

    Հանրային միջոցների, համայնքային գույքի և կառուցապատման ծրագրերի շուրջ ցանկացած կասկած ենթակա է առավելագույն թափանցիկության։ Հետևաբար, պատկան մարմինների, ինչպես նաև ընկերության ղեկավարության պարզաբանումները կարող են վերջնականապես փարատել կամ, հակառակը, խորացնել առկա հարցերը։

    ArmLur.am-ը կշարունակի հետևել թեմայի զարգացմանը, ուսումնասիրել «Միլոն Մայնինգ»-ի գործունեությանը վերաբերող նոր փաստաթղթերն ու գործարքները և կներկայացնի նաև Բաբկեն Հովակիմյանի, ընկերության ներկայացուցիչների և իրավասու պետական մարմինների դիրքորոշումները։

    Մենք փորձել ենք զրուցել նրա հետ, սակայն աշխատակիցն ասաց, որ զբաղված է չի կարող մեր հարցերին պատասխանել:

  • Գեղարքունիքում ամուսինը պլաստմասե խողովակով հարվածներ է հասցրել կնոջը

    Հուլիսի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 32-ամյա մի կին և հայտնել, որ հուլիսի 15-ին իր ամուսինը անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Մադինա բնակավայրի սարատեղիում պլաստմասե խողովակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ ոտքերի շրջանում պատճառելով մարմնական վնասվածքներ։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կինը ոստիկաններին հայտնել է նաև, որ նույն օրը՝ վերը նշված դեպքից հետո, ժամը 23։30-ի սահմաններում, ամուսինը իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ամուսնուն հայտնաբերել, ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։

  • Արմավիրում բանակի քեֆն ավարտվել է կրակոցներով․ 17-ամյա տղան կրակել է հոր ատրճանակից

    Հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Պարզվել է, որ ժամը 17։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Ջ. Տ.-ն Գայ գյուղում գտնվող «Էլինար» ռեստորանային համալիրում, մասնակցելով ազգականի բանակից վերադառնալու կապակցությամբ կազմակերպված խնջույքին, իր հայրիկին պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցից վերցրել է վերջինիս պատկանող ատրճանակը։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անչափահասը, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, խախտել է մարդկանց անդորրը և հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը՝ մի քանի անգամ կրակոցներ արձակելով դեպի օդ։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից հուլիսի 20-ին Ջ. Տ.-ն հայտնաբերվել ու ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ փաստերի ճնշման տակ խոստովանել է իր կողմից կատարված արարքը։

    Նշված ատրճանակը Արման Տ.-ն ինքնակամ ներկայացրել է ոստիկանություն, իսկ վերոնշյալ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

    Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

  • Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ հուլիսի 14-ին կազմակերպված պաշտոնական ընդունելությունից հետո արձանագրված զանգվածային հիվանդացության դեպքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել։ Պաշտոնական պատասխանից պարզ է դառնում, որ խոսքը ոչ թե սննդային թունավորման, այլ նախնական ախտորոշմամբ «Սուր գաստրոէնտերիտ» կամ «Սուր աղիքային վարակ» դեպքերի մասին է, իսկ լաբորատոր հետազոտությամբ հիվանդներից 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp.։

    «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ առողջապահության նախարարությանը՝ պարզելու, թե քանի մարդ է տուժել, ինչ ախտանշաններ են արձանագրվել, ինչ հետազոտություններ են իրականացվել և ինչ փուլում է գտնվում քննությունը։

    Նախարարությունը, ի պատասխան մեր հարցման, նախ հստակեցնում է, որ «Բուժհաստատություններից ստացվել է ոչ թե սննդային թունավորման, այլ «Սուր գաստրոէնտերիտ» կամ «Սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշումներով 12 շտապ հաղորդում»։

    Նախարարության փոխանցմամբ՝ հիվանդների մոտ արձանագրվել են աղիքային վարակի բնորոշ ախտանշաններ։

    «Բուժառուների մոտ արձանագրվել են լուծ, փսխում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ջրազրկում, ուշագնացություն, մկանային ցավ, ընդհանուր թուլություն»։

    Առողջապահության նախարարությունը հայտնում է նաև, որ 12 տուժածներից 4-ը տարբեր ժամկետներով հոսպիտալացվել են, սակայն այսօրվա դրությամբ բոլորն արդեն դուրս են գրվել բուժհաստատություններից։

    «Բուժհաստատություններից ստացվել է նշված միջոցառման հետ կապված ընդհանուր թվով 12 շտապ հաղորդում, որոնցից 4-ը հոսպիտալացվել են տարբեր ժամկետներով։ Բոլոր հոսպիտալացված հիվանդները 24.07.2026 թվականի դրությամբ դուրս են գրվել բուժհաստատություններից»։

    Պարզվում է նաև, որ բոլոր 12 դեպքերի վերաբերյալ իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, սակայն նախարարությունը չի մանրամասնում դրա արդյունքները։

    Մեր հարցին, թե որ կազմակերպությունն է պատրաստել կամ մատակարարել միջոցառման սնունդը, նախարարությունը փաստացի պատասխան չի տալիս՝ նշելով, որ նման տեղեկատվության չի տիրապետում։

    «ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը պաշտոնական տեղեկատվությանը չի տիրապետում»։

    Միաժամանակ, բուժառուների ցուցմունքների հիման վրա նախարարությունը ներկայացրել է այն սննդատեսակները, որոնք առավել հաճախ օգտագործել են հիվանդացած անձինք։

    «Բուժառուները առավել հաճախ նշում են, որ օգտագործել են հետևյալ սննդատեսակները՝ հավի միս, սաղմոն, շաուրմա, խոզի միս, ելակ, պաղպաղակ, կոկտեյլ»։

    Թե կոնկրետ այս սննդատեսակներից որն է եղել վարակի աղբյուրը, առայժմ հայտնի չէ։ Սակայն նախարարության պատասխանում ամենաէական բացահայտումը վերաբերում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներին։

    «Բուժառուներից վերցված կենսանյութերի լաբորատոր հետազոտությունների արդյունքում 12 հիվանդից 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp.»։

    Այսինքն՝ հիվանդների կեսից ավելիի մոտ արդեն հաստատվել է սալմոնելայի առկայությունը, ինչը կարող է կարևոր նշանակություն ունենալ վարակի աղբյուրը պարզելու հետագա աշխատանքներում։

    Միաժամանակ, նախարարությունը հրաժարվել է պատասխանել մեր մի շարք առանցքային հարցերին՝ նշելով, որ դրանք դուրս են իր լիազորությունների շրջանակից։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, այն հարցերին, թե՝

    իրականացվել են արդյոք սննդամթերքի, ջրի, հումքի կամ աշխատակիցների նմուշառումներ,

    հայտնաբերվե՞լ են արդյոք սանիտարահիգիենիկ խախտումներ,

    կասեցվել է արդյոք սնունդ մատակարարած կազմակերպության գործունեությունը,

    ինչ արդյունքներ են տվել ՍԱՏՄ-ի ստուգումները։

    Այս բոլոր հարցերով նախարարությունը խորհուրդ է տվել դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։ Անշուշտ, դիմել ենք։

    Այսպիսով, պաշտոնական պատասխանից արդեն պարզ է դառնում, որ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի պաշտոնական ընդունելությունից հետո արձանագրված դեպքը սահմանափակվել է ոչ թե մեկ կամ երկու անձով, այլ առնվազն 12 հաստատված հիվանդացության դեպքով, որոնցից 7-ի մոտ լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել է Salmonella spp.։ Սակայն մինչ օրս բաց է մնում ամենակարևոր հարցը՝ ո՞ր սննդամթերքն է եղել վարակի աղբյուրը։

    Արդյոք «Մարրիոթ Արմենիա» հյուրանոցային ցանցի նկատմամբ կիրառվել է որևէ սահմանափակում կամ պատասխանատվության միջոց»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: