Category: ArmPulse

  • «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են | Հայաստան

    Չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։ Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։ Հայտնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։

    Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։

    Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝

    • մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր,

    • մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ,

    • կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։

    Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր։ 

  • Իջևանում ՈւԵՖԱ–ի չափանիշներով մարզադաշտի համար ևս 3 հողամաս կգնեն. 57,75 մլն դրամ հատկացվի | Հայաստան

    ՀՀ կառավարությունը որոշեց 57,75 մլն դրամ հատկացնել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում կառուցվելիք ֆուտբոլային նոր մարզադաշտի համար անհրաժեշտ ևս երեք հողամաս ձեռք բերելու նպատակով։ Ապագա մարզադաշտը համապատասխանելու է ՈւԵՖԱ-ի չափանիշներին։

    Գումարը կփոխանցվի Իջևանի համայնքապետարանին, որը կգնի մասնավոր սեփականություն հանդիսացող հողամասերը, կփոխի դրանց նպատակային նշանակությունը, որից հետո դրանք կփոխանցվեն պետությանը։

    Հայաստանը Վրաստանի հետ համատեղ 2029 թվականին հյուրընկալելու է Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Դրա անցկացման համար երկրում անհրաժեշտ է ունենալ ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտեր։

    • Նախկինում ձեռք բերված տարածքը. Գետահովիտում արդեն գնվել էր 20 սեփականատիրոջ պատկանող շուրջ 66 հազար քառ. մետր հողատարածք, որի համար կառավարությունը հատկացրել էր մոտ 329,9 մլն դրամ։

    • Լրացուցիչ տարածքը. Լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտ է ձեռք բերել ևս 3 հողամաս՝ ընդհանուր 11 550 քառ. մետր մակերեսով։

    • Գործարքի արժեքը. Սեփականատերերը համաձայնել են հողերը վաճառել 1 քառակուսի մետրը 5000 դրամով (ընդհանուր՝ 57,75 մլն դրամ)։

    «Որոշման ընդունման արդյունքում կստեղծվեն 2029 թվականին Հայաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանն ընդառաջ Իջևանում ՈւԵՖԱ 4-րդ կատեգորիայի մարզադաշտի կառուցման նախապայմանները»,- նշված է կառավարության նախագծում։

    Բացի Իջևանից, մինչև 2029 թվականի առաջնության մեկնարկը ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող մարզադաշտեր են նախատեսվում կառուցվել նաև այլ վայրերում.

    1. Վանաձորում՝ ՈւԵՖԱ-ի չափանիշներով նոր մարզադաշտ,

    2. «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում՝ ազգային նոր մարզադաշտ՝ նախատեսված 35 հազար նստատեղի համար։

    Հիշեցնենք նաև, որ հունիսի 25-ին կառավարությունը 177 մլն 820 հազար դրամ էր հատկացրել Իջևանի մարզադաշտի նախագծային աշխատանքների իրականացման համար։

  • Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի | Հայաստան

    Հուլիսի 15-ի ցերեկը, 16-ին և 20-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

    Քամին` հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

    Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով։

    Երևանում hուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:

    Հուլիսի 15-20-ը երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։

  • Թվայնացում և բարեփոխումներ. Հայաստանն ու Էստոնիան կընդլայնեն համագործակցությունը ֆինանսների ոլորտում | Քաղաքականություն

    ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

    Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ հանդիպման առանցքում եղել են հատկապես թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու հնարավորությունները։

    Կողմերը քննարկել են նաև․

    • Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը,

    • Երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

    Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։

  • Կավելացվի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց տրամադրվող սուբսիդիան | Հայաստան

    Հայաստանի կառավարությունը նախատեսում է 65 միլիոն 222 հազար դրամով ավելացնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց տրամադրվող սուբսիդիան։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։

    Նախագծով 2026 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը կավելացվեն 65 միլիոն 222,3 հազար դրամով։ Ամբողջ գումարը կուղղվի «Երկաթուղային ցանցի զարգացում» ծրագրին։

    2025 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի»-ին վճարման ենթակա սուբսիդիայի չափը կազմել է 312 միլիոն 211 հազար դրամ, մինչդեռ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով նախատեսվել էր 246 միլիոն 989 հազար դրամ։

    Արդյունքում ձևավորվել է 65 միլիոն 222,3 հազար դրամի կրեդիտորական պարտք, որը նախատեսվում է մարել առաջարկվող փոփոխությամբ։

    Հայաստանի, «Հարավկովկասյան երկաթուղի» և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունների միջև 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ պետությունը մասնակիորեն փոխհատուցում է համաձայնեցված ուղղություններով ուղևորափոխադրումներից ընկերության կրած տարեկան վնասը։

    2016-2038 թվականների համար փոխհատուցման չափը սահմանված է հաստատված վնասի 30 տոկոսի չափով։

     

  • Փլուզվել է շինության բետոնե ծածկը | Հասարակություն

    Հուլիսի 15-ին՝ ժամը 13։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզվել է տանիք․ կա արգելափակված քաղաքացի։Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

    Նախնական տվյալներով` վերանորոգման աշխատանքների ժամանակ մասնակի փլուզվել է շինության բետոնե ծածկը։ Երկու աշխատակից դուրս են բերվել արգելափակումից։

  • Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից․ ԱՆ | Հասարակություն

    Երեխաներն արևից հատուկ պաշտպանության կարիք ունեն: Նրանք աճի դինամիկ վիճակում են և ավելի քան մեծահասակները, ընկալունակ են շրջակա միջավայրի սպառնալիքների նկատմամբ։

    ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից․


    Սահմանափակե՛ք ցերեկային ժամերին արևի տակ գտնվելու ժամանակը. արևի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթները սովորաբար առավել ուժեղ են կեսօրին մոտ՝ մի քանի ժամ, ու ավելի թույլ են վաղ առավոտյան և ուշ կեսօրին/երեկոյան: Հնարավորինս սահմանափակե՛ք, հատկապես` 11-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, արևի տակ գնտվելը:

     

    Ուշադրություն դարձրե՛ք ՈՒՄ ճառագայթման ինդեքսին. հատուկ ուշադրություն դարձրեք արևից պաշտպանության միջոցների կիրառմանը, երբ կանխատեսվում է ՈՒՄ ճառագայթման ինդեքսի միջին կամ բարձր մակարդակ:

     

    Պաշտպանվե՛ք արևից. աշխատե՛ք գտնվել ստվերում, երբ ՈՒՄ ճառագայթներն առավել ուժեղ են, բայց հիշե՛ք, որ ծառերի, հովանոցների կամ ծածկերի ստվերները չեն ապահովում ամբողջական պաշտպանություն արևից։

    Երեխային հագցրե՛ք արևապաշտպան հագուստ․ լայն եզրով գլխարկ՝ աչքերը, ականջները, դեմքը և պարանոցի հետևի հատվածը պաշտպանելու համար, խիտ գործվածքով, ազատ և բաց գույների հագուստ, որը ծածկում է ձեռքերն ու ոտքերը:

     

     Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք. լողալուց, խաղալուց կամ բացօթյա զբոսանքից առաջ մաշկի բաց հատվածներին առատորեն քսեք լայն սպեկտրի, շատ բարձր արևապաշտպան գործոնով (SPF) քսուք:

     

    Խմեք բավարար քանակությամբ ջուր օրվա ընթացքում՝ նույնիսկ եթե ծարավ չեք զգում. Շոգ օրերին ջուրը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև օգնում է պահպանել օրգանիզմի բնականոն աշխատանքը։

     

    Խուսափե՛ք, առավել ևս դեռահասները, արհեստական արևայրուքի լամպերից և սրահներից. արհեստական արևայրուքի սարքերը վնասում են մաշկն ու անպաշտպան աչքերը։ Ցանկալի է իսպառ խուսափել դրանց օգտագործումից։ 

  • ՀԷԿ-երից մեկի տարածքում շինության բետոնե ծածկ է փլուզվել․ 2 տուժած դուրս է բերվել փլատակներից

    ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է ժամը 13:27-ին:
  • Բաքուն Երևան է արտահանել 17 մլն դոլարի ապրանք

    Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծումը նախկինի պես կազմում է 960 դոլար
  • Գրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարին | Սպորտ

    Հուլիսի 12-ից 23-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվում է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

    Մրցաշարի «Masters» խմբում մասնակցում են 6 գրոսմայստերներ, որոնց թվում է նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

    Մրցաշարի մասնակիցներն են՝
    Լևոն Արոնյան
    Լե Քուանգ Լիեմ 
    Այդին Սուլեյմանլի
    Մաթիաս Բլյուբաում
    Յաղըզ Քաան Էրդողմուշ
    Խոսե Էդուարդո Մարտինես Ալկանտարա

    Մասնակիցները կմրցեն արագ, դասական և կայծակնային շախմատի ձևաչափերով, և հաղթողը կորոշվի երեք մրցաշարերի արդյունքների հանրագումարով:

    Հուլիսի 12-ին անցկացվել է արագ շախմատի մրցաշարը, որտեղ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Լևոն Արոնյանը։