Category: ArmPulse

  • Փաշինյանը Ծառուկյանին ձերբակալելով ինքն իրեն գերազանցեց․Սամվել Կարապետյան | Քաղաքականություն

    Փաշինյանը Ծառուկյանին ձերբակալելով ինքն իրեն գերազանցեց, համաշխարհային խայտառակություն էր դա։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսպես արտահայտվեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ  Սամվել Կարապետյանը։

    Լրագրողի այն դիտարկմանը, թե Փաշինյանը գործում է ակտիվ և մեկուսացնում է ընդդիմության առաջնորդներին, Կարապետյանն ասաց, որ նման գործելաոճը հանգեցնում է բազմաթիվ սխալների ։ Նա վստահություն հայտնեց, որ այդ սխալները կլինեն ճակատագրական և կգա օրա, որ ընդդիմությունն իր խոսքը կասի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը։

    Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանի հանդեպ դրսևորված վերաբերմունքը ազդակ էր մյուս ընդդիմադիր առաջնորդներին, Կարապետյանը պատասխանեց․

    «Ես, Քոչարյանն այնտեղ բավական երկար ժամանակ եղել ենք, և մեզ դրանով հնարավոր չէ վախեցնել։Հետևաբար, մեզ համար պետք է նոր, հետաքրքրի բան մտածեն»։

  • Կոկորդիլոսը ոչ ոքի չի վնասել. ԱԻՆ աշխատակից չի տուժել. ՆԳՆ | Հայաստան

    Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, թե հուլիսի 8-ին, երբ քննիչները՝ ԱԻՆ աշխատակիցների ուղեկցությամբ, գնացել են Գագիկ Ծառուկյանի տուն՝ կոկորդիլոսների ևս Կենդանաբական այգի տեղափոխելու, միջադեպ է տեղի ունեցել․ կոկորդիլոսը հարձակվել է ԱԻՆ աշխատակցի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց։

    ՆԳՆ-ից Аrmpulse.am-ին հայտնեցին, որ տարածվող լուրերը կեղծիք է։

  • Հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ ենք արտահանել աշխարհի 15 երկիր․Գևորգ Պապոյան | Էկոնոմիկա

    Կառավարության նիստում արձանագրվել է, որ հունիսին զբոսաշրջության ոլորտում գրանցվել է պատմական ռեկորդ, իսկ Արարատի մարզում՝  նշվել է, որ  ծիրանի մթերման գինը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է՝ հասնելով 400-600 դրամի։

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն  էլ  ներկայացրել է արտահանման ընդլայնվող աշխարհագրությունը։ «Մենք հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ ենք արտահանել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր և բանջարեղեն՝ 8 երկիր։ Ընդ որում, այդ արտահանումները հնարավորություն են, ուզում եմ սա էլ արձանագրենք, որ մեր տնտեսվարողները պետք է հարմարվողականություն ցուցաբերեն։ Շուկաներից յուրաքանչյուրն ունի իր պահանջները կամ ճաշակների իր բանաձևը, և պետք է մեր արտահանողները հարմարվեն։ Պետք է ջանք դրվի, որպեսզի ապրանքը համապատասխանի շուկայի ստանդարտներին և պահանջներին, ուսումնասիրությունները արվեն պատշաճ, որպեսզի այդ խնդիրները չառաջանան»,-ասել է  Գևորգ Պապոյանը։

  • «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել | Քաղաքականություն

    «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

    Իրավապահ մարմինների վերջին գործողությունները կարևոր հիշեցում են․ հանրային մեծ նշանակություն ունեցող յուրաքանչյուր գործ պետք է լինի թափանցիկ, իրավաբանորեն անխոցելի, ապացույցներով հիմնավորված և հանրության համար համոզիչ։ Պետությունը չպետք է թողնի որևէ կասկած, որ օրենքը կիրառվում է ընտրովի, քաղաքական նպատակով կամ քաղաքական հաշվարկով։

     

    Միաժամանակ, իրավական պետությունում արդարադատությունը չի կարող լինել հատվածական։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ամբողջական իրավական և քաղաքական գնահատական տալ առնվազն 1998-2018 թվականներին ձևավորված և պետությունը զավթած քրեաօլիգարխիկ համակարգին՝ ընտրությունների համակարգային կեղծմանը, քաղաքական սպանություններին, ապօրինի քրեական հետապնդումներին, ազատազրկումներին, զանգվածային բռնաճնշումներին, խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներին, սեփականության իրավունքի զանգվածային խախտումներին, կոռուպցիոն և տնտեսական հանցագործություններին, ինչպես նաև Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի և այդ ժամանակաշրջանի մյուս ծանր պետական հանցագործությունների ամբողջական բացահայտմանը։

    Նույն իրավական գնահատականի առարկա պետք է դառնան նաև պետական գույքը պարտքի դիմաց օտարելու, ռազմավարական ենթակառուցվածքները կոնցեսիոն կամ այլ ձևերով օտար կառավարման հանձնելու, Հայաստանի էներգետիկ, տրանսպորտային և այլ կենսական ենթակառուցվածքները օտար պետության կամ նրա վերահսկողության ներքո գործող կառույցների վերահսկողությանը փոխանցելու բոլոր որոշումները։ Պետք է ստուգվի դրանց օրինականությունը, սահմանադրականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության և հանրային շահի սկզբունքներին։

     

    Այս պահանջը վաղուց այլևս բացառապես քաղաքական պահանջ չէ։ Այն ունի հստակ իրավական հիմք։ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը փաստացի արձանագրեց պետության պատասխանատվությունը Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում տասը անզեն քաղաքացիների կյանքի իրավունքի խախտման համար։ Սա նշանակում է, որ պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն առանձին կատարողների, այլև քաղաքական և ինստիտուցիոնալ պատասխանատվության ամբողջական իրացումը։

    Հանրությունը սպասում է պետությունը զավթած ամբողջ համակարգի քաղաքական և իրավական լիարժեք գնահատականին։ Պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ միայն այդ համակարգը սպասարկած պաշտոնատար անձինք, այլև այն քաղաքական կուսակցություններն ու քաղաքական ուժերը, որոնք ձևավորել, պահպանել և վերարտադրել են այդ համակարգը՝ պետական իշխանությունը ծառայեցնելով ոչ թե Սահմանադրությանը և հանրային շահին, այլ ամեն գնով իշխանության պահպանմանը, քաղաքական հետապնդումներին, կոռուպցիոն կառավարմանն ու Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների հետևողական ձևախեղմանը։

     

    Պետական ամբողջ մեքենան տարիներ շարունակ ծառայեցվել է ոչ թե իրավական և ժողովրդավարական հանրապետության կայացմանը, այլ դրա իմիտացիայի պահպանմանը։ Հենց այդ համակարգն է ծնել անպատժելիությունը, օլիգարխիան, ընտրական կոռուպցիան, քաղաքական բռնաճնշումները և պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության համակարգային քայքայումը։

     

    Միաժամանակ, Հայաստանը պետք է վերջնականապես փակի օլիգարխիայի վերադարձի ճանապարհը դեպի քաղաքականություն։ Քաղաքական իշխանությունը չի կարող դառնալ խոշոր կապիտալի ներդրումային նախագիծ, իսկ ժողովրդի քվեն՝ ֆինանսական ռեսուրսով ձեռք բերվող ապրանք։ Ժողովրդավարությունը պահանջում է այնպիսի իրավական սահմանափակումներ և ինստիտուցիոնալ երաշխիքներ, որոնք կբացառեն կապիտալի, մենաշնորհների կամ արտաքին ազդեցության միջոցով պետական իշխանության յուրացման ցանկացած հնարավորություն և փորձ։

     

    Իրական արդարադատությունը հաստատվում է, երբ օրենքը գործում է համընդհանուր և ոչ ընտրովի, իսկ պատասխանատվության է ենթարկվում ոչ թե առանձին օլիգարխը և պաշտոնյան, այլ պետությունը զավթած ամբողջ համակարգը։ Միայն այդ դեպքում Հայաստանը կփակի քրեաօլիգարխիկ անցյալի էջը և կհաստատի իրավունքի, ժողովրդավարության ու պետական ինքնիշխանության վրա հիմնված իրական հանրապետություն։

  • Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները․ Բայրամով | Տարածաշրջան

    Մեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

    «Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է, այն բաց է հանրության համար։ Մեր պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»,-ասել է Բայրամովը։

  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը սահմանադրական հիմնարար իրավունքների խախտում է․ «Մայր Հայաստան» | Քաղաքականություն

    «Մայր Հայաստան»-ը հայտարարություն  է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ․ 

    «Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն, որտեղ չեն հարգվում մարդու հիմնարար ազատություններն ու սահմանադրական սկզբունքները։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումը սահմանադրական հիմնարար իրավունքների խախտման հերթական դրսևորումներից է։ Փաշինյանի հրապարակային հրահանգով սկսվել է Ծառուկյանի, ըստ այդ անձնավորության հրահանգի, ունեզրկման գործընթացը։

    «Մայր Հայաստան» կուսակցությունը նման անօրինությունների տուժողներից է, որի նախագահ Անդրանիկ Թևանյանը, կրկին Փաշինյանի ապօրինի, հրապարակային հրահանգով, շինծու գործով ձերբակալված է, իսկ մյուս անդամների տներում խուզարկություններ են կատարվել։ Մենք մեր օրինակով գիտենք, թե ինչպես է գործում ռեժիմի «արդարադատությունը»։

    «Մայր Հայաստան» կուսակցությունը դիմում է Հայաստանի քաղաքացիներին։

    Հարգելի՛ քաղաքացիներ,

    Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները, սահմանադրական իրավունքը, և միայն մենք՝ միասնական ջանքերով, կարող ենք վերականգնել սահմանադրական կարգը։

    Լինենք միասնական՝ հասկանալով, որ միայն օրենքի գերակայության ու սահմանադրական կարգի վերականգնման դեպքում Հայաստանը կարող է ունենալ ապագա։ Այլ ճանապարհ չկա, և դա պետք է լինի այսօրվա Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական առանցքը»։  

  • Ես կհաշտեցնեմ Ռուսաստանին եվ Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին եվ Հայաստանին․ Թրամփ | Քաղաքականություն

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կկարողանա հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի հաշտեցմանը, ինչպես նախկինում արել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում։

    Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, այս մասին Թրամփն ասել է Անկարայում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ 

  • Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին․ Նազիկ Ավդալյան | Քաղաքականություն

    Ես միշտ պատրաստ եմ խոսել սպորտի մասին, որովհետև դա իմ կյանքն ու իմ ոլորտն է։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին, ինչը, սակայն, անընդհատ պահանջում են մեզանից, սոցցանցի իր էջում գրել է  Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը․

    «Ես պարզապես ցանկանում եմ, որ ամեն պարագայում, պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Որպես մարդ և որպես մարզիկ՝ չեմ կարող անտարբեր մնալ և այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին, իմ սիրելի տիկին Ռոզային և ընտանիքին՝ մաղթելով ուժ և համբերություն։ Հուսով եմ, որ ամեն ինչ արագ կպարզվի և այս իրավիճակը կավարտվի խաղաղ ու արժանապատիվ հանգուցալուծմամբ»։

  • Հայաստանը կարող է լինել եվրոպական զարգացումների կենտրոնում․ Վասիլիս Մարագոս | Հայաստան

    Հայաստանը գտնվում է իր ժամանակակից պատմության շրջադարձային կետում՝ ձգտելով վերաիմաստավորել իր աշխարհաքաղաքական դիրքը, խորացնել կապերը Եվրոպական միության հետ եւ հաղթահարել աճող տարածաշրջանային եւ ներքին մարտահրավերները։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի համար պահի նշանակությունը դուրս է դիվանագիտության սահմաններից։

    «Հայաստանը կարեւոր ուղերձ հղեց Եվրոպային»,- ասել է նա եվրոպական երեք լրատվամիջոցներին տված բացառիկ հարցազրույցում։

    – Վերջերս Դուք հայտարարեցիք, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն ավելի է մոտենում իր եվրոպական ապագային, թեկուզ որոշ ոլորտներում։ Եվ ինչպե՞ս է ԵՄ-ն ծրագրում օգնել Հայաստանին հզորացնել իր տնտեսությունը եւ նվազեցնել Ռուսաստանից նախկինում ունեցած կախվածության հետ կապված հնարավոր ռիսկերը:

    – Մենք մեկնարկել ենք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման գործընթաց՝ բոլոր ասպարեզներում։ Սա առաջադրանք էր, որը Եվրոպական խորհրդի շրջանակում մեզ տրվել էր ԵՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից։ Ելնելով դրանից՝ մենք ակտիվ համագործակցել ենք Հայաստանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ կարող ենք անել միասին։ Դա արդեն հանգեցրել է նրան, որ վերջին երեք տարում մենք մի քանի առաջատար նախագծեր ենք սկսել Հայաստանի հետ։

    Մեր կողմից օգտագործվող հիմնական գործիքը 270 միլիոն եվրո բյուջեով Դիմակայունության եւ աճի ծրագիրն է։ Այս մասին հայտարարվել է 2024 թվականի ապրիլին եւ այժմ այն մոտ է իրականացմանը։ Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը տնտեսական ոլորտում, էներգետիկայի ասպարեզում, հասարակության մեջ, ինչպես նաեւ ամրապնդել մասնավոր հատվածին եւ ենթակառուցվածքներին ուղղված աջակցությունը։

    – Ի՞նչ գործնական նշանակություն ունի այն Հայաստանի տնտեսության համար։

    – Առեւտրի եւ էներգետիկայի առնչությամբ կարող եմ հիշատակել մեր ուշադրության կենտրոնում գտնվող որոշ ոլորտներ։ Առաջինն աջակցությունն է արտադրանքի եվրոպական ստանդարտների ներդրմանը, ինչը թույլ է տալիս հայկական արտադրանքն ու ապրանքները դուրս բերել նոր շուկաներ:

    Հայաստանի տնտեսական եւ առեւտրային քաղաքականության նպատակներից մեկը ներդրումների եւ առեւտրի դիվերսիֆիկացիան է, եւ ԵՄ աջակցությունը կենտրոնանում է այս երկուսի վրա։

    Այնպես չէ, որ մենք դեմ ենք կոնկրետ հարաբերությունների։ Իհարկե, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, որի մասին դուք նշեցիք, մենք համագործակցում ենք Հայաստանի հետ՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը։

    Այսպիսով, սա իրականում կոչված է երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաեւ պատժամիջոցների տակ գտնվող այլ ապրանքների նկատմամբ սահմանված միջոցառումների պահպանմանը, եւ Հայաստանը խիստ հավատարիմ է դրան։ Դեռեւս կարող են լինել որոշակի խնդիրներ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, դա երկկողմ համագործակցության շատ կարեւոր ոլորտ է։

    Սակայն Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր շուկաները, որպեսզի վստահ լինի, որ, օրինակ, որոշակի առեւտրային հարաբերություններում գերկախվածության դրսեւորում չկա: Եվ այստեղ մենք նույնպես օգնում ենք նրանց։

    – Կարո՞ղ եք բերել կոնկրետ օրինակ։

    Միայն անցյալ տարի մենք տեխնիկական օգնության միջոցով խորհրդատվություն ենք տրամադրել ավելի քան 40 ձեռնարկությունների՝ այլ շուկաներ արտահանելու վերաբերյալ։ Այս ընկերությունները կարող են մեծացնել իրենց արտահանումը ԵՄ։

    Սա ցույց է տալիս, որ ներուժ կա, բայց նաեւ ներդրումներ են պահանջվում։

    – Ի՞նչ աջակցություն է տրամադրում ԵՄ-ն Հայաստանի մասնավոր հատվածին:

    – Բոլորովին վերջերս մենք երաշխիքային համաձայնագիր ստորագրեցինք Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամերի հետ։

    Մենք համագործակցում ենք բանկային հատվածի հետ՝ մասնավոր բիզնեսին աջակցություն ցուցաբերելու համար։ Վերջին երկու տարիների ընթացքում Եվրոպական ներդրումային բանկի կողմից մասնավոր հատվածին տրամադրված աջակցության ընդհանուր ծավալը կազմել է 330 միլիոն եվրո։ Ստեղծվել է ավելի քան 27,000 աշխատատեղ։

    Այսպիսով, գոյություն ունեն մի շարք գործիքներ, որոնք օգտագործվում են Հայաստանի տնտեսության մրցունակությունը բարձրացնելու համար։

    Եվ, բնականաբար, վերջնական արդյունքը կախված է նաեւ հայ ժողովրդի նորարարական եւ ձեռնարկատիրական ոգուց։

    – Էներգետիկ անվտանգությունը շարունակում է լինել Հայաստանի հիմնական խոցելիություններից մեկը: Ի՞նչ է անում ԵՄ-ն այս ոլորտում:

    – Էներգետիկայի ոլորտում մեր ներդրումների հիմնական ուղղություններից մեկը փոխկապակցվածությունն է, որի շրջանակում շատ կարեւոր ընթացիկ ծրագիր է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ը՝ ավելի քան 500 միլիոն եվրո ընդհանուր ներդրումով։ Այն ուղղված է Վրաստանի հետ էլեկտրահաղորդման ցանցի արդիականացմանը, ինչը հնարավորություն կտա Հայաստանից արտահանել վերականգնվող էներգիա։

    Այս ուղղությամբ մեծ ներդրումներ են կատարվել Վրաստան հասնելու համար, քանի որ, ինչպես գիտեք, սա միակ բաց սահմանն է դեպի Արեւմուտք։

    Հաջորդիվ, իհարկե, այլ շուկաներն են, մասնավորապես՝ «Սեւծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ» նախաձեռնությունը, որին Հայաստանը հավակնում է մասնակցել։ Այն դեռեւս չի կառուցվել։ Այն կկապի Հարավային Կովկասը ԵՄ-ի հետ եւ ունի ներուժ՝ նպաստելու հավակնոտ կանաչ նպատակների իրականացմանը՝ հնարավորություն տալով Հարավային Կովկասից արտահանել կանաչ էներգիա։

    – Հայ պաշտոնյաները հաճախ են խոսում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ որպես ռազմավարական կարեւորություն ունեցող հարցի մասին: Արդյոք ԵՄ-ն իրատեսակա՞ն է համարում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների եւ տրանսպորտային կապերի բացումը առաջիկա տարիներին:

    – Իհարկե: Բացարձակ իրատեսական:

    – Արդյոք ԵՄ-ն ինչ-որ դեր ունի՞ այդ գործընթացում։

    ԵՄ-ն որեւէ դեր չունի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ բանակցություններում։ Սակայն ԵՄ-ն շատ կարեւոր դեր ունի միջտարածաշրջանային ավելի լայն փոխկապակցվածության ապահովման գործում։

    Հետագայում կլինեն նաեւ կապակցվածության ֆորումներ, որոնց կմասնակցի Հայաստանը, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ երկրներ։

    Այսպիսով, այս գործընթացը միայն Հայաստանի մասին չէ։ Այն նաեւ Հայաստանը՝ որպես հանգույց, Միջին միջանցքի մնացած մասի հետ կապելու մասին է։ Ավելի շատ գործընկերների ներգրավվածությունը ստեղծում է փոխկախվածություն, բայց նաեւ՝ ավելի մեծ անկախություն։

    Անշուշտ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը կստեղծի ավելի մեծ հնարավորություններ, այդ թվում՝ տեղական համայնքների համար։

    Ի դեպ, վերջին մի քանի տարիների ընթացքում մենք աջակցել ենք սահմանի երկու կողմերում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ առեւտրի պալատների միջեւ համագործակցությանը: Մենք պատրաստ ենք օգտագործել մեր ֆինանսական գործիքները նաեւ ներդրումները խթանելու համար՝ ոչ միայն ենթակառուցվածքների, այլեւ մասնավոր հատվածի զարգացման ոլորտում:

    ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի կարեւոր արդյունքներից մեկն այն հայտարարությունն էր, որ մենք աշխատելու ենք երեք սահմանային անցակետերի կառուցման վրա։ Դրանցից մեկը Ադրբեջանի հետ սահմանին է՝ հարավում։

    Մյուս երկուսն առնչվում են հայ-թուրքական սահմանին։ Մեկը գտնվում է Մարգարայում, որտեղ արդեն իսկ գոյություն ունեն որոշակի ենթակառուցվածքներ, բայց մենք պատրաստ ենք աջակցել դրա ընդլայնմանը։ Երկրորդն Ախուրիկն է, որը նախատեսվում է դարձնել Կարսի եւ Գյումրիի միջեւ նոր սահմանային անցակետ։ Սրանք կոնկրետ նախագծեր են, որոնք այժմ գտնվում են միջազգային ֆինանսական հաստատությունների հետ մշակման փուլում։

    – Արդյո՞ք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը եւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը խորհրդանշական նշանակություն ունեին Հայաստանի միջազգային դիրքորոշման համար։

    – Այո՛։ Առաջին անգամ մասնակցություն ունեցանք նաեւ Կանադայի կողմից։ Դա եւս կարեւոր ազդանշան էր։

    Կարծում եմ, որ այստեղ մենք ուղերձ հղեցինք հայ հանրությանը՝ համերաշխության եւ աջակցության ուղերձ։ Բայց ես նաեւ կարծում եմ, որ հայ հանրությունն ու Հայաստանի ներկայացուցիչները եւս ուղերձ են փոխանցել Եվրոպային առ այն, որ Հայաստանն այստեղ է, Հայաստանը կա, Հայաստանը կարող է լինել եվրոպական զարգացումների կենտրոնում։

    Եվ ես առավել քան վստահ եմ, որ ժողովրդավարությունը հենց այն է, երբ քաղաքական առաջնորդները քննարկում են քաղաքացիների մտքում եղած հարցերը։

  • ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ | Քաղաքականություն

    ԱՄՆ-ն Ուկրաինային Patriot հակահրթիռների արտադրության լիցենզիա կտրամադրի, հայտարարել է Դոնալդ Թրամփը Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ:

    «Մենք ձեզ Patriot-ի արտադրության լիցենզիա կտանք: Դա բավականին հիանալի է: Այսպիսով, դուք չեք կարողանա բողոքել, որ մենք դրանք բավարար քանակով չենք տրամադրում»,–ասել է Թրամփը։

    Ըստ նրա՝ պաշտպանական ոլորտի ուկրաինացի մասնագետները կարող են կարճ ժամկետներում սովորել Patriot համակարգերի համար հակաօդային և հակահրթիռային պաշտպանության հրթիռներ պատրաստել։