Category: ArmPulse

  • Կապանում ամփոփվել են «Հրաշալի գաղափարներ» մրցույթի արդյունքները | Հասարակություն

    Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում 2026 թվականի ԱՊՀ և Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանում տեղի է ունեցել «Հրաշալի գաղափարներ» մրցույթի արդյունքների ամփոփումը:

    Մրցույթը կազմակերպվել էր ԿԳՄՍՆ-ի, «Օսմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության համագործակցությամբ։ Հաղթող յուրաքանչյուր նախագիծ ստացել է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն։

    Մրցույթի հաղթողները

    1. 1-ին տեղ․ «Գյուղի ձայնը» նախագիծ (հեղինակներ՝ Լուսինե Մազլումյան, Անի Մանվելյան, Թամարա Պոդոսյան, Կամիլա Մարտիրոսյան)։

    2. 2-րդ տեղ․ «Երիտասարդ առաջնորդների լաբորատորիա» նախագիծ (հեղինակ՝ Արեն Առաքելյան)։

    3. 3-րդ տեղ․ «Շինուհայրում խաղահրապարակի վերաիմաստավորում» նախագիծ (հեղինակ՝ Լուսինե Էմիրյան)։

    Միջոցառմանը ներկա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մինչև 2026 թվականի տարեվերջ Հայաստանի տարբեր մարզերում կգործի 27 երիտասարդական կենտրոն։ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքն առաջին անգամ ինստիտուցիոնալ մակարդակով ամրագրում է երիտասարդների իրավունքներն ու պետական աջակցությունը։ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» խորագիրն ընդգծում է տարբեր համայնքների երիտասարդների միասնական նպատակները՝ ի նպաստ պետության զարգացման։

    Միջոցառումների շարքը մեկնարկել է պլոգգինգով (վազք՝ զուգակցված տարածքի մաքրմամբ)։ Ծրագրում ընդգրկված են եղել նաև «Ապագա առաջնորդներ» ֆորումը, պանելային քննարկումներ, երիտասարդ նկարիչների ցուցահանդես, «Լեռների և գետերի միջև» կոմիքսների ներկայացում, իսկ օրն ամփոփվելու է գալա համերգով։

    Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Երևանի բոլոր վարչական շրջաններում և շուրջ 50 համայնքներում։

  • Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս | Հասարակություն

    ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու, տրանսպորտային միջոցների նույնականացման տարրերը կեղծելու եղանակով ՀՀ մաքսային սահմանով հարկման ենթակա օբյեկտները մաքսային համապատասխան ընթացակարգերի շրջանցմամբ տրանսպորտային միջոցներ ՀՀ ներմուծելու, օտարելու և առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 213 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ մաքսային միագումար վճարից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

    Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

    «Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ.Վ.-ն, Ա.Մ.-ն, Ս.Շ.-ն, Լ.Ե.-ն և Բ.Կ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն և որպես դրա անդամներ հավաքագրել Ա.Մ.-ին, Հ.Գ.-ին, Ա.Դ.-ին, Ս.Ա.-ին և Հ.Ս.-ին` Վրաստանի Հնարապետությունից օրենքով սահմանված մաքսային ընթացակարգերը շրջանցելով Հայաստանի Հանրապետություն տրանսպորտային միջոցներ ապօրինի ներմուծելու և վաճառելու համար` մշակելով ապօրինի գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու հստակ դերաբաշխված հանցավոր մեխանիզմ: 

    Մասնավորապես՝ խմբի անդամները 2018-2020 թվականների ընթացքում ՀՀ-ում տրանսպորտային միջոցներ գնած Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իբր իրենց տրված կեղծ լիազորագրերի հիման վրա, 2023-2025 թվականների ընթացքում՝ տարբեր օրերի, կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներ` Ղազախստանի քաղաքացիների կողմից գնված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների և հաշվառման վկայագրերի կորստյան վերաբերյալ և կրկին ստացել հաշվառման համարանիշեր ու հաշվառման վկայագրեր: 

    Դրանից հետո հանցավոր կազմակերպության անդամները Վրաստանում գնել են հաշվառման վկայագրերում նշված մակնիշներին, թողարկման տարեթվերին և գույներին համապատասխանող տրանսպորտային միջոցներ, վրաց-հայկական և վրաց-ռուսական միջպետական սահմանների չեզոք գոտիներում պոկել տրանսպորտային միջոցների նույնականացման համարները՝ դրանց փոխարեն փակցրել իրենց մոտ առկա հաշվառման վկայագրում նշված կեղծ նույնականացման համարներն ու հաշվառման համարանիշերը, այդ ավտոմեքենաներով հատել վրաց-հայկական պետական սահմանը՝ ստեղծելով կեղծ տպավորություն, իբր 2018-2020 թվականներին գնված և Ղազախստանում արտահանված ավտոմեքենաները մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն:

    Հանցավոր կազմակերպություն ստեղծելու, դրան մասնակցելու, կեղծ փաստաթղթեր օգտագործելու, տրանսպորտային միջոցների նույնականացման տարրերը կեղծելու և առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 213 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ մաքսային միագումար վճարից խուսափելու համար 10 անձի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

    Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

    5 մեղադրյալի գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել, 218 մեքենա ճանաչվել է որպես իրեղեն ապացույց:

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում:

  • 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելած ռուս զբոսաշրջիկների թիվն աճել է 23.3%-ով | Հասարակություն

    Ռուսաստանի տուրիստական գործակալությունների դաշինքի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանի փոխանցմամբ՝ 2026 թվականին ռուս զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններն են Թուրքիան, Եգիպտոսը, Չինաստանը, Թաիլանդն ու Վիետնամը։ Մերձավոր արտասահմանյան երկրների շարքում առաջատար եռյակում են Բելառուսը, Աբխազիան և Հայաստանը։

    • Ռուսաստանցի զբոսաշրջիկներ․ Հայաստան է այցելել 416,743 ռուս զբոսաշրջիկ (2025-ի նույն ժամանակահատվածի 338,052-ի համեմատ՝ աճը 23.3%):

    • Մասնաբաժինը ընդհանուր հոսքում․ ՌԴ քաղաքացիների տեսակարար կշիռը 37.3%-ից հասել է 40%-ի։

    • Ընդհանուր զբոսաշրջային հոսք․ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է այցելել 1,041,598 զբոսաշրջիկ, ինչը 14.8%-ով գերազանցում է 2025 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշը։

  • TRIPP-ը ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, և որևէ երկիր իրեն չի կարող իրավունք վերապահել այն կոչել միջանցք․Նարեկ Կարապետյան | Քաղաքականություն

    Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծին, դրա վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ասել է, որ TRIPP-ը ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, և որևէ երկիր իրեն չի կարող իրավունք վերապահել այն կոչել միջանցք։

    Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը խոսել էր  այն մասին, որ TRIPP-ի շրջանակներում Ադրբեջանի հիմնական մասից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագիծը պատրաստ է։

    Խոսելով այս թեմայի մասին Նարեկ Կարապետյանն ասել է, որ Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու դեպքում նրանք պետք է վճարեն հայկական կողմին։

    «Թող վճարեն և անցկացնեն, եթե ցանկանում են։ Մեր երկիրը պետք է դրանից շահի։ Հայաստանի համաձայնությունը ստանալուց հետո պետք է վճարեն»,-ասել է Կարապետյանը։  

    Նարեկ Կարապետյանը կարծիք է հայտնել, որ այդ սկզբունքը պետք է տարածվի Հայաստանի տարածքով անցկացվող ցանկացած ենթակառուցվածքի վրա։

     

  • Ադրբեջանը Վրաստանի միջոցով էլեկտրաէներգիա կմատակարարի Եվրոպա․ Ալիև

    Այժմ աշխատանքներ են տարվում էներգետիկ մալուխի անցկացման նախագծի ուղղությամբ
  • Նոր Խարբերդում 67-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել, դեպքը ներկայացվում է մանիպուլյատիվ. ՆԳՆ | Հասարակություն

    Օգոստոսի 5-ին Նոր Խարբերդ բնակավայրում 67-ամյա տղամարդն իրեն պատկանող որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

    Լրատվական որոշ կայքերում և սոցցանցում դեպքի առնչությամբ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում` այն ներկայացնելով որպես «ամենօրյա կրակոցներ և հանցավորության հերթական դրսևորում»։

    Հորդորում ենք զերծ մնալ մանիպուլացնող տեղեկությունների տարածումից, իսկ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար դիմել համապատասխան պետական կառույցներ։

  • Թուրքիայում «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին վերանորոգվում է | Տարածաշրջան

    Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին վերանորոգվում է։ Եկեղեցին զգալի վնաս էր կրել 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած 7.6-7.7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։

    Եկեղեցին կառուցվել է 1876-ին և ունի 150 տարվա պատմություն։

    «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Յուսուֆ Թաբաշը հայտարարել է, որ վերականգնման աշխատանքները կիրականացվեն պետության կողմից տրամադրված 5 մլն լիրայի (105.000 դոլար) աջակցությամբ:

    Երկրաշարժից հետո վնասվել և ավերվել է խորանի հատվածը։ Թաբաշն ընդգծել է, որ եկեղեցին այս շաբաթվա վերջին ամբողջությամբ փակ կլինի պատարագների համար։ 

    Վերականգնման շրջանակներում կնորոգվի եկեղեցու տանիքը, կվերականգնվի հատակը և կլուծվի առկա ջրահեռացման խնդիրը։ Կվերակառուցվեն խորանները, և անհրաժեշտ աշխատանքներ կկատարվեն վերանորոգման կարիք ունեցող պատերի տեսքը վերականգնելու համար։ Բացի այդ կվերականգնվեն նաև եկեղեցուն կից կառույցները, խանութները, որոնք ապահովում են եկեղեցու եկամտի աղբյուրը։

  • Համբարձում Մաթևոսյանը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ հանդիպել է Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամների հետ | Հասարակություն

    Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել ՇՄՆ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամների հետ։

    Հանդիպման ընթացքում երիտասարդները նախարարին են փոխանցել LCOY Armenia-ի շրջանակում՝ ավելի քան 100 երիտասարդների ու դեռահասների մասնակցությամբ մշակված Երիտասարդների ազգային հայտարարությունը։ Փաստաթուղթն ամփոփում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Հայաստանի երիտասարդների առաջնահերթություններն ու առաջարկները։

    Նախարարն ընդգծել է երիտասարդների ներգրավվածության կարևորությունը բնապահպանական օրակարգերի ձևավորման գործում՝ նշելով․ «Երիտասարդների գաղափարները, նախաձեռնողականությունն ու նորարար մոտեցումները կարող են էական ներդրում ունենալ մեր երկրի բնապահպանական քաղաքականության մշակման և իրականացման գործում»։

  • Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը

    Խախտումների պատճառով արտադրամասի գործունեությունը կասեցվել է։
  • Կփոխվի կառավարության անդամների երդման տեքստը | Հայաստան

    «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցն Ազգային ժողովի դեռևս օրակարգում չընդգրկված նախագծերի բաժնում է։ Ըստ նախագծի, կփոփոխվի կառավարության անդամների երդման տեքստը։

    Նոր տեքստը կշարադրվի հետևյալ բովանդակությամբ․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»։

    Ըստ նախագծի հիմնավորման՝ գործող տեքստն ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը, որոնք անհրաժեշտ պայմաններ են ժողովրդավարական և իրավական պտության համար։ Մինչ այս պահին գործող տեքստն ունի հետևյալ բովանդակությունը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: