Category: Ambion.news

  • Լքված նորածինը անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի – ԱՄԲԻՈՆ NEWS

    Լքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի։ Ambion.news-ի հետ զրույցում նրան գտած Նարեկ Պետրոսյանը հայտնել է, որ անունը սոցծառայության կողմից է դրվել։

    Նարեկը հայտնել է, որ պարբերաբար տեսակցում է երեխային, կա դրական դինամիկա, սակայն թոքերի հետ դեռ խնդիր կա, և մինչև ամսվա վերջ աղջիկը կմնա հիվանդանոցում։ Նրա խոսքով, արդեն համաձայնություն կա, որ դուրսգրման պահին ինքն ամեն ինչ կհամակարգի։

    Օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի բակերից մեկում Նարեկ Պետրոսյանը նորածին աղջիկ էր գտել, որը սառած էր և տեղափոխվել էր հիվանդանոց։ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ծնողների հայտնաբերման վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Սոսեին կտեղափոխեն մանկատուն։

  • Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք

    Ըստ Ադրբեջանի ՊԵԿ-ի տվյալների՝ Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

    Միևնույն ժամանակ, 7 ամսում Ադրբեջանի անուղղակի ներմուծման արժեքը Հայաստանից կազմել է 960 դոլար։

  • Ընտանեկան բռնության դեպքում պետք է գործի – ԱՄԲԻՈՆ NEWS

    Մեր զրուցակիցն է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը

    – Տիկի՞ն Դուրյան, հիմնականում ի՞նչ հանցավորությունների մեջ են ներգրավվում անչափահասները, և ի՞նչն է դրդում նրանց ոչ օրինական քայլեր կատարել։

    – Անչափահասների շրջանում առավել հաճախ արձանագրվում են գողության, մարմնական վնասվածք հասցնելու , խուլիգանության դեպքերը։ Վերջին տարիներին ավելանում են համացանցի միջոցով  կատարվող իրավախախտումները։ Պատճառներից կնշեի ընտանիքի անբարենպաստ մթնոլորտը,  երեխսներին անուշադրութան մատնելը,  հսկողության պակասը,  սոցիալական ծանր պայմանները,  կրթության եվ  դաստիարակության  բացթողումները։ Հարկ եմ համարում նշել  նաև սոցիալական ցանցերի եվ  ինտերնետի վտանգավոր ազդեցությունը ։

    – Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին թմրանյութերից և հանցավոր արարքներից: Որտե՞ղ փնտրենք գլխավոր պատասխանատուներին։

    -Կանխարգելումը պահանջում  է համալիր  մոտեցում։ Հարկ է նշել, որ պատասխանատուների ցանկը շատ մեծ է, սկսած ընտանիքից, դպրոցից,  բոլոր շահագրգիռ կառույցներից, համայնքից, իրավապահ համակարգից , ավարտած հասարակությունով։Կանխարգելման գործընթացում պետք է ներգրավված  լինեն  համայնքի եվ  շահագրգիռ պետական  մարմինների  պատասխանատուները: Ծնողներն  ու ուսուցչական կազմը  պետք է  ամենօրյա ուշադրության կենտրոնում պահեն անչափահասի վարքագծում նկատվող փոփոխությունները։  Դպրոցներում  շատ կարևոր է իրազեկման ծրագրերի իդակսնացումը՝ ինչպես մանկավարժների այնպես էլ ոստիկանների մասնակցությամբ։

    – Շատ հաճախ կինը, դառնալով ընտանեկան բռնության զոհ, ստիպված կանգնում է երկընտրանքի առջև

    մի կողմից բռնություն, իսկ մյուս կողմից  բռնությունը հանրային չդարձնելու սպառնալիքներ։ Ինչպե՞ս պետք է վարվի կինը այս պարագայում։

    -Բռնությունը երբեք չի կարելի միայնակ լռությամբ տանել։  Անհրաժեշտ է  հնարավորինս շուտ դիմել հարազատներին,  սոցիալական ծառայություններին կամ ոստիկանությանը։  Աստեղ պետք է գործի «մի’ լռիր» կարգախոսը։

  • «Մեկ ամիս է, ինչ բաժանվել եմ». Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը հաստատել է ամուսնալուծության մասին լուրը

    Էլինա Պետրոսյանը Ինստագրամի սթորի բաժնում հայտնել է, որ մեկ ամիս է բաժանվել է՝ հավելելով, թե «ամեն ինչ օնլայն սկսվեց, օնլայն էլ կվերջանա» և խնդրել է չհարցնել ու հարգել իր անձնական տարածքը։

    Նա նաև իր ինստագրամյան հարթակից հեռացրել է համատեղ բոլոր լուսանկարները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոս Անջելեսում կայացել է Արմեն Պետրոսյանի դստեր՝ Էլինա Պետրոսյանի հարսանիքը։

  • Ստուգումներ «Արտ լանչի» բոլոր մասնաճյուղերում. երկուսում խախտումներ են հայտնաբերվել

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության Երևանի Աբելյան փողոց 6/12 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում՝ «Արտ լանչ»-ում («Այ Թի Պարկ» բիզնես կենտրոն), իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված պահանջները։

  • Հայկ Մարտիրոսյանը «Ռուբինշտեյնի Շախմատային Փառատոն 2026»-ում – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը այս օրերին մասնակցում է Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում ընթացող «Ռուբինշտեյնի Շախմատային Փառատոն 2026» միջազգային մրցաշարին։

    Մարտիրոսյանը մեկնարկային տուրում պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ երկրորդ տուրում պարտություն է կրել։

    Մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ, այն բաղկացած է 9 տուրից և կըզրափակվի օգոստոսի 23-ին։

  • «Սա քաղաքական հետապնդում է․ դժվարություններից ընկրկող չեմ»․ Մարտուն Գրիգորյանի ուղերձը «Արմավիր» ՔԿՀ-ից

    ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է․

    «Հարգելի հայրենակիցներ, շիրակցիներ, գյումրեցիներ,
    Բոլորդ տեղյակ եք, որ օգոստոսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեից քննիչները այցելեցին ինձ և ի զարմանս բոլորիս՝ առանց որևէ նախնական ծանուցման կամ հրավերի, փաստորեն, ինձ անմիջապես ձերբակալեցին, որից հետո ըստ ընթացակարգի երեկոյան տեղի ունեցած դատական նիստով դատավորը որոշեց երկամսյա կալանքով ինձ ազատազրկել՝ անհասկանալի մի գործով, որին ինքս ընդհանրապես, առնչություն չունեմ։
    Չեմ ուզենա գործի իրավական կողմին անդրադառնալ, այդ մասին պաշտպանական կողմը պարբերաբար մանրամասն տեղեկացնում է հանրությանը։
    Կուզենամ խոսել այս իրավիճակի բարոյական կողմի մասին, որը շատ հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է, որի միջով անցնում ենք արդեն մի տարի և ավելի՝ թիմս, ընտանիքս ու ես և այս մասին բոլորդ շատ լավ գիտեք։
    Ես սպասել եմ այս օրվան, որովհետև ի սկզբանե գիտեի, որ նախ փորձեցին ընտանիքիս բոլոր տղամարդկանց՝ հորս ու որդիներիս, ինչպես նաև թիմակիցներիս նկատմամբ քրեական գործերով ու ձերբակալություններով ինձ թուլացնել, ինչը չստացվեց, ես երբեք չեմ ընկճվել, հետքայլ չեմ արել․ շարունակեցի իմ ճանապարհը, շարունակեցի նույն ձեռագրով, նույն խոսույթով։
    Ես միշտ առողջ ու կառուցողական քննադատության կողմնակիցն եմ, բայց և այնպես, դուք բոլորդ գիտեք իմ զուսպ ու կոռեկտ քաղաքական խոսույթը:
    Ես հիմա էլ եմ կրկնում արդեն քրեակատարողական հիմնարկից՝ պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ, մարդկանց դժվարությունների ու դժբախտությունների առաջ կանգնեցնել, ընտրությունները եղել են ու կլինեն։ Ճիշտ կլիներ, որ պայքարը լիներ քաղաքական հարթությունում։
    Ինչևէ, սա էլ կանցնի, ես դժվարություններից ընկրկող, վհատվող, թուլացող չեմ, իմ 20-ամյա քաղաքական ճանապարհը եղել է բավականին դժվարին ու խոչընդոտներով, բայց ես ունեմ շատ ուժեղ կամային հատկություններ ու ամենակարևորներից մեկն ասեմ՝ միշտ պետք է մարդկային արժեհամակարգին մնալ հավատարիմ։
    Իմ պաշտպանի միջոցով տեղեկացված եմ, որ շատ-շատ եք հետաքրքրվել ինձանով։
    Այս օրերին ես հատկապես զգում եմ, թե ինչ մեծ ուժ է մարդուն տալիս իր կողքին կանգնած մարդկանց վստահությունը։ Ձեր աջակցությունը պարզապես վերաբերմունք չէ։ Այն պատասխանատվություն է, որը ես շատ լավ գիտակցում եմ։
    Ես գնահատում եմ յուրաքանչյուրիդ։
    Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իրենց խոսքով, ներկայությամբ, աջակցությամբ ու պարզապես հավատով իմ կողքին են։ Շնորհակալ եմ իմ թիմին՝ նվիրվածության, հավատարմության ու միասնականության համար»։

  • «Տարիներ շարունակ եկել, նկարել են, մտածել ենք՝ ցուցակում կանք»․ Ստեփանավանում երկրաշարժից տուժած ընտանիքը բնակարանային անորոշության մեջ է

    Ստեփանավանում երկրաշարժից տուժած ընտանիքներից մեկը հայտնվել է փակուղում․ տարիներ շարունակ համայնքապետարանի աշխատակիցներն այցելել են, լուսանկարել բնակարանն ու խոստումներ տվել, սակայն այսօր քաղաքաշինության պատասխանատուները պնդում են, որ ընտանիքն ընդհանրապես հաշվառված չէ բնակարանային ապահովման ցուցակներում։

    Աղետից հետո ընտանիքին տրամադրվել է միայն փոքր աջակցություն՝ կոսմետիկ վերանորոգման համար։ Սակայն ժամանակի ընթացքում շենքի տեխնիկական վիճակն ավելի է վատթարացել, իսկ կառույցի քայքայումը խորացել է՝ ստեղծելով անվտանգային լուրջ խնդիրներ։

    «Մենք մտածել ենք, որ ցանկի մեջ կանք, անընդհատ եկել են համայնքապետարանից, նկարել են։ Դիմումներ ենք գրել 2008-ին, 2015-ին, բայց պատճենները չենք պահել։ Այսօր արդեն Քաղաքաշինության կոմիտեից մեզ ասում են, որ ցուցակներում ընդհանրապես չկանք, իսկ համայնքապետարանից էլ պարզապես պատասխանող չկա․ ասում են՝ նոր ծրագիր չկա, որ ձեզ ներառենք»,- հավելում է բնակիչը։

    Ստացվում է՝ տարիների ընթացքում ներկայացված դիմումներն ու պաշտոնյաների հաճախակի այցելությունները ոչ այլ ինչ էին, քան ձևականություն, իսկ քաղաքացիները, վստահելով տեղական իշխանությունների խոստումներին, չեն պահպանել դիմումների պատճենները։ Արդյունքում՝ վթարային ու քայքայվող տանը բնակվող ընտանիքն այսօր կանգնած է անորոշության առջև՝ զրկված պետական աջակցության որևէ իրական հեռանկարից։

    Արամ Դավթյան

  • «Չաղ Ռուստամի» վերադարձը խցիկ․ ով է քրեական հեղինակությունը և ինչ է թաքնված նրա շուրջ ծավալվող իրադարձությունների հետևում

    «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի աղմկահարույց սպանության կազմակերպման մեղադրանքով անցնող Ռուստամ Ստեփանյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է «Չաղ Ռուստամ» մականվամբ, կրկին հայտնվել է կալանավայրում։ Դատարանի որոշմամբ տնային կալանքի ու խոշոր գրավի դիմաց ազատության մեջ հայտնված քրեական հեղինակության խափանման միջոցը Վերաքննիչ դատարանը կրկին փոխեց՝ բավարարելով դատախազության բողոքը։

    Ռուստամ Ստեփանյանը հայաստանյան քրեական աշխարհի ծանրակշիռ ու ազդեցիկ ֆիգուրներից է, ում անունը տարիներ շարունակ կապվել է տարբեր աղմկահարույց միջադեպերի, ազդեցության գոտիների վերաբաժանման և քրեական «վեճերի» լուծման հետ։ «Ֆազի» սպանության գործում նրան առաջադրված ծանր մեղադրանքը՝ հանցագործությունը կազմակերպելու վերաբերյալ, քրեական ենթամշակույթի ներսում ընթացող արյունալի հաշվեհարդարների ցայտուն դրսևորում էր։

    Սակայն այս պատմության հետաքննական առանցքը միայն բուն սպանությունը չէ, այլ այն արտոնյալ պայմաններն ու մթնոլորտը, որոնք ստեղծվում են նման ֆիգուրների շուրջ անազատության վայրերում։ Լրատվամիջոցների ու իրավապահ ետնաբեմերի տեղեկություններով՝ ՔԿՀ-ների ղեկավարազմի հետ քրեական հեղինակությունների մտերմիկ, ոչ կանոնադրային շփումները, համբույրներով ողջույններն ու անձնակազմի ընդգծված «հարգալից» վերաբերմունքը ցույց են տալիս, թե որքան խոցելի են քրեակատարողական համակարգի ներքին կանոնակարգերը։

    Այժմ քննչական մարմինների և դատախազության առաջ ծառացած է գլխավոր խնդիրը՝ ոչ միայն ապահովել մեղադրյալի ֆիզիկական մեկուսացումը հասարակությունից, այլև ապացուցել, որ իրավապահ համակարգն ունակ է մինչև վերջ տանել բարձրահնչյուն քրեական գործերի քննությունը՝ առանց ետնաբեմային զիջումների և արտոնյալ կարգավիճակների հանդուրժման։

    Արամ Դավթյան

  • «Հայ կնոջ, հայ մոր արձանը կկառուցեի»․ Կենտրոն ՔԿՀ-ից՝ Սուրբ Աստվածածնի տոնի առիթով

    Երեկ հայ Առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Վստահ եմ, որ հայոց բոլոր եկեղեցիները լի են եղել հավատացյալներով՝ մեծով, փոքրով, ծնող ու երեխայով։ Ցավոք, ես զրկված էի այդ գեղեցիկ ու լուսավոր տոնին մասնակցելու հնարավորությունից։

     

    Հայ առաքելական եկեղեցին կանանց, մայրերին առանձնահատուկ ձևով է մեծարում՝ Աստվածամորը դնելով խորանի ամենաբարձր կետում, և նրա միջոցով իր ակնածանքն ու խոնարհումն ուղղելով բոլոր հայ մայրերին։

     

    Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը։ Փորձությունների իմ բաժին այս շրջանն անցնելով և կտրված լինելով արտաքին աշխարհից, իմ ամենամտերիմ մարդկանց հետ շփումից, ես ավելի պարզ և ուժգին եմ զգում կապն ամենաթանկ մարդկանց հետ։ Զգում եմ իմ բախտավորությունը՝ այսքան տարի մայր ունենալու շնորհը վայելելու։ Զգում եմ իմ բախտավորությունը՝ լավ ընտանիք, լավ կին՝ կյանքի ընկեր, նվիրված, խելացի ու շնորհալի դուստրեր ունենալու, որոնք բոլորն այսօր բազմազավակ մայրեր են։

     

    Ես այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ, և Աստվածամորը նվիրված տոնին ուզում եմ պարզապես շնորհակալ լինել այն մարդկային հարստության համար, որ ինձ բաժին է հասել՝ ի դեմս Աստծուց ինձ շնորհված մոր, կնոջ, քրոջ, դուստրերի և իմ քաղցր թոռնուհիների։ Ավելի թանկ նվերներ, ավելի թանկ հարստություն մարդ խնդրել չի էլ կարող։ Ես կուզեի, որ ամեն մարդ կարողանար գնահատել իրեն բաժին հասած բարեբախտությունը և իր սրտում պահեր շնորհակալության զգացումը, անկախ՝ պահի բերած դժվարություններից։ Հենց այդ զգացումն է, որ ինձ ամրություն է տալիս հիմա, հենց այդ զգացումն է, որ ինձ օգնում է հավատով նայել առաջ։

     

    Ամիսներ առաջ երիտասարդ ուսանողի հարցին, թե՝ էլ ո՞ւմ արձանը կկառուցեիք, եթե հնարավորություն ունենայիք, առանց մի վայրկյան մտածելու պատասխանել եմ՝ հայ կնոջ, հայ մոր։ Աշխարհի բոլոր մայրերի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ՝ ես շեշտել եմ և շեշտում եմ հայ կնոջը՝ որպես ընկեր, որպես մայր, որպես ընտանիքի և պետության հիմնասյուն։ Հիմա էլ, առանց տատանվելու, կկրկնեմ նույնը։

     

    Աստված պահապան բոլորիս։

     

    Կենտրոն ՔԿՀ

    17.08.26թ.