Category: Ambion.news

  • Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական համաձայնագիրը

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ գոհ է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի կողմից փոխադարձ պաշտպանական համաձայնագրի ստորագրումից։

    «Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս վերջապես ստորագրեցին Մեքքայի փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը»,— գրել է նա սոցիալական հարթակում։ Թրամփի խոսքով՝ այս համաձայնագիրը ցույց է տալիս Մերձավոր Արևելքի երկրների միասնությունը, իսկ երեք երկրների քայլը նշանակալի, համարձակ և կարևոր է։

  • Դուք չմարսեցիք Մարտուն Գրիգորյան քաղաքական գործչի ֆենոմենը. Լիզա Գասպարյան

    Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    «Արդարությունը իշխանության գործիք երբեք չի դառնում։ Որովհետև այնտեղ, որտեղ արդարությունը ծառայեցնում են իշխանությանը, այն այլևս արդարություն չէ։

    Դուք չմարսեցիք Մարտուն Գրիգորյան քաղաքական գործչի ֆենոմենը, մարդ

     ով խոսքի տերն է, գործի տերն է, ապրում էի Գյումրիով

    նեղ ու  լեն օրերին քաղաքի հետ է, քաղաքի կողքին:

    Իսկ դուք… կլռեմ, որովհետև ամենալավը ձեր մասին խոսում է ձեր կուսակցական պիտակը»:

  • «Քար առ քար կառուցենք ապագան»․ Հայաստանի արդյունաբերական զարգացման նոր տեսլականը

    ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը գրում է.

    Վերջին շրջանում խոսում էինք Հայաստանի արդյունաբերության զարգացման մի քանի կարևոր ուղղությունների մասին՝ արժեշղթաների երկարացում, բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության զարգացում, տեխնոլոգիական, խելացի ու հետագծելի արդյունաբերության ձևավորում։ Հիմա խոսենք սրանց իրականացման գործիքների մասին։ Իմ համոզմամբ՝ այդ գործիքներից կարևորագույնը արդյունաբերական գոտիների և դրանց շուրջ ձևավորվող կլաստերների ստեղծումն է։

    Արդյունաբերական գոտին պարզապես հողատարածք կամ արտադրական շենքերի համախումբ չէ։ Ճիշտ ձևավորված արդյունաբերական գոտին պետք է լինի ամբողջական արդյունաբերական էկոհամակարգ, որտեղ արտադրողը կարող է գտնել անհրաժեշտ ենթակառուցվածքը, մատակարարներին, լոգիստիկան, ինժեներական և տեխնոլոգիական ծառայությունները, մասնագիտական աշխատուժը և իր արտադրանքի համար անհրաժեշտ այլ ռեսուրսներ։

    Սա ունի նաև շատ կոնկրետ տնտեսական ազդեցություն։ Երբ նույն արժեշղթայի տարբեր օղակները տարածականորեն և տնտեսական առումով մոտենում են միմյանց, հնարավոր է նվազեցնել լոգիստիկ և այլ գործառնական ծախսերը, համատեղ օգտագործել ենթակառուցվածքներ և ծառայություններ, կրճատել արտադրության ինքնարժեքը, բարձրացնել արտադրողականությունը և, հետևաբար, բարձրացնել հայկական արտադրանքի մրցունակությունը։

    Բայց այստեղ կարևոր է մեկ սկզբունք․ Հայաստանում չպետք է ստեղծենք արդյունաբերական գոտիներ միայն տարածք տրամադրելու տրամաբանությամբ։ Նախ պետք է հասկանալ՝ ի՞նչ ենք արտադրելու այդտեղ, ի՞նչ շուկաների համար և ի՞նչ արժեշղթայի շուրջ ենք ձևավորելու կլաստերը։

    Հետևաբար առաջիկա տարիների աշխատանքը պետք է սկսվի ոչ թե շինարարությունից, այլ արժեշղթաների և շուկաների քարտեզագրումից։ Պետք է ընտրենք այն ուղղությունները, որտեղ Հայաստանը կարող է ունենալ իրական մրցակցային առավելություն, հաշվարկենք այդ արժեշղթաների ներուժը, հասկանանք անհրաժեշտ հումքի և բաղադրիչների աղբյուրները, արտահանման շուկաները և այն բացերը, որոնք այսօր թույլ չեն տալիս ամբողջական արտադրական շղթան ձևավորել Հայաստանում։

    Այս տեսանկյունից Հայաստանում արդյունաբերական կլաստերների ձևավորման պոտենցիալ ունեն, օրինակ, մետաղամշակման, ոսկերչության և թանկարժեք քարերի, տեքստիլի և թեթև արդյունաբերության, սննդի վերամշակման, դեղագործության, քիմիական արտադրության, էլեկտրոնիկայի և բարձր տեխնոլոգիական արտադրության ուղղությունները։ Սակայն ընտրություն անելիս պետք է առաջնորդվենք կոնկրետ տնտեսական հաշվարկներով, ներդրումային հետաքրքրությամբ և միջազգային շուկաների պահանջարկի ուսումնասիրությամբ։

    Միայն դրանից հետո կարելի է անցնել կլաստերի տարածքային ձևավորման նախագծմանը․ որտեղ է այն նպատակահարմար տեղակայել, ինչ ենթակառուցվածքներ են անհրաժեշտ, ինչ արտադրողներ կարող են դառնալ դրա հիմքը, ինչ մատակարարներ և ծառայություններ պետք է ներգրավել, ինչպիսի էներգետիկ, ջրային, ճանապարհային, լոգիստիկ և թվային ենթակառուցվածքներ են պահանջվում։

    Այստեղ պետության դերը պետք է լինի հստակ։ Պետությունը չպետք է որոշի՝ կոնկրետ որ ընկերությունն ինչ արտադրի։ Պետությունը պետք է ստեղծի այն ենթակառուցվածքային, կարգավորող, ֆինանսական և մարդկային կապիտալի միջավայրը, որտեղ մասնավոր ներդրողները կտեսնեն արդյունաբերական գոտիներում արտադրություններ հիմնելու և ընդլայնելու տնտեսական տրամաբանությունը։

    Դրանից հետո արդյունաբերական գոտու շուրջ պետք է ձևավորվի արտադրողների «կրիտիկական զանգվածը», իսկ արդեն գործող արտադրողների շուրջ՝ ներգրավվեն բաղադրիչների, հումքի, փաթեթավորման, ինժեներական, տեխնոլոգիական և այլ ծառայությունների մատակարարներ։ Այսպիսով՝ ոչ միայն կերկարացվեն արժեշղթաները և կմեծանա Հայաստանում ստեղծվող ավելացված արժեքի բաժինը, այլև կստեղծվեն թվայնացման և արտադրանքի ամբողջական հետագծելիության համար անհրաժեշտ պայմաններ։

    Եվ վերջապես՝ այս ամենի վերջնակետը կլինի միջազգային շուկաներում դիրքավորումը։

    Կլաստերի նպատակը միայն Հայաստանում արտադրելը չէ։ Այն պետք է հնարավորություն տա ստեղծել միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանք, նվազեցնել ինքնարժեքը, զարգացնել հայկական բրենդներ և ավելի արդյունավետորեն մուտք գործել արտաքին շուկաներ։

    Մեր նպատակն է, որ առաջիկա տարիների ընթացքում Հայաստանում ունենանք առնվազն երկու իրական արդյունաբերական գոտի, որոնք չեն լինի պարզապես արտադրական տարածքներ, այլ կաշխատեն որպես ամբողջական կլաստերներ՝ իրենց արտադրական արժեշղթաներով, մատակարարներով, ենթակառուցվածքներով և արտահանման ուղղություններով։

    Սա արդեն արդյունաբերական քաղաքականության հաջորդ մակարդակն է․ ոչ թե պարզապես ավելի շատ արտադրել, այլ Հայաստանում ստեղծել այնպիսի արդյունաբերական էկոհամակարգեր, որտեղ արտադրելը դառնում է ավելի արդյունավետ, ավելի էժան, տեխնոլոգիապես ավելի բարդ և միջազգային շուկաներում ավելի մրցունակ։

    Եվ հենց այս տրամաբանությամբ պետք է առաջիկա տարիներին կառուցվի Հայաստանի նոր արդյունաբերական քարտեզը։

    Քար առ քար կառուցենք ապագան։

    Ես հավատում եմ մեզ։

  • «Ֆազի» գրավից մինչև Արմեն Գրիգորյանի մահ. ինչպես տապալվեց ու ավարտվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի աղմկոտ կարիերան

    Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով: Նա հանրությանն հայտնի էր դարձել աղմկահարույց քրեական գործերով և կալանքի միջնորդությունների քննությամբ, իսկ ավելի ուշ դարձավ Հայաստանում քրեական պատասխանատվության ենթարկված և պաշտոնից ազատված սակավաթիվ դատավորներից մեկը:

    Նրա լիազորությունների դադարեցման ու քրեական հետապնդման հիմքում ընկած են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու մեղադրանքները: Ամենաաղմկահարույց դեպքը վերաբերում էր «Ֆազ» մականվամբ քրեական հեղինակություն Էրիկ Ուրուտյանի գործին, որտեղ դատավորը, իր մոտիկ ընկեր, հայտնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությամբ, մեղադրյալի կալանքը փոխարինել էր 20 միլիոն դրամ գրավով: Այս որոշումից հետո Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հատուկ գործողություն իրականացրեց, որի արդյունքում պաշտոնավարող դատավորն ու փաստաբանը ձերբակալվեցին ու կալանավորվեցին, ինչն աննախադեպ իրադարձություն էր դատական համակարգում:

    Այս գործից զատ, Արուսյակ Ալեքսանյանի անվան հետ են կապված նաև այլ հանրային հնչեղություն ունեցող դեպքեր: Մասնավորապես, նա է բավարարել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու միջնորդությունը, ով հետագայում մահացավ հենց դատարանի դահլիճում: Նաև քննել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդու վերաբերյալ գործը՝ մերժելով նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը, ինչպես նաև կայացրել է մի շարք այլ որոշումներ քաղաքական ու հասարակական գործիչների վերաբերյալ:

    Արամ Դավթյան

  • Ալեն Սիմոնյանը երգչուհի Լոբոդայի հետ Գառնիում է եղել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Նորանշանակ ԱԽՔ Ալեն Սիմոնյանը նշանածի և երգչուհի Սվետլանա Լոբոդայի հետ այցելել է Գառնի։

    Սոցցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը քննարկման առիթ են դարձել։ Կադրերում Սիմոնյանն ու Լոբոդան միասին են՝ Գառնիի պատմամշակութային վայրում։

  • Քամու հետևանքով Ախուրյանում պատուհան է պոկվել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ambion.news-ի տեղեկություններով

    Ախուրյան համայնքի Ջրաշինարարների փողոցի 1/4 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում ուժեղ քամու հետևանքով պոկվել է պատուհանը։

    Դեպքի վերաբերյալ «Ամբիոն Նյուզ»-ին մանրամասներ է հայտնել բնակարանատերը․

    «Նոր տուն եկա ու տեսա էս վիճակը․ քամուց 4-րդ հարկի մեր լուսամուտը պոկվել էր։ Լավ է՝ տանը մարդ չի եղել ու մարդու բան չի պատահել», – ասաց նա։

  • Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում

    Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում։

    Խանութի ինտերիերը կձևավորվի կախարդական առևտրային փողոցի՝ Թեք նրբանցքի, մոտիվներով։ Գլխավոր տարրերի թվում կլինեն «Գիշերային ասպետ» լիաչափ ավտոբուսը, Գրինգոտսի գոտու վերևում տեղադրված ուկրաինական երկաթափոր վիշապը, ինչպես նաև «Ծակ կաթսա» պանդոկը, որտեղ այցելուներին կառաջարկեն ուտելիք և սերուցքային գարեջուր։

  • Անձրևից հետո՝ «Գյումրիի Վենետիկը» բացվեց – ԱՄԲԻՈՆ NEWS

    Գյումրիում անձրևից հետո բնությունը հերթական անգամ հիշեցրեց, որ քաղաքային ենթակառուցվածքների հետ կարելի է նաև «գետ» կառուցել՝ առանց մեծ ծախսերի։ Փողոցում անձրևաջրերը կուտակվել են այնպես, որ փողոցը մի պահ վերածվել է իսկական «Գյումրի գետի»։

    Այժմ բնակիչներին մնում է սպասել միայն նավակների ներդրմանը։

    Իսկ եթե անձրևը մի քիչ էլ երկար տևի, կարելի է մտածել նաև նավահանգստի կառուցման մասին։

    Հատկապես հետաքրքիր է, որ Գյումրիում անձրևաջրերի հեռացման համակարգերի խնդիրը նոր չէ․ նախկինում ևս արձանագրվել է, որ քաղաքի բազմաթիվ փողոցներում անհրաժեշտ են համապատասխան ջրահեռացման լուծումներ։

    Մի խոսքով՝ Գյումրիում անձրևը տեղաց, իսկ Հալաբյան փողոցը որոշեց սեփական գետ ունենալ։

    #Գյումրի #Հալաբյան #Անձրև #Ջրահեռացում #ԳյումրիիՎենետիկը

  • Երիտասարդ փաստաբանների ամառային ճամբար 2026» — Օր 2 – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ճամբարի երկրորդ օրը մասնակիցների համար անցկացվեցին ինտելեկտուալ և ժամանցային հետաքրքիր խաղեր, որոնք ապահովեցին բարձր տրամադրություն, ակտիվ մասնակցություն։

    Խաղերի արդյունքում հաղթող թիմերը պարգևատրվեցին նվերներով։

     

    Օրվա ավարտին ճամբարի մասնակից երիտասարդ փաստաբանները Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի կողմից ստացան հավաստագրեր:

     

    Երիտասարդ փաստաբանների ամառային ճամբարի նպատակն էր համատեղել մասնագիտական միջավայրը, ընկերական շփումն ու հաճելի ժամանցը։

     

    📌Այս միջոցառմանն աջակցել է Դանիայի, Լյուքսեմբուրգի և Կորեայի Հանրապետության կառավարությունների կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում, արդարադատության մատչելիության ապահովում, փախստականների և ընդունող համայնքների համար միասնական և աջակցող միջավայրի ձևավորում» ծրագիրը։

  • «Գազպրոմ Արմենիայի» և Տեսչական մարմնի աշխատակիցներ են ձերբակալվել՝ կաշառքի գործով

    Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու և ստանալու կասկածանքով ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Տեսչական մարմնի մի շարք աշխատակիցներ։

    Մեր տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները, ենթադրաբար, կաշառք են տվել Տեսչական մարմնի աշխատակիցներին՝ ընկերության ենթակառուցվածքներում առկա խախտումները չարձանագրելու կամ դրանց վերաբերյալ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար։

    Այս պահին իրավապահ մարմինները դեպքի առնչությամբ իրականացնում են քննություն։ Ձերբակալվածների և հնարավոր մեղադրանքների վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

    Տեղեկությունը պաշտոնական աղբյուրներից ստանալուն պես կթարմացնենք։