Ուկրաինան ներկայում տարեկան արտադրում է 10 միլիոն անօդաչու թռչող սարք և նախատեսում է կրկնապատկել այդ թիվը։ Այս մասին Կիևում Ուկրաինայի պետականության օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նա հիշեցրել է, որ երբ հայտարարել է տարեկան 1 միլիոն անօդաչու թռչող սարք արտադրելու իր ծրագրի մասին, այդ հայտարարության նկատմամբ զգալի կասկածամտություն է նկատվել։
«Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ հրապարակավ հայտարարեցի պետության ծրագրի մասին՝ տարեկան 1 միլիոն անօդաչու թռչող սարք։ Ամենուրեք մեծ կասկածամտություն կար՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Եվ հիմա մենք կարող ենք հաստատել. մենք տարեկան արտադրում ենք 10 միլիոն անօդաչու թռչող սարք։ 10, և կլինի 20», – նշել է Զելենսկին։
Պետության ղեկավարը վստահեցրել է, որ Ուկրաինան դա կանի իր գործընկերների հետ համատեղ։
Euronews-ի փոխանցմամբ՝ Կիևում հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել են, որ Եվրամիությունը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը համատեղ խթանելու շուրջ։
Կարևոր նորամուծություն է այն, որ այդ ԱԹՍ-ները ԵՄ-ի տարածքում արտադրելու և պահելու հնարավորություն է ստեղծվել։ Այս դեպքում դրանք չեն դառնա թիրախ ռուսական հարվածների համար՝ ի տարբերություն Ուկրաինայում պահման դեպքում։
Սակայն պահպանումը կարճաժամկետ կլինի՝ տեխնոլոգիայի արագ զարգացման պատճառով։ Երկու-երեք ամիս անց ԱԹՍ-ները կտեղափոխվեն Ուկրաինա կամ անդամ պետություններ, որոնք հետաքրքրված են իրենց կարողությունները հզորացնելով, մասնավորապես՝ ԵՄ արևելյան թևում։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Եվրոպայում առկա են հսկայական տեխնոլոգիական և արդյունաբերական հզորություններ, սակայն կա փորձի պակաս։
«Մենք չունենք այն մարտական փորձություն անցած գիտելիքներն ու փորձը, որ Ուկրաինան ստեղծել է։ Այսպիսով, ես ուզում եմ ասել, որ մենք պետք է համատեղենք մեր ուժեղ կողմերը։ Միասին մենք կարող ենք աշխատել համատեղ արտադրության վրա», – նշել է նա։
Մինչ օրս ԵՄ մի քանի երկիր առանձին համաձայնագրեր են ստորագրել Ուկրաինայի հետ՝ նրա տեխնոլոգիական կարողություններն օգտագործելու համար։ Հուլիսի 15-ի համաձայնագիրն ավելի է ընդլայնում այս հնարավորությունները՝ գործընկերությունը հասանելի դարձնելով ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների համար։
Որպես երկրորդ քայլ՝ Եվրահանձնաժողովը մտադիր է ընդլայնել Ուկրաինայի հետ համաձայնությունը՝ ներառելով բալիստիկ և հակաբալիստիկ հրթիռային համակարգերի արտադրությունը, սակայն դա դեռևս հեռու ապագայում է, նշում է Euronews-ը։