Author: Balance2

  • «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում





    «Հրապարակ»-ը գրում է․ Չնայած Ազգային ժողովի լիազորությունների ավարտին դեռ մեկ ամիս կա, եւ նոր գումարման խորհրդարանի անդրանիկ նիստն օգոստոսի 3-ին է, սակայն ՔՊ-ի կողմից մերժված Ալեն Սիմոնյանն ու նրա թիմն արդեն լքել են խորհրդարանը։

    Սիմոնյանը հուլիսի 13-ից մինչեւ օգոստոսի 2-ն արձակուրդում է լինելու, նրա խորհրդական Աշխեն Հայրապետյանն ազատման դիմում է գրել։ Իսկ ՔՊ վարչության կողմից ընտրված Ռուբեն Ռուբինյանը, դեռ չընտրված, իրեն արդեն ԱԺ նախագահ է զգում, անցնում է կաբինետներով, հրահանգներ տալիս։ Նրանից ավելի ակտիվ է կինը՝ ԱԺ աշխատակից Մարիամ Հաջի-Հակոբյանը։

    Հիշեցնենք, որ երբ ՔՊ վարչությունն Ալեն Սիմոնյանի փոխարեն ԱԺ նախագահի թեկնածու ընտրեց Ռուբեն Ռուբինյանին, Սիմոնյանը հրաժարվեց նաեւ պատգամավորի մանդատից։




    դիտվել է 223 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը

  • 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, որը նոր խորհրդարանում կրկին կշարունակի իր օրենսդրական գործունեությունը որպես պատգամավոր, հերթական անգամ հայտնվել է մեր ուշադրության կենտրոնում։ «Ժողովուրդ» օրաթերթը, հավատարիմ իր սկզբունքներին, մանրամասն ուսումնասիրել է բարձրաստիճան պաշտոնատար անձի վերջին տարիների հայտարարագրերը՝ վեր հանելով թե՛ գույքային փոփոխությունները, թե՛ անձնական կյանքին վերաբերող ուշագրավ տվյալներ։

    Մինչ պատգամավորի գույքային վիճակին անդրադառնալը, հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը հանրությանը հայտնի է նաև իր անցյալով․ մինչ պատգամավոր դառնալը նա եղել է DJ Ed Ward բեմական անունով հայտնի DJ։ Բացի այդ, նրա անվան հետ է կապվում խորհրդարանում հնչած ամենաաղմկահարույց հայտարարություններից մեկը։ Մասնավորապես, 2023 թվականի մայիսի 3-ին Ազգային ժողովում Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, և հարց էր ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ոստիկանական ռեյդերն անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում։

    «Ժողովուրդ» օրաթերթի կողմից պատգամավորի տարբեր տարիների հայտարարագրերի ուսումնասիրությունը վեր է հանում նաև մեկ այլ ուշագրավ փաստ։ Եթե 2021, 2022, 2023 և 2024 թվականների հայտարարագրերով Էդուարդ Աղաջանյանի հետ համատեղ բնակվող անձ էր ներկայացված Վիկտորյա Այդինյանը, որը պետական պաշտոնյա է, ապա 2025 թվականի տարեկան հայտարարագրում նա արդեն նշված չէ որպես համատեղ բնակվող անձ։

    2025 թվական․ եկամուտների թռիչքաձև աճ

    Անդրադառնալով 2025 թվականի տարեկան հայտարարագրին՝ նշենք, որ Էդուարդ Աղաջանյանը հայտարարագրել է Երևանում բնակարան, Տավուշում հողամաս, մոտոցիկլ, ավտոմեքենա և ավելի քան 17.3 մլն դրամ եկամուտ։

    2025 թվականի սկզբի և վերջի դրությամբ պատգամավորը ունեցել է երկու անշարժ գույք, որոնց կազմը տարվա ընթացքում չի փոխվել։ Դրանցից մեկը Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան է, որը գտնվում է համատեղ սեփականության ներքո և ձեռք է բերվել 2001 թվականի ապրիլի 11-ին՝ նվիրատվության եղանակով։ Մյուսը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում գտնվող հողամաս է, որը պատգամավորի միանձնյա սեփականությունն է և ձեռք է բերվել 2013 թվականի ապրիլի 9-ին՝ գնման եղանակով։

    Տրանսպորտային միջոցների մասով ևս փոփոխություններ չեն արձանագրվել։ Տարվա սկզբին և վերջում նրա սեփականության ներքո եղել են 2020 թվականի արտադրության YAMAHA մակնիշի մոտոցիկլը, որը ձեռք է բերվել 2021 թվականի մարտի 22-ին, ինչպես նաև 2013 թվականի արտադրության NISSAN մակնիշի մարդատար ավտոմեքենան, որը ձեռք է բերվել 2013 թվականի մարտի 28-ին։ Նոր տրանսպորտային միջոց չի ձեռք բերվել և չի օտարվել։

    Բանկային հաշիվների մնացորդը 2025 թվականի սկզբին կազմել է ընդամենը 6 հազար 803 դրամ, իսկ տարվա վերջում հասել է 2 մլն 997 հազար 449.7 դրամի։ Կանխիկ դրամ, էլեկտրոնային հաշիվներ կամ կրիպտոարժույթներ չեն հայտարարագրվել։

    Եկամուտների բաժնում նշված է, որ նա տարվա ընթացքում ստացել է 17 մլն 369 հազար 111.1 դրամ եկամուտ, որն ամբողջությամբ ձևավորվել է աշխատանքի վարձատրությունից և վճարվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից։

    2024 թվական․ երեք տրանսպորտային միջոց

    2024 թվականի տարեկան հայտարարագրով պատգամավորը հայտարարագրել է երկու անշարժ գույք, երեք տրանսպորտային միջոց և ավելի քան 13.2 մլն դրամ եկամուտ։

    Հայտարարագրում նշված է, որ պատգամավորի հետ համատեղ բնակվում է Վիկտորյա Այդինյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնը։

    Անշարժ գույքի մասով 2024 թվականի ընթացքում փոփոխություններ չեն արձանագրվել։

    Տրանսպորտային միջոցների մասով պատգամավորը հայտարարագրել է երեք տրանսպորտային միջոց՝ 2013 թվականի արտադրության Parvaz GL մակնիշի մոտոցիկլը (ձեռք բերված 2014 թվականի սեպտեմբերի 30-ին), 2020 թվականի արտադրության YAMAHA մակնիշի մոտոցիկլը (ձեռք բերված 2021 թվականի մարտի 22-ին), ինչպես նաև 2013 թվականի արտադրության NISSAN մակնիշի մարդատար ավտոմեքենան (ձեռք բերված 2013 թվականի մարտի 28-ին)։

    Բանկային հաշիվների մնացորդը 2024 թվականի սկզբին կազմել է 1 մլն 192 հազար 897.41 դրամ, իսկ տարվա վերջում՝ 2 մլն 299 հազար 860 դրամ։ Կանխիկ դրամի չափը տարվա սկզբին կազմել է 350 հազար դրամ, իսկ տարվա վերջում կանխիկ դրամ չի հայտարարագրվել։ Էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթներ նշված չեն։

    Եկամուտների համաձայն՝ նա 2024 թվականի ընթացքում աշխատանքի վարձատրության տեսքով ստացել է 13 մլն 203 հազար 612.68 դրամ, որը վճարել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը։

    2023 թվական

    2023 թվականին Էդուարդ Աղաջանյանի բանկային հաշիվներում տարվա սկզբին եղել է 812 հազար 649 դրամ, իսկ տարվա վերջում՝ 1 մլն 192 հազար 897 դրամ 41 լումա։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 250 հազար դրամից աճել են մինչև 350 հազար դրամ։

    2023 թվականի ընթացքում Էդուարդ Աղաջանյանը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 13 մլն 712 հազար 682.2 դրամ եկամուտ։

    Ի տարբերություն հաջորդ տարիների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատգամավորը ունեցել է նաև 303 հազար 699 դրամ վարկի մայր գումարի մնացորդ։

    2022 թվական

    2022 թվականին Էդուարդ Աղաջանյանի բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբին կազմել է 818 հազար 999 դրամ, իսկ տարվա վերջում նվազել է՝ հասնելով 812 հազար 649 դրամի։

    Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 200 հազար դրամից տարվա վերջում հասել են 300 հազար դրամի։

    2022 թվականի ընթացքում նա ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 9 մլն 377 հազար 305 դրամ եկամուտ։

    2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատգամավորի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 635 հազար 584 դրամ։

    Ընդհանուր առմամբ, 2022 թվականին Էդուարդ Աղաջանյանի գույքային կազմը մնացել է անփոփոխ․ նա պահպանել է երկու անշարժ գույքը և երեք տրանսպորտային միջոցը, նոր գույք չի ձեռք բերել և չի օտարել, իսկ տարվա վերջում արձանագրել է 812 հազար 649 դրամ բանկային հաշվի մնացորդ, 300 հազար դրամ կանխիկ միջոց և 635 հազար 584 դրամ վարկային պարտավորություն։

    2021 թվական

    2021 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Էդուարդ Աղաջանյանի բանկային հաշվի մնացորդը տարվա ընթացքում նվազել է, իսկ կանխիկ միջոցները՝ աճել։

    Տարվա սկզբին բանկային հաշվում ունեցել է 5 մլն 30 հազար 949 դրամ, իսկ տարվա վերջում՝ 2 մլն 101 հազար 740 դրամ, այսինքն՝ տարվա ընթացքում մնացորդը նվազել է 2 մլն 929 հազար 209 դրամով։

    Կանխիկ դրամական միջոցները, հակառակը, աճել են․ եթե տարվա սկզբին նա հայտարարագրել է 100 հազար դրամ, ապա տարվա վերջում՝ 200 հազար դրամ։

    2021 թվականի ընթացքում Էդուարդ Աղաջանյանի միակ հայտարարագրված եկամուտը կազմել է 2 մլն 101 հազար 740 դրամ, որը ստացել է որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ ՀՀ Ազգային ժողովից։

    «Ժողովուրդ» օրաթերթի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ պաշտոնավարման ընթացքում Էդուարդ Աղաջանյանի ֆինանսական դրությունը նկատելիորեն բարելավվել է։ Ամենամեծ աճն արձանագրվել է տարեկան եկամուտների մասով․ եթե 2021 թվականին այն կազմել է 2.1 մլն դրամ, ապա 2022 թվականին՝ 9.3 մլն դրամ, 2023-2024 թվականներին կայունացել է 13.2-13.7 մլն դրամի սահմաններում, իսկ 2025 թվականին արձանագրել է թռիչքաձև աճ՝ հասնելով շուրջ 17.3 մլն դրամի։

    Զուգահեռաբար, 2025 թվականի վերջին պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը հասել է իր առավելագույն ցուցանիշին՝ գրեթե 3 մլն դրամի՝ տարեսկզբի ընդամենը 6 հազար 803 դրամի դիմաց։ Փոխարենը նվազել են կանխիկ միջոցները․ 2021 թվականի 100 հազար դրամից և 2023-2024 թվականների 350 հազար դրամից հետո, 2024 թվականի վերջից կանխիկ դրամ այլևս չի հայտարարագրվել»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


  • «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի





    «Հրապարակ»- գրում է․ Վերջին ընտրություններից հետո՝ նախօրեին, Նիկոլ Փաշինյանը, առաջին անգամ խոսելով անկլավների եւ էքսկլավների մասին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծեն այդ հարցը, եւ առաջին անգամ անկլավների թեման կապեց Հայաստանի օկուպացված տարածքների հետ․ «Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների, էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել։ Ոչ, մենք պետք է գնանք եւ այդ հարցին լուծում տանք։ Ինչպիսին կլինեն լուծումները, դա արդեն քննարկման հարց է»։ Հարցը կա, սակայն որեւէ որոշում կամ պայմանավորվածություն դեռ չկա՝ մանրամասնեց նա եւ շեշտեց, որ այդ հարցերը կկարգավորվեն սահմանազատման ընթացքում։ Իրավիճակը, նրա խոսքով, հայելային է․ կա Արծվաշենը, կան նաեւ ադրբեջանական անկլավները։ Ասաց՝ ինչ լուծում կտրվի Արծվաշենին, նույն սկզբունքով կլուծվեն նաեւ մյուսների հարցերը։

    Փաշինյանն ասաց, որ Արծվաշեն գյուղը հայկական էքսկլավ է՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո, մինչդեռ այն ՀՀ ինքնիշխան տարածք է՝ համաձայն 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված սկզբունքների, անտեսելով, որ Արծվաշենն ու մյուս անկլավները ռազմավարական նույն նշանակությունը չունեն, եւ որեւէ մեկը չի գնալու ու չի բնակվելու Արծվաշենում, եթե այն վերադարձվի մեզ։ «Եթե մենք գնում ենք այն կանխավարկածով, որ ով ինչ տիրապետում է, ուրեմն դա իրանն է, դա նշանակում է՝ Ջերմուկի տարածքների, մնացած մեր օկուպացված տարածքների հարցը մենք օրակարգից հանում ենք։ Մենք պետք է գնանք դե յուրե ճանապարհով, այն քարտեզներով, որ դրված են սեղանին, եւ որով մենք արդեն սահմանազատում իրականացրել ենք Տավուշի մարզի հատվածում»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կարծում եք, որ Տիգրանաշենի հարցը հիմա պետք է քննարկման առարկա դառնա, եւ մեր քարտեզից դո՞ւրս դրվի, ինչպես Արծվաշենը Ադրբեջանի քարտեզում է կարմիր, եւ արդյո՞ք փոխանակման հարց կա դրված սեղանին։

    2024-ին տավուշյան չորս գյուղերի վերադարձից հետո, սակայն, սահմանագծումը կանգ է առել։ 2 տարում կողմերը միայն պայմանավորվել են գործընթացը շարունակել հյուսիսից հարավ, այսինքն՝ սկսել Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանի տավուշյան հատվածից, ավարտել Սյունիքում։ Թե երբ հերթը կհասնի Ադրբեջանի՝ մեզնից գրաված հայկական հողերին, ինչպես նաեւ՝ անկլավներին, չեն ասել։ Կողմերը նաեւ չեն հստակեցնում, թե անկլավների դեպքում ինչ լուծում են պատկերացնում։

    «Երբ որ կլինեն տարբերակներ, մենք ժողովրդի առաջ հանդես կգանք։ Ես ընդամենը ասում եմ, որ մենք պետք է արձանագրենք, որ այդ հարցը կա, իրավիճակը հայելային է։ Ինչ լուծում Արծվաշենի դեպքում կլինի, նույն լուծումներն էլ կլինեն մյուսների դեպքում։ Որովհետեւ, եթե մենք ասենք՝ գիտեք ինչ՝ չէ, այդ քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրքրում, մենք դրանով Ադրբեջանին հնարավորություն կտանք ասելու, որ, հա, Ջերմուկի տարածքը քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրքրում, որովհետեւ մեր կոնտրոլի տակ է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

    Անկլավների մասին Փաշինյանը դեռ 5 տարի առաջ՝ 2021-ին էր ասել, որ Ադրբեջանն այդ հարցը բարձրացնում է, սակայն կասկածի տակ էր դրել դրանց իրավական հիմքերը։ Հիմա ոչ միայն «ճանաչում» է այդ հիմքերը, այլեւ անկլավների հարցը կապում է այն տարածքների հետ, որոնք օկուպացված են՝ Ջերմուկի երկօրյա պատերազմի հետեւանքով, դրանից առաջ՝ 2021 թ․ մայիսին, առանց որեւէ կրակոցի զբաղեցրած տարածքների: Փաշինյանի այս հայտարարությունից հետո քաղաքագետներից ոմանք բարձրաձայնեցին, որ նա երկրորդում է ՀԱՊԿ-ի դիրքորոշումը, որը եւս արձագանքում էր, թե սահմանազատման ու սահմանագծման բացակայությունը հստակություն չի ստեղծում սահմանային վեճերի շուրջ: Հիմա Նիկոլ Փաշինյանն ինքն է ասում, որ սահմանային վեճերը պետք է լուծել փոխանակումով: Նույն օրը նաեւ Ադրբեջանի արտգործնախարարն է անդրադարձել անկլավներին։ «Դելիմիտացիայի հարցով հանձնաժողովներն աշխատում են, արդեն ունեցել ենք դրական արդյունքներ։ Իհարկե, այս գործընթացի շրջանակում կքննարկվեն եւ կլուծվեն նաեւ էքսկլավային գյուղերին վերաբերող հարցերը»,- ասել է Ջեյհուն Բայրամովը՝ ընդգծելով, որ սահմանազատումը կշարունակվի հյուսիսից հարավ ուղղությամբ։

    Չորսը մեկի դիմաց հարաբերակցությամբ ադրբեջանական եւ հայկական անկլավները, ըստ տարբեր հաշվարկների, գրեթե նույն չափի տարածք ունեն։ Արծվաշենը մոտավորապես 40 քառակուսի կիլոմետր է, ադրբեջանական անկլավները միասին՝ շուրջ 44 ք/կմ, սակայն խիստ տարբեր է դրանց նշանակությունը։ Այսպես կոչված, ադրբեջանական անկլավները՝ տավուշյան 3 գյուղերն ու Տիգրանաշենը, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն։

    Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ Փաշինյանն անկլավ-էքսկլավների հարցը կապում է ՀՀ սուվերեն տարածքների հետ, որպեսզի հող նախապատրաստի ադրբեջանական անկլավները վերադարձնելու համար եւ արդարանա՝ եթե չվերադարձնենք, օկուպացված տարածքները հետ պահանջել չենք կարող։ Փաշինյանը, ըստ էության, ուղիղ խոստովանում է, որ տալու է Տիգրանաշենն ու տավուշյան 3 գյուղերը, մի բան, որ, Զոլյանի խոսքով՝ նախկինում ուղիղ չէր խոստովանում՝ ասելով միայն, թե չի կարող Արծվաշենը չվերադարձնել, ինչը նշանակում է դրա դիմաց տալ ադրբեջանական անկլավները, բայց ընտրություններից հետո այլեւս այս մասին բաց տեքստով է հայտարարում․ «Ինքը խառնաշփոթ է պարզապես ստեղծում, Ջերմուկի ու Արծվաշենի տարածքները բոլորովին տարբեր են։ Նա մի հարթության մեջ է դնում, որ հիմնավորի իր հանձնումը։ Ավելին, անգամ ուղղությունը նշեց, թե ինչպես պիտի զարգանա, այսինքն՝ եթե Արծվաշենին, Ջերմուկին, Սեւ լճին անդրադառնա, դա կլինի վերջում, սկզբում Իջեւանով կհասնի Տիգրանաշեն, հետո նոր կքննարկեն՝ ինչ անել։ Սա նշանակում է, որ հարցն արդեն մանրակրկիտ քննարկվել է, բնական է նաեւ, որ Բայրամովը շտապեցնում է, քանի որ իրենք էլ գիտեն, որ Փաշինյանն իրականում չունի մեծամասնություն, ժողովրդի մանդատ՝ անկախ այն բանից, որ ինքը խոսում է այդ մասին, փաստն այն է, որ չունի մեծամասնություն, իսկ հետագայում լուրջ խնդիրների է բախվելու՝ թե՛ Իրանի հետ կապված, թե՛ Զանգեզուրի միջանցքն է առաջ գալու եւ այլն»։

    Տավուշի հատվածում 3 անկլավի հանձնումը, Զոլյանի գնահատմամբ, աղետալի հետեւանքների կարող է հանգեցնել․ «Երեք գյուղ, որոնք հենց մարզի կենտրոնում են, եւ շատ խնդրահարույց է լինելու։ Ես հիշում եմ, որ 1991 թվականին ստիպված էինք ռուսաստանցի պատգամավորների հետ Նոյեմբերյանից Իջեւան գնալ Ստեփանավանով։ Մի անգամ գնացինք անտառով, քիչ էր մնում կրակի տակ ընկնեինք, չընկանք միայն փորձառու վարորդի շնորհիվ, հետո ստիպված էինք Ստեփանավանով՝ ամբողջ Հայաստանով պտտվել։ Այսինքն, այդ անկլավները փոքր են, բայց կարեւոր դիրքերում են, իսկ տնտեսական վնասների մասին չեմ խոսում, որ դրանք տալուց հետո պետք է ճանապարհներ կառուցել, բայց որքան էլ կառուցվի, այլեւս պաշտպանելու հնարավորություն չի լինի, եւ եթե նոր կոնֆլիկտ լինի, դրանք միանշանակ անցնելու են Ադրբեջանին։ Արծվաշենի եւ ադրբեջանական անկլավների նշանակությունը տարբեր է, Արծվաշենի վերադարձի պահանջ անգամ չի դրվել արծվաշենցիների կողմից, եւ հայտնի չէ, թե ով կվերադառնա այնտեղ, եւ արդյոք կվերադառնա՞ որեւէ մեկը, ո՞ւմ պետք է համոզեն՝ անհասկանալի կարգավիճակում վերադառնալ Հայաստանից մեկուսացած տարածք, մինչդեռ ադրբեջանական անկլավները Հայաստանի ռազմավարական ճանապարհների վրա են, մեկը՝ դեպի Վրաստան, մյուսը՝ Իրան, եւ նրանց ռազմավարական արժեքը լրիվ այլ է»։

    Քաղաքագետի կարծիքով, առաջիկայում ավելի է ուժգնանալու Փաշինյանի՝ պատերազմի սպառնալիքի լեքսիկոնը․ «Որ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի, կկորցնենք մեր սուվերեն տարածքները եւ այլն։ Ստացվում է, որ ինչքան շատ տարածք տանք Ադրբեջանին, այնքան շատ անկախ կլինենք»։ Նա տարակուսած է՝ Փաշինյանը հրապարակավ ստում է իր ծրագրի համար․ «Անհասկանալի էր հիշատակումը, թե Մինսկի խումբը դեռ քննարկում էր անկլավների հարցը, բայց, վստահեցնում եմ, այդ խումբը երբեք չի քննարկել, որովհետեւ հստակ մանդատ ունեին՝ լուծել միայն Ղարաբաղի հարցը»։ Ի դեպ, Զոլյանը չի բացառում, որ առաջիկայում ադրբեջանական կողմը պահանջի նաեւ Մեղրիին հարակից Նռնաձոր գյուղը, որը նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով եւ կոչվել է Նյուվադի։


  • Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում արդարադատության համակարգի վերջնական կլանման և այն քաղաքական մահակ դարձնելու գործընթացը հասել է իր գագաթնակետին։ Դրա հերթական ցայտուն ու ամոթալի ապացույցը դարձավ հուլիսի 9-ին կայացած դատական նիստը, որի ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, հայտնի գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով։ Այս որոշումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական վրեժխնդրության և սեփական ընդդիմախոսներին մեկուսացնելու՝ իշխանական տենդի հերթական դրսևորումը։

    Ամենացնցողն այս պատմության մեջ այն է, որ Սամվել Կարապետյանն իր նկատմամբ կիրառվող այս այլանդակ ապօրինությունների, շինծու մեղադրանքների ու բացահայտ քաղաքական հալածանքների պարագայում մեկ միլիմետր անգամ չի շեղվել օրենքի տառից։ Նա հանդես է գալիս որպես բացառիկ օրինապահ քաղաքացի և պետականամետ գործիչ, որը հարգում է պետական ինստիտուտները, նույնիսկ երբ դրանք բռնազավթված են գործող վարչախմբի կողմից։ Սակայն, ի պատասխան իր ընդգծված իրավահարգության, նա ստանում է միայն շինծու և ուռճացված մեղադրանքներ՝ սահմանադրական կարգի տապալման հնչեղ, բայց դատարկ լոզունգներից մինչև փողերի լվացման աբսուրդային հոդվածներ։ 2025 թվականի հունիսից մեկնարկած կալանքը, որը հետագայում փոխարինվեց տնային կալանքով, այժմ արդեն որերորդ անգամ մեխանիկորեն երկարաձգվում է՝ ուղեկցվելով անհեթեթ սահմանափակումներով ու շփումների արգելքներով, որոնց նպատակը քաղաքական առաջնորդին ակտիվ գործունեությունից կտրելն է։

    Սակայն Սամվել Կարապետյանի դեպքը եզակի չէ, այն տեղավորվում է երկրում տիրող համատարած իրավական տեռորի տրամաբանության մեջ, որն իրականացվում է իշխանության բոլոր խոշոր ընդդիմախոսների նկատմամբ։

    Սրա վառ ապացույցն են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները, նրա ձերբակալությունն ու այն տոտալ իրավական տեռորը, որը կիրառվում է խոշոր գործարարի և քաղաքական ուժի ղեկավարի դեմ՝ նպատակ ունենալով կոտրել ցանկացած դիմադրություն։

    Նույն ձեռագիրն ենք տեսնում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերջերս իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական արարում։ Իշխանությունները հասել են նրան, որ անթաքույց իրավական կամայականությամբ, ուղղակի մեխանիկական որոշումներով մարդկանց զրկում են անգամ անձնական, կենցաղային կամ առողջական նպատակներով երկրի տարածքից դուրս գալու տարրական իրավունքից։ Մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումը դարձել է սովորական գործիք՝ քաղաքական դաշտը վախի մթնոլորտում պահելու համար։

    Այս ամբողջ գործընթացում ամենաողբերգականը Հայաստանի դատական համակարգի կատարյալ դեգրադացիան է։ Այսպես կոչված՝ իշխանության «սրտի դատավորները» վաղուց դադարել են արդարադատություն իրականացնելուց։ Նրանք վերածվել են սովորական նոտարական գրասենյակների, որոնք առանց որևէ լուրջ քննարկման, առանց հիմնավորումների և փաստարկների, պարզապես դակում և կնքում են իրենց «հրամցված» որոշումները։ Մեղադրող կողմը պահանջում է երեք ամիս, դատարանը տալիս է երկու ամիս՝ փորձելով ստեղծել անկախության պատրանք, բայց սա ընդամենը էժանագին բեմականացում է, որտեղ սցենարը գրված է բոլորովին այլ կաբինետներում։

    Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող այս տոտալ ճնշումները ցույց են տալիս գործող վարչակարգի ներքին վախերն ու թուլությունը։ Նրանք սարսափում են իրական կշիռ, հեղինակություն և հայրենասիրական մղումներ ունեցող առաջնորդներից։ Երբ երկրում տիրում է իրավական կամայականությունը, իսկ դատարանները ծառայում են ոչ թե օրենքին, այլ օրվա իշխանավորին, ապա որևէ քաղաքացի պաշտպանված չէ։ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի դեպքերը հստակ ազդակ են ողջ հանրությանը. ով չի լռում և ով ունի ուժեղ Հայաստան կառուցելու ներուժ, հայտնվելու է իշխանական ռեպրեսիվ մեքենայի թիրախում, սակայն պատմությունը ցույց է տվել, որ ապօրինության վրա հիմնված ոչ մի իշխանություն երկար կյանք չի ունենում։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



    դիտվել է 164 անգամ

  • Լոս Անջելեսի հայկական խնջույքների սրահներում քեֆերը երբեք չի դադարում

    Ներկայացնում ենք Los Angeles Times թերթի Inside L.A.’s Armenian banquet halls, where the caviar flows and the party never stops հոդվածի հայերեն թարգմանությունը:

     

    Անի Դուզդաբանյան

     

    Շաբաթ օրվա ժամը 18:00 է, եւ շքեղ մեքենաների շարասյունը՝ չորս ոստիկանական մոտոցիկլետների ուղեկցությամբ, կանգնում է Միշն Հիլզի «Landmark» սրահի առջեւ: Սա պաշտոնական դիվանագիտական պատվիրակություն չէ, այլ հայկական հարսանիք, որը ժամանում է խնջույքին Բըրբենքի Սուրբ Լեւոն տաճարում տեղի ունեցած արարողությունից հետո: Նորապսակները՝ Նելլի Նազարյանը եւ Սահակ Տեր-Սահակյանը, դանդաղ դուրս են գալիս սպիտակ «ռոլս-ռոյս»-ից եւ կարմիր գորգով մտնում դահլիճ՝ ջութակի կենդանի կատարման ուղեկցությամբ:

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Ներսում սեղաններին հազարավոր մոմեր են, բարձր ծաղկամաններում՝ սպիտակ վարդերի ծով, որը ձգվում է դեպի 7.5 մետրանոց առաստաղը՝ զարդարված մարգարիտներով եւ վիստերիայով: Չի քյուֆթայով (հում միս՝ խառնված բուլղուրի, անուշաբույր խոտաբույսերի եւ համեմունքների հետ) ափսեների կողքին այնքան խավիար կա, որ 450 հյուրերից ամեն մեկին գոլֆի գնդակի մեծության չափաբաժին կհասնի: Հետեւում երկու խոհարարներ պատրաստում են 70 սմ երկարությամբ խորոված. խոզի, տավարի, հավի եւ գառան մսով հարյուրավոր շամփուրները պարբերաբար հայտնվում են մանղալի ծխի միջից։

     

    – Ես միշտ մեծ հարսանիք եմ ցանկացել, – ասում է Նազարյանը: – Որպես հայ՝ կարեւոր է պահպանել ավանդույթները: Մենք ուզում էինք նաեւ մի քանի նոր բան անել, որպեսզի բոլոր սերունդների հյուրերը կարողանան վայելել։

     

    Այսպիսի խնջույքները Լոս Անջելեսի հայ-ամերիկյան մշակույթի մասն են, եւ նրանց հիմքը հայկական խնջույքների սրահն է, որը կառուցվել է համայնքի համար, որը գնահատում է մեծ տոնակատարությունները. հարյուրավոր հյուրեր, շքեղ ձեւավորում, հսկա պարահրապարակներ, հայտնի երգիչներ եւ դիջեյներ, անվերջ հոսող գինի եւ ուտելիքով լի սեղաններ։

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Վերջին 40 տարիների ընթացքում խնջույքների սրահները զարգացել են՝ արտացոլելով Լոս Անջելեսի բազմամշակութային բնույթը (տասնհինգամյակի տոնակատարություններ, բար միցվաներ, ոչ ալկոհոլային «սուրճի ռեյվեր») եւ ընդլայնել են հյուրընկալության, խոհարարական գաղափարների եւ հավաքույթների կոլեկտիվ պատկերացումը։

     

    – Խնջույքի սրահներում ամենակարեւոր փոփոխությունը ամենահեշտն է պատկերացնել, – ասում է Վրեժ Սարգսյանը՝ «Anoush Catering» եւ «L.A. Banquets» ընկերությունների գլխավոր գործադիր տնօրենը: – Դուք կարող եք տեսնել այն սեղանին: 

     

    Սնունդը գնալով ավելի ու ավելի առատ ու բազմազան է դառնում, որոշ նոր ավանդույթներ փոխարինել են հներին: Հարսանեկան տոներին սուշիի նավակները եւ ծովախեցգետնի սեւիչեով գդալները փոխարինում են թաբուլեն: Կեսգիշերին ավանդական պոմիդորով ձվածեղի փոխարեն օղին չարաշահած եւ սթափվել ցանկացող հյուրերի համար խնջույքի սրահի առջեւ շարվում են պիցցա, բուրգերներ եւ պաղպաղակ մատուցող բեռնատարները:

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Առաջին հայկական խնջույքի սրահները բացվել են Հոլիվուդում 1980-ականների վերջին եւ հետագայում տարածվել են Գլենդելում, Բըրբանքում, Հյուսիսային Հոլիվուդում, Փասադենայում եւ Լոս Անջելեսի այլ շրջաններում:

     

    Հիմնված համայնքի եւ տոկունության սկզբունքների վրա՝ Լոս Անջելեսի առաջին խնջույքի սրահները տեղեկատվական կենտրոններ դարձան ներգաղթյալների համար, որոնք հաղթահարում էին իրենց նոր տան մարտահրավերները: Խնջույքի սրահները այն վայրերն էին, որտեղ կարելի էր թողնել ծանրոցը, որպեսզի այն հետո հասնի օդանավակայան, որտեղ նորեկ հայերը կարող էին իմանալ կառավարական օգնության հնարավորությունների մասին: Թեեւ այս սրահների մեծ մասը առանձին բիզնեսներ են, մի քանիսը կապված են եկեղեցիների հետ, օրինակ՝ Սուրբ Գրիգոր Հայ կաթոլիկ եկեղեցուն կից «Ռեյմոնդ եւ Անի Քույումջյան սրահ»-ը կամ Սուրբ Լեւոն եկեղեցուն կից «Քալայջյան» խնջույքների սրահը եւ մշակութային կենտրոնը։

     

    Խնջույքների սրահները հաճախ ներգաղթյալներին ապահովում էին իրենց առաջին աշխատանքով։ Ոմանք իրենց հայրենի երկրներում գիտության եւ կրթության բնագավառներում աստիճաններ ունեին եւ զգայուն էին նոր իրականության նկատմամբ։ Սարգսյանը, որի ընտանիքը հիմնադրել է Լոս Անջելեսի առաջին խնջույքի սրահներից մեկը, հիշում է, որ իր հայրը ընկեր եւ խորհրդատու էր ուժեղ մշակութային ցնցում ապրած բազում ներգաղթյալների համար։ 

     

    – Ամեն ինչ նորից սկսելը շատ դժվար էր մարդկանց համար, եւ հայրս շատերին ուղղորդում էր, – պատմում է Սարգսյանը, – օգնում էր հիմնել բիզնեսներ, ընտանիք ստեղծել կամ կապ հաստատել ընտանիքների հետ, շարունակել կրթությունը եւ օգտվել բազմաթիվ ռեսուրսներից։ 

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Սարգսյանն ղեկավարում է «Anoush»-ը, որը սկզբում հայտնի էր որպես «Anoush Banquet Hall»։ Հիմնադրված իր հոր՝ Սեպուհ Սարգսյանի կողմից 1986 թվականին՝ այն նախկինում գտնվում էր Հոլիվուդի Սանսեթ եւ Հարվարդ փողոցների անկյունում։ Սկզբում Սեպուհը, նրա կինն ու երեք որդիները ներգրավված էին բիզնեսի բոլոր ոլորտներում՝ կահույքի տեղափոխումից մինչեւ աման լվանալն ու միջոցառումներին վերջին հիթերը նվագելը՝ որպես դիջեյներ։

     

    Հաջորդ երեք տասնամյակներին «Anoush»-ն ընդլայնեց իր գործունեությունը՝ բացելով խնջույքի սրահներ եւ սննդի մատակարարման բիզնես եւս յոթ վայրերում՝ Գլենդելում, Հյուսիսային Հոլիվուդում եւ Միշն Հիլզում։ Այժմ «Anoush Catering & L.A. Banquets»-ը ունի երկու սրահ՝ «Gleonaks Anoush» եւ «Landmark»։

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Ուտելիքը միշտ էլ եղել է հայկական տոնակատարությունների կենտրոնում. որպես հայրենիքից հեռու գոյատեւող փոքրամասնություն՝ այն վշտի պահերին հոգատարություն ցուցաբերելու ձեւ է, կիսվելու եւ խնջույքի բարձրագույն դրսեւորում։

     

    Առատ ուտելիքով, ուրախ բաժակաճառերով համեմված եւ խնջույքի հանդեպ անկեղծ սիրով լի սեղանները սիրեցին նաեւ ոչ հայ հաճախորդները։ Ձգողականությունը ոչ միայն ուտեստների բազմազանությունն է, այլեւ յուրահատուկ մթնոլորտը. հյուրերը ամբողջ գիշեր պարում են կենդանի կատարումների ներքո՝ երբեմն ընդմիջում անելով թարմ մատուցված խորովածի համար, երեխաները քնում են աթոռների վրա՝ անտարբեր երաժշտության եւ միասին երգելու նկատմամբ, տատիկներն ու տարեց հորեղբայրները սեւ սուրճի բաժակների շուրջ քննարկում են իրենց ընտանիքներում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Գլենդելի «Vertigo Event Venue»-ում 250 հյուրերով հարսանիքի դեպքում խոհանոցի առնվազն չորս անդամ աշխատում է 70-80 ժամ՝ միջոցառումը նախապատրաստելու եւ իրականացնելու համար։

     

    Սնունդը սովորաբար մատուցվում է ընտանեկան ոճով՝ մինչեւ 20 սառը եւ տաք նախուտեստներ՝ սոուսներ, աղցաններ, շերտավոր խմորից բորեքներ, պանիրներ եւ ապխտած մսեր։ Դրանց հաջորդում են երկու-երեք հիմնական ուտեստները, ինչպիսիք են խորոված ձուկը կարտոֆիլով, հավը փլավով եւ, իհարկե, ավանդական խորովածը։ 1970-ականների վերջին Հայաստանի հայտնի ռեստորանների խոհարարները մեկնեցին միջազգային խոհարարական ցուցահանդեսների Ֆրանսիայում, Հունաստանում եւ որոշ արաբական երկրներում եւ սովորեցին նորարարական մեթոդներ։ Մինչ այդ նրանց ճաշացանկերն արդեն հարստացել էին համերով ու համեմունքներով, որոնք շատերը բերել էին Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից եւ ԱՄՆ-ից՝ 1940-ականներին խորհրդային կազմակերպված հայրենադարձության ժամանակ։ 

     

    – Այսպես ստեղծվեց մի հոգեհարազատ ճաշացանկ, որը բաղկացած էր այս սիրելի ուտեստներից, որոնք մենք բոլորս պատրաստում էինք, – ասում է «Vertigo»-ի համասեփականատեր Մայքլ Քեշիշյանը: – Եվ երբ եկանք Միացյալ Նահանգներ, այն մեզ հետ տարանք: Այս ուտեստների հունական, ռուսական, հայկական, կիսալիբանանյան խառնուրդները հայտնվեցին մեր սեղանին, այդ թվում՝ հունական պանիրները, ձիթապտուղները, ռուսական սմբուկի եւ բազուկի աղցանները եւ մի քանի պարսկական ուտեստներ: Մենք պատրաստեցինք մեր 20 սիրելի նախուտեստներից լավագույնները եւ պահպանեցինք մեր խորովածը: Սա դարձավ հայկական ճաշկերույթ:

     

    Հայ բնակչության աճող պահանջարկը սննդի եւ դիզայնի ժամանակակից միտումների նկատմամբ, ինչպես նաեւ Լոս Անջելեսի այլ համայնքների հետաքրքրությունը, հնարավորություն բացեց ոչ ավանդական գաղափարների համար, օրինակ՝ կոկտեյլ ընդունելությունները, մտերմիկ երեկույթներ, տոնակատարություններ այգում՝ տարբեր տեսակի կենդանի զվարճանքներով, նորաձեւության ցուցադրություններ, համերգներ ու սեմինարներ:

     

    – Տարիներն ապացուցեցին, որ այս հայեցակարգն արդյունավետ է մեր համայնքի համար, – ասում է Սարգսյանը: – Այս միջոցառումները միավորում են բոլորին: Մենք դա շատ լավ ենք կազմակերպում եւ նաեւ միտում ենք ստեղծում մյուս համայնքների համար:

     

    Այս ամենի հիմքի վրա Քեշիշյանը 2014 թվականին չորս այլ ներդրողների հետ միասին գործարկեց «Vertigo»-ն։ 

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Թեեւ խնջույքների սրահների խոհարարները ընտանեկան ոճի հիմնական ճաշացանկին ավելացրել են մի քանի նոր ուտեստներ, օրինակ՝ չինական հավի աղցան կամ սնկով քիշ, նրանք հավատարիմ են մնացել խորոված մսի, հավի քյաբաբի, գազարի եւ օլիվյե աղցանների, բրնձով փլավի կամ բուլղուրի ավանդական համադրությանը:

     

    – Ես համարում էի, որ ճաշացանկը անցյալ դարաշրջանից է, եւ դրանից պետք է ազատվել: Վերցրեցի բոլոր դասական ուտեստները, գրեթե բոլոր գոյություն ունեցող խնջույքների սրահների ամբողջ ճաշացանկը եւ ստեղծեցի իմ տարբերակը՝ հայկական խնջույքների սրահների ֆյուժն ճաշացանկ, – ասում է Քեշիշյանը:

     

    «Vertigo»-ի խոհանոցում հայտնի բազուկով աղցանը (մայոնեզ, ընկույզ, նուռ եւ սխտոր) դարձավ խորանարդիկներով կտրտած խորոված բազուկի աղցան. այծի պանիր ու ելակ, զարդարված անանուխով ու խտացված բալզամիկ սոուսով, թուզ եւ շաքարապատ ընկույզ՝ խնկունիով ու դարչինով: 

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Երբ Ռոբերտ Շահնազարյանը, նրա կինը՝ Մեգին, եւ աներորդին՝ Սարգիս Խաչիկյանը, 2010 թվականին Փասադենայի կենսուրախ Paseo առեւտրի կենտրոնում հիմնադրեցին «Noor Events»-ը, նրանք ուտեստների մեջ ներառեցին նաեւ ֆյուժն ուտեստներ, ինչպիսիք են բաո բուլկիները եւ չար սիուն (չինական խորոված խոզի միս)՝ տեղի ասիական բնակչությանը բավարարելու համար: Շահնազարյանը ավելացրեց նաեւ հոր սիրելի պարսկական ուտեստներից մի քանիսը, այդ թվում՝ ղորմե սաբզին եւ խորեշ ղեյմեհը: 

     

    Շահնազարյանը աշխատել է Sony Music-ում որպես պրոդյուսեր՝ Թեյլոր Սվիֆթի, Քելլի Քլարքսոնի, Ջոն Լեջենդի եւ այլոց հետ: Երբ ինքն եւ Մեգին ամուսնացան 30 տարի առաջ, չկարողացան գտնել մի տեղ, որը կբավարարեր իրենց բոլոր սպասելիքները, եւ ի վերջո իրենց հարսանիքը տոնեցին Մալիբուի մի ռանչոյում: Ամեն ինչ՝ սկսած կահույքից, շարժական խոհանոցից, ավտոկայանատեղիի սպասարկումից եւ սննդից, դրսից էր բերվել: «Noor Events»-ը դարձավ Ռոբերտի գործադիր բիզնես պլանը Փեփերդայն համալսարանում, որտեղ նա աշխատում էր MBA աստիճանի վրա:

     

    – Որոշեցինք ստեղծել այս վայրը՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ բացակայում էր այլուր, – ասում է Շահնազարյանը: – Խնջույքի սրահները հիանալի են, երբ նրանք ծանոթ են մեր մշակույթին եւ ուտելիքին։ 

     

    Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

  • Առեղծվածային մահ. ինֆլուենսերը մահացել է Դուբայի երկնաքերի 27-րդ հարկից ընկնելուց հետո

    Բրազիլացի բլոգեր և ինֆլուենսեր Կաուանա Բիլհարը ողբերգականորեն մահացել է 26 տարեկանում՝ Դուբայում բարձրահարկ շենքի 27-րդ հարկից ընկնելուց հետո։

    Բրազիլական G1 հրատարակության տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հուլիսի 7-ին։ Աղջկա հորեղբայրը լրագրողներին ասել է, որ Կաուանան, որը վերջին երկու տարիներին բնակվել էր ԱՄԷ-ում, ընկել է իր սենյակի պատշգամբից։ Տեղական իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը։ Զոհի մայրը՝ Դարլա Բիլհարը, մեկնել է Դուբայ՝ անձամբ վերահսկելու հետաքննությունը և կազմակերպելու դստեր մարմնի հայրենիք վերադարձը։

    Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ Աբու Դաբիում գտնվող դեսպանատունը «հետևում է իրավիճակին և պատրաստ է ընտանիքին տրամադրել անհրաժեշտ հյուպատոսական օգնություն»։

    Հուլիսի 9-ին Դարլա Բիլհարը տեսաուղերձ է հրապարակել Instagram-ում։ Ողբերգության պահին Կաուանայի էջն ուներ ավելի քան 20,000 հետևորդ։ Վշտահար մայրը խոստովանել է, որ ապրում է «իր կյանքի ամենավատ պահը»։ Նա բացատրել է, որ որոշել է խախտել լռությունը՝ պաշտպանելու դստերը, որն այլևս չէր կարողանում պաշտպանել իրեն։

    Դարլան նաև կոչ է արել լրատվամիջոցներին և ինտերնետ օգտագործողներին ամբողջ աշխարհում «պատասխանատվությամբ և արժանապատվությամբ» լուսաբանել այս ողբերգական միջադեպը։

    «Բոլոր նրանց, ովքեր լուրեր են տարածում կամ կարծիքներ են հայտնում՝ առանց փաստերը իմանալու, ես միայն մեկ բան եմ խնդրում. ցուցաբերեք կարեկցանք։ Այսօր սա պատահեց իմ դստեր հետ, իսկ վաղը դա կարող է լինել ձեր սիրելիներից մեկը», – ասել է նա։ «Ոչ մի մայր չպետք է թաղի իր երեխային, և ոչ մի մայր չպետք է պայքարի այն մարդու պատիվը պաշտպանելու համար, ով այլևս կենդանի չէ՝ միաժամանակ հաղթահարելով կորստի վիշտը»։

    Կաուանան իր վերջին Instagram-յան գրառումը հրապարակել է հունիսի 25-ին։ Այնտեղ նա ուրախությամբ պատմել է, թե ինչպես է վերջապես դարձել բրիտանական կարճամազ կատվի տեր՝ նշելով, որ ընտանի կենդանին «ավելի շատ ուրախություն է բերել իր առօրյա կյանքին»։

  • Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը





    «ՆԱՎԱԿԱՏԻՔ ԵՎ ՕԾՈՒՄ՝ ԳՈՐԻՍԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

    Սիրելի՛ հավատացյալներ

    Ուրախությամբ հայտնում ենք, որ սույն թվականի հուլիսի 12-ին՝ Պայծառակերպության Տաղավար տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կկայանա Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ։

    Նախորդ օրը՝ հուլիսի 11-ին՝ երեկոյան ժամը 18:30-ին, կկատարվի եկեղեցու դռնբացեքի և նավակատիքի արարողությունը:

    Վերաօծման հանդիսավոր արարողությունը՝ ժամը 10:00-ին։

    Սրտանց հրավիրում ենք բոլոր հավատացյալներին՝ միասին աղոթքով և ուրախությամբ մասնակցելու այս օրհնաբեր արարողություններին և մեծ տոնին»։




    դիտվել է 141 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը

  • Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին





    Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» եզրային հարձակվող Կարիմ Ադեյեմին դարձավ կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Այս տեղեկությունը հաստատել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

    Տրանսֆերի արժեքը կազմել է 22 միլիոն եվրո։ Նախկինում շրջանառվում էին լուրեր, որ «Բորուսիան» մտադիր չէ բաց թողնել ֆուտբոլիստին 40 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց։ Արդյունքում գերմանական ակումբը 22 միլիոնը կստանա անմիջապես, ևս 7 միլիոն եվրո կարող է վաստակել տարբեր բոնուսների տեսքով՝ ներառյալ մրցաշարերում հաղթանակները։ «Բարսելոնան» և 24-ամյա Ադեյեմին կնքել են 5 տարվա պայմանագիր

    Մի շարք ԶԼՄ-ների պնդմամբ՝ տրանսֆերի հավանական դրդապատճառներից մեկն էլ եղել է Ադեյեմիի ընկերուհու ցանկությունը. նա այլևս չի ցանկացել ապրել Դորտմունդում։

    Հատկանշական է, որ սա «Բարսելոնայի» արդեն երրորդ գործարքն է ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ավելի վաղ կատալոնական ակումբը 70 միլիոն եվրոյի դիմաց անգլիական «Նյուքասլից» ձեռք էր բերել Էնթոնի Գորդոնին, որից հետո 1,5 միլիոն եվրոյով իր շարքերն էր համալրել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն ներկայացնող «Ալ-Ահլիի» երիտասարդ հարձակվող Համզա Աբդելքարիմով։

    Հիշեցնենք, որ Կարիմ Ադեյեմին «Բորուսիայի» գույները պաշտպանում էր 2021 թվականից։ Այդ ընթացքում նա գերմանական թիմի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 146 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 25 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 40 միլիոն եվրո։

    Armsport




    դիտվել է 94 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը

  • Վերջին հրաժեշտը՝ Սաշիկ Ստեփանի Գրիգորյանին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ,
    Այսօր ծանր կորստի ցավով հրաժեշտ ենք տալիս Սաշիկ Ստեփանի Գրիգորյանին՝ արժանապատիվ մարդու, նվիրված իրավաբանի, պատասխանատու ծառայողի և ընտանիքի սիրելի հորն ու բարեկամին։

  • «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք





    «Հրապարակ»-ը գրում է․ Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին, բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում, որտեղ իշխանությունը որոշել է նշել Վարդավառի տոնը։

    Տիգրան Ավինյանը խիստ հրահանգ է իջեցրել՝ սպառնալով, որ ներկա-բացակա են անելու, եւ բացակաները պատժվելու են։ Նպատակն այն է, որ հնարավորինս մարդաշատ, ուրախ ու զվարթ տեսարաններ բեմադրվեն՝ ցույց տալու, որ Հայաստանում կյանքն ուրախ է, մարդիկ երջանիկ են եւ իշխանությունից դժգոհություններ չունեն։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «հաց եւ տեսարաններ» գաղափարով, ինչքան հնարավոր է՝ շատ տոներ կազմակերպել, մարդկանց ուշադրությունը պայքարից ու կենցաղային դժգոհություններից շեղելու համար։

    Հիշեցնենք, որ Վարդավառի միջոցառումների համար Ավինյանը հատկացրել է 199 մլն 500 հազար դրամ, այդ օրը հրապարակում նաեւ համերգ է լինելու։ Երգելու են Իվետա Մուկուչյանը, Արսեն Գրիգորյանը, Արամ MP3-ն։ Միջոցառումը վարելու է ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի կինը` Դիանա Մալենկոն:




    դիտվել է 157 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը