Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 30-ին կառավարության նիստում անդրադառնալով Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալության՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ գնահատականին, հայտարարել է․
«Moody’s-ը Հայաստանի վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայունից» «դրականի», իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատել է Ba3 մակարդակում»։
Անդրադառնալով վարկանիշի հեռանկարի բարելավմանն ու սուվերեն վարկանիշի՝ Ba3 մակարդակում պահպանմանը՝ վարչապետը ներկայացրել է գործակալության գնահատականում արձանագրված դրական փոփոխությունները՝ մատնանշելով քաղաքական և աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը, տնտեսական աճի հեռանկարների բարելավումն ու տնտեսության կառուցվածքային ներուժի ամրապնդումը։
«Փաստերի ստուգման հարթակը» կառավարության նիստում հնչած պնդումները համադրել է Moody’s Ratings-ի ամբողջական որոշման հետ և արձանագրել, որ վարչապետի կողմից պաշտոնական ներկայացման մեջ տեղ չեն գտել գործակալության մատնանշած մի շարք առանցքային ռիսկեր և վերապահումներ։
*Moody’s Ratings-ը (Moody’s Investors Service) աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալություններից մեկն է (S&P Global Ratings-ի և Fitch Ratings-ի հետ միասին մտնում է համաշխարհային «Մեծ Եռյակի» մեջ)։
Կառավարության նիստում չներկայացված ռիսկերը
Խաղաղության պայմանագրի կնքման անորոշությունը
Moody’s-ը հեռանկարի բարելավման պատճառների թվում իսկապես նշում է Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ պայմանավորված աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի թուլացումը։ Միաժամանակ, սակայն, գործակալությունը զգուշացնում է, որ լիարժեք խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս քիչ հավանական է։
«Տեսանելի ապագայում լիարժեք խաղաղության պայմանագրի կնքումը քիչ հավանական է, քանի որ Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, ինչը Երևանի համար շարունակում է մնալ քաղաքականապես զգայուն և ներքաղաքական առումով բարդ հարց»,- նշված է որոշման մեջ։

Ռուսաստանի հետ հարաբերություններից բխող տնտեսական ռիսկերը
Գործակալությունն անդրադարձել է նաև Հայաստանի փոփոխվող արտաքին քաղաքական կողմնորոշմանն և Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ պահպանվող անորոշությանը։ Moody’s-ի գնահատմամբ՝ երկու երկրների սերտ տնտեսական կապերի պայմաններում այդ անորոշությունը կարող է ազդել Հայաստանի տնտեսական անվտանգության վրա։
«Թեև աշխարհաքաղաքական ռիսկերը նվազել են, Հայաստանի փոփոխվող արտաքին կողմնորոշման և Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ անորոշությունները շարունակում են ռիսկեր ստեղծել Հայաստանի տնտեսական անվտանգության համար՝ հաշվի առնելով երկու երկրների սերտ տնտեսական կապերը»,- նշված է որոշման մեջ։

Տնտեսական ռիսկերն ու երկնիշ գործազրկությունը
Կառույցի դիտարկմամբ, տնտեսական աճի բարձր ցուցանիշների դրական ազդեցությունը տնտեսական հիմնարար ցուցանիշների լայնածավալ բարելավման վրա դեռևս ակնհայտ չէ: Ազդեցությունն աշխատաշուկայի ցուցանիշների վրա, ըստ ամենայնի, թույլ է։ Գործազրկության մակարդակը նվազել է, սակայն շարունակում է մնալ երկնիշ, ինչը մասամբ արտացոլում է աճի նեղ բազան՝ կենտրոնացված մի քանի ոլորտներում, ինչպես նաև կառուցվածքային սահմանափակումները, ինչպիսիք են հմտությունների անհամապատասխանությունը և բարձր ստվերայնությունը:
Ներքին խնայողությունները նույնպես մնացել են ցածր մակարդակում, ինչին խոչընդոտում են թույլ զարգացած ներքին կապիտալի շուկաները և ստվերայնությունը, ինչը սահմանափակում է տնային տնտեսությունների խնայողությունների մոբիլիզացումը:
Արդյունքում, Հայաստանը շարունակում է ունենալ ընթացիկ հաշվի զգալի պակասորդ, որը հիմնականում ֆինանսավորվում է արտաքին կապիտալի ներհոսքով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներդրումը համեստ է՝ մնալով ՀՆԱ-ի մոտ 2%-ի սահմաններում: Ներքին խնայողությունների ցածր մակարդակն իր հերթին հանգեցնում է ներքին փոխառությունների համեմատաբար բարձր արժեքի։

Ժողովրդագրական մարտահրավերներն ու բարձր որակավորում ունեցող մասնագետների արտագաղթը
Moody’s-ն իր գնահատականում առանձնացնում է նաև Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական ռիսկերը, որոնք կարող են սահմանափակել երկրի տնտեսական աճի երկարաժամկետ ներուժը։
Գործակալությունը հիմնական մարտահրավերների թվում նշում է բնակչության փոքր թվաքանակն ու ծերացումը, երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակը և բարձր որավորում ունեցող հայաստանցիների արտագաղթը։
Moody’s-ի գնահատմամբ՝ արտագաղթը մի կողմից նպաստում է դրամական փոխանցումների ներհոսքին՝ որոշ չափով մեղմելով դրա բացասական հետևանքները, սակայն մյուս կողմից ավելի է խորացնում ժողովրդագրական խնդիրները։
Գործակալության դիտարկմամբ՝ անցումը դեպի ավելի բարձր արտադրողականություն ունեցող ծառայությունների ոլորտներ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, կարող է նպաստել այդ ռիսկերի մեղմանը։

Կառույցն անդրադարձել է նաև այն կետերին, որոնք կարող են նպաստել Հայաստանի վարկանիշի հետագա բարձրացմանը։
Moody’s-ը նշել է, որ Հայաստանի վարկանիշի բարձրացմանը կարող են նպաստել հետևողական բարեփոխումները՝ արտահանման խթանման, գործարար միջավայրի բարելավման և զբաղվածության ընդլայնման ուղղություններով։ Դրական ազդեցություն կարող են ունենալ նաև տարածաշրջանային կայունության ամրապնդումը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առաջընթացը, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի կապակցվածությունն ու առևտրային հնարավորություններն ընդլայնող ծրագրերի իրականացումը և Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ ավելի մեծ հստակությունը։
Գործակալությունը կարևորել է նաև աշխատաշուկայի ցուցանիշների բարելավումն ու ներքին կապիտալի շուկաների զարգացումը, ինչը կարող է նվազեցնել փոխառությունների արժեքը և ամրապնդել պետական պարտքի սպասարկման կարողությունը։
Այսպիսով, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացրել է միայն Moody’s-ի որոշման հիմքում ընկած դրական գործոնները։ Մինչդեռ գործակալության զեկույցում մատնանշված են նաև մի շարք ռիսկեր՝ խաղաղության պայմանագրի շուրջ պահպանվող անորոշությունը, Ռուսաստանի հետ հարաբերություններից բխող տնտեսական վտանգները, երկնիշ գործազրկությունը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ցածր մակարդակը և ժողովրդագրական մարտահրավերները։
Գայանե Մարկոսյան

Leave a Reply