Բաբկեն Արարքցյան. «Անկախությունը մտնելու է յուրաքանչյուր հայ ընտանիք»

Written by

in

Ստորեւ ներկայացվող հոդվածը հրապարակվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ «Ազգ» թերթի առաջին էջում:

 

«Անկախությունը մտնելու է յուրաքանչյուր հայ ընտանիք». այսպես հայտարարեց երեկ երեկոյան Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանը՝ հանրապետական եւ օտարերկրյա լրագրողների համար տրված մամուլի ասուլիսում: «Հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված է եղել անկախությունից, սեփական պետականությունից»,- ասաց նա. «Վաղը մենք կունենանք մեր ժողովրդի կամքի վերջնական պատասխանը: Այդ օրվա համար հարկ եղավ մղել դաժան պայքար, մեր ժողովուրդը տվեց զոհեր, ուստի նա շատ թանկ գնով վաստակեց իր պետականությունը ստեղծելու իրավունքը:

 

Իհարկե, անկախության նախապատրաստման համար կարեւոր նշանակություն ունեցավ նաեւ Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրը, ինչպես նաեւ 1991 թվականի մարտի 1-ին ընդունած որոշումը, ըստ որի՝ չմասնակցեցինք միութենական հանրաքվեին եւ որոշեցինք սեպտեմբերի 21-ին անցկացնել հանրապետական հանրաքվե»: 

 

Այնուհետեւ փոխնախագահը մեծ կարեւորություն տվեց այն հանգամանքին, որ հանրաքվեի նախօրեին Հայաստանում տիրում է կայուն քաղաքական իրավիճակ: Գործող բոլոր կուսակցությունները միահամուռ հանդես են եկել հանրաքվեին «այո» պատասխանելու օգտին, արդեն Հայաստան են ժամանել արտասահմանյան տարբեր երկրներից հրավիրված շուրջ 40 դիտորդներ, որոնց աշխատանքի համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ: 

 

Հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում, իսկ մինչ այդ՝ սեպտեմբերի 22-ին ժամը 18-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կբացվեն փակ ծրարները:

 

Անկախության հանրաքվեն կլինի այն ամենախոշոր իրավական հիմքը, որի վրա կկառուցվի մեր անկախությունը, շարունակեց փոխնախագահը: Անդրադառնալով հանրաքվեին Արցախի մասնակցությանը՝ նա նշեց, որ ԼՂԻՄ-ը իրեն հայտարարել է Հանրապետություն, բացի դանից՝ Արցախում տիրող արտակարգ իրավիճակը թույլ չի տալիս այնտեղ անցկացնել հանրաքվե: Հայաստանը կհռչակի իր անկախությունը այսօրվա ներկա սահմաններում, այնուհետեւ կսկսվեն բանակցություններ Արցախի նորաստեղծ Հանրապետության հետ եւ ըստ այդմ՝ կարվեն համապատասխան որոշումներ: Արարքցյանը շոշափեց նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման, միջպետական քաղաքական եւ տնտեսական պայմանագրերի կնքման եւ այլ հարցեր: 

 

Անդրադառնալով նախագահներ Ելցինի եւ Նազարբաեւի՝ Ադրբեջան, Արցախ եւ Հայաստան կատարվող այցելությանը՝ նա նշեց, որ դա կկրի զուտ աշխատանքային բնույթ եւ կօգնի Լեռնային Ղարաբաղում վերականգնել իշխանությունը եւ կայունացնել քաղաքական իրադրությունը:

 

Վերջում Բաբկեն Արարքցյանն ասաց, որ «ամեն մի հայ իր նյարդի վրա կզգա անկախությունը եւ ոչ միայն իր փոխարեն, այլեւ նախորդ սերունդների, որոնք հարյուրամյակներ երազեցին անկախության մասին, բայց այսօր բախտ կվիճակվի տեսնել նրանց հետնորդներին: Վաղը մենք պատասխանում ենք մեր պապերի ու հայերերի, նաեւ երեխաների ու թոռների փոխարեն»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *