«Մեր ժողովրդի դարերի երազանքն իրագործվեց»

Written by

in

Ստորեւ ներկայացվող հոդվածը հրապարակվել է 1991 թվականի սեպտեմբերի 25-ին «Ազգ» թերթում:

 

***

 

Սեպտեմբերի 23-ի երեկոյան անկախության հռչակման կապակցությամբ Երեւանի մարզահամերգային համալիրում տրվեց տոնական ճաշկերույթ օտարերկրյա հյուրերի եւ ժողովրդական պատգամավորների համար:

 

Մեր թղթակից Հակոբ Ասատրյանը դիմեց երեկոյի մասնակիցներին:

 

Տիգրան Մանսուրյան

Կոմպոզիտոր

 

Առաջինը ուզում եմ շնորհավորել Կոմիտասին, Ներսես Շնորհալուն, բոլոր հայ երաժիշտներին, Մաշտոցին: Սա մի այնպիսի իրադարձություն է, որ չի վերջանում այսօրվա ընդգրկումով, չի սահմանազատվում, այլ իր մեջ հավերժություն է ամփոփում: Եվ թող հավերժական լինի այսօրվա խորհուրդը:

Տիգրան Մանսուրյանը Տիգրան Մանսուրյանը

 

Հուսիկ Հարությունյան

Հայաստանի ՊԱԿ-ի նախագահ

 

Վերջապես մեր ժողովուրդը կգտնի իր տեղը միջազգային հանրության մեջ: Մեր երազած անկախությունն արդեն իրականություն է դառնում:

 

Գագիկ Հարությունյան

Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ

 

Տպավորությունները տոնական են եւ փայլուն: Ես համոզված եմ, որ առաջին հերթին ամեն մարդ իր ներսում անկախացավ եւ միահամուռ անկախացրեց մեր ողջ հանրապետությունը: Հուսանք, որ բոլորս այս նույն ոգեւորությամբ կկերտենք մեր նոր պետականությունը:

 

Աշոտ Նավասարդյան

Հանրապետական կուսակցության նախագահ

 

Շատ ուրախ եմ, որ գրեթե անհավատալի մի բան է: Ո՞վ կպատկերացներ, որ առանց մեծ զոհաբերությունների մենք կարող են այսօրը ունենալ: Բայց այսպես հեշտությամբ տրվելուց հետո, այնուամենայնիվ, տագնապներ կան, որ մենք կարող է դժվարություններ ունենանք այդ հռչակումը իրողություն դարձնելու գործում:

Աշոտ Նավասարդյանը Աշոտ Նավասարդյանը

 

Այդ դժվարությունների հաղթահարումը նաեւ մեզանից է կախված եւ ամենակարեւորը մենք մեզ համար դժվարություններ չպետք է ստեղծենք:

 

Աբո Պողիկյան

«Երկիր» օրաթերթի խմբագիր

 

Շատ երջանիկ եմ, հույսով լեցուն, որ պիտի կրնանք գտնել ուղի մը, որ լինի ոչ միայն անկախություն, այլ՝ անկախությունը վերածենք բարգավաճման, յուրաքանչյուր հայ

մարդու երջանկության: Այս պահին այս մասին մտածելը երջանկություն է:

 

Հենրիկ Իգիթյան

Արվեստաբան

 

Ես կյանքում երկու անգամ եմ երջանիկ եղել: Առաջին անգամ, երբ ծնվեց տղաս եւ

արդեն զգացի, որ ունեցա իմ շարունակողին, եւ երկրորդ անգամ այսօր, երբ գիտեմ, որ մեր ժողովրդի դարերի երազանքն իրագործվեց: 

Հենրիկ Իգիթյանը Հենրիկ Իգիթյանը

 

Այժմ, մեզ չեն կարող ասել, թե ճիշտ չէր ձեր ուղին: Հայ ժողովուրդն իր բանականությամբ որոշեց իր ճանապարհը՝ անկախ պետականություն:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *