Վազգեն Սարգսյանի այս հոդվածը հրապարակվել է «Գարուն» ամսագրի 1991 թվականի հոկտեմբերի համարում` «Ամուր կանգնենք մեր հողին» վերնագրով:
Հոդվածը լույս էր տեսել սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեից եւ անկախ Հայաստանի առաջին նախագահական ընտրություններից կարճ ժամանակ հետո:
Վազգեն Սարգսյան
1918 թվին… թվականին, Հայաստանի Անկախ Հանրապետության վարչակազմը 2-3 ամիս ուշացումով Երեւան էր ժամանում, Թիֆլիս կայարանում վարչապետին վագոն չէին տրամադրում, հետո էլ մեր առաջին վարչապետին ուղեկցում էր գերմանացի, թե՞ անգլիացի, ինչ-որ լեյտենանտ… Հետո էլ եռագույնի համար անկախ հանրապետությունում նարնջագույն կտոր չճարվեց, ու կտորը ճարեցին եվրոպաներում: Սա էր սկիզբը: Բայց անգամ այդ պայմաններում, թշնամիների երախի մեջ կուչուձիգ ապրեցինք, չէ, տարածքներս էլ ավելացրինք, համալսարան էլ ունեցանք, ու թե չլիներ բոլշնիկյան վարակը, գլուխը քարը, թե հայ բոլշնիկները Լենինից ավելի բոլշեւիկ չլինեին, այսօր Ղարս-Արդահան-Արդվինով, Նախիջեւան-Ղարաբաղով կարգին պետություն կլինեինք…
Զզվում եմ ամեն տեսակ «եթե»-ներից. կատարվեց այն, ինչի ազգովի, մեր նկարագրով, բնույթով արժանի էինք: Սեպտեմբերի 21-ի վիճակը մայիսի 28-ի հետ չես համեմատի ամենեւին: Հիմա կարեւորը եղածից դասեր առնելն է. Արամն ու Նժդեհը հայացքները դեսուդեն չձգեցին ու, ինչ ուզում եք ասեք, հատկապես իրենց ենք պարտական այսօրվա Հայաստանի համար: Կուսակցական լինելով, ամեն ինչից վեր դասեցին ազգային շահը, հանդուրժեցին, ներեցին, իրենց անձնազոհությունը ժողովրդի աչքը չկոխեցին՝ «բանտերում տանջվել, թոքերս քայքայել եմ ձեզ համար, գնահատեք անձնազոհությունս», նեղացան-չհեռացան ու երբ հանրապետություն կերտող Արամի փոխարեն Քաջազնունին նշանակվեց վարչապետ, սուսուփուս աշխատանքի իրենց բաժինն արեցին: Աշխատանքն այնքան շատ էր, որ հարյուրավոր Արամների ու Քաջազնունիների կհերիքեր՝ Մյասնիկյաններին ու Շահումյաններին էլ հետը, թե համաշխարհային իրենց բարձունքներից իջնեին գյուղաքաղաք Երեւան կամ, հերն անիծած, համաշխարհային հեղափոխության իրենց մեծ գաղափարները ծառայեցնեին փոքր Հայաստանի շահերին:
Ծառայեցրին, չէ՞ հարեւանները…
Նորից «եթե»-ին վերադարձա, բայց՝ շեշտելու համար արդեն ասվածը. «Աղետավոր չէ կորուստներ ունենալը, շատ ավելի աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը»: Շրջափակումները կգան ու կանցնեն, վառելիք էլ կունենանք, մի խոսքով՝ ժողովուրդը կրկին կուշտ ու կուռ ապրելու հնարավորություն, ավելի կուշտ ու կուռ ապրելու հնարավորություն էլի՛ կունենա, իմ մտահոգությունը այլ է:
Կկարողանա՞նք վերագնահատել մեր անցած ուղին. ուզվորից ու հաշմանդամից, փառք Աստծո, վերածվեցինք պայքարող, ինքնորոշվող ժողովրդի, ու կկարողանա՞նք մեր մեջ դաստիարակել վճռական մենակի հոգեբանություն, բարեգործներ ու հովանավորներ փնտրող մեր միտքը վերջնականապես կսեւեռվի՞ զինակիցների՝ ինքնապաշտպանության ընկերոջ վրա, մեր կուսակցությունները կդադարե՞ն լինել պառակտիչ, անհանդուրժող ու ամբարտավան. հայ ոստիկանը վերջնականապես կհասկանա՞, որ կոչված է ծառայելու իր ժողովրդին եւ ոչ թե հակառակը. պրծավ, մոսկվաներում գործը շինելու կամ՝ արդարությունը գոնե մոսկվաներում փնտրելու հույսը կորավ, կկարողանա՞նք անվերապահորեն ընդունել ու հարգել մեր օրենքը: Գլխավոր քարտուղարներ էլ չեն ժամանելու մեր օդակայանը հաջորդ անգամ ու՞մ պատվին եւ եր՞բ է կարգի բերվելու:
Աշխարհում ինչն է շատ՝ զենքը, զենքն էլ կունենանք, կկարողանա՞նք, սակայն, հաղթահարել մեր մեջ խմբապետությունը, հայ զինվորը կսովորի՞ ենթարկվել հայ սպային, հայ պառլամենտականը կկարողանա՞ հարգել իր պառլամենտը. հայ ժողովրդին իրավունք կվերապահե՞նք, թույլ կտա՞նք հարգել, վստահել իր ընտրած նախագահին…
Այո՛, սեպտեմբերի 21-ի վիճակը մայիսի 28-ի հետ չես համեմատի: Փառք Աստծո, ամենեւին չես համեմատի: Եվ ուժեղանալու ենք, լավ է լինելու: Ֆիզիկապես, դեմքս ցավելու չափ եմ զգում հոգնածների, հոռետեսների դժգոհությունը. «Հա, անկախացաք, նախագահ էլ ունեցանք, հետո՞… Բա ու՞ր է ձեր խոստացած լավը»: Հայրենակիցներ, նախ «չանկախացաք», այլ՝ անկախացանք ու, դեռ լավ չենք անկախացել, անկախանալու ենք, իսկ ինչ վերաբերում է «հետո»-ին, ասեմ՝ ազգովին այսօր այնտեղ ենք, ուր մեզ հասցրել է քեզնից սկսած, Լեւոնով ավարտած մեր ոգեղեն, բարոյական ուժերի միջամտությունը, թե ու՞ր կլինենք վաղը, ինչ կլինի հետո, կախված Է… չէ, ոչ ռուսից, ոչ թուրքից, ոչ եվրոպացուց, ոչ ամերիկացուց կախված չէ, իզուր պատճառ չփնտրես՝ ոչ էլ անգամ մեր աշխարհագրական դիրքից, կախված է Լեւոնից սկսած քեզնով ավարտած՝ մեր հոգեւոր, բարոյական ուժերի միագումարից:
Ամուր կանգնենք մեր հողին, վճռական մենակը հնարավոր ելքերը գտնում է: Լա՛վ է լինելու: Աստված օգնական:
Leave a Reply