Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» (ՍԴՈւ, SDF) լուծարվել են։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին հայտարարել է խմբավորման առաջնորդ Մազլում Աբդին։
«Մենք այսօր հայտարարում ենք «Սիրիական դեմոկրատական ուժերի» առաքելության ավարտի մասին և լիակատար պատասխանատվությամբ հայտարարում ենք որպես անկախ ռազմական ուժ դրա լուծարման և պետական ինստիտուտներին լիակատար ինտեգրման մասին»,- հայգտարարել է ՍԴՈւ-ի հրամանատար Մազլում Աբդին։
Syria TV-ի փոխանցմամբ՝ Դամասկոս ժամանած Աբդին ռազմական, անվտանգության և վարչական չլուծված հարցերի շուրջ բանակցություններ է վարել սիրիացի պաշտոնյաների, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։
Սիրիայի կառավարությունը և ՍԴՈւ-ն, որն ԱՄՆ-ի աջակցությամբ օգնեց հաղթել «Իսլամական պետությանը» և վերահսկում էր Սիրիայի հյուսիսային և արևելյան մասերը, հունվարին համաձայնության էին եկել սիրիական պետության մեջ քուրդ զինյալների փուլային ինտեգրման շուրջ, որը Վաշինգտոնն անվանել էր «պատմական հանգրվան»։
Գործարքը կնքվել է կարճ ժամանակ անց, երբ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորած կառավարական ուժերը հունվարին հարձակում էին սկսել՝ գրավելով ՍԴՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների մեծ մասը։
Քրդական ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները, որոնք կազմում էին ՍԴՈՒ-ի միջուկը, արդեն ինտեգրվել էին պետական ուժերի մեջ, իսկ նրանց հրամանատար Սիփան Համոն մարտ ամսին նշանակվել էր երկրի արևելյան տարածքների պաշտպանության փոխնախարար։
դիտվել է 37 անգամ
Leave a Reply