Պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Գագիկ Բաղո

Written by

in

Պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներինխ։ Այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն ուղերձ է հղել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին, CBD COP-17 համաժողովի պատվիրակներին և մասնակիցներին։

«Ընդգծելով կենսաբանական բազմազանության պահպանման, բնական պաշարների կայուն օգտագործման և էկոլոգիական որոշումների կայացման գործընթացում հանրության արդյունավետ մասնակցության կարևորությունը՝ մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման էկոլոգիական և կենսամշակութային հետևանքների կապակցությամբ»:

2023 թվականի սեպտեմբերին մոտ 120,000 հայ բռնի տեղահանվեց Արցախից և վերաբնակեցվեց Հայաստանում։

Տեղահանությունը հանգեցրեց ոչ միայն տների, գույքի և ապրուստի միջոցների կորստի, այլև համայնքների և նրանց պատմական բնակավայրերի բնական, մշակութային ու սոցիալական միջավայրի միջև սերունդների ընթացքում ձևավորված կապերի խզմանը։ Այս գիտելիքների կրողների բռնի հեռացումը կարող է վտանգել դրանց հետագա կիրառման և ապագա սերունդներին փոխանցման հնարավորությունը, ինչն ազդում է նաև շրջակա միջավայրի պահպանության հնարավորությունների վրա։ Ավանդական գյուղատնտեսությունը, ոռոգման և ջրամատակարարման համակարգերը, անտառներն ու արոտավայրերը, սրբավայրերը, ինչպես նաև գյուղական բնակավայրերի հետ կապված մշակութային սովորույթները միասին կազմում են եզակի կենսամշակութային համակարգ։ Դրա կործանումը նշանակում է կենսամշակութային բազմազանության կորուստ։

Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան ընդգծում է այն ավանդական գիտելիքների և փորձառության պահպանման կարևորությունը, որոնք նպաստում են կենսաբազմազանության պահպանմանն ու կայուն օգտագործմանը, ինչպես նաև դրանց կրողների մասնակցությանն ու հավանությանը: 2022 թվականին ընդունված Կունմին-Մոնրեալի կենսաբանական բազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը շեշտում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների արդյունավետ մասնակցության անհրաժեշտությունը կենսաբազմազանությանն առնչվող որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև նրանց իրավունքների հարգումը:

Այս համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչության, ավանդական գիտելիքներն ու փորձը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կոչ ենք անում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին և COP-17-ի մասնակիցներին.

• պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին,

• ապահովել տեղահանված համայնքների բովանդակային մասնակցությունը էկոլոգիական հետազոտությունների, բնապահպանական նախաձեռնությունների և էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի մշակմանը,

• ընդգծել էկոլոգիական նպատակների և մարդու իրավունքների պաշտպանության փոխկապակցվածությունը,

• շարունակել տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության հարցերի քննարկումը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում՝ հաշվի առնելով կացարանի, սեփականության, մշակութային ժառանգության և բնական միջավայրի հետ կապված իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Մենք կոչ ենք անում COP-17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել կենսաբազմազանության պահպանման, մշակութային հաջորդականության և մարդու իրավունքների փոխկապակցվածության համատեքստում, ինչպես նաև արցախահայերի՝ դեպի պատմական Հայրենիք հավաքական, անխոչընդոտ և անվտանգ վերադարձի իրավունքի համատեքստում»,- ասված է ուղերձում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *