Ի՞նչ կարող է պատմել լուսանկարը, երբ բառերն այլեւս բավարար չեն։ Ինչպե՞ս կարելի է երաժշտության, գրականության կամ մարդկային զգացողության կերպարը վերածել լուսանկարչական պատկերի։
«ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում օգոստոսի 24-ին Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական արվեստի թանգարանում տեղի ունեցավ իսրայելացի լուսանկարիչ եւ լրագրող, «Մանկական ոչ մանկական հարցեր» հաղորդման հեղինակ եւ հաղորդավար Դմիտրի Բրիկմանի «Ինչ է լուսանկարչական թարգմանությունը» քննարկում-բանախոսությունը։
Դմիտրի Բրիկմանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Նա խոստովանեց, որ «լուսանկարչական թարգմանություն» ձեւակերպումը փոքր-ինչ տարօրինակ է համարում, բայց վստահ է, որ լուսանկարչության, ձայնի եւ երաժշտության միաձուլում, ամեն դեպքում, գոյություն ունի։
Հենց այդ փոխլրացումն էլ նա անվանում է «լուսանկարչական թարգմանություն»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Միտքը հղացել է աստվածաշնչյան «Ժողովողը» ընթերցելիս, երբ ցանկություն է առաջացել գրքի հերոսներին ներկայացնել սեփական պատկերացումներով, եւ իր իսկ նկարներով լսել է այն, ինչը երբեւէ մինչ այդ չէր լսել։
«Ես ֆոտոխցիկը ինչ-որ բան հասկանալու համար օգտագործեցի՝ մի լուսանկարը մյուսի վրա դնելով: Տարիներ առաջ, երբ մի դպրոցում պետք է բանախոսեի 7 տարեկան աղջիկների համար, նրանց հարցրի, թե ինչու ենք մենք ընդհանրապես լուսանկարում։ Մի աղջնակ պատասխանեց՝ հասկանալու համար։ Այդ պատասխանն ամբողջապես ընկալեցի միայն տարիներ անց», – պատմեց նա:
Լուսանկարը` Մեդիամաքս
Փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն մեզ հետ զրույցում նշեց, որ «ՖՐԵՍԿՈ»-ն Հայաստանում անցկացվում է արդեն 13-րդ անգամ։
Այն մեկ հարթակում միավորում է թատրոնը, կինոն, երաժշտությունը, լուսանկարչությունը եւ ստեղծագործական-կրթական ծրագրերը՝ ստեղծելով մշակութային երկխոսության ու նորարար գաղափարների տարածման հնարավորություն ։
Ռիմա Հարությունյան
Լուսանկարները՝ հեղինակի
Leave a Reply