Քաջարանին քաղաքի կարգավիճակ շնորհվեց 68 տարի առաջ։ Հենց տարեդարձի օրը՝ օգոստոսի 22-ին, նշվեց որպես քաղաքի օր։ Ժամը 11-ին համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը մշակույթի պալատի նախասրահում՝ տոնական սեղանի շուրջ, ընդունեց հանդիսության հյուրերին։ Մի բաժակ շամպայնով շնորհավորեցին օրվա խորհրդի առիթով։ Տոնին մասնակցելու էին եկել Քաջարանի քույր քաղաք Սեն Շամոնի պատվիրակությունը, Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանի և Կապանում բացվելիք Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի առաջատար խմբի ներկայացուցիչներ, մարզի համայնքների ղեկավարներ, հյուրեր, տարբեր տարիքի և զբաղմունքի քաջարանցիներ։ Նրանք այցելեցին մշակույթի պալատի ֆրանկոֆոն կենտրոն, որտեղ դասընթացների մասնակից երեխաները ֆրանսերենով ողջունեցին նրանց, երգեցին և արտասանեցին։
Կեսօրին տոնակատարության մասնակիցներն այցելեցին զոհված ազատամարտիկների հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին մերօրյա նահատակների հիշատակին։
Քաղաքի օրվա ամենանշանակալի իրադարձությունը Քաջարանի թիվ 1 հիմնանորոգված մսուր-մասնապարտեզի բացումն էր։ Այս նախաձեռնությունն իրականացվել է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ կառավարության, համայնքի և «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 559 միլիոն 395 հազար դրամ է, որից 434 միլիոն 90 հազարը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, 112 միլիոնը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, իսկ 13 միլիոն 300 հազար դրամը՝ Քաջարան համայնքի ներդրումն է։ Շինարարական աշխատանքները բարձր որակով իրականացրել է «Աժդանակ» ՍՊ ընկերությունը։
Մսուր-մանկապարտեզի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրելուց հետո ներկաները շրջեցին մսուր-մանկապարտեզի հարկաբաժիններով։
Ամեն ինչ ժամանակակից էր և աչք շոյող։ «Լավագունը՝ մանուկներին» կարգախոսը այս դեպքում համապատասխանում էր իր տրամաբանությանն ու իմաստին։
Ինչպես «Սյունյաց երկրին» հայտնեց հաստատության տնօրենը, մանկապարտեզը կարող է ընդունել մինչև 130 սան։ Նրանց կրթության և դաստիարակության գործով զբաղվելու են 35 հոգի, ավելի ստույգ՝ այդքան է մանկապարտեզի աշխատակիցների թիվը։ Կրթօջախը փոքրիկ քաջարանցիների առջև դռները կբացի գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին։
Տոնակատարության մասնակիցների հաջորդ հանգրվանը դարձյալ Քաջարանի մշակույթի պալատն էր, որտեղ կայացավ օրվա խորհրդին պատշաճող հանդիսավոր նիստ։ Այն սկսվեց Տերունական աղոթքով։ Սյունյաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը ճիշտ նկատեց, որ Քաջարանը 68 տարեկան չէ, կամ ասում են քաղաքի հիմնադրման 68-րդ տարեդարձը։ Քաջարանի հիմնադրումը գալիս է դարերի խորքից։ Վկան՝ այն սրբավայրերն են, որ գտնվում են տարածաշրջանում։
«Տասնվեց տարի առաջ դուք ունեիք մեկ եկեղեցի, այսօր՝ չորսը։ Վստահ եմ՝ այդ եկեղեցիների օրհնությունը պիտի լինի յուրաքանչյուրիդ հետ։ Աստված օրհնի ձեզ։ Ձեզ և բոլորիս տոնը շնորհավոր լինի», – այսպես ավարտեց խոսքը սրբազանը։
Քաջարանի տոնի առթիվ բարեմաղթանքներ հղեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Ռոման Խուդոլին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։ Եղան նաև պարգևատրումներ․ համայնքի ղեկավարի շնորհակալագրին արժանացան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը, Սեն Շամոն քաղաքի փոխքաղաքապետ Քեթրին Շապարը։ Մի ստվար խումբ քաջարանցիներ արժանացան համայնքապետի պատվոգրերին և հուշանվերներին։
Տոնին ընդառաջ Քաջարանում անցկացվեց քաղաքի մինի ֆուտբոլի առաջնությունը՝ «Մանվել Փարամազյանի գավաթի» համար։ Հաղթող ճանաչվեց Աբովյան փողոցի թիմը, որին էլ հանդիսավոր պայմաններում հանձնվեց առաջին տեղի համար սահմանված գավաթը։
Հանդիսավոր նիստի մասնակիցների համար համերգային ծրագրով հանդես եկավ համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հովանավորությամբ հիմնադրված ժողովրդական նվագարանների անսամբլը (ղեկավար՝ Նաիրա Բալայան)։
Քաղաքի օրվա շրջանակում անցկացվեցին մարզամշակութային այլ միջոցառումներ՝ շախմատի և շաշկու մրցումներ, կազմակերպվեցին քաղաքի շնորհալիների աշխատանքների ցուցահանդես և գաստրոցուցահանդես՝ հյուրասիրությամբ, քաղաքի փոքրիկ բնակիչները ականատեսը եղան կրկեսային շոու ծրագրի։ Այնուհետև մշակույթի պալատում «Սուպեր Գրիգ» հումորային շոու ծրագիրն էր։
Իսկ երբ օրը երեկոյացավ, քաղաքային մարզադաշտում համերգային մեծ ծրագրով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանը, որին բեմում ընկերակցում էր հայտնի երգիչ Ձախ Հարութը (Հարութ Փամբուկչյան)։
Կեսգիշերին մոտ Քաջարանի երկինքը երփներանգվեց տոնական հրավառության գույներով։
Վահրամ Օրբելյան
Leave a Reply