Մինչ այս պահն ինչ գրել ենք նախարարությունում, քննարկել ենք Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ, բազմիցս ասել եմ, որ շատ նախագծեր որոշվել են խորհրդի անդամների կողմից, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա նշեց՝ որոշում ունեն շարունակելու խորհրդի հետ աշխատանքները. «Վերջին հանդիպման մասին վերջերս հրապարակում ենք արել։ Խորհրդի անդամներն էլ էին հարց բարձրացրել, թե արդյո՞ք սահմանադրական բարեփոխումների տեքստի մասով իրենք են պատասխանատվություն կրելու։ Իմ համոզմունքն այն է, որ մեր գործընկերները պատրաստ չեն պատասխանատվությունն իրենց վրա վերցնել։ Ես առաջարկել եմ, որ մենք շարունակենք աշխատանքը տեքստի շուրջ, տեքստը կհրապարակվի Արդարադատության նախարարության անունից, խորհրդի անդամներն ազատ կլինեն իրենց կարծիքն ազատ արտահայտել որևէ դրույթի վերաբերյալ։ Սակայն, այս պրոցեսում մեզ համար անչափ կարևոր է ներառականությունը, մենք պատրաստվում ենք չքննարկված յուրաքանչյուր հարց քննարկել խորհրդի հետ և դրա համար ունենք բավականին երկար ժամանակ»։
Հարցին՝ եթե խորհուրդը սահմանադրական բարեփոխումների տեքստին հասանելիություն չունի՝ ի՞նչն են քննարկում, նախարարը պատասխանեց .«Մենք, պայմանական ասած, ունենք 12 գլուխ, որի 70-80 տոկոսը քննարկել ենք և սա նշանակում է, որ խորհուրդը տեղյակ է տեքստից։ Եթե խոսքը վերաբերում է նրան, որ ամբողջին ծանոթ չէ, ապա, այո՛։ Սակայն, պետք է ծանոթանա, ինչպես որ հանրությունը, որն այսօր տեքստի մասին պատկերացում չունի, սակայն վաղ թե ուշ պետք է ունենա։ Այստեղ ոչ մի գաղտնի բան չկա»։
Անդրադառնալով եկեղեցու մասով փոփոխություններին՝ Գալյանը նշեց, որ այն քաղաքական որոշում է, որը պետք է արտացոլվի Սահմանադրության տեքստում. «Եղել են նաև այլ առաջարկներ, որոնց խորհրդի մի մասը կողմ է եղել, մյուս մասը՝ դեմ»։
Գալյանը շեշտեց՝ Սահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է։
Դիտարկմանը, թե Սահմանադրությունը փոփոխվում է Ալիևի պահանջով, Գալյանն արձագանքեց, որ այդ դիսկուրսն իրեն արդեն սպառել է. «Մենք ունենք մեր ներքին օրակարգը, որում արտացոլված է նոր Սահմանադրության նախագիծ մշակելու հետ կապված դրույթ, և մենք հանձնառությունը ստանձնած լինելով՝ առաջ ենք շարժվում։ Մենք կարծում ենք, որ ժողովուրդը պետք է որոշի, իսկ եթե ընդդիմությունը կարծում է, որ ժողովուրդը չպետք է որոշի, այլ՝ իրենք, դա արդեն այլ հարց է»։
Leave a Reply