Ներկայացնում ենք Jerusalem Post պարբերականանում հրապարակված Jerusalem’s Armenians are under attack, and the world is looking away հոդվածի հայերեն թարգմանությունը:
Հոդվածի հեղինակ Պետրոս Տեր-Մաթոսյանը Զորյան ինստիտուտի ցեղասպանության հետազոտությունների տնօրենն է, Նեբրասկայի Լինքոլնի համալսարանի ժամանակակից Մերձավոր Արեւելքի պատմության պրոֆեսոր, Հիմեն Ռոզենբերգի անվան հրեական ուսումնասիրությունների պրոֆեսոր։ Նա ծնվել եւ մեծացել է Երուսաղեմի Հին քաղաքում։
Պետրոս Տեր-Մաթոսյան
Պատկերացրեք, որ հայ երիտասարդներն ամեն օր անցնում են Արեւմտյան պատի կողքով, պարբերաբար թքում այնտեղ մտնող կամ դուրս եկող ռաբբիների վրա, պղծում հրեական սրբավայրերը կամ քարեր նետում հրեական թաղամասի տների ուղղությամբ։ Ինչպե՞ս կարձագանքեին Իսրայելի կառավարությունը, ոստիկանությունը եւ հասարակությունը։ Ակնհայտ է, որ կլինեին արագ ձերբակալություններ, քրեական հետապնդումներ եւ խիստ հասարակական ու քաղաքական դատապարտումներ։
Սա հենց այն երկակի ստանդարտն է, որի պայմաններում Երուսաղեմի հայերն ապրում են տարիներ շարունակ։ Երուսաղեմում քրիստոնյաների նկատմամբ թշնամանքի աճի վերաբերյալ The Wall Street Journal-ի վերջերս իրականացրած հետաքննությունը հիմնավոր կերպով ուշադրություն է հրավիրել եւ աննախադեպ միջազգային արձագանք առաջացրել մի երեւույթի նկատմամբ, որը հայ համայնքը վաղուց է զգացել։
Վերջին անհանգստացնող միջադեպը, որի ընթացքում վեց ծայրահեղ ազգայնական կրոնական հրեաներ թքել էին Հայկական թաղամասի Սուրբ Հակոբ տաճարի սրբավայրի մուտքի վրա եւ քարեր նետել հայկական տների ուղղությամբ, եւս մեկ անգամ ընդգծում է այն, ինչ հայ համայնքի բազմաթիվ անդամներ ընկալում են որպես անպատժելիության մթնոլորտ։
Տասնամյակներ շարունակ Արեւելյան Երուսաղեմի հայ համայնքը ենթարկվել է ծայրահեղական հարեդիների (ուլտրաուղղափառ հրեաների) եւ ազգայնական հայացքներ ունեցող հրեա երիտասարդների ոտնձգություններին, սպառնալիքներին ու խտրական վերաբերմունքին։ Այս միջադեպերը ներառում են հոգեւորականների վրա թքելու դեպքեր, կրոնական վայրերի պղծում, բանավոր վիրավորանքներ, ֆիզիկական հարձակումներ եւ սպառնալիքի այլ դրսեւորումներ։
Հրեական թաղամասին հարակից Հայկական թաղամասի դիրքը հայ համայնքը դարձրել է Երուսաղեմի Հին քաղաքի ամենախոցելի քրիստոնեական համայնքներից մեկը։ Հայերի նկատմամբ արձանագրվող հալածանքները ներառում են պարբերական ոտնձգություններ, հայ երիտասարդների վրա հարձակումներ, եկեղեցիների եւ կրոնական գույքի պղծում, ինչպես նաեւ կրոնական հիմքով թշնամանքի այլ դրսեւորումներ։
Լուսանկարը` Ratlas
Մենք չպետք է ընդհանրացնենք. նման գործողությունները չեն արտացոլում բոլոր իսրայելցիների տեսակետները։ Մի շարք լայնորեն լուսաբանված միջադեպերից հետո բազմաթիվ աշխարհիկ իսրայելցիներ եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համերաշխություն են հայտնել հայ համայնքի հետ, դատապարտել տեղի ունեցած հարձակումները եւ հստակ ընդգծել, որ չեն կիսում եւ չեն ընդունում ծայրահեղական խմբերի ու անհատների վարքագիծն ու գործողությունները։
Իսրայելում կրոնական փոքրամասնությունների համար իրավական պաշտպանության մեխանիզմներ նախատեսված են Հիմնական օրենքներով, դատական նախադեպերով եւ սովորական օրենսդրությամբ։ Սակայն Հիմնական օրենքներից ոչ մեկը հստակորեն եւ ուղղակիորեն չի երաշխավորում փոքրամասնությունների իրավունքները։ Փոքրամասնությունների պաշտպանությունը հիմնականում հիմնված է 1992 թվականին ընդունված «Մարդու արժանապատվություն եւ ազատություն» Հիմնական օրենքի, Գերագույն դատարանի ձեւավորած դատական պրակտիկայի եւ սովորական օրենսդրության վրա։
Հարցն այն է, թե որքան արդյունավետ է գործնականում կիրառվում պաշտպանության այս մակարդակը։
Տասնամյակներ շարունակ Հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերից հետո Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներին եւ տեղափոխել Հայկական թաղամասի հարեւանությամբ գտնվող ոստիկանական բաժանմունք։ Քանի որ տարածքի մեծ մասը տեսահսկվում է, իշխանությունները, որպես կանոն, կարողանում են պարզել միջադեպերի հանգամանքներն ու բացահայտել դրանց մասնակիցներին։ Սակայն կասկածյալները սովորաբար կարճ ժամանակ անց ազատ են արձակվում։
Շատ դեպքերում, ըստ տեղեկությունների, նրանք ստանում են միայն նախազգուշացում կամ ժամանակավոր սահմանափակում, որով նրանց արգելվում է մուտք գործել Հին քաղաք կամ Երուսաղեմ՝ սահմանափակ ժամանակահատվածով։ Վերջին միջադեպից հետո, ըստ տեղեկությունների, կասկածյալների նկատմամբ կիրառվել է Երուսաղեմ մուտք գործելու ընդամենը 15-օրյա արգելք։
Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ այս մոտեցումը չի կարողացել կանխել կրկնվող հանցագործությունները։ Շատ իրավախախտներ, կարծես, համոզված են, որ իրենց գործողությունների համար էական եւ երկարաժամկետ հետեւանքներ չեն լինելու։
Մտահոգությունները խորանում են նաեւ այն պատճառով, որ Իսրայելի ներկայիս քաղաքական մթնոլորտը, որը բնութագրվում է ազգայնական եւ աջակողմյան կուսակցությունների զգալի ազդեցությամբ, բազմաթիվ դիտորդների մոտ մտավախություն է առաջացրել, որ ծայրահեղական նորաբնակներն ու ուլտրաազգայնական խմբերը գնալով ավելի համարձակ են դառնում։
Իրականում խոսքը ոչ թե մի քանի անհատների մասնակցությամբ մեկուսացված միջադեպերի, այլ ծայրահեղական կրոնական եւ նորաբնակ ակտիվիստների գործողությունների կրկնվող օրինաչափության մասին է, ում գործողությունները գնալով ավելի են բարդացնում Երուսաղեմի հայ համայնքի կյանքը։
Փորձություն Իսրայելի համար
Իսրայելի կառավարության՝ այս իրավիճակին համարժեք արձագանքելու անկարողությունը մտահոգություններ է առաջացրել հայ համայնքի շրջանում՝ խոցելի փոքրամասնություններին պաշտպանելու պետության հանձնառության վերաբերյալ։ Հարձակումների շարունակականությունը նաեւ լուրջ հարցեր է առաջացնում իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետության եւ պատմական կրոնական փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների, սպառնալիքների, անմարդկայնացման ու հարձակումների՝ շարունակական եւ կրկնվող բնույթ ստացած երեւույթը կանխելու վերաբերյալ։
Երբ հանցագործները մշտապես խուսափում են պատասխանատվությունից, կրկնվող բռնության հավանականությունը մեծանում է, քանի որ անպատժելիության ընկալումը կարող է խրախուսել նոր միջադեպեր։
Ավելին, խնդիրը չի վերաբերում միայն հայ համայնքին։ Նույնիսկ Իսրայելի ամենամերձավոր եւ ազդեցիկ աջակիցներից ոմանք, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հայտնի ավետարանչական քրիստոնյաները, սկսել են հարց տալ՝ արդյո՞ք երկիրը բավարար քայլեր է ձեռնարկում իր քրիստոնեական համայնքների պաշտպանությունն ապահովելու համար։
Իսրայելը հպարտանում է իր՝ որպես Մերձավոր Արեւելքի միակ լիբերալ ժողովրդավարության դիրքով եւ երեք մեծ միաստվածական կրոնների սրբավայրերը պաշտպանելու հանձնառությամբ։ Սակայն այդ պնդումը կորցնում է իր վստահելիությունը ամեն անգամ, երբ հոգեւորականների վրա թքում են, եկեղեցիները ենթարկվում են վանդալիզմի, կամ հավատացյալներին ահաբեկում են՝ առանց մեղավորների համար էական հետեւանքների։
Այսպիսով, ի՞նչ պետք է անել գործնականում։
Իսրայելի կառավարությունը եւ, մասնավորապես, ոստիկանությունը պետք է ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկեն այս երեւույթը կանխելու եւ վերացնելու ուղղությամբ։ Հասարակական կարգը, կրոնական ազատությունը պաշտպանող եւ ատելության հիմքով հանցագործությունների դեմ ուղղված օրենքները պետք է կիրառվեն հետեւողականորեն եւ վճռականորեն։
Եթե գործող պատժամիջոցները բավարար չեն կրկնվող հանցագործությունները կանխելու համար, քաղաքականություն մշակողները պետք է քննարկեն իրավական պատասխանատվության խստացումը։ Զգալի քրեական պատժամիջոցները, այդ թվում՝ ծանր դեպքերում ազատազրկումը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում տուժածներին ֆինանսական փոխհատուցումը, հստակ ուղերձ կփոխանցեն, որ կրոնական ատելության դրդապատճառով ոտնձգություններն ու հարձակումները չեն հանդուրժվի։
Լուսանկարը` Shalva Mamistvalov
Ես նաեւ կոչ եմ անում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին, Human Rights Watch-ին, Amnesty International-ին, B’Tselem-ին, Իսրայելում քաղաքացիական իրավունքների ասոցիացիային եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այլ կազմակերպություններին հետաքննել այս կրկնվող միջադեպերը, հետեւողականորեն մշտադիտարկել իրավիճակը եւ նպաստել Երուսաղեմի հայ համայնքի առավել արդյունավետ պաշտպանությանը։
Համաշխարհային լրատվամիջոցները նույնպես պատասխանատվություն ունեն այս հարցում։ Եթե նմանատիպ միջադեպեր տեղի ունենային Լոս Անջելեսում, Տորոնտոյում կամ Նյու Յորքում, դրանք, ամենայն հավանականությամբ, լայնորեն կլուսաբանվեին ինչպես ազգային, այնպես էլ միջազգային լրատվամիջոցների կողմից։ Սակայն Երուսաղեմի Հին քաղաքում տեղի ունեցող նմանատիպ միջադեպերը հաճախ ստանում են համեմատաբար սահմանափակ լուսաբանում։
Գազայի պատերազմի, Արեւմտյան ափին գաղութաբնակների կողմից իրականացվող բռնության աճի եւ տարածաշրջանային ավելի լայն լարվածության պայմաններում Երուսաղեմի հայ համայնքի նկատմամբ շարունակվող հետապնդումները մեծապես դուրս են մնացել միջազգային հանրության ուշադրության կենտրոնից։
Իսրայելն ունի ինչպես իրավական, այնպես էլ բարոյական պարտավորություն՝ պաշտպանելու իր իրավասության ներքո գտնվող բոլոր համայնքներին, այդ թվում՝ կրոնական եւ էթնիկ փոքրամասնություններին։ Ներկայիս իրավիճակը լուրջ հարցեր է առաջացնում այն մասին, թե արդյոք Արեւելյան Երուսաղեմի խոցելի համայնքներին տրամադրվում է բավարար պաշտպանություն։ Պատասխանը, վճռականորեն, ոչ է։
Երուսաղեմը շարունակում է մնալ աշխարհի ամենավիճելի քաղաքներից մեկը։ Քաղաքում ապրող հայ համայնքն այսօր կանգնած է իր գոյատեւման լուրջ մարտահրավերի առջեւ։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում համայնքի բնակչությունը կայուն նվազել է՝ լուրջ մտահոգություններ առաջացնելով Երուսաղեմում նրա երկարաժամկետ ապագայի վերաբերյալ։
Այս հին համայնքի պահպանումը կարեւոր է ոչ միայն հայերի համար, այլեւ Երուսաղեմի եզակի կրոնական, մշակութային եւ պատմական բազմազանությունը ապագա սերունդների համար պահպանելու տեսանկյունից։
Արդյո՞ք Իսրայելը պատրաստ է պահպանել կրոնական ազատության եւ հավասար պաշտպանության այն սկզբունքները, որոնք, ինչպես ինքը իրավացիորեն պնդում է, տարբերակում են իրեն տարածաշրջանի մյուս երկրներից։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply