ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում բացահայտվել է ուշագնացության քողի տակ կատարված սպանության դեպք։
-
2026 թվականի հուլիսի 22-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրն ուշագնացության ահազանգով դեպքի վայր մեկնած շտապօգնության խումբն արձանագրել է քաղաքացի Ն.Ռ.-ի մահը։
-
Քննչական, վարութային և օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ սպանություն:
-
Ըստ քննության տվյալների՝ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդը հարվածներ է հասցրել տուժողին՝ պատճառելով մահացու վնասվածքներ, ապա ահազանգել է շտապօգնություն՝ պնդելով, թե իբր վերջինս ուշագնաց է եղել:
Դատաբժշկական փորձագետի նախնական ախտորոշման համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել գլխի, պարանոցի և կրծքավանդակի փակ, բութ վնասվածքների հետևանքով առաջացած շոկից:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Leave a Reply