ԱԺ արտահերթ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթների ժամանակ անդրադարձել են COP17 միջոցառման ծախսերին՝ հայտարարելով, թե դեմ են, որ նմանատիպ միջոցառումները վերածվեն պետական գումարների անթափանցիկ ծախսման կամ «միջոցների մսխման»:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները դժգոհել են հեռուստատեսային գովազդների համար նախատեսված գումարից, որը կազմում է մոտ 452 մլն դրամ, «Մերիդիան» էքսպոկենտրոնում ժամանակավոր շինություն կառուցելուծախսերից, ինչպես նաև բրենդային նվերների՝ թերմոսի, բեյջի թելի, էկոպայուսակի, կրծքանշանի գներից:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ կարծիք հայտնելով՝ ընդդիմադիրների կռիվը բեյջի թելի կամ թերմոսի հետ չէ, այլ ՀՀ պետականության:
«Ձեզ ձեռք չի տալիս, որ ՀՀ-ն անկախ պետություն է, ու ՀՀ-ն կազմակերպում է այնպիսի միջոցառում, որին աշխարհի 190 երկրներից մասնակցելու է 15 հազար մարդ, որի տնտեսական էֆեկտը շատ դժվար է գերագնահատել, դժվար է գերագնահատել դրա քաղաքական էֆեկտը: 190 երկրների առաջնորդներ, կառավարության անդամներ, խորհրդարանականներ գալու են ՀՀ: Աշխարհի որոշում կայացնողների մի շատ մեծ մասը օրեր շարունակ լինելու է ՀՀ-ում:
Այս ամենի PR էֆեկտը. համաշխարհային թոփ մեդիաներով անընդհատ հնչելու է Հայաստանի անունը, այդ երկրների հեռուստաընկերություններով է հնչելու Հայաստանի անունը: Բայց դա ձեզ ձեռք չի տալիս, որովհետև ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ գործ ունի քոսոտ ծայրագավառը, իրեն դրել է պետության տեղ, նման միջոցառում է անում: Ձեր ընկալմամբ՝ ՀՀ-ն, որ մաքսիմում կարող է կազմակերպել, Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է: Դա լավագույն դեպքում, դա Հայաստանի լավագույն ու գերադրական աստիճանով: Ձեզ այս ամեն ինչը ձեռք չի տալիս, դուք դրա հետ չեք կարողանում հաշտվել: Թե չէ գալիս ասում եք՝ թերմոսը… քանի՞ հատ եք առել, փորձեք 15 հազար հատ առնել, տեսնենք՝ ինչ գին են տալիս»,- ասել է Ալեքսանյանը:
Ամփոփելով ելույթը՝ նա հայտարարել է, թե ընդդիմադիրները շարունակում են պայքարել ՀՀ-ի դեմ, ՀՀ-ի՝ աշխարհի քաղաքական քարտեզում իր տեղը ունենալու դեմ՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե այս կռիվը ևս պարտվելու են, իսկ ՀՀ-ն շարունակելու է լինել աշխարհի քաղաքական քարտեզի վրա որպես անկախ պետություն:
«Հայաստանը Կալուգայի հետ քույր մարզ չի դառնալու»,- եզրափակել է Ալեքսանյանը:
Leave a Reply