Խուլիգանության դեպք՝ Արմավիրում․ 17-ամյա տղան բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել

Written by

in

Հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։

Ոստիկանները պարզել են, որ ժամը 17։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Ջ. Տ.-ն Գայ գյուղում գտնվող «Էլինար» ռեստորանային համալիրում, մասնակցելով ազգականի՝ բանակից վերադառնալու կապակցությամբ կազմակերպված խնջույքին, իր հայրիկին պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցից վերցրել է հորը պատկանող ատրճանակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անչափահասը, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, խախտել է մարդկանց անդորրը և հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը՝ մի քանի անգամ կրակոցներ արձակելով օդ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից հուլիսի 20-ին Ջ. Տ.-ն հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ փաստերի ճնշման տակ խոստովանել է արարքը։

Նշված ատրճանակը Արման Տ.-ն ինքնակամ ներկայացրել է ոստիկանություն, իսկ վերոնշյալ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts