Վլադիմիր Հայրապետյանը նշանակվել է UWC Դիլիջանի աստղաֆիզիկայի ակադեմիայի տնօրեն

Written by

in

Պրոֆեսոր Հայրապետյանի ղեկավարությամբ ձեւավորվելու է աստղաֆիզիկոսների թիմ, ովքեր դասավանդելու են ծրագրի ընթացքում: Ակադեմիան կմեկնարկի 2027 թվականի ամռանը: Ծրագրի շրջանակում ուսանողները հնարավորություն կստանան իրականացնել ինքնուրույն հետազոտություններ եւ ուսումնասիրել տիեզերքին վերաբերող հարցեր՝ օգտագործելով աստղաֆիզիկոսների գործիքներն ու մեթոդները: Վլադիմիր Հայրապետյանը Ամառային ակադեմիայի մասնակիցների հետ կկիսվի տեսական եւ դիտողական աստղաֆիզիկայի ոլորտում ունեցած փորձով՝ կյանքի կոչելով ակադեմիայի կարգախոսը՝ «Ուսումնասիրի՛ր տիեզերքը, ընդլայնի՛ր միտքդ»:
«Ուրախ եմ, որ աջակցելու եմ Աստղաֆիզիկայի ամառային ակադեմիայի ստեղծմանը Հայաստանում, որտեղից սկսվել է իմ գիտական ուղին: Ուզում եմ, որ ուսանողներն ապրեն տիեզերքի վերաբերյալ հարցեր տալու եւ իրական տվյալներ օգտագործելով դրանց պատասխանները գտնելու հուզմունքը: Աստղաֆիզիկոսների ուղեկցությամբ իրենց սեփական հետազոտական նախագծերի վրա աշխատելով՝ նրանք կբացահայտեն, թե ինչպես է գիտությունը սկիզբ առնում լավ հարց տալու վստահությունից»,- ասել է նա:
Վլադիմիր Հայրապետյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Տեսական աստղաֆիզիկայի բնագավառում թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել Բյուրականի աստղադիտարանում: Պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի Հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ աստղաֆիզիկոս է, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր: Նա NASA NExSS «Mission to Young Earth 2.0» ծրագրի գիտական ղեկավարն է, վաղ Երկրի եւ Մարսի վրա կյանքի ծագման վերաբերյալ NASA Exobiology ծրագրի գիտական ղեկավարն է, TESS Cycle 1-ի գիտական ղեկավարն է, HST-XMM-Newton «Երիտասարդ արեգակների կյանքի էվոլյուցիան» ծրագրի համաղեկավար է, Տիեզերական գիտությունների միջազգային ինստիտուտի թիմի համաղեկավար է, ինչպես նաեւ NASA-ի Աստղակենսաբանության հետազոտությունների համակարգման ցանցերի NExSS եւ PCE3 ղեկավար հանձնաժողովի անդամ: Վլադիմիր Հայրապետյանը Սելերսի էկզոմոլորակների միջավայրի համագործակցության թիմի ղեկավար կազմի անդամ է:
Վլադիմիր Հայրապետյանը ղեկավարում է NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի, NASA-ի Լենգլիի հետազոտական կենտրոնի, Հարվարդի համալսարանի եւ Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի հելիոֆիզիկոսների, աստղաֆիզիկոսների, մոլորակագետների, քիմիկոսների եւ կենսաքիմիկոսների միջճյուղային թիմը: 
Աստղաֆիզիկայի ամառային ակադեմիան 15-17 տարեկան երիտասարդների համար նախատեսված ծրագիր է: Չորս շաբաթվա ընթացքում Հայաստանից եւ այլ երկրներից մինչեւ 36 մասնակիցներից բաղկացած խումբն ապրելու եւ աշխատելու է իբրեւ գիտական համայնք՝ գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող դասախոսական կազմի ղեկավարությամբ: Նրանք կսովորեն դասախոսությունների, խնդիրների լուծման, ծրագրավորման երեկոյան դասերի, տվյալների համատեղ վերլուծության, հրավիրյալ դասախոսությունների, ինչպես նաեւ սպորտային եւ այլ միջոցառումների միջոցով: Առաջին հոսքը տեւելու է 2027 թվականի հուլիսի 4-ից օգոստոսի 1-ը: Դիմորդների ընտրությունն անցկացվելու է մրցույթով: Ֆինանսական կարիքից ելնելով՝ տրամադրվելու է ֆինանսական աջակցություն:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *